Կոռուպցիան իսկապես խնդիր է, բայց օտարերկրյա ներդրողներին տնտեսական տեսլական պետք է ներկայացնես. Վարդան Արամյան

19:18 • 19.09.18

Ներկայիս տնտեսական զարգացումները դեռևս կրում են նախորդ կառավարության գործողությունների ազդեցությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը` անդրադառնալով տնտեսական աճին:

-Պարոն Արամյան նշվում է, որ ներկայումս գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին տարիներին չի գրանցվել, դա Դուք ինչի՞ արդյունք եք համարում: Բացի այդ ասվում է, որ քաղաքացիները մի քանի տարվա ընթացքում կզգան, ինչը նաև նախորդ կառավարությունն էր ասում:

-Իրավ է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը բավականին բարձր է, հուլիս ամսվա 9.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, դա բավականին բարձր ցուցանիշ է, բայց դեռևս տնտեսական զարգացումներից իրենց վրա են կրում նախորդ կառավարության գործողությունները. դա փաստ է:

-Այսինքն՝ այս աճի մեջ մեծ ներդրում ունի՞ նախորդ կառավարության աշխատանքը, և արդյ՞ոք ներկայիս կառավարությունը շարունակում է նախորդի գիծը:

-Դեռևս շարունակվում է նախորդ կառավարության գործողությունների ազդեցությունը, այո, թեև դա չի նշանակում, որ գործող կառավարության ազդեցությունը բացակայում է: Տեսեք՝ տնտեսությունն օրգանիզմ է, ինչպես օրինակ` հաբ եք ներարկում մարդուն ,և այն միանգամից չի ազդում, ժամանակ է պետք, որ այն սկսի ներգործել, ինչ-որ մի ժամանակ հետո ներարկման ազդեցությունը հասնում է իր պիկին, այնուհետև սկսում է ազդեցությունը օրգանիզմի վրա նահանջել:

Դա տնտեսագիտության մեջ անվանում են լագ, և կա գնահատական, որ կառավարության գործողությունների տնտեսական էֆեկտները մեր երկրի համար 6-9 ամիս են, այսինքն՝ նախորդ կառավարության գործողությունների ազդեցությունները կսկսեն տնտեսության վրա թուլանալ այս ամսից մինչ տարեվերջ: Ես ոչ թե փորձում եմ նախորդ կառավարությանը գովաբանել, որովհետև այնտեղ եմ եղել, այլ դա  տնտեսագիտական ճշմարտություն է:  Բայց այստեղ պետք է նաև փաստել, որ ներկայիս կառավարությունը տնտեսական քաղաքականության ուղղությունների առումով շարունակում է նախորդի գիծը, ինչը լավ է: Բայց շատ կարևոր է նաև հաղորդակցությունը և քայլերի բացատրությունը, քանի որ տնտեսվարողները իրենց տնտեսական վարքագիծը կառուցում են տեղեկատվության հիման վրա, և իրենց համար ամենակարևորը կառավարության մեսիջներն են, թե ինչ է անում կառավարությունը, որն է իր տնտեսական տեսլականը, ուր է տանում այս երկիրը: Տնտեսական քաղաքականության ուղղությունների մասով շրջադարձային փոփոխություններ չկան, բայց պետք է կոմունիկացնել տնտեսվարողներին, հակառակ պարագայում նրանք կորդեգրեն պահպանողական վարքագիծ և չեն գնա նոր ծրագրերի նախաձեռնման:

-Մյուս կողմից մարդիկ ասում են, որ տնտեսական առումով իրենց կյանքի որակը չի փոխվել, ավելին՝ թանկացումներ են եղել:

-Կառավարման համակարգի փոփոխություններ, երբ կատարվում են, որոշ դեպքերում հանրության սպասումները լինում են գերագնահատված, որովհետև նրանց մի մասը մտածում են, որ քնելու են և արթնանան, ենթադրենք՝ իրենց աշխատավարձը, թոշակը անգամներով աճած լինի: Թանկացումների առումով դժվարանում եմ մեկնաբանություն անել, քանի որ այդ առումով պետք է ըստ շուկաների, գործոնային վերլուծություն կատարես, թե որն է պատճառը, դրա պատճառը կարող է լինի արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունը. օրինակ՝ ինչ-որ ապրանք թանկանում է, որովհետև շուկայում այդ ապրանքի գերակշիռ մասը ներմուծվում է, իսկ ներմուծման գներն էլ աճել են, երկրորդը` ընկերությունները, որոնք ստվերից սպիտակ դաշտ են մտել, հետևապես չցանկանալով շահույթ կրճատել՝ լրացուցիչ հարկման բեռը տեղափոխել են սպառողների վրա և այլն: Այնպես չի լինում, որ փոփոխություններից հետո մեզ մոտ ցցուն տնտեսական էֆեկտներ ունենանք, այդպես և Վրաստանում և ոչ մի երկրում չի եղել առաջին մեկ-երկու տարիներին, մենք պետք է հաշվի նստենք դրա հետ:  

-Ի՞նչ է անում այս կառավարությունը, որ դուք չէիք անում, կամ չէիք կարողանում, կամ կաշկանդված էիք ինչ-որ առումով, թեկուզ հենց ստվերի, մենաշնորհների պայքարի հարցում:


-Ես չէի ասի, որ կաշկանդված էինք, ես այլ ձև կձևակերպեի հարցը, թե ինչ պետք է անի այս կառավարությունը, որը օրինակ՝ նախորդ կառավարության մոտ լավ ստացվում էր, դա հաղորդակցությունն է տնտեսական քաղաքականության առումով: Տնտեսական դաշտում պետք է բավականին լուրջ հաղորդակցություն լինի, քանի որ հիմա լրատվության դաշտում տարբեր տեսակի ոչ տնտեսական երևույթների վերաբերյալ տարբեր ինֆորմացիաներ են շրջանառվում` քրեական գործեր, հակադրություններ, բայց մյուս կողմից չպետք է ստվերում թողնենք տնտեսական քաղաքականությունը:  

-Այսինքն՝ դա, ըստ Ձեզ, ազդո՞ւմ է ներդրումների վրա և կարծո՞ւմ եք, որ դրա արդյունքում օտարերկրյա ներդրումները կնվազեն:

-Նախ օտարերկրյա ներդրումները չեն նվազել առաջին կիսամյակում, բայց թռիչքային չեն էլ աճել, և դա էլ է նորմալ: Այս պրոցեսները քաղաքական ասպարեզում ինչ-որ հանգրվան պետք է ունենան, որից հետո ներդրողներն ավելի համարձակ որոշումներ կկայացնեն: Ես վստահեցնում եմ, որ արտաքին ներդրողները մեկը մյուսին խանգարելով՝ առաջ չեն ընկնում, որ գան, ներդրում կատարեն Հայաստանում, նրանք սպասում են, որ առաջին քայլը սովորաբար ներքին ներդրողներն անեն, դրա համար ներկայիս տնտեսվարողների հետ պետք է աշխատանք տարվի, որ նրանք չկաշկանդվեն ներդրում անել, և այդ շփումը այս քրեական ֆոնի վրա, պետք է ինտենսիվացնել:  Իհարկե, կոռուպցիան իսկապես խնդիր է արտաքին ներդրողների համար, բայց օտարերկրյա ներդրողներին պետք է նաև ներկայացնել տնտեսական տեսլական, այսինքն՝ ինչ կարող է նա ստանալ Հայաստան գալով, որը չի տալու օրինակ հարևան Վրաստանը:

-Տնտեսական տեսլականի առումով, հենց երկրորդ նախագահը քննադատեց՝ նշելով, որ ներկայիս կառավարությունը տնտեսական քաղաքականություն չունի և միայն կոռուպցիայի դեմ պայքարով տնտեսություն չես զարգացնի:

-Եկեք այդ հարցի պատասխանը թողնենք կառավարությանը, քանի որ կստացվի, որ ես կամ ստանձնում եմ երկրորդ նախագահի փաստաբանի դերը, կամ կառավարության:

-Դուք տեսնո՞ւմ եք ներկայումս տնտեսական քաղաքականություն, բացի կոռուպցիայի դեմ պայքարից:

-Ես որպես մասնագետ թվերն եմ վերլուծում և ասում՝ ինչ պահանջ ունեն մեր տնտեսվարողները, այսինքն՝ ես հիմա դրոշակ եմ բարձրացնում, որ եթե այդպիսի քաղաքականություն ունի կառավարությունը, դա պետք է հանրությանը մատուցվի, հակառակ դեպքում, եթե բաց է մնում այս դաշտը՝ չկա հաղորդակցություն, տնտեսական թեմաներով դեբատներ, բնականաբար, ասպարեզ են նետվում տարբեր մեկնաբանություններ, և որևէ մեկը չի կարող հակառակը փաստել: Բացի այդ կարևոր է, որ հանրությանը և տնտեսվարողներին ներկայացվի, թե միջնաժամկետում ինչ բնույթի տնտեսական աճ ենք ուզում տեսնել՝ առաջարկով մղվող, թե պահանջարկով քաշվող: Պահանջարկով քաշվող տնտեսական աճի դեպքում գերակա է լինում ոչ արտահանելի հատվածը, որտեղ արտադրողականության աճը սահմանափակ է, և դա խնդիր է:  Պահանջարկով քաշվող տնտեսական աճ մենք ունեցել ենք `2002-2008 թվականները. ընդ որում ոչ միայն մեզ մոտ էր դա, հարևան Վրաստանը և Ադրբեջանը ևս բարձր աճի տեմպեր ունեին, սակայն դա հիմնականում արդյունք էր ԱՄՆ պետ ռեզերվի կողմից մինչ 2005թ-ը վարած էքսպանսիոնիստական քաղաքականության, որի արդյունքում զարգացող աշխարհ տարբեր խողովակներով սկսեց մուտք գործել մեծածավալ ֆինանսական միջոցներ՝ հանգեցնելով նաև տեղական արժույթների ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորման: Մեզ մոտ այդ խողովակները արտաքին աշխարհից եկող տրանսֆերտներն էին և առևտրի պայմանների դրական էֆեկտները:

-Այսինքն՝ այդպիսի աճ մեզ պետք չէ՞, որը եղել է Ռոբերտ Քոչարյանի տարիներին, և որպես օրինակ հղում է կատարում նա:

-Իմ խորին հարգանքը մեր բոլոր նախագահների նկատմամբ, ես որպես մասնագետ եմ ասում, որ պահանջարկով քաշվող տնտեսական աճը վտանգավոր է ,և մենք դա տեսել ենք 2009 թվականին, մենք պետք է առաջարկով մղվող տնտեսական աճ ունենանք՝ այսինքն` տնտեսության արտադրողականության աճի հաշվին:

-Հիմա խոսվում է աշխատավարձերի, նվազագույն կենսաթոշակների բարձրացման մասին, նախկին կառավարությունը չունե՞ր այդ հնարավորությունը:

-Ի՞նչ եք կարծում, եթե լիներ, մենք չէինք անի: Դուք մոռանում եք, որ 2016 թվականը համընկավ  ճգնաժամի հետևանքի հետ, և առաջնային խնդիրն էր կարգաբերել ֆինանսները և ստեղծել հենքեր ապագա կայուն աճի համար, ինչը, կարծում եմ, հաջողվեց: Այսինքն՝ քանի դեռ բյուջեի սեփական եկամուտները ցածր են ընթացիկ ծախսերից և առաջնային խնդիր ես դրել ապահովել հարկաբյուջետային կայունությունը, որպեսզի չվտանգես ապագա տնտեսական աճը, հետևապես, դու արկածախնդրության չես կարող գնալ: Մինչ տեսանելի չլինի քեզ համար այն ոչ պարտքային ֆինանսական աղբյուրները, որով կֆինանսավորվեն բարձրացումները ազնիվ չէր լինի խոստումներ տալ: Ներկայումս տնտեսական միջավայրը, արտաքին աշխարհի զարգացումները, եթե հարաբերական համեմատենք 2016 թվականի հետ, շատ ավելի լավ վիճակի մեջ է:

-Ամեն դեպքում գտնո՞ւմ եք, որ այսօր ստվերի, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը ավելի արդյունավետ է իրականացվում, ինչը փաստում են հենց թվերը:

- Առաջինը պետք է արձանագրենք, որ գործողություններ արվում են, բայց տնտեսական արդյունքների մասով, որպեսզի գնահատենք, թե դրանք որքանով են արդյունավետ, պետք է մի քիչ սպասել:

-Հաշվի առնելով, որ մեծ հաշվով տնտեսական ուղղվածությունը չի փոխել իր գիծը՝ հնարավոր համարո՞ւմ եք համագործակցել ներկայիս կառավարության հետ, թեև հեռանալիս ասացիք, որ չեք հարգի, եթե համաձայնեք մնաք նոր թիմում:

-Հիմա, որ մենք խոսում եք, սա ևս օգուտ է, քանի որ ես իմ տեսակետներով փորձում եմ կիսվել: Միջազգային կառույցները, երբ առաքելության են գալիս, ինձ հետ հանդիպում են և փորձում եմ իմ գործընկերներին ինչ-որ չափով օգուտ տալ: Ես միշտ էլ պատրաստ եմ իմ երկրի համար օգտավետ լինել: Չի կարող թիմերի հետ կապված խնդիր չլինել, թեև ես ինձ քաղաքական մարդ կամ գործիչ չեմ համարել, բայց որոշակի քաղաքական թիմի հետ դու գալիս ես ու գնում ես: