Սիրիայում՝ Թել Աբյադից առնվազն 13 հայ ընտանիք և Ռաս Ալ Այնում մնացած մի քանի հայերն արդեն տեղափոխվել են ավելի անվտանգ շրջաններ, ոմանք հրաժարվել են. ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ

23:00 • 10.10.19

Սիրիայում կատարվող իրադարձությունների վերաբերյալ Tert.am-ը զրուցել է ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ Թել Աբյադից առնվազն 13 հայ ընտանիք և Ռաս ալ-Այնում մնացած մի քանի հայերն արդեն տեղափոխվել են ավելի անվտանգ շրջաններ, ոմանք հրաժարվել են տեղափոխվել:

-Թուրքիայի նախաձեռնած գործողությունների հետևանքով հայաբնակ կամ հայաշատ ո՞ր վայրերն են գտնվում թիրախում: ԱԳՆ-ն այս առումով ի՞նչ տեղեկություններ ունի:

-Թուրքիայի ռազմական գործողությունները տեղի են ունենում Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում, Եփրատ գետից դեպի արևելք: Այդ տարածաշրջանում հայերն ավանդաբար բնակվում են Կամիշլիում, Ռաս Ալ Այնում, Թել Աբյադում և Դերիկում: 

-Ո՞ր տարածքներում է, որ կան հայ ընտանիքներ, և արդեն այդ ընտանիքների տարհանում տեղի ունեցել, է, թե ոչ: Մեկ օրում ի՞նչ է արվել, ինչի անհրաժեշտություն են ունեցել տեղի հայերը:

- Առավել ակտիվ ռազմական գործողություններ են ծավալվել Թել Աբյադում և Ռաս Ալ Այնում: Թել Աբյադից առնվազն 13 ընտանիք և  Ռաս ալ-Այնում մնացած մի քանի հայերն արդեն իսկ տեղափոխվել են ավելի անվտանգ շրջաններ։

-Ի՞նչ իրավիճակ է Կամիշլիում, հրթիռակոծությունը շարունակվո՞ւմ է, թե ոչ:

-Կամիշլին այս պահի դրությամբ չի հանդիսանում անմիջական հրթիռակոծության թիրախ: Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում Կամիշլիի հայ համայնքի ղեկավարության և կառույցների հետ։ Վերջիններիս իսկ փոխանցմամբ՝ իրավիճակն այնտեղ վերահսկելի է, ռազմական գործողություններ կամ հրթիռակոծություններ չկան: Տարհանման խնդիր ներկայումս դրված չէ: Կամիշլիի այն թաղամասերում, որտեղ բնակվում են հայերը, կյանքն ընթանում է բնականոն հունով։

-Կա՞ն ընտանիքներ, որ հրաժարվում են տեղափոխվել:

-Մեր տեղեկություններով՝ մի քանի ընտանիքներ իրենց ցանկությամբ դեռևս մնացել են  Թել Աբյադում և Ռաս Ալ Այնում: Ինչ վերաբերում է Կամիշլիին, ապա ինչպես նշեցի, նրանք դեռևս տարհանման անհրաժեշտություն չեն տեսնում։ 

-Դեպի ո՞ր ուղղությամբ են տեղափոխվում հայերը, որտեղ են տեղավորվում հայերը:

-Որպես օրինակ կարող եմ ասել, որ Թել Աբյադը և Ռաս Ալ Այնը լքած մեր հայրենակիցները իրենց ընտրությամբ տեղափոխվել են Հասաքե և Հալեպ:

-Պլանավորվո՞ւմ է այդ ընտանիքներից ոմանց Հայաստան տեղափոխել:

-Եթե նման ցանկություն լինի, ապա կարծում եմ, ամեն ինչ կարվի նրանց տեղափոխումը դեպի Հայաստան ապահովելու համար։

-Իսկ նախապատրաստական աշխատանքներ տարվո՞ւմ են, պատրա՞ստ է հայկական կողմը հետագա ռմբակոծություններից հայկական ընտանիքներին ու ազգությամբ հայերին օգնություն ցուցաբերելու համար:

- Սիրիայում մեր դիվանագիտական ներկայացուցչությունները Դամասկոսի և Հալեպի համայնքային կառույցների հետ համատեղ մշակում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և ըստ անհրաժեշտության առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ: 

-Այս գործողություններից ազգությամբ հայ տուժածներ կա՞ն:

- Մեր տեղեկություններով չկան:

 

Սիրիայում՝ Թել Աբյադից առնվազն 13 հայ ընտանիք և Ռաս Ալ Այնում մնացած մի քանի հայերն արդեն տեղափոխվել են ավելի անվտանգ շրջաններ, ոմանք հրաժարվել են. ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ