Հայաստանյան հոգեբանները հազվադեպ են հանդես գալիս հանրային խոսքով, իսկ եթե հանդես են գալիս, ապա որպես կանոն կատարելով իշխանական հերթական մի պատվեր, նորից անհայտանում են: Մինչդեռ հոգեբանի, այդ թվում հանրային մեկնաբանություներ անող հոգեբանի գործ Հայաստանում քիչ չէ: Վառ օրինակ է վերջերս քննարկման առարկա դարձած ռեփ-երգիչ՝ Սուպեր Սաքոյի ֆոտոսեսիան, որի նմուշների հետ կարող եք ծանոթանալ, օրինակ, այստեղ՝ http://emedia.am/?module=article&utility=show_article&id_article=2388&lang=am: Այն, որ այս «արվեստի» նմուշը ոչ թե նորարաորւթյուն է, այլ պարզունակ գեղական անճաշակություն, պարզ է մեկ-երկու հայացք գցելուց հետո խնդրո առարկա նկարներին: Չարժի էլ դրանց շուրջ ծավալել ինչ որ արվեստաբանական, բարոյագիտական կամ նույնիսկ կրոնագիտական բանավեճ, ինչպես անում են շատերը: Իմ կարծիքով այստեղ զուտ հոգեբանի մեկնաբանության կարիք կա: Խնդիրն էլ մասնավոր չէ: Կարծում եմ այս լուսանկարները ինչ որ առումով յուրահատուկ հայելի են, ուր ցանկացողը կարող է ծանոթանալ մեր հասարակության հոգեբանական պատկերի եւ հատկապես հայկական մաչոիզմի ինքնադիմանկարի հետ: Ճիշտ է այս դիմանկարում պատկերը հասցված է ծայրահեղության եւ համեմված է էժանագին էպատաժով, ինչպես նաեւ «ժամանակակից» ու «բարդույթներից զուրկ» երեւալու հիրավի սուպերգեղական ու սուպերմիամիտ փորձով: Բայց ո՛չ էպատաժը, ո՛չ էլ բարդունթներից իբր զուրկ լինելը չի կարող խանգարել մեզ տեսնել այն՝ իրականում գերբարդույթավորված կերպարը, որն ի հայտ է գալիս թեթեւակի իսկ վերլուծության դեպքում:
Մեծ հոգեբան լինել պետք չէ, որպեսզի պարզ դառնա այն հաղորդագրությունը, որն ուղարկում է մեզ ֆոտոսեսիայի հեղինակ լուսանկարիչը: Նրա ասածը հետեւյալն է՝ «ես ահավոր վախենում եմ կանանցից, դրա համար ես ցուցադրաբար սպանում եմ, տանջում եմ, ճնշում եմ դրանց, որպեսզի թաքցնեմ իմ վախը: Երկրորդ՝ ես ունեմ մե՜ծ, ահավո՜ր մեծ պուպուլիկ, որը երեւում է նկարների վրա որպես իմ մեծ զենք, որպես կացին, եւ իմ մեծ պուպուլիկից կվախենան բոլորը»: Հատուկ գրել եմ «պուպուլիկ», այլ ոչ թե ասենք առնադամ, որովհետեւ այստեղ խոսքը հենց վախեցած երեխու, բալիկի «պուպուլիկի» մասին է: Նա շատ է վախենում, որ իրանը փոքր է, ու կանայք իրան կուտեն, դրա համար էլ այսքան չափազանցնում է ամեն ինչ, որ մարդակեր կանայք վախենան իրենից: Թե ինչո՛ւ է այս ամենին համատեղել եկեղեցին չգիտեմ, բայց երեւի մասնագետ հոգեբանին բարդ չի լինի դա էլ բացատրել: Մի խոսքով հերթական չմեծացած բալիկ, որն ուզում է բոլորին վախեցնել, բայց իրականում վախեցածն ինքն է: Ինչո՞ւ է այդքան վախենում կանանցից, ի՞նչ է պատահել նրա հետ փոքր կամ մեծ ժամանակ, դա այլ հարց է, եւ արդեն իրոք պահանջում է մասնագիտական մոտեցում: Բայց խնդիրը անձնական չէ, այլ հասարակական: Մաչոիզմը հո մենակ մեկ լուսանկարչի խնդիր չէ, ոչ էլ վախը իգական սկզբից: Այդ վախը տարբեր դրսեւորումներ կարող է ունենալ ի դեպ, սկսած կնոջ սրբացումից որպես մայր, վերջացրած նրա ստորացումով որպես պոռնիկ, բայց ինքը վախը ակնհայտ է եւ մեծ խնդիրներ է առաջացնում: Մաչոյական բարդույթը հասնում է ընդհուպ մինչեւ քաղաքականություն: Օրինակ, դրա համեմատաբար անմեղ ու անշառ դրսեւորումն է այսպես կոչված Մեկ Ազգ կուսակցության առաջնորդի ֆեյսբուքյան էջը, որը լցված է խորիմաստ ասույթներով կնոջ, հայրենիքի եւ ազգի առաջնորդի մասին, բայց որն իրականում պատմում է մանկական վախերի ու դրանց դարմանման միամիտ փորձերի մասին: Ավելի լուրջ է Հայաստանի երկար տարիների ուզուրպատոր՝ Ռ: Քոչարյանի դեպքը, որի մաչոիստական բարդույթները արտահայտվում են ոչ միայն սպանված առյուծների հետ նկարվելու, այլեւ շատ ավելի ողբերգական հետեւանքներ ունեցող քաղաքական որոշումներում՝ սկսած Պոպլավոկի սպանությունից մինչեւ մարտի մեկի սպանդ: Չհիշացնեմ այդ պերսոնաժի հայտնի ասույթները «միակ տաղմարդու», «վատ պարողների» եւ նման թեմաների շուրջ, որոնք լուրջ կարող էին ընդունվել միայն մի հասարակությունում, ուր տղամարդիկ շատ են վախենում կանանցից, եւ այդ վախը թաքցնում են արհեստականորեն փչված շինծու առնականության թիկունքում:
Հրանտ