Եթե կարծիքս քոնի հետ չի բռնում, դա դեռ չի նշանակում, որ ես անհադուրժողական եմ, եղբայր:
Եթե քո դիրքորոշումը սուր քննադատում եմ, դա դեռ չի նշանակում, որ այլակարծության թշնամի եմ:
Եթե փաստարկներդ չեն հերիքում կարծիքդ տղամարդավարի պաշտպանելու համար, դա դեռ չի նշանակում, որ պետք է դիմես անհանդուրժողականության մասին լացի որպես վերջին պաշտպանություն:
Եթե քեզ իրավունք ես վերապահում քննադատել այլոց, ուրեմն պետք է պատրաստ լինես հակադարձ քննադատության, այլ ոչ թե ամեն հարմար ու անհարմար առիթով, քեզ հետ անհամաձայնության ակնակրկի իսկ դեպքում, կրկնես մոգական՝ անհանդուրժողականություն:
Քննադատի որքան ուզում ես, եղիր սուր որքան ուզում ես, բայց մի ժխտի հակառակ կարծիք կրողի նույն իրավունքը քո նկատմամբ:
Այլապես անխուսափելի է ինքնահակասությունը: Եթե խոսում ես բազմակարծության մասին, ապա սեփական կարծիքիդ քննադատությունը հանուն տարբերվող տեսակետի, չի կարող որակվել անհանդուրժողականություն՝ դատարկ եւ ոչ մի բան չասող որակմամբ:
Կոնկրետանամ:
Ես խնդիր չեմ տեսնում, եթե որեւէ մեկը ամենասուր կերպով քննադատի իմ նախընտրչած քաղաքական ուժին կամ իմ նախըտրած հասարակական դիրքրոշումը կամ տեսակետը ցանկացած այլ ոլորտին վերաբերվող հարցին: Բազմակարծիք հասարակության մեջ նորմալ է նաեւ երբ որեւէ քաղաքական ուժ կամ գործիչ ենթարկվում է ծաղրի: Եթե որեւէ մեկը քննադատում է ՀԱԿ-ը կամ անձամբ Տեր-Պետրոսյանին, թեկուզ ծաղրում է, ապա ոչ ոք, առավել եւս՝ ես, չեմ կարող զրկել մարդուն այդ իրավունքից:
Բայց նույն տրամաբանությամբ որեւէ մեկը չի կարող զրկել մարդուն նույն Րաֆֆի Հովհաննիսյանին կամ ցանկացած այլ ուժի եւ գործչի քննադատության կամ թեկուզ ծաղրի իրավունքից: Դա անհեթեթություն է, որը կարող է ճիշտ թվալ միայն բազմակարծության մասին հեռվից հեռու լսած սովետահայ մտավորականի համար:
Չի կարելի ոչ մեկից եւ ոչնչից սրբազան կով սարքել: Հենց նմքն սրբազնացումն է ավտորիտար մտածողության հիմքը, այլ ոչ թե չարչարկվող «անհանդուրժողականությունը»:
Հանդուրժողականությունն, առհասարակ երկիմաստ եզր է:
Դրական իմաստով այն կարող է նշանակել բազմակարծւթյուն եւ ներողամտություն ու մեծահոգություն մարդու նկատմամբ:
Բայց պետք չէ մոռանալ, որ հանդուրժողականությունն իր մյուս կողմով՝ հարմարվողականոււթյունն է:
Հանդուրժողականություն այդ իմաստով հիմնված է ռելյատիվիզմի փոիլիսոփայության վրա: Եվ հանդուրժողականության արխետիպն այդ դեպքում Պիղատոսն է, որը ձեռքերը լվանալով հարցնում է՝ «ի՞նչ է ճշմարտությունը»:
Լայն հասկացված հանդուրժողականության քաղաքականությունը այսօր վեճի առիթ է դարձել նաեւ Եվրոպայում որպես վեճ մուլտիկուլտուրալիզմի մասին: Դրա հիմնական հարցը՝ արդյո՞ք հանդուրժողականությունը այլոց արժեքների հանդեպ, պետք է նշանակի սեփական արժեքների անտեսում:
Կարծում եմ, հանդուրժողականություն եզրը իր երկիամստութան պատճառով, պետք է առհասարակ հանվի քաղաքական բառապաշարից:
Պետք է ոչ թե մոգական հանդուրժողականություն, այլ փաստարկին հակափաստարկով պատասխանելու մշակույթ:
Հրանտ
