Ընդդիմադիր խոսքն արժեզրկվել ու արժեզրկվում է Հայաստանում: Պատճառները տարբեր են: Բայց դրանցից մեկն այն է, որ կներեք, բայց պետք է ասեմ քաղաքական դաշտի մակաբույծներն ու պոռնիկները յուրացնում են այդ լեզուն ու օգտագործում այն իրենց նեղ շահերի համար: Մի երկու շաբաթ գրեթե չէի կարդացել մամուլը: Էսօր որոշեցի բացը լրացել, եւ ցինիզմի ու հիմարության դոզան էլի գերազանցում է նույնիսկ իմ՝ ամեն ինչին սովոր պատկերացումները: Այսպես ամենայն հայոց փեսային, իսկ վերջես ըստ որոշ տեղեկությունների նաեւ ոստիկանապետի հետ համագործակցող խիստ “անկախ” հայտնի կայքն իր խմբագրականներից մեկում առաջարկում է ոչ ավել, ոչ պակաս՝ կադրային ջարդ անել բանակում: Read the rest of this entry »
Գալուստը ասում է, թե ՀՀԿկհեռացվի իշխանությունից միայն երբ Փոքր Մհերը դուրս գա ժայռից: Բավականին հետաքրքրիր եւ երկիմաստ, ես կասեի՝բազմաշերտ երկիմաստ հայտարարություն է հանրապետականի եզակի հնաբնակաների կողմից, ով իշխանամետ պատգամավոր էր ՀՀԿ-ից դեռ Լեւոնի ժամանակ (այո՛՝չզարմանաք իմաստուն Գալուստն այն ժամանակ էլ ամենեւին անչքի չէր ընկնում հանցավոր հհշ-ական ռեժիմի դեմ պայքարուոմ, այլ հանգիստ եւ տաքուք տեղ էր գտել իրեն ԱԺ-ի աննկատ անկյուններից մեկում): Նախ՝փաստորեն Գալուստը ՀՀԿ-ին նույնացնում է չարիքի հետ, քանի որ, ինչպես հայտնի է ՓոքրՄհերը դուրս կգա ժայռից աշխարհի վերջում, երբ բարին ու արդարը վերջնական ապես պետք է հաղթեն չարն ու անարդարությունը: Իհարկե, Գալուստը նաեւ հեգնում է՝ նկատի ունենալով, որ մինչեւ աշխարհի վերջն իրենք են, իսկ մյուսների հնարավորությունները միայն հեքիաթային կամ առասպելական դաշտում են: Մյուսկողմից Գալուստ լավ էլ բռնացնում է մեր հասարակության զգալի մասի տրամադրությունը, որի համար քաղաքական պայքարը չի տարբերվում վիպական կամ հեքիաթա-առասպելական չարի ու բարու պայքարից: Read the rest of this entry »
Զարմացրին արդեն, թաղային խուժանը, թաղային խուժանը…..: Մեր մտավորականությունը կամ միջին դասը, չգիտեմ ինչ անունով է ավելի ճիշտ կոչել այն շերտը, որը պետք է որ խորքային փոփոխությունների ձեւակերպող ու պահանջատերը լիներ, արհեստականորեն դարձնում է թաղի տղերքին քաղաքական գործոն: Դրանով նա դառնում է ոչ թե խորքային, այլ կոսմետիկ փոփոխությունների պահանջատեր ու ձեւակերպող: Ինձ ավելի հետաքրքիր է, թե ինչու մեր այսպես ասած առաջադեմ հասարակությունն այդքան հանդուրժող կամ այդքան չնկատող խմբագիրների, լրագրողների, “սկզբունքային” գործիչների, իրավապաշտպանների նկատմամբ, որոնք մի ձեռքով համագործակցում են իշխանության հետ, իսկ երբեմն էլ ուղիղ ֆինանսավորում ստանում դրանից, մյուս “ձեռքով” էլ կոկորդիլոսյան արցունքներ թափում “թաղային խուժանը” թեմայով: Ոչ մի երկրում երբեք թաղային խուժանը վճռորոշ գործոն չի եղել ու չի լինելու: Read the rest of this entry »
Վախճանաբանության մայրամուտը
Վախճանաբանության ավարտը կամ, ես կասեի, մայրամուտը կարևոր հանգրվան է հայաստանյան քաղաքական կյանքում: Խնդիրն այն է, որ մեր քաղաքական հռետորաբանությունն ու մտածողությունը, ձևավորվելով վիպապաշտական և մասամբ էլ միջնադարից ժառանգած կաղապարներով, քաղաքական խոսքը վերածում է Խորենացու ողբի՝ անընդհատ գուժելով աշխարհի վերջ, կործանում, աղետ և այլն: Այն, որ երկիրը կարող է գտնվել իրոք ծանր վիճակում և լուրջ խնդիրների առջև, այն, որ որոշ միտումներ իրոք մտահոգիչ են և զարգանալու դեպքում կարող են հանգեցնել աղետների, հարցի մի կողմն է: Հարցի մյուս և առավել կարևոր կողմը սակայն այն է, որ վախճանաբանությունը ոչ միայն կապ չունի քաղաքականության հետ, այլև հակադիր է նրան: Վախճանաբանությունը՝ որպես կրոնական մտածողության արգասիք, ենթադրում է աշխարհի ակնթարթային կործանում և նույնքան ակնթարթային ու այլևս հավետ վերափոխում: Քաղաքականությունը, սակայն, գործ ունի ընթացիկ աշխարհի հետ և գոյություն ունի այնքանով, որքանով աշխարհի վերջը դեռ տեսանելի չէ: Քաղաքականությունը ենթադրում է աշխատանքային վիճակ, որի նպատակն է եղա՛ծ աշխարհի ստեղծագործական բարեփոխումը եղա՛ծ հնարավորությունների սահմաններում, ինչը ենթադրում է տևական ընթացք, այլ ոչ թե ակնթարթային հրաշագործ պահ: Եթե մոտ է կործանումը, ուրեմն անիմաստ են այլևս բոլոր ջանքերը, մանավանդ՝ երկարատև: Read the rest of this entry »
Լինում է չի լինում մի հատ փոքր, աղքատ երկրի թագավոր է լինում: Էս թագավորը բավականին բութ ու շատակեր է լինում, ժողովուրդն էլ իրան չի սիրում: Երկրում ինչքան հարստություն է լինում, թագավորը մեծ մասն իրեն է վերցնում, ժողովորդին լավ չի նայում, իսկ երբ ժողովուրդի ընդվզումը շատ է ուժեղանում իրեն հավատարիմ ու իր սեղանից կերակրվող թիկնապահների միջոցով ժողովրդին ճնշում է: Էս երկրում բացի թագավորից էլի մի քանի հարուստ են լինում: Read the rest of this entry »
/https://www.youtube.com/watch?v=ndPWuTvppfQ/
Քաղաքականի ու քաղաքացիականի հարաբերությունը կարելի է մոտավորապես հետեւյալ փոխաբերությամբ բնորոշել: Մաքուր քաղաքականը՝ 100 տոկոսանոց մաքուր սպիրտի է նմանվում: Անխառն վիճակում դա խմելը դժվար է, թեեւ փորձի տեսակետից գուցե հետաքրքիր՝ https://www.youtube.com/watch?v=klD6OcPItk0: Քաղաքացիականը՝ մաքուր ջուր է: Դա, իհարկե, խմել ի տարբերություն 100 տոկոսանոց սպիրտի հնարավոր է («հնարավո՞ր է»), բայց խնջույքի միջինացված սեղանին (հեղափոխությունը մեր քեֆի սեղանն է) ցանկալի է երկուսի՝ սպիրտի ու ջրի ինչ որ կշռույթ (տվյալ դեպքում՝ բալանս): Թե ինչ տոկոսով՝ ամեն մեկի ճաշակի հարցն է, մեկն կնախընտրի 70 տոկոսանոց հոնի արաղ, մյուսի համար 7 տոկոսանոց գարեջուրն է լավ տարբերակ: Երրորդն էլ կարող է ալկոհոլը խմել ու վրայից էլ «զապիվատ» անի ջրով կամ հյութով: Քչերը քեֆ կանեն միայն ջրով կամ հյոթով, թեեւ այդպիսիք էլ կլինեն:
Քանի, որ գործընթացներն արագ տեմպով են զարգանում, եւ շատերը չեն հասցնում նորմալ հետեւել ու հասկանալ դրանք, կամ էլ պարզապես ժամանակ չունեն դա անելու, իսկ ես էլ, ինչպես խոստացել եմ դեռ ձեռնպահ եմ մնում ավելի ամբողջական գնահատականներից, որոշեցի ամեն դեպքում ընթացիք զարգացումներին իմ համեստ լուման ներդնելու համար մի փոքրիկ սեւագիր ուղեցույց կազմել այն մարդկանց համար, ովքեր ուզենալով իրավիճակին հետեւել հնարավորինս քիչ ռեսուրս ծախսելով եւ միաժամանակ հնարավորինս արդյունավետ: Այս ուրվագիծը նվիրում եմ ինքս ինձ՝ այն Հրանտին, որ 6 տարի առաջ սկսելով գրել հասարակական թեմաներով եւ ապա ներգրավվելով հասարակական գործընթացների մեջ, շատ ու շատ բան չէր հասցնում ընկալել, մարսել, հասկանալ հընթացս, եւ հիմա էլ դեռ սովորելոը ընթացքի մեջ է: Այն փոքրիկ փորձցս, որ հասցրել եմ կուտակել այս տարիներին, ներկայացնեմ ձեզ մի քանի կետերով: Read the rest of this entry »
Վերջին օրերին քննարկվում է հրապարակային պայքարին Լեւոն Տեր-Պետրոսյանի միանալու հարցը: Իմ ֆեյսբուքյան էջում էլ նման հարց ինձ տվել է Տիգրան Խալաթյանը, որին խոստացել եմ պատասխանել ավելի մանրամասն:
Տեր-Պետրոսյանն, ինչպես գիտենք, արդեն հայտնել է իր կարծիքը ծավալվող գործընթացների եւ իր հնարավոր միանալ-չմիանալու վերաբերյալ: Ես այդ տեսակետը մեկնաբանելու մեծ իմաստ չեմ տեսնում, մանավանդ, որ դա արդեն մեկնաբանվել է շատերի կողմից տարբեր տեսակետներից՝ դրական, չեզոք, բացասական եւ կարծես քիչ թե շատ հստակ վերաբերմունք արդեն կա: Ես կփորձեմ ներկայացնել իմ անձնական կարծիքը, այլ ոչ թե Տեր-Պետրոսյանի ասածի իմ մեկնաբանությունը:
Եկեք մի պահ իրական պատկերացնենք Տեր-Պետրոսյանի գալը եւ միանալը հանրահավաքին: Համացանցում տեսել եմ քննարկվելիք երկու տարբերակ: Առաջինը կարծեմ Մարինե Մանուչարյան-Գիրագոսյանն էր առաջ քաշել, որի համաձայն Լեւոնը կարող է գալ, բայց հարթակ չբարձրանալ: Երկրորդը, որը կարծես նկատի ունեն Լեւոնի միացումն ակնկալողների մեծ մասը, առաջին նախագահի հարթակ բարձրանալն է: Երկու տարբերակն էլ, ըստ իս, այս պահին խնդիր են առաջացնում: Read the rest of this entry »
Ժամանակն է արդեն հույզերը, հույս-սեր-հավատը (Պողոս առաքյալը թող ինձ ների), բարի ժպիտները եւ այլ քաղցրավենիքը մի կողմ թողնել ու «տղավարի» հասկանալ՝ ի՛նչ է կատարվում այս օրերին՝ հիմնվելով զուտ բանականության վրա, որպեսզի հետո ո՛չ զարմանանք, ո՛չ էլ իրար մեղադրենք:
Րաֆֆի Հովհաննիսյանը հռչակեց հեղափոխական գործընթաց: Լավ արեց, թե վատ արեց՝ ա՛յլ հարց է, բայց փաստ է, որ հռչակեց: Ինչպե՞ս հռչակեց: Երբ կանգնում ես Ազատության հրապարակում եւ հայտարարում, որ գործող նախագահն այլեւս նախագահ չէ եւ պետք է «փոխանցի իշխանությունը ժողովրդին», եւ որ դու պատրաստ ես այդ գործընթացը պաշտպանել կյանքի գնով, պայքարել մինչեւ հաղթանակ՝ վերջնագիր ես ներկայացնում գործող նախագահին, նաեւ՝ ոչ այնքան հստակ, բայց հայտարարում ես անժամկետ գործողություն հրապարակում, դա ոչ այլ ինչ է, քան հեղափոխության հռչակում: Այս պահին չենք քննարկում այդ ամենի ճիշտ կամ սխալ լինելը, հետագա քայլերը եւ այլն: Միայն կարող ենք փաստել, որ այդ քայլն առարկայորեն արտահայտում է մեր հասարակության ընդդիմադիր հատվածի, այդ թվում նաեւ Րաֆֆուն այս ընտրությունների ընթացքում ձայն տվածների մեծ մասի պահանջը: Կամ, եթե ավելի զգույշ ձեւակերպենք, արտահայտում է այն մարդկանց պահանջը, ովքեր այս օրերին պատրաստակամություն են հայտնել հրապարակայնորեն աջակցել նախագահի այս թեկնածուին, որը, ըստ իս, իրո՛ք փաստացի հաղթած թեկնածուն է: Համենայն դեպս, հռչակելով հեղափոխական գործընթաց, Րաֆֆին հենց այս պահանջարկի կրող մարդկանց է, այսպես ասած, մարտակոչ անում:
Հիմա, նախքան մնացածը շատ կարեւոր է հասկանալ այս ամենի տեսական մասը, որպեսզի դրա հիման վրա կարողանանք սթափ գնահատել իրավիճակը. ի՞նչ գործոններ կան փաստացի հեղափոխական առաջնորդ հռչակված գործչի «խաղասեղանին»:
ա. Հրապարակ: Այլ կերպ ասած՝ հեղափոխության պահանջարկը ներկայացնող «հասարակական լայն զանգվածները», այդ թվում՝ այսպես ասած «քաղաքացիական ակտիվն» ու «հասարակ ժողովուրդը», ինչպես նաեւ Հրապարակը որպես տարածք:
բ. Սեփական թիմը:
գ. Այլ քաղաքական ընդդիմադիր ուժերը:
դ. Իշխանությունը:
ե. Արտաքին ուժերը:
Հիմա յուրաքանչյուր գործոնի մասին առանձին:
Հրապարակ
Հրապարակն այս բոլոր գործոններից առաջնայինն է, հիմնականը եւ հենակետայինը, եթե իհարկե հռչակված նպատակը խաղարկային չէ եւ ի սկզբանե չի ենթադրում պայմանավորվածություն որեւէ ներքին կամ արտաքին սուբյեկտի հետ, ոչ էլ ծառայում է որպես միջոց այդ սուբյեկտների հետ ինչ-որ քողարկված նպատակների շուրջ «բազառի»
Նախեւառաջ պետք է ձեւավորվի եւ օր-օրի ուժեղացվի ու հասունացվի Հրապարակը: Պետք է մոբիլիզացվի հնարավորինս լայն զանգված:
Ի՞նչ ասել է ձեւավորել Հրապարակ:
Հրապարակը պետք է դառնա կենտրոն, միջնաբերդ: Ներսում այն պետք է վերածվի յուրահատուկ փոքրիկ քաղաքի ընդհանուր հոգեբանությամբ՝ եղբայրության, միասնության եւ առօրյայից դուրս գտնվելու տոնական մթնոլորտով, որում պետք է աստիճանաբար իրենց իսկ կամքից ձուլվեն այդտեղ եկած տարբեր խմբերն ու անհատները:
«Վիրտուալ» իմատով Հրապարակը պետք է նաեւ դուրս գա իր ֆիզիկական տարածքից, դառնա իրադարձությունների կենտրոն, օրակարգ ձեւավորող համակիրների, չեզոքների եւ հակառակորդների համար: Իսկ ժամանակ առ ժամանակ իր ֆիզիկական սահմաններից այն պետք է դուրս գա երթերի, ակցիաների եւ այլնի միջոցով՝ աստիճանաբար փորձելով իր շրջանակի մեջ ներգրավել մնացած տարածքները՝ հնարավորության դեպքում ստեղծելով փոքրիկ տեղական ֆորպոստներ (լավագույն դեպքում ընդհուպ մինչեւ դասադուլ, գործադուլ եւ այլն, ինչը, սակայն Հայաստանում բարդ է առարկայական պատճառներով):
Հրապարակը պետք է ձեւավորվի խոսքով եւ գործով:
Խոսքը պետք է լինի հստակ, որտեղ պետք է՝ կոշտ, որտեղ պետք է՝ «դիվանագիտորեն» մեղմ: Օրինակ, անիմաստ է վերջնագրեր ներկայացնել, եթե լավ չեն հաշվարկված դրանց իրականացման հնարավորությունները կամ չիրականացմանը հետեւող քայլերը: Մյուս կողմից՝ անիմաստ լղոզումը նույնպես քանդում է Հրապարակը:
Սխալ է կարծել նաեւ, որ Հրապարակը միայն հույզերով է պահվում: Հույզերը շատ կարեւոր են, բայց առանց բանական խոսքի, հստակության, ծրագրային հիմնավորվածության Հրապարակը երկար չի դիմանա: Միավորող տեքստը անհրաժեշտություն է:
Այսքանը Հրապարակի մասին շատ հակիրճ:
Շեշտեմ նորից ու նորից, որ միայն Հրապարակը ձեւավորելով եւ ուժեղացնելով, միայն դրա վրա հիմնվելով կարելի է կառուցել հետագա հարաբերությունները մնացած սուբյեկտների հետ, եթե, կրկնեմ, խոսքը ներքին կամ արտաքին գործարքի մասին չէ, այլ տվյալ երկրի ինքնիշխանության շրջանակներում տեղավորվող գործընթացի:
Իսկ ով առաջարկում է այլ ճանապարհ, բացի Հրապարակից ու հանրահավաքային ալիքից՝ կամ գիտակցված դատարկաբանությամբ է զբաղված, կամ էլ իրականությունից շատ հեռու է: Հատկապես խիստ բառեր կարելի է օգտագործել այն դիսկուրսի նկատմամբ, որը պնդում է, թե Հրապարակը հին «տեխնոլոգիա» է: Քաղաքականության մեջ չեն լինում հին ու նոր տեխնոլոգիաներ: Սա նույնն է, թե ասել, որ ասենք չաքուչը հնացած գործիք է, քանի որ ինչ-որ մեկին մեկ կամ մի քանի անգամ չի հաջողվել չաքուչով մեխ մեխել պատին, որովհետեւ կա՛մ պատն է շատ հաստ եղել, կա՛մ մեխողն է վատը եղել, կա՛մ էլ չաքուչն է թույլ եղել: Հայաստանի փորձով աշխարհը չի վերջանում, սիրելի՛ «կրեածիվշչիկներ» եւ ծակ փիլիսոփաներ:
Անցնենք մյուս գործոններին:
Թիմը
Այստեղ շատ բան չունեմ ասելու: Միայն թե հայաստանյան պայմաններում կարեւոր է հստակ իմանալ եւ գործել թիմում եղած հնարավոր ականների, «սեւերի» դեմ, որովհետեւ իշխանական հիմնական ստրատեգիաներից մեկը լինելու է թիմում պառակտում մտցնելը մի կողմից «ձախերի»՝ առավել արմատական դիրքերը, մյուս կողմից՝ «աջերի»՝ առավել կոմպրոմիսային դիրքերը ներկայացողների միջոցով:
Այլ քաղաքական ընդդիմադիր ուժերը
Պարզ է, որ այս դաշտում կարող են լինել ինչպես ի սկզբանե բարյացակամ կամ չեզոք, այնպես էլ անբարյացակամ ուժեր: Աշխարհը բարի փերիներից չի բաղկացած, եւ պարզ է, որ եթե քաղաքական ուժերի մի մասը կարող է հեշտությամբ գալ համաձայնության, ապա մյուս մասը, մանավանդ առավել ծանրակշիռները կարող են եւ չշտապել: Պարզ է, որ առավել համառներին պետք է այնպիսի պայմանների մեջ դնել, որպեսզի Հրապարակ գալուց բացի, այլ ելք չունենան, որպեսզի իրենց չմիանալ իրենցից, այլ ոչ թե քեզանից միավորներ խլի, իհարկե, եթե խոսքը բանական հաշվարկներով եւ իր նպատակներում մեծ հաշվով անկեղծ, այլ ոչ թե իմիտացիոն ուժի մասին է: Այս նպատակն ունի միայն մեկ գործիք՝ Հրապարակդ որքան հնարավոր է ուժեղացնել: Որքան այն ուժեղ եւ կազմակերպված եղավ, այնքան ավելի մեծ է հնարավորությունը, որ այլոք կգան՝ անկախ քո իսկ հրավերից: Իհարկե, սրանք տարրական բաներ են, բայց ներկա պայմաններում կարծես իրոք կա սա բացատրելու անհրաժեշտությունը:
Բնական է նաեւ, որ հեղափոխականի թիրախը չեն կարող լինել ընդդիմադիր այլ ուժերը, որքան էլ նրանք սիրելի կամ ատելի լինեն, այնքան ժամանակ, քանի դեռ նրանք բացահայտ կամ գոնե քիչ թե շատ տեսանելի գործարքի չեն գնացել իշխանության հետ: Եթե իշխանությունից բացի թիրախ են դառնում այլոք, ապա հեղափոխության նպատակը, եթե ոչ կասկածելի, ապա գրեթե անիրականանալի է դառնում: Շեշտեմ, որ ոչ միայն ուղիղ, այլեւ ենթատեքստային կծմծոցները, լեզվի պատահական սայթաքումները նույնպես «հաշիվ» են, որովհետեւ այս խաղում ամե՛ն ինչն է հաշիվ:
Ոչ ոք չի կարող հաջողության հասնել թույլի հոգեբանությամբ, նաեւ՝ երկու ճակատ բացելով եւ չհստակված նպատակներով: Կա՛մ նպատակդ հեղափոխությունն է եւ միակ թիրախդ՝ իշխանությունը, կա՛մ նպատակդ ընդդիմադիր առաջնորդի «պաշտոնի» ստանձնումն է, եւ այս դեպքում արդեն հրապարակային գործողություն անելն ի սկզբանե սխալ էր. պետք էր իշխանության հետ միանգամից պայմանավորվել, ոչ թե զուր ջղայնացնել սերժենց: Եվ այս դեպքում ո՛չ մի արդարացում չկա եւ չի կարող լինել, նույնիսկ եթե մյուս ընդդիմադիրներն իրենց լավ չեն պահում: Ոչ ոք չի խորանալու, իսկ պարտվողը դու ես լինելու:
Իշխանություն
Հայաստանում այս բառով պետք է հասկանանք բավականին լայն մի դաշտ՝ նախագահ եւ նրա անմիջական շրջապատ, իշխող քաղաքական ուժ, դրա կրտսեր դաշնակիցներ, պետական, այդ թվում ուժային կառույցներ, խոշոր բիզնես… մի խոսքով այն ամենը, ինչ «հասարակ ժողովուրդը» ընդհանրացնում է «հարուստներ» եզրով «հարուստներ եւ քյասիբներ» հակադրության մեջ:
Պարզ է, հուսով եմ, որ հեղափոխական գործընթաց հռչակած ցանկացած քաղաքական միավորի համար, եթե այն պատրաստվում է հեղափոխությունն իրականացնել խաղաղ ու օրինական ճանապարհներով եւ հենվելով նախեւառաջ սեփական հասարակության, այլ ոչ թե արտաքին ուժերի վրա, հիմնական նպատակը պետք է լինի իշխանության թուլացումը հասարակական լայն ճնշման միջոցով: Ավելի կոնկրետ. հեղափոխական նպատակին կարելի է հասնել միայն այն պայմաններում, երբ իշխանությունը սկսի կորցնել իր ներքին միասնականությունը՝ հոգեբանական, «ֆիզիկական» եւ այլն:
Մեր տիպի երկրում, որի համակարգը կարելի է բնորոշել որպես «մեղմ բռնապետություն», իշխանության վերջին փաստարկը միշտ էլ լինելու բռնի ուժը՝ ընդհուպ մինչեւ զենք, եւ դա որեւէ կապ չունի ամեն տվյալ նախագահի բնավորության գծերի հետ: Բարի ու չար նախագահների մասին հեքիաթներին թող հավատան հայ մտավորականները: Իրականությունն այն է, որ այլ հավասար պայմաններում, սպառելով բոլոր հնարավոր ռեսուրսները, իշխանությունը կանցնի ուժային գործողությունների, հենց որ զգա իրական վտանգ: Այստեղ չեն օգնի, բնականաբար, նաեւ ընդդիմադիրների բարի աչքերը, հարգալից խոսքերը եւ այլ ոճական նրբությունները: Իշխանությունն ինքը կմոռանա «բարիությունն» ու «քաղաքակիրթը» հե՛նց իրական այլընտրանքային բեւեռի հոտ առնի եւ, սկսելով սեւ քարոզչությունից, անմիջական բռնության կանցնի այն պահին, երբ դա անհրաժեշտ համարի: Ով հակառակն է կարծում, կարող է համարել, որ իզուր է շնչում այս չքնաղ մոլորակի օդը:
Հետեւաբար խաղաղ իշխանափոխության միակ հնարավորությունն այն է, որ իշխանությունը զրկվի բռնություն գործադրելու հնարավորությունից, իսկ դա հնարավոր է միայն իշխանության ներքին պառակտման միջոցով: Իշխանության մեջ եղած առանձին սուբյեկտները պետք է կամ քողարկված չեզոքության վիճակի հասցվեն, կամ էլ բացահայտ անցնեն ընդդիմության կողմը՝ աշխատելով ներսում կամ դրսում: Մինչեւ դա չլինի, ոչինչ չի ստացվի:
Ցանկացած իշխանության մեջ էլ ներքին բաժանումներ կան, բայց հարցն այն է, որ դրանք բավականաչափ ուժեղ լինեն, եւ հեղափոխությունը կարողանա դրանք էլ ավելի ուժեղացնել ու հասունացնել: Այս պահին մեր իշխանություն կոչվածում ներքին հակասությունները բավականին ուժեղ են եւ բազմազան, ինչի վկայությունն է, ի դեպ, ընտրությունների փաստացի խայտառակ արդյունքը Սերժի համար:
Բայց որպեսզի այդ ներքին բաժանումները նպաստեն հեղափոխությանը, պետք է լինի նույն պայմանը՝ ուժեղ Հրապարակ՝ լայն մոբիլիզացիայով, համոզիչ խոսքով, կազմակերպվածությամբ եւ տվյալ դեպքում նաեւ այնպիսի առաջնորդով, որին պոտենցիալ «տակից օգնողները», բացահայտ «պերեբեժշչիկները», հրամաններ չկատորողները, սաբոտաժ անողները վստահեն:
Սա ինչ-որ ցինիկ կամ վատ սցենար չի: Սա միակ հնարավոր հեղափոխական սցենարն է, որը մինչեւ հիմա գործել է աշխարհում, եթե բացառենք զինված ապստամբություններն ու հեղաշրջումները կամ էլ օտար կոպիտ միջամտությունը, բայց նույնիսկ այդ դեպքերում հաջողությունը հնարավոր չի եղել առանց իշխանության ներքին թույլ վիճակի: Եվ եթե ժողովորդի 90 տոկոսն էլ լինի հեղափոխական, միեւնույն է, չի կարող հասնել հաջողության՝ առանց իշխանական համակարգի թույլ կետերը բացահայտելու եւ ուժեղացնելու: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը գործում է նաեւ այստեղ: Մնացածն էլի հայ մտավորականության համար է:
Եթե որեւէ մեկը հույս ունի արդյունքի հասնել միայն «քաղաքացիականով», ապա, ինչ ասեմ, թող գնա հասնի: Եթե, շեշտեմ, ակնկալվող արդյունքը հենց իշխանության փոփոխությունն է, այլ ոչ թե երկարատեւ էվոլյուցիոն գործընթացը, ինչն ինքնին վատ չէ, իհարկե, բայց այլ թեմա է: Մենք չենք խոսում հեղափոխության ճիշտ կամ սխալ լինելուց, այլ դրա իրագործելիությունից:
Կարեւորը՝ իշխանության հետ ցանկացած բանակցություն, ցանկացած առողջ կոմպրոմիս հնարավոր է միայն, եթե նախապես ապահովված է ուժեղ Հրապարակը: Մեկ օր միտինգ անելուց ու մի կիսատ գիշեր Հրապարակում մնալուց հետո հաստատ չեն գնում բանակցությունների. կներեք, իհարկե, որ չդիմացա եւ տեսականից անցա գործնականին:
Արտաքին ուժեր
Արտաքին բարենպաստ կոնյունկտուրան, իհարկե, անչափ կարեւոր է, եւ կարող է ազդեցություն ունենալ հատկապես իշխանական ներքին տարանջատումների ուժեղացման առումով, սակայն, չափազանցնել այդ գործոնի դերը ոչ միայն վնասակար է երկրի անվտանգության տեսակետից, այլեւ մեծ հաշվով անարդյունավետ: Եթե բացառենք ուղիղ արտաքին միջամտության սցենարը, որին, կարծում եմ, Հայաստանում ոչ մի առողջ մարդ չի կարող համաձայնել նույնիսկ ընդդեմ ամենաատելի իշխանության, ապա արտաքին գործոնը կարող է այլ հավասար պայմաններում բարենպաստ լինել միայն նրա համար, ով կանխավ ապահովել է հզոր ներքին մոբիլիզացիա: Այսինքն՝ կրկնեմ նորից՝ ձեւավորել է ուժեղ Հրապարակ:
Այլ կերպ ասած՝ այստեղ էլ բանակցել է պետք ոչ թե ժողովրդին թողնելով ու ցրելով ամեն մեկին իր գործին, այլ ճիշտ հակառակը՝ ժողովրդին Հրապարակում պահելով եւ ժողովրդի անունից: Այլապես հա՛մ շպիոնական խաղի հոտ է գալիս, հա՛մ էլ այդ խաղն է այլեւս անլուրջ: Ոչ ոք սիրուն աչքերի համար քեզ համար մեծ զիջումներ չի ապահովի: Իսկ եթե նույնիսկ ենթադրենք, որ հաջողվի արտաքին ուժերին համոզել, որպեսզի իշխանությունը գնա զիջումների (կամ նման պայմանավորվածություն ի սկզբանե կա), ապա ժողովրդի՝ Հրապարակում բացակայության պայմաններում դա ոչ այլ ինչ է, քան գործարք՝ ի հաշիվ երկրի ինքնիշխանության:
Եվ բացի այդ՝ դա Հայաստանում ժողովրդավարության հարցի լուծում չի կարող լինել, քանի որ իրական ժողովրդավարությունը (որքանով էլ այդ եզրը պայմանական է. ավելի հստակեցնելու համար ստիպված պետք է ավելի երկար ժամանակ ծախսեի ու ծավալվեի), նույնանալով ինքնիշխանության հետ, կարող է ապահովվել միայն ու միայն ներքին շարժման արդյունքում, իսկ արտաքին գործոնները միայն կարող են օգտագործվել որպես բարենպաստ ֆոն: Հրապարակի դատարկության պարագայում ցանկացած հեղափոխական գործընթաց իմիտացիոն է, եւ եթե նախապես պայմանավորված խաղ չէ իշխանության հետ, ապա գրեթե անխուսափելիորեն կարող է վերածվել տարբեր արտաքին ուժերի ազդեցության գործակալների պայքարի:
Ամփոփում
Ինչպես տեսնում եք, Րաֆֆի Հովհաննիսյանի կոնկրետ գործողություններին գրեթե չեմ անդրադառնում՝ հարգելով շատերիս կողմից լռելյայն ընդունված «լռության օրվա» այսպես ասած խորհուրդը: Սակայն բացարձակ լռությունն այս պայմաններում անիմաստ կլիներ: Մնացածի մասին կխոսենք հետո, երբ առիթ կլինի: Եզրակացություններն էլ ինքներդ կարող եք անել: Հուսամ սա չի ընկալվի ոչպես «նենգ» հարված, իսկ եթե ընկալվի էլ, ապա այս նյութում դրա դեղատո՛մսն էլ կա՝ ոչ ոք չի կարող ոչ մեկին խանգարել, եթե նա ինքն իրեն չխանգարի: Ի վերջո, եթե նույնիսկ սխալներ են արվել, ապա պետք է կարողանալ դրանք գնահատել եւ հնարավորինս ուղել:
Շատերն, իհարկե, կարող են ասել՝ քննադատելը հեշտ է, եկեք դուք արեք: Հեղափոխություն անել որեւէ մեկի փոխարեն անշուշտ ոչ ոք չի կարող: Ես էլ հաստատ չեմ ուզում նմանվել այն մարդկանց, որոնք, ըստ Արմեն Մարտիրոսյանի ու Իզաբելա Աբգարյանի, երեկ փորձում էին սադրանք կազմակերպել: Սադրանքը չգիտեմ, բայց համաձայն եմ, որ մարդիկ իրենց ձայները տվել են ոչ թե ինձ կամ ինչ-որ մեկին, այլ շատ կոնկրետ մարդուն, եւ նա էլ պետք է այս ընթացքում անի իր քայլերը: Մնացածը, կներեք, բայց էլի պետք է ասեմ, հայ մտավորականության համար է միայն թեմա: