ԱՄՆ-ում ընթանում է Apple-ի նորույթների շնորհանդեսը (ուղիղ հեռարձակում)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում գտնվող Սթիվ Ջոբսի անվան թատրոնի դահլիճում մեկնարկել է Apple կորպորացիայի նոր սարքերի շնորհանդեսը:
Միջոցառման ընթացքում Apple-ը կներկայացնի երեք նոր iPhone (երկու մոդել թոփային բնութագրերով ու մի բյուջետային մոդել), ինչպես նաև՝ iPad Pro 2018-ը և Apple Watch Series 4 սմարթ ժամացույցը:
iPhone XS և iPhone XS Plus մոդելները համալրված են 5.8 և 6.5 դյույմանոց OLED դիսփլեյներով: Սարքերը կաշխատեն А12 հզոր պրոցեսորով: Բացի դրանից, նորույթները համալրվել են կրկնակի ուղղահայաց տեսախցիկներով, 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 64, 256 ու 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ:
Հատկանշական է, որ սմարթֆոնները երկու SIM–քարտի հնարավորություն ունեն. մինչ օրս Apple-ի բոլոր հեռախոսներն աշխատել են մեկ SIM–քարտով:
Նորույթների արժեքը կսկսվի 800 դոլարից:
iPhone Xr կամ iPhone 9 սարքը համալրված կլինի 6.1 դյույմանոց LCD դիսփլեյով: Այն հասանելի կլինի երեք գույնով՝ կապույտ, սպիտակ և կարմիր:
Ենթադրվում է, որ այս մոդելը նույնպես երկու SIM–քարտի հնարավորություն կունենա:
Նորույթի գինը կլինի 600-849 դոլար:
iPad Pro 2018-ը համալրված կլինի 11 դյույմանոց էկրանով և դեմքերի ճանաչման սկաներով: Սարքում կբացակայի Home կոճակը:
Apple Watch 2018 ժամացույցը նոր դիզայն ունի: Դիսփլեյի անկյունագիծը մեծացել է, ինչի շնորհիվ փոխվել է սարքի արտաքին տեսքը. ժամացույցի էկրանը 39.9x45.2 մմ է:
Բացի դրանից, Apple-ը կներկայացնի AirPods 2018 նորացված ականջակալներն ու AirPower լիցքավորման կայանը:










