Սև շուկայի վերջին մոհիկանը (2)

Դոլարի սև շուկայում հայտնվեցի 1993 թ. սկզբներին: Ընկերներիցս մեկը խնդրեց օգնել հորը, որ այդ շուկայի դալալներից էր: Համաձայնեցի մեծ դժկամությամբ` ոչ մի կերպ չէի պատկերացնում, թե ինչպես եմ փողոցում դոլար առնելու:

Այդ ժամանակ սև շուկան վերջնականապես հաստատվել էր կինո Երևանի մերձակայքում` դառնալով յուրօրինակ բացօթյա բորսա: Դրամն այն ժամանակ չկար, իսկ սովետական ռուբլին արժեզրկվում էր ժամառժամ: Եթե վաճառածդ դոլարը նույն օրը ետ չգնեիր, լուրջ կորուստներ կունենայիր: Այն 2 ժամը, որ անցկացրի սև շուկայում` անցորդներին դոլար գնելու առաջարկներով, իմ համար ճակատագրական եղավ: Նախ` պարզեցի, որ փոքր կապիտալով կարելի է հանապազորյա հաց վաստակել: Մեծ եկամուտների մասին խոսք գնալ չէր կարող` շուկան գերհագեցած էր դալալներով: Արժեզրկումը ուղղակի խժռել էր գիտաշխատողի ոչ մեծ աշխատավարձս, դրանով ես նույնիսկ սիգարետի, տրանսպորտի ու ընդմիջման ծախսերը չէի հոգում: Երկրորդ, որ ավելի կարևոր էր` սև շուկան տեղեկատվության վիթխարի աղբյուր էր: Որպես գիտնական ես կայացել էի գրքերով ու գրադարաններում, ու ճիշտն ասած, այնքան էլ լավ չէի պատկերացնում շուկան: Իսկ դոլարի սև շուկան խտացնում էր այն ողջ տեղեկատվությունը, որ կար տնտեսական դաշտում: Դա ինձ համար նույնպիսի մի համալսարան էր, ինչ ասենք այն սև շենքը, ուր 4 տարի տնտեսագիտություն եմ սովորել: Ես այն ժամանակ գլխի ընկա, որ նույնիսկ ընդդիմադիր թերթերը չեն տրամադրում այն տեղեկատվության 5 տոկոսը, որ կարելի է ստանալ սև շուկայից: Գիտաշխատողի գրաֆիկը թույլ էր տալիս շաբաթվա մեջ մի քանի օր գնալ կինո Երևան ու մի քանի հարյուր դոլար առնել-ծախել, տեղեկանալ այն բոլոր նորություններից, որ առկա են մեր տնտեսական դաշտում:
Սև շուկայում էլ ես դիմավորեցի հայկական դրամի ծնունդը: Այն սկսեց արժեզրկվել հենց առաջին օրից: Մի քանի օրվա մեջ մի քանի անգամ էժանացավ: Ակնհայտորեն սկզբնական փոխարժեք սահմանելիս սխալ հաշվարկ էր տեղի ունեցել, սակայն տնտեսական բլոկի նախարարներն ու պատասխանատուները, այդ թվում` Գերագույն Խորհրդի այն ժամանակվա ֆինանսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, կարողացան բարձրագույն ղեկավարությանը համոզել, որ դրամի անկայունության հիմնական պատճառը սև շուկայի սպեկուլյանտներն են: Դրանից հետո Վանո Սիրադեղյանի ղեկավարած ներքին գործերի նախարարությունը իսկական պատերազմ սկսեց սև շուկայի դեմ: Իրականում սև շուկան արժեզրկման հետ ոչ մի կապ չուներ, ու ընդհանրապես` փոխարժեքի համաձայնեցում չկար: Դա ես ասում եմ որպես ականատես, մի մարդ, որը ներսից է ճանաչում շուկան: Իհարկե`փորձեր եղան փոխարժեք թելադրելու, սակայն դրանք դատապարտված էին: Դալալների թիվը չափից ավելի շատ էր, ու նրանցից յուրաքանչյուրը աշխատում էր սեփական ռիսկով ու հայեցողությամբ: Գործնականում անհնար էր վերահսկել, թե մեզանից յուրաքանչյուրը ինչ փոխարժեքով է գործարք անում: Բայց ոստիկանությունը սկսեց անողոք հետապնդել դալալներին: Հաճախակի տեղի էին ունենում շուրջկալներ, ձերբակալություններ: Սակայն ձերբակալվածներին շատ արագ բաց էին թողնում: Որքան էլ զարմանալի է` սև շուկայում դոլարի առքուվաճառքը արգելող օրենք չկար: Այդ օրենքը հայտնվեց շատ ուշ, 95, թե 96 թվականին: Ես իրավական դաշտը մի լավ ուսումնասիրելուց հետո պարզեցի, որ ոչ մի անօրինական բան չեմ անում: Ուստի ինձ ձերբակալող ոստիկաններին սովորաբար մի հարց էի ուղղում` իսկ ո?ր օրենքի ո?ր կետն եմ խախտել: Նրանք դա չգիտեին, ու չէին էլ կարող իմանալ, որովհետև այդպիսի օրենք չկար: Ուստի մի փոքր կաշառք վերցնելով բաց էին թողնում: Հետո սկսեցին ամեն օր թույլտվության հարկ հավաքել, որպեսզի այլևս չձերբակալեն: Դա մեծ բան չէր` օրական 1000 դրամ, փոխարենը ազատ աշխատում էիր:
Լավ հիշում եմ, թե ինչպես հայտնվեց առաջին չենջը: Դա 2004 թ, սկզբներին էր, մի ՊԱԶ ավտոբուս կանգնում էր կինո Երևանի մոտ, ոստիկանների պաշտպանությամբ մի քանի հարյուր դոլար էր վաճառում ու հեռանում: Սա դալալների մոտ միայն ծիծաղ էր առաջացնում, շատ հաճախ հենց նրանք էլ գնում էին դոլարները:
Աստիճանաբար չենջերի քանակը սկսեց շատանալ, սակայն սկզբնական շրջանում սև շուկայի համեմատ դրանք այնքան էլ մրցունակ չէին, որովհետև աշխատում էին մեծ մարժայով: Մեր համաքաղաքացիները մի այսպիսի յուրահատկություն ունեն`մեկ դրամով ավելի թանկ դոլար վաճառելու համար պատրաստ են մի քանի կլիոմետր քայլել: Այս հոգեբանական թուլությունն էլ դալալներին մրցունակ էր դարձնում` մենք դոլարն ավելի թանկ էինք գնում, ու ավելի էժան վաճառում, քան չենջերը, որ մեկ է` էլի ստվերի մեջ էին: Սակայն չենջերի քանակը շարունակում էր ավելանալ, ու նրանց մարժան էլ փոքրանում էր: Գործնականում սև շուկան դատապարտված էր, մրցակցությունը շատ ավելի զորեղ էր, քան ոստիկանական մահակները: Սակայն մի նոր փրկություն ի հայտ եկավ` վաուչերը: Սա հայկական շուկայի ֆենոմենն էր, այն շատերին թույլ տվեց հարստանալ: Ես ամենաշատ փող հենց այդ վաուչերների վրա եմ աշխատել, որովհետև գնային տատանումները կարող էին շատ կտրուկ լինել: Սակայն 95 թ. վաուչերների դարը նույնպես ավարտվեց, ու սև շուկան սկսեց աստիճանաբար վերանալ: Դալալների մի մասը մտավ չենջեր, մյուս մասը մասնագիտությունը փոխեց: Շատ փոքր մարժայի դեպքում միայն մեծ գումարներն են եկամուտ բերում, իսկ փողոցային դալալը մեծ փողեր չի կարող առաջարկել: Թե ինչպես է Արարատը դիմացել այդ մրցակցությանը` միայն ինքը գիտի: Ասում են` մի ժամանակ լավ փող է աշխատել Արմենթելի քարտերով, քանի որ նրանց գլխավոր գրասենյակը մի քանի տարի հենց Շահումյանի արձանի դիմաց էր: Բայց հիմա ընդամենը մոտ 1000-1500 դոլար է կարողանում շրջանառել, որ իմ հաշվարկներով` նրան մեծ եկամուտ բերել չի կարող: Առավոտյան ժամը 9-ին սկսում է իր աշխատանքը, երեկոյան ժամը 6-ին վերջացնում: Երբեմն հիվանդանում ու գործի չի գալիս: Գործարք անելիս էլ կարող է ամբողջ շուկայի իրավիճակի մասին պատմել, բայց որքան հասկացա` այնքան էլ շատ բան չգիտի: Իսկ ամենազավեշտալին այն է, որ նրա աշխատավայրից 50 մետր հեռավորության վրա կենտրոնական բանկն է, որի հենց սուրբ պարտականությունն է բոլոր տեսակի սև շուկաների դեմ պայքարելը:

Ս.Ա.

2 Responses

  1. Dashnak Rubo Says:

    ՇԱտ հետաքրքիր էր, ուղղակի ես զարմացած եմ, արդյոք առաջին չենջը ստեղծվել է 2004թ. ?

  2. Սամվել Ավագյան Says:

    Չէ, դրանում այնքան էլ վստահ չեմ, բանկերը արդեն սկսել էին փոխանակում անել, սակայն առանձին չենջ չէին պահում: Թե որտեղ և երբ է ի հայտ եկել առաջին չենջը` դեռ պետք է պարզել: Ես խոսում եմ Երևանի կենտրոնի մասին, որ այն ժամանակ խտացնում էր համարյա ողջ շուկան: Չեմ զարմանա, եթե պարզվի, որ այդ պազ ավտոբուսը իսկապես էլ առաջին չենջն էր, դրա հավանականությունը շատ մեծ է:

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.