Չարաշահումների վերաբերյալ պետք է գնահատական տալ քննության ավարտից հետո, ոստիկանության հաղորդագրության մեջ իմ հասցեին որևէ մեղադրանք չկա. ԵԹԿՊԻ ռեկտոր (թարմացվող)

10:45 • 19.09.18

12։35

Շրջայցը բուհում շարունակվում է, ուսանողները մտնում են լսարաններ և դասի նստած ուսանողներին կոչ են անում միանալ իրենց՝ պնդելով, որ ռեկտոր Մուրադյանը հրաժարական տա:


12։15

Դավիթ Մուրադյանը, անդրադառնալով հարցին, թե բուհի ուսանողությունը պահանջում է իր հրաժարականը, հարցրեց՝ քանի՞ հոգի էին… 20-30-40… այս բուհն 800–ի չափ ուսանող ունի, այնպես որ թույլ տվեք վերապահությամբ մոտենալ «դասադուլ» ասվածին:

Նա նկատեց, որ երեկ իսկ ընդունել է ուսանողներին, զրուցել է նրանց հետ, նրանք էլ այդ ամենն ուղիղ եթեր են տվել:

Չարաշահումների վերաբերյալ էլ Դավիթ Մուրադյանը նկատեց, որ որպես լուրջ մարդիկ պետք է սպասել քննությանը, որը շարունակվում է:

«Քանի որ քննությունը շարունակվում է, այդ ամենը վերջնական եզրակացությունների կարիք ունի»,- ասաց ռեկտորը՝ ի պատասխան լրագրողի դիտարկման, որ ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է չարաշահումների մասին:

Միայն դրանցից մեկով մոտ 9 միլիոն դրամ հատկացվել էր մեքենային ու վարորդի ծախսերին:

«Իսկ ի՞նչ եք կարծում՝ եթե մեքենան առավոտից իրիկուն բուհի կարիքներն է սպասարկում, այդ վարորդը պետք է աշխատավարձ չստանա՞»,- ասաց Դավիթ Մուրադյանը:

Ռեկտորը լրագրողներին տեղեկացրեց, որ բուհի պրոռեկտորը՝ Հովհաննես Ավագյանը, որը մեղադրվում է կոռուպցիոն սխեմաներ օգտագործելու մեջ, հրաժարական է տվել: Նա նաև ասաց՝ չգիտի՝ իրավունք ունի՞ տվյալներ, փաստեր հաղորդել, քանի որ միգուցե նախաքննական գաղտնիք է հաղորդում:

Նաև ասվել էր, որ այս մեքենայի սպասարկման շրջանակներում պայմանագիր է կնքվել պրոռեկտորի կնոջ հետ: Ի պատասխան՝ Դավիթ Մուրադյանն ասաց, որ օրենքը չի արգելում որևիցե մեկի հետ պայմանագիր կնքել, այլ բան է, որ միգուցե դրանում բարոյական պահ կա:

«Այս հարցում կարելի է մտածել, սակայն այդ մեքենան աշխատել է բուհի համար»,- ասաց նա:

Լրագրողը նկատեց, որ ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է, որ մեքենան աշխատել է միայն պրոռեկտորի, ոչ թե բուհի համար, Դավիթ Մուրադյանը նախ ասաց, թե նման բան չկա հաղորդագրության մեջ, լրագրողը պնդեց, ինչից հետո Մուրադյանը հիշեց ու ասաց, որ աշխատել է 2 պրոռեկտորի համար:

«Մեքենան աշխատել է բուհի կարիքների համար, հազար ու մի փաստաթղթեր կան, գնումներ կան, հո շալակած չե՞ս բերելու»,- ասաց նա:

Նշենք, որ սույն պրոռեկտորը, որը հրամանագրվել է որպես անգլերենի դասախոս և չի դասավանդել, ստացել է 3 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ: Հարցին, թե այս մասին տեղյակ չէ՞ր, Դավիթ Մուրադյանը հարցով պատասխանեց՝ ո՞ր թվականներին, և ստանալով պատասխան, որ 2012-2016թթ.., ասաց, որ ինքը բուհի ռեկտորն է 2014-ից, և 2016-ին, երբ արդեն պարզ դարձավ, որ դա այդպես է, հրավիրել է, խնդրել, որ դիմում գրի ու հրաժարվի այդ ժամերից:




11։20

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ ընդունել է մոտ 50 ուսանողի, պատասխանել նրանց մտահոգող հարցերին:

Ռեկտորը նշեց, որ ինքը չարաշահումների հետ որևէ կապ չունի:

«Ես կարծում եմ, որ չարաշահումների վերաբերյալ պետք է գնահատական տալ քննության ավարտից հետո, ոստիկանության հաղորդագրության մեջ իմ հասցեին որևէ մեղադրանք չկա»,- շեշտեց նա:

Ռեկտորը նշեց, որ պրոռեկտորներից մեկն ազատման դիմում է ներկայացրել: Ինչ վերաբերում է գրանցված աշխատողներին, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել,ապա ռեկտորը նշեց.

«Բոլոր բացատրությունները տրված են ոստիկանությանը, խոսքը վերաբերում է օժանդակ կազմին, այդ հրամանը ես չեմ ներկայացրել, և դա գիտեն համապատասխան մարմինները»,-եզրափակեց նա:

Նշենք, որ ուսանողները ինստիտուտի դիմաց շարունակում են բողոքի ակցիան, նրանց համար ռեկտորի պատասխանները սպառիչ չեն:

  

 

 --------------------------


Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ուսանողներն առավոտյան ժամը 10:00-ից դասադուլ են իրականացնում:

Ուսանողները պահանջում են ներկայացնել վերջին 4 տարիների ֆինանսական հաշվետվությունը` հստակ առանձնացված տողերով:

Ուսանողները նաև պահանջում են ռեկտորի և ղեկավար կազմի հրաժարականը:

Ուսանողները նաև հիշեցրին, որ սեպտեմբերի 17 –ին ոստիկանությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որ ինստիտուտում չարաշահումներ են հայտնաբերվել:

«2012-2016 թթ-երին գրանցվել են մի շարք հաստիքներ, աշխատավարձ է բաշխվել, բայց փաստացի այդպես չի եղել: Պրոռեկտորի կինն ու պրոռեկտորի զարմիկը նույնպես գրանցվել են որպես աշխատողներ, սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել»,- շեշտեցին ուսանողները:

Նրանք ընդգծեցին, որ բուհում իրենց պատշաճ պատասխան չի տրվում չարաշահումների վերաբերյալ, ոստիկանության հաղորդագրությունը չեն հերքում, բայց փորձում են «լղոզել»:

«Մենք սպասում ենք հստակ պատասխանների, հաշվետվության, մենք իրավունք ունենք հասկանալ, թե ինստիտուտում ինչ է կատարվում»,- նշեց ուսանողներից մեկը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ. ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։

Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3,500,000 դրամ աշխատավարձ։

Բացի դրանից, պարզվել է, որ պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։ Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են աշխատավարձ, այնուհետև ուղարկվել ֆիզիոլոգիական արձակուրդի։ Արդյունքում՝ վատնվել է շուրջ 900,000 դրամ։ Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։

 

Չարաշահումների վերաբերյալ պետք է գնահատական տալ քննության ավարտից հետո, ոստիկանության հաղորդագրության մեջ իմ հասցեին որևէ մեղադրանք չկա. ԵԹԿՊԻ ռեկտոր (թարմացվող)