Քաղաքական կավատության վախճանը։ Անվնաս փոխանցում

«Ավազակապետություն» եզրն աշխատեց ոչ միայն հեղափոխական զանգվածին համախմբելու, այլեւ քաղաքական դաշտը կոնսոլիդացնելու ուղղությամբ։ Գործող քաղաքական միավորները՝ մի մասը իշխանական, մյուսներն՝ ընդդիմադիր, նոր իրավիճակում պետք է գտնեին իրենց տեղը։ Առաջարկված ձեւակերպումը միջանկյալ տարբերակ չէր նախատեսում՝ կամ ավազակապետության մեջ ես, կամ դրան՝ դեմ։

Տեր-Պետրոսյանի առաջարկը միանալ ավազակապետության դեմ սկսված պայքարին, բաց էր բոլորի համար։ Քաղքենական ռեսուրսի հետ այս կամ այն կերպ կապված ուժերը քամահրանքով ընդունեցին առաջարկը, չնայած մշտապես իրենց ի ցույց էին դրել որպես իշխանությունների գործելակերպը չընդունող, ընդդիմադիր միավորներ։

Արտաշես Գեղամյանն՝ իր «Ազգային միաբանությամբ», քաղքենության մեջ էր անձամբ եւ կուսակցական կառույցով։ Անձամբ՝ սովետական կուսակցական նոմենկլատուրան ներկայացնելու համգամանքով, եւ կառույցով, քանզի դրա անվանումն ինքնին պարունակում էր քաղքենական երկու ատրիբուտ՝ «ազգային» եւ «միաբանություն»։ Գեղամյանի կուսակցությունն ազգային էր այնքանով, որքանով դա զուգորդվում է սնապարծության հետ, իսկ «միաբանությունը»՝ կոմպրոմիսային վարքի։

Վազգեն Մանուկյանը՝ քաղքենության վերակազմավորման գործում ունեցած իր անուրանալի ավանդով մշտապես պատվավորների շարքում էր։ Եւ երբ հանգամանքների բերումով Սերժ Սարգսյանի իշխանությունը ստիպված եղավ կազմակերպական ձեւ տալ քաղքենությանը (Քոչարյանը ձեւի կարիք չուներ), ոչ պատահականորեն կամ ամենայն օրինաչափությամբ այդ կազմակերպվածքի (Հանրային խորհուրդ) նախաձեռնող նախագահ նշանակվեց Վազգեն Մանուկյանը։

Տիգրան Կարապետյանը քաղքենության համար գնահատելի էր հասարակ ժողովրդի բարոյական ոչնչացման գործում ունեցած մեծ ավանդի համար։ Սեփական գաղափարներ եւ ընտրվելու որեւէ շանս չունեցող այս մարդն իր նախընտրական հոլովակներում ճշգրտորեն արտացոլում էր քաղաքենության պահանջը։ «Մի ընտրեք անցյալը, այլ ընտրեք ապագան» կարգախոսը թաքնված կերպով քարոզում էր ներկայի անփոփոխություն, քանի որ Սերժ Սարգսյանի ընտրության դեպքում ռեժիմը նույնությամբ վերարտադրվելու էր։

Այս ֆոնի վրա Արթուր Բաղդասարյանն՝ իր «Օրինաց երկիր» կուսակցությամբ, կարող էր ինքնուրույն խաղացողի տպավորություն թողնել։ Մարդն ընդդիմադիր էր, ինչը նշանակում էր, որ իշխանությունների հետ չէ, բայց չափավոր էր, ինչը նրան դուրս էր դնում ավազակապետության դեմ սկսված պայքարից։ Ի սկզբանե հաղթելու նպատակ եւ հնարավորություն չունենալով՝ նա պատրաստ էր բավարարվել իշխանական պրոյեկտով իր համար նախատեսված երկրորդ տեղով եւ, հեղափոխական շարժումներ չանելով, դառնալ ավազակապետական բուրգի ընդդիմադիր գագաթն ու իր ազդեցության տակ քաշել քաղքենության մի մասին։ Քաղքենություն-հենարանից մաս պոկելը եթե հետագայում չապահովեր նրա նախագահ դառնալը, ապա անպայմանորեն կտար մշտապես երկրորդը մնալու կայուն երաշխիք։

Մի այլ պարագայում սա գուցե համարվեր իրատեսական հաշվարկ, սակայն շարժման տոնայնությունը վերացրել էր կոմպրոմիսների բոլոր հնարավորությունները, եւ քաղքենությունն Արթուր Բաղդասարյանին ու նրա կուսակցության մնացորդներին իր մեջ առավ առանձնահատուկ կոպտությամբ։

«Ժառանգություն» կուսակցությունն՝ իրեն հատուկ անորոշությամբ, կիսաձայն պաշտպանում էր շարժմանը՝ միաժամանակ նյարդայնանալով կոմպրոմիսների անհետացումից։ Լինելով ոչ արմատական, «Ժառանգությունը» միանգամայն ընդունելի էր քաղքենության համար։ Րաֆֆի Հովհաննիսյանի ալտերնատիվային կերպարը եւ կուսակցության՝ ոչ արմատական ճանապարհով կոսմետիկ փոփոխությունների հասնելու նկրտումները ոչ մի կերպ չէին խաթարում համաձայնության այն մթնոլորտը, որը չպետք է խախտվեր։

Այս պայմաններում պայքարը պետք է ավարտվեր կամ ավազակապետության լուռ նահանջով, կամ Մարտի մեկով, ինչն էլ, ցավոք, եղավ։

«Ո՞վ տվեց սպանդի կազմակերպման հրամանը» հարցի պատասխանը, կարծում եմ, գիտե ցանկացած դպրոցական։ «Ինչո՞ւ տրվեց սպանդի հրաման» հարցը դեռ կարիք ունի լուրջ հետազոտման։ Որեւէ իշխանավոր՝ անկախ նրա մարդկային կերպարից, դժվար թե գնար նման քայլի։

«Ռոբերտ Քոչարյա՞նն է հրամայել, թե՞ Սերժ Սարգսյանը» տարբերակներից առավել համոզիչն ինձ համար առաջինն է, որովհետեւ հեռացողի ապահովության խնդիրն ավելի կարեւոր է, քան՝ եկողի։ Հենարանը պարզապես չէր ների Քոչարյանի թուլակամությունը, եւ քանի որ քաղքենությունն առանց գաղափարի կազմավորված հանրույթ է, առանց առաջնորդի կամքի կդառնար խոցելի ու ժամանակի ընթացքում կքայքայվեր։

Լիովին վերարտադրվելու համար Քոչարյանը պետք է հենարանն անվնաս փոխանցեր Սարգսյանին, ինչն էլ արվեց։

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.