Երևանը երբեմն բերդ է հիշեցնում` առանց ճաղերի: 80-ականներին, երբ ներկա քաղաքական ազատությունների նույնիսկ 1%-ը չկար, ու Բրեժնևի մասին հասարակական տրանսպորտում մի անմեղ անեկդոտի պատճառով քեզ կարող էին ազգային անվտանգություն հրավիրել, այնուամենայնիվ քաղաքն ավելի ազատ ու անկաշկանդ էր ներկայանում: Օպերան շրջափակված չէր սրճարաններով, չարագուշակ խավարով պատված պճնամոլ շենքեր չկային, այգիներն էլ այգիների էին նման` առանց սնկի պես բուսնած սրճարանների: Նույնիսկ օդն ավելի մաքուր էր, քան հիմա, չնայած այն ժամանակ կաուչուկե Նաիրին աշխատում էր ամբողջ թափով: Երևանի ներկա օդը հեղձուցիչ է, այն աստիճան, որ մարդ անընդհատ ուզում է փախչել այստեղից: Չէ, պարտադիր չէ արտասահման, Հայաստանում բարեբախտաբար դեռ շրջաններ կան, որտեղ կարելի է բնության մեջ լինել: Մենք մի տեսակ անջրպետված ենք մայր բնությունից, ու այդ կոնտրաստը քանի գնում` ուժեղանում է: Իսկ աշխատանք-տուն-անհետաձգելի գործեր շղթան մեզ պարփակել է այս աղճատված քաղաքում:
Բայց ահա մի հուսադրող ակնթարթ` Երևանի կոնյակի գործարանը լրագրողներին հրավիրում է Բերդ քաղաք: Նման լրագրողական տուրերը վերջին շրջանում հաճախակի են դարձել, խոշոր բիզնեսն ավելի ուշադիր ու զգայուն է դառնում սեփական իմիջի ձևավորման հարցում:
Միկրոավտոբուսից հիանում եմ Տավուշի գեղատեսիլ լեռներով ու հիշում էկոնոմիկայի նախարարի խոսքը: Գագիկ Ծառուկյանի վերջին նկատողութունից հետո հիմա նրան մեջբերելն այնքան էլ անվտանգ չի թվում, ի վերջո մարդն այդպես էլ գլխի չընկավ, թե երբ հայտնվեցինք ճգնաժամում, ու երբ այնտեղից դուրս եկանք: Բայց Ներսես Երիցյանը աշխարհ տեսած մարդկանցից է, ու նրա դիտողությունը, որ եթե շվեյցարացիները կարողանում են իրենց լեռներից միլիարդներ աշխատել, ինչու մենք էլ չանենք, կարծես թե տեղին է: Բայց ինձ, այնուամենայնիվ, ավելի հոգեհարազատ է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Նա վիթխարի ավանդ ունեցավ այն բանում, որ չեչենական պատերազմից ու ահաբեկչական ակտերից հետո դատարկված Հյուսիսային Կովկասի առողջարանային քաղաքները նորից շենանան: Չէ, նա դատարկ հայտարարություններ չի արել, պարզապես Մոսկվայի բյուջեից ֆինանավորում էր տասնյակ հազարավոր մոսկվացիների հանգիստը այդ քաղաքներում: Մարդիկ ստանում էին ոչ միայն ձրի ուղեգիր, այլ գնալ-գալու ճանապարհածախսը: Հանգստյան տներն էլ համը չէին հանում, նորմալ ընդունում, ճամփու էին դնում: Իսկ հետո ամեն ինչ գնաց արդեն իր հունով: Աստված չանի իհարկե, որ Գագիկ Բեգլարյանը մի նման ծրագիր սկսի, ուղղակի պետք է լուծումներ փնտրել:
Մինչ մեր լեռները համբերատար սպասում են իրենց զբոսաշրջիկներին, մեր խումբը հասնում է Բերդ: Քաղաքի կենտրոնական փողոցը դեռ պահպանել է հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի անունը, համենայնդեպս ցուցանակներն այդ մասին են վկայում: Բերդը առաջիններից մեկն էր, որ 1917 թ. ողջունեց խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում, հավանաբար գենետիկ հիշողությունն այստեղ իր դերն է խաղացել: Բայց հիմա նրանց հոգսերն ուրիշ են` մի կողմից Ադրբեջանն է, իսկ Երևանը, որպես սպառման շուկա, բավական հեռու է, 3-4 ժամվա ճանապարհ: Կոնյակի գործարանի կառուցած ոչ մեծ արտադրամասը Բերդի ժողովրդի ու շրջակա գյուղերի համար հսկայական օգնություն է:
Կոնյակը Հայաստանի համարյա թե միակ բրենդն է: Բայց այն թանկ հաճույք է, իսկական կոնյակի ամենաէժան տարբերակը նույն գինն ունի, ինչ ամենաորակյալ օղիները: Վիճակագրությունն ասում է, որ Հայաստանում մարդիկ 30 անգամ շատ օղի են խմում, քան կոնյակ: Ուստի միակ հույսը կոնյակի արտադրությունը զարգացնելու` արտահանելն է: Իսկ արտահանում ենք հիմնականում դեպի Ռուսաստան: Այնտեղ մեր հիմնական մրցակիցը Դաղստանի կոնյակի գործարանն է, որի տնօրենը ազգությամբ հայ է, և որին էլ Դաղստանը պարտական է կոնյակագործության զարգացման համար: Ճակատագրի հեգնանք է` հայերը օգնում են Դաղստանին կոնյակ արտադրել, իսկ հայկական կոնյակի արտադրությունը վերահսկում են ֆրանսիացիները: Նրանցից էլ մեկն էլ` Ֆիլիպ Թիբոն է, որ Բերդում լրագրողներին պատմում էր կոնյակի ստացման նրբությունների մասին: Ասում էր, որ հայկական ու ֆրանսիական կոնյակները, արտադրման տեխնոլոգիայի առումով, համարյա չեն տարբերվում, իսկ հայկական կոնյակի յուրահատկությունը ձևավորվում է խաղողի սորտերի, կլիմայի ու ջրի շնորհիվ: Պարզ զգացվում է, որ ֆրանսիացին լավ է հասկանում գործից, բացի այդ ֆրանսիական կորպորատիվ մշակույթի կրող է` լրագրողների հետ եկավ ճաշելու, միանգամայն ազատ է շփումների առումով, բոլոր նրանք, որ անգլերեն կամ ֆրանսերեն գիտեին, որևէ խնդիր չունեցան:
Ինձ համար ամենազարմանալին այն էր, որ կոնյակի սպիրտը ստանում են նույն տեխնոլոգիայով, ինչ սովորական սամագոնը: Ուղղակի սարքավորումներն են չափերով մեծ: Հենց արտադրամասում թույլ տվեցին 65 տոկոս խաղողի սպիրտ համտեսել, դրա համար հարկավոր էր ընդամենը բացել ծորակը: Այդ զարմանահրաշ հեղուկը բաց ծորակից հոսում էր անհայտ ուղղությամբ., հավանաբար ջրելով հարևան այգին:
Կոնյակն իր գույնը ստանում է կաղնե տակառներում` սպիրտի առնվազն 3 տարվա հնեցումից հետո: Ի դեպ` Երևանի կոնյակի գործարանում կարելի է տեսնել, թե ինչպես է հնեցվում կոնյակը: Դա Երևանի տեսարժան վայրերից է, ուր հիմնականում զբոսաշրջիկներ են այցելում, որ դրանից հետո հայկական կոնյակի մասին ավելի շատ բան են իմանում, քան հայերս: Հայկական և ֆրանսիական կոնյակների հնեցումը տարբերվում է միայն նրանով, որ ֆրանսիական կոնյակի տակառները պահվում են գետնի տակ` նկուղում, իսկ հայկականը շենքի առաջին հարկում է: Այնտեղ մի զարմանահրաշ բույր կա` կոնյակի շատ մեղմ բույր է, արժե դրա համար այցելել այդ վայրը` շնչելով կոնյակային օդը: Ասում են` այդ օդը անընդհատ շնչողը նույնիսկ գրիպով չի հիվանդանում:
Ս.Ա.