«Ֆլորենս»-ը մոտենում է. ԱՄՆ-ում հզոր փոթորկի պատճառով կարգադրվել է ավելի քան 1 մլն մարդու տարհանում (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա և Վիրջինիա նահանգների իշխանությունները «Ֆլորենս» ուժգին փոթորկի մոտենալու հետ կապված տարհանման կարգադրություն են տվել ավելի քան 1 մլն բնակչի համար, գրում է The Guardian-ը՝ նկատելով, որ «Ֆլորենս»-ը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենահզոր փոթորիկներից մեկը:
Հայտնի է, որ տարհանման կարգադրությունը վերաբերում է ափամերձ տարածքներում բնակվողներին։
Ամերիկացի մասնագետների համաձայն՝ ներկայում փոթորիկն ունի 4-րդ մակարդակի ուժգնություն, սակայն այն շուտով կարող է հասնել 5-րդ մակարդակի: Նրանք նախազգուշացրել են, որ «Ֆլորենս»-ը չափազանց մեծ է ու վտանգավոր: Դրա էպիկենտրոնը գտնվում է Բերմուդյան կղզիներից 660 կմ դեպի հարավ և Հյուսիսային Կարոլինայից 1.570 կմ դեպի հարավ-արևելք:
««Ֆլորենս»-ը չափազանց մեծ է, հզոր ու ոչինչ չի կարող դրա դեմն առնել: Եվ երբ այն հասնի Գոլֆսթրիմի տաք ջրերին, այն ավելի կուժեղանա»,- հայտարարել է Հարավային Կարոլինայի նահանգապետը:
Մինչդեռ Daily Mail-ը նշում է, որ ամերիկացիները դատարկում են խանութները, որպեսզի փոթորկի վրա հասնելու ժամանակ ապահովված լինեն սննդով, ջրով ու այլ անհրաժեշտ ապրանքներով:
















