Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ԼՂ հակամարտության տարիների ամենախոշոր հարձակումն է կատարել Հայաստանի ու Արցախի դեմ. ԱՄՆ կոնգրեսական Սյուզն Դիլբեն

04:00 • 21.10.20

ԱՄՆ կոնգրեսական Սյուզն Դիլբենը միացել է Թուրքիայի աջակցությամբ Արցախի հայության դեմ Ադրբեջանի հարձակումը դատապարտող թիվ 1165 բանաձևին, որը շրջանառության մեջ է դրվել:

Դրան, ինչպես տեղեկանում են Ամերիկայի հայկական ազգային համագումարի ֆեյսբուքյան էջից, ավելի քան 100 օրենսդիր է միացել:

«Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը ԼՂ հակամարտության տարիների ամենախոշոր հարձակումն է կատարել Հայաստանի դեմ: Համաշխարհային մի շարք առաջնորդներ կրակը դադարեցնելու կոչով են հանդես եկել, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, սակայն երբ հրադադարի մասին պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, միանգամից դրանց խախտման դեպքեր գրանցվեցին:

Թիվ 1165 բանաձևը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողություններն ու դրանցում Թուրքիայի ներգրավվածությունը: Ես կիսում եմ ձեր մտահոգությունը ԼՂ-ում իրավիճակի էսկալացիայի առնչութամբ ու հավատացած եմ, որ ԱՄՆ-ը բարոյական պարտավորություն ունի աշխատելու միջազգային հանրության հետ այս աղետից տուժածների աջակցելու հարցում:

Բանաձևը հասցեագրված է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որի կողմից պետք է հաստատվի»,- նշված է կոնգրեսականի նամակում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 20-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 200 անօդաչու թռչող սարք, 576 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6309 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։