«Մարտի 1-ի» գործով քննության վերջնական արդյունքները ցույց կտան՝ ինչ է տեղի ունեցել. Ա. Եղոյանը՝ ԳՇ պետի՝ սահմանը նոսրացած չլինելու հայտարարության մասին

19:30 • 18.09.18

«Մարտի 1-ի» գործով ընթանում է քննություն և քննության վերջնական արդյունքները ցույց կտան, թե ինչ է տեղի ունեցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը՝ անդրադառնալով ԶՈւ գլխավոր շտաբի պետի՝ սահմանը նոսրացած չլինելու հայտարարությանը:

««Մարտի 1-ի» գործով հիմա ընթանում է քննություն և հատուկ քննչական ծառայության պետն արել է այդ հայտարարությունը, որի մասին տեղյակ եք: Քննությունը շարունակվում է, նոր փաստերի ձեռքբերմամբ: Գործի փաստական բազան օրեցօր հարստանում է և վերջում պարզ կլինի, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Գործը դեռ ավարտված չէ և դատարան ուղարկված չէ»,- նշեց Արման Եղոյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Դավթաշեն վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին հայտարարել էր. «Ռոբերտ Քոչարյանը 2008 թ. հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել է, բերել և սեփական ժողովրդին օկուպացրել է, և դա ապացուցված է: Եվ այդ ընթացքում մեր երեխեքին խրամատներում փոխող չի եղել, նրանք, որ պետք է մնային 14 օր, մնացել են շատ ավելի երկար: Մեր սահմանը եղել է անպաշտպան»:

Հայտարարության հաջորդ օրը՝ սեպտեմբերի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ասել էր, որ 2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ առաջնագիծը նոսրացած չի եղել. «Առաջնագծում ընթացել է սովորական մարտական աշխատանք: Այդ ժամանակ ես՝ որպես օպերատիվ վարչության պետ, նաև պատասխանատու եմ եղել մարտական հերթապահության կազմակերպման համար: Տվյալ դեպքերի ժամանակ առաջնագծի անմիջական գործողություններն այդ դեպքերի հետ պետք չէ կապել»,- ասել էր ԳՇ պետը:

Մոտ մեկ ամիս առաջ սոցցանցերում տարածվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ շրջաբերական, որով նա կառավարության անդամներին կարգադրում է սահմանափակել տեղեկատվության տրամադրումը լրատվամիջոցներին։ Կարգադրության մեջ նշվում է, որ կառավարության անդամների հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող մտքերը, դիրքորոշումները պետք է համընկնեն կառավարութան քաղաքականության, ծրագրին, ռազմավարական ուղղություններին:

Հարցին, թե ԳՇ պետ Արտակ Դավթյանի հայտարարությունը չի՞ խախտում շրջաբերականը, վարչապետի խոսնակը պատասխանեց. «Ես գլխավոր շտաբի պետի հայտարարությունը չեմ գնահատում և ես ոչ թե կառավարության, այլ վարչապետի մամուլի խոսնակն եմ: Եթե ԳՇ պետի հայտարարությունը գնահատելու կարիք լինի, դա կանի անձամբ վարչապետը»: