Ոչ մեկը չի կարող «կաբինետում» նստել և պատկերացնել, թե ինչն է քաղաքացիների համար հարմար, ինչը՝ ոչ. Հայկ Մարությանի քարոզարշավը` Դավթաշենում

12:56 • 11.09.18

«Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամներն այսօր քարոզարշավն անցկացնում են Դավթաշեն համայնքում: Դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը շրջում է համայնքի փողոցներով, զրուցում քաղաքացիների հետ և կոչ անում անպայման գնալ ընտրության, քանի որ, նրա խոսքով, այս անգամ ոչ մեկը ձայն չի կեղծելու և քաղաքացիների ձայնը տեղ է հասնելու:

«Այսօր 19:00-ին տեղի կունենա մեծ հանրահավաք Դավթաշենի կենտրոնական խաչմերուկին կից հրապարակում, որտեղ կներկայացնենք նախընտրական ծրագիրը, և ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-ասաց նա:

Թեկնածուին են մոտենում քաղաքացիները տարբեր հարցերով, նույնիսկ դատական համակարգին վերաբերող: Նրան մոտեցավ քաղաքացիներից մեկը և նշեց, որ համայնքի առաջին փողոցի առաջին նրբանցքն ասֆալտապատման կարիք ունի և չնայած նախկին իշխանությունների խոստումներին՝ ճանապարհը չի բարեկարգվել:

Հայկ Մարությանն ասաց, որ այդ խնդիրն իրենց ուշադրության ներքո է, և պետք է բոլոր փողոցները հասանելի լինեն: «Համակարգային լուծում է լինելու, էնպես չէ, որ անձնական է լինելու խնդրի լուծումը»,-ասաց նա:

Լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանն ասաց, որ քաղաքացիները ոգևորությամբ են ընդունել իրենց ծրագրերը: «Կարող են բոլորի ծրագրերը շատ լավը լինել, բայց ավելի կարևոր է այդ քաղաքական թիմի քաղաքական կամքը, որ այդ ծրագրերն իրականացնի»,-ասաց նա և նշեց, որ իրենց քաղաքական թիմի կամքը շատ մեծ է:

Հայկ Մարությանի ձևակերպմամբ՝ իրենք ակնկալում են երևանցիների ակտիվ մասնակցությունը ընտրություններին: Նա նշեց, որ կապը քաղաքացիների հետ պետք է պահպանել: «Բնակիչները պետք է իրենց համար հարմար քաղաքում ապրեն և իմանան, թե ինչն է հարմար, ոչ մեկը չի կարող կաբինետում նստել և պատկերացնել, թե ինչն է հարմար, ինչը՝ ոչ, դա բացառված է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դերասանական կարիերայից դեպի քաղաքականություն մուտքին, թեկնածուն ասաց, թե որ ոլորտից էլ գար, մոտեցումը նույնն էր լինելու, և գործին վերաբերվելու է ծայրահեղ պատասխանատվությամբ, քանի որ  յուրաքանչյուր գործին այդպես է վերաբերվում: «Գուցե նորմայից էլ շատ եմ տանջվում, բայց կարևորն արդյունքն է»,-ասաց նա:

Ոչ մեկը չի կարող «կաբինետում» նստել և պատկերացնել, թե ինչն է քաղաքացիների համար հարմար, ինչը՝ ոչ. Հայկ Մարությանի քարոզարշավը` Դավթաշենում