Դատախազությանը կոչ ենք անում գնահատել ոստիկանության աշխատանքի իրավաչափությունը. ԲՀԿ ավագանու թեկնածուներ

13:37 • 15.09.18

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրած Նաիրա Զոհրաբյանը, ավագանու թեկնածուներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձան ոստիկանության տարածած տեսանյութին, որում ասվում է, որ ավագանու իրենց թեկնածու Մարկոս Հարությունյանն ավտոշարասյունով է շրջում։

Մարկոս Հարությունյանը նշեց, որ ոստիկանության տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում: Նա պատմեց, որ երբ երկու օր առաջ քարոզարշավի շրջանակներում Շենգավիթում է գտնվել, ընկերներն առաջարկել են գալ նախընտրական շտաբ:

«Աջափնյակի ճանապարհին՝ Պռոշյան փողոցում, «մասկաներով», որքան հիշում եմ «ավտոմատներ» կային, մեզ բառիս բուն իմաստով փռցին ասֆալտին: Երբ հրահանգեցին կանգնել, ես ձեռքերս պարզած կանգնել եմ, իմ հագին եղել է ԲՀԿ շապիկը և երբ հարցրել եմ, թե ինչու են կանգնեցնում, պատասխան չեն տվել: Երկու րոպե պահելուց, նկարահանումները վերջացնելուց հետո ասում են կարող ես գնալ»,- ասաց նա և նշեց, որ ոստիկանները սխալ են թույլ տվել։

Պետրոս Ղազարյանն իր հերթին նշեց, որ այս դեպքը չեն գնահատում որպես քաղաքական հետապնդում: «Չենք համարում սա մեր քաղաքական ուժի համար ճնշում է, բայց գալիս ենք ավելի վատ եզրակացության, քան եթե ճնշում լիներ մեր դեմ»,- ասաց նա և նշեց, որ սա իրենց դեմ չէ, քանի որ այսօր արդեն բոլորը իմացան իրենց ավագանու յոթերորդ համարին:

Նա նշեց, որ չկա օրենքում որևէ արգելք՝ շարասյունով երթևեկելու համար և նկատեց, որ հարսանիքները, թաղումները շարասյունով են երթևեկում:

«Իրենց տարածած տեսանյութով որևէ օրենքի խախտում չի եղել, զանցանք չի եղել, բայց մարդկանց պառկացրել են գետնին, և ամենավատը նկարել և տարածել են՝ մարդկանց ներկայացնելով հանցագործ»,-ասաց նա:

Պետրոս Ղազարյանը կոչ արեց դատախազությանը՝ գնահատել արդյոք իրավաչափ է ոստիկանության աշխատանքը: Նա նշեց, որ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Լևիտանի ձայնով իրեն մեղադրում է ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ: «Սա քաղաքական ենթատեքստ չունի, սա զուտ ոստիկանության պրոֆեսիոնալիզմով է բացատրվում»,-ասաց նա: