Մարտի 8-ն անցավ, ու ես էդպես էլ չշնորհավորեցի կանանց տոնը: Ու խիղճս տանջում է, չէ՞ որ ժողովուրդը մտավորականների խոսքին է սպասում, իսկ ես չասեցի այդ ծանրակշիռ խոսքը: Դե մտավորականը պիտի ժողովրդի հետ լինի, ճիշտ է, մի քիչ բարձր, վերևից, բայց` ժողովրդի կողքին նրա տոն ու սգի օրերին:
Եթե մտավորականը ուզում է շնորհավորել կանանց, պիտի նախ մտածի` ովքե՞ր են տոնատերերը, ո՞վ է էդ կին ժողովուրդը, որտեղի՞ց է եկել և ո՞ւր է գնում, որպեսզի թիրախային հասցեագրի իր մաղթանքները: Փորձենք պարզել:
Ուրեմն կան կանայք և մյուսները` չկանայք: Չկանայք այլ բառով կոչվում են տղամարդ: Բայց հո մենակ կոչվելով չի, մտավորականը պիտի իմաստուն ու խորաթափանց լինի, զուտ անունով ու արտաքինով, երևութական կողմով չդատի, այլ ներսուզվի իրերի ու երևույթների խորքը: Հո չի՞ կարող ինչ-որ երկար մազերով կամ բեղ-մորուքով, նուրբ դիմագծերով կամ բամբ ձայնով, ռոմանտիկ կամ պրագմատիկ հայացքներով, շրջազգեստով կամ շալվարով, բարձրակրունկ կամ անկրունկ կոշիկներով կողմնորոշվել, թե որն է կինը, որը` տղամարդը: Մանավանդ որ` կան բեղավորներ, որ կին են կոչվում, և ռոմանտիկներ, որ կոչվում են տղամարդ: Ուրեմն, պետք չի դրանցով դատել, հարկավոր է գտնել ավելի էութենական հատկանիշներ:
Գուցե ծիծիկնե՞րը, չէէէ, որովհետև կան տղամարդ կոչվողներ, որ ավելի ընդգծված ծիծիկներ ունեն, քան կին կոչվողները: Էս էլ չստացվեց:
Հաաաա, գտա՛, նրանք , որ կոչվում են տղամարդ, հղի չեն լինում, նույնիսկ` կիսահղի: Բայց հո մարտի 8-ը հղիների տոնը չի, մյուս կողմից էլ` եթե նույնիսկ ուզենաս հղիությամբ կողմնորոշվել, փորիկը մի քանի ամիս հետո է միայն դուրս ցցվում: Մարտի 8 շնորհավորելու համար հո գինեկոլոգից թուղթ չե՞ս ուզի:
Տեսա՞ք, սիրելի ժողովուրդ, թե ինչքան ծանր է մտավորականի խաչը, ինչքան դժվար է խորամուխ լինել մի հասարակ տոնի մեջ, ուր մնաց` ավելի բարդ հարցերի: Իհարկե, խոսքս իսկական մտավորականի մասին է, թե չէ` կան մտավորականներ, որ մարտի 8 են շնորհավորում` ըստ բեղի երկարության ու փեշի կարճության:
Այնպես որ, որպես իսկական մտավորական ստիպված եմ էլ ավելի խորամուխ լինել փեշի տակ ու հայտնաբերել, որ ըստ էության մենք մարտի 8 ենք շնորհավորում բոլոր նրանց, որ հեշտոց ունեն, այսինքն` սա հեշտոցավորների տոնն է մեզանում:
Ուրեմն, կամ ճշտում ենք տոնի անունն ու իմաստը և շնորհավորելիս ասում` հեշտոցային երջանկություն ենք մաղթում բոլոր հեշտոցավորներին, կամ` փորձում իսկապես զատել կին ու տղամարդ կոչվողներին:
Ու եթե էդպես անենք, կտեսնենք, որ Հայաստանի բնակչությունը` բեղավոր, թե փեշավոր, շալվարավոր, թե դաշտանավոր, ռոմանտիկ, թե պրագմատիկ, հղի, թե պարելիս խանգարիչ հանգամանք ունեցող, լացկան, թե հիստերիկ, տոլմա փաթաթող, թե խորոված անող… բոլորն էլ կին են, ում զոռով մարդու են տվել տղամարդ իշխանությանը: Եվ տղամարդ իշխանությունը բանեցնում ու բռնաբարում է կին ժողովրդին, ճնշում ու շահագործում, քանի որ զագսի պեչատը այդպես վարվելու լիազորագիր է համարում: Իսկ երբ կինը ջնջում է զագսի պեչատը, ասում է` բաժանվում եմ, տղամարդ իշխանության համար կին ժողովրդի խոսքն ասնավանի չի` միլիոնով քվե լինի, թե մի բառ` հեռացի՛ր: