Մոսկվայում հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերից ավագն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության

10:28 • 12.09.18

Մոսկվայում հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերից ավագը՝ 19-ամյա Քրիստինան, ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության, ինչի մասին հայտնել է Մոսկվայի Հանրային դիտորդական հանձնաժողովի անդամ Պավել Պյատնիցկին:

«Քրիստինա Խաչատուրյանը քննչական մեկուսարանից Սերբսկիի անվան ինստիտուտ է ուղարկվել»,-ասել է նա:

Ինչպես նշում է lenta.ru-ն, ավելի վաղ քույրերից կրտսերը`17-ամյա Մարիա Խաչատուրյանը, ճանաչվել էր անմեղսունակ ու տեղափոխվել քննչական մեկուսարանի հիվանդանոց, որտեղ սպասելու է հարկադիր բուժում ստանալու վերաբերյալ դատավճռին:

Ներկայում քննչական մեկուսարանում է միայն միջնեկ քույրը՝ 18-ամյա Անգելինա Խաչատուրյանը:

Հիշեցնենք, որ դաժան սպանությունը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: Հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան:

Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: Աղջիկները պատմել են, որ հայրն իրենց թույլ չէր տալիս ուսումը շարունակել: Նրանց խոսքով՝ հայրը տանն իսկական զինանոց ուներ ու անընդհատ սպառնում էր իրենց: Աղջիկների պնդմամբ՝ հայրն ուզում էր, որ իրենք անընդհատ իր կողքին լինեին ու իրենց փաստացի օգտագործում էր տնային ստրուկների պես:

Հարևաններն ու աղջիկների ընկերները պատմել են, որ հայրն իրեն պահում էր իսկական բռնապետի պես, հաճախ էր ցասման նոպաներ ունենում: Հատկանշական է, որ բոլոր հարցվածները քույրերի մասին միայն դրական բաներ են պատմել՝ նրանց բնութագրելով որպես համեստ, բարեհամբույր և հաշտ քույրեր: Աղջիկներից մեկի ծանոթի պատմելով՝ քույրերը երբեք միայնակ տնից դուրս չէին գալիս: Հայրը նրանց կարող էր ծեծել ամենաչնչին բանի համար: