Մենք երբեք դեմ չենք եղել բանակցելուն, բայց ոչ թե ուղիղ, այլ լիարժեք ձևաչափով՝ Արցախ–Հայաստան–Ադրբեջան և ԵԱՀԿ Մինսկի խումբ․ Դավիթ Բաբայան (տեսանյութ)

01:51 • 15.12.22

Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը Tert.am-ի «Հարցազրույց Բեթղեհեմ Արաբյանի հետ» հաղորդմանն ասաց, որ կա կարմիր գիծ, որն Արցախը չի խախտելու, դա հետևյալն է․ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Հարցին, թե «բնապահպանների» անվան տակ ի՞նչ խնդիր է  լուծում Ադրբեջանը, Դավիթ Բաբայանն ասաց, որ փորձում են Կաշենի աշխատանքը կաթվածահար անել, որն Արցախի համար տնտեսական կարևոր հարց է լուծում, բայց, բացի այդ, Ադրբեջանը միշռ գործողությունների պլան ունի։

«Եթե ուզում են բնապահպանական նորմերի մասին տեղեկություն ստանալ, դա կարելի է շատ քաղաքակիրթ ձևով անել, մենք որևէ խնդիր չունենք, բայց եթե կա նման ցանկություն , միայն ադրբեջանցի բնապահպանները չպետք է գան և տեղում տեսնեն, որովհետև սրանք ներկայացնելու են ինչ–որ մի սարսափելի գործոներ, որ իբր խախտվում են բոլոր նորմերը և այլն,  իսկ եթե գան միջազգային բնապահպաններ, ապա կֆիքսեն, որ որևէ վտանգ չկա և այդ հարցը կփակվի»,–ասաց Դավիթ Բաբայանը։

Նա մանրամասն խոսեց այս արշավով Ադրբեջանի իրական նպատակների մասին։

Հարցին, թե իսկ Արցախը համաձա՞յն է ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ, և ո՞րն է Արցախի խաղաքարտը կամ ի՞նչ խաղաքարտով է բանակցելու, Դավիթ Բաբայանն ասաց․ «Մենք երբեք դեմ չենք եղել բանակցություններին, ավելին՝ քանի տարի է ասվում է, որ պետք է վերականգնել բանակցությունների լիարժեք ձևաչափը, այսինքն՝ Մինսկի խմբի ձևաչափը։  Բայց, երբ ասում ենք բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնում, սա չի նշանակում՝ Արցախ–Ադրբեջան ձևաչափ, սա նշանակում է՝ Արցախ–Հայաստան–Ադրբեջան և ԵԱՀԿ Մինսկի խումբ, որովհետև, ի վերջո, այս հակամարտությունը նաև այդ բոլոր կողմերի՝ բանակցող կողմերի կենսական շահերին է վերաբերում։ Հետևաբար, մենք չեն կարող ասել Արցախ և Ադրբեջան բանակցություն,  մանավանդ, որ Արդբեջանը դա  դիտարկում է որպես ներադրբեջանական խնդիր»։

ՀՀ իշխանությունների հետ հարաբերություների, Արցախի ինքնորոշման իրավունքի, խաղաղապահների, միջազգային հանրության արձագանքի և այլ հարցերի շուրջ մանրամասները՝ տեսանյութում։