Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը Ռոբերտ Քոչարյանի հետ չի քննարկվել. Հայկ Ալումյան

16:25 • 14.09.18

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը չի քննարկվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Tert.am-ի հարցին,թե Միքայել Հարությունյանի՝ 2002-ից ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքն է ճշտվում, և նա 2007-ի ապրիլին պաշտպանության նախարար է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի կողմից, արդյոք Ռ.Քոչարյանը որևէ տեղեկություն ունի այդ մասին, ասաց պաշտպան Հայկ Ալումյանը:

«Քոչարյանի հետ Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը չի քննարկվել նախ, որովհետև գործի նյութերում չկա, և երկրորդ՝ դրա առիթը չի եղել»,-ասաց Հայկ Ալումյանը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Նույն մեղադրանքն է առաջադրվել 2008-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՌԴ-ից ՀՀ ոստիկանությանը հայտնել են, որ իրենց պետության տարածքում նրա նկատմամբ հետախուզումը դադարեցված է: Ռուսական մամուլը գրել է, որ նա 2002-ից համարվում է ՌԴ քաղաքացի: