ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին. ՀՔԾ

18:07 • 04.09.18

Հատուկ քննչական ծառայությունը իրավունք ունի վերցնել մեղադրյալի անձնագիրը։

Այս մասին Tert.am-ի հարցին, թե ինչու է ՀՔԾ-ում պահվում «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը, պատասխանեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«ՀՔԾ-ը նման իրավունք ունի»,- ասաց նա՝ չմանրամասնելով վարույթն իրականացնող մարմնի իրավունքը։

Հատուկ քննչական ծառայությունից նաև հայտնեցին, որ ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ է արձակվել կալանքից, խափանման միջոց չի ընտրվել:

Դատախազությունն այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել, այլ հարցով վճռաբեկ բողոք են ներկայացրել նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։

 

ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին. ՀՔԾ