ՀՀ-ում կա կայունություն, այն չի խաթարվել. Նիկոլ Փաշինյանը՝ Ռուբեն Վարդանյանին

21:39 • 08.09.18

Բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն և հանգստություն: Այս մասին ՌԴ-ում բնակվող հայ գործարարների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է գործարար Ռուբեն Վարդանյանը: Նա հետաքրքրվել է, թե արդյոք այս ամենը կա հիմա Հայաստանում, քանի որ նախկին իշխանություններն էլ էին կոչ անում գալ և ներդրումներ անել ՀՀ-ում:

Նիկոլ Փաշինյանը նախ համաձայնել է, որ ՀՀ տնտեսության մեջ կան շատ անհամապատասխան կետեր, տարբեր բանաձևեր անհասկանալի են: «Մենք կարող ենք ասել, թե ով քանի տոկոս փայ պիտի մտներ: Ես չեմ հասկանում, որ ժամանակ առ ժամանակ առաջ է գալիս Հայաստանում կայունության թեման:

Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, այդ ընթացքում Հայաստանի կայունությունը ոչ մի րոպե չի խաթարվել: Հիմա անընդհատ տարբեր մարդիկ, մամուլը գրում են, խոսում են անկայունության, քաղաքացիական պատերազմի մասին, չեմ հասկանում՝ ինչի՞ մասին է խոսքը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Այսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին ու միշտ է պատկանելու, ուզո՞ւմ եք՝ ինձ ցմահ միապետ հայտարարեմ, որ ասեք` կայունություն կա, այս առումով այդպես չի լինելու, ժողովուրդը ում որոշեց, որ պիտի լինի իշխանություն, նա էլ լինելու է իշխանություն»,-ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ոչ ոք Հայաստանում կայունությանը խոչընդոտել:

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է, որ համագործակցության համար երկխոսություն է անհրաժեշտ, առաջին հերթին դա պետք է բիզնեսի զարգացման համար: Վարչապետը համաձայնել է՝ նշելով, որ կառավարության ամենակարևոր գործառույթներից մեկը պետական միջոցների ծախսերի արդյունավետությունն է:

Նա նաև կոչ արեց Ռուբեն Վարդանյանին ու մյուս գործարարներին հուշել շահութաբեր բիզնեսների հարցում, հաշվարկներ ներկայացնել: