Հայկ Իշխանյանը Ռուսաստանի ամենաբարձր ռեյտինգով երիտասարդ ֆիզիկոս. սպասենք նոբելյանին

«Ի՞նչ կխմեք»:Ի՞նչ ունեք»«Կիլիկիա, Կոտայք, Էրեբունի, Հայնիկեն»: «Էրեբունի»:

Բայց արժեր Հայկի նվաճումները լսել Հայնիկենով: Ինչ արած, կրթությունս չի ներում  Հայնիկենի համար վճարելու:

Ռուսաստանի մինչև 25 տարեկան ֆիզիկոսների մեջ ամենաբարձր ռեյտինգ ունեցող գիտնականը, 12 հոդված ֆիզիկայի միջազգային ամենահեղինակավոր ամսագրերում, մի քանի հեղինակավոր մրցույթների մրցանակակիր` Մոսկվայի ֆիզիկական ընկերության մրցանակ,  ամենահեղինակավորը` Պավլովի շքանշան, դիպլոմի տակը նոբելյան մրցանակակիր Բասովի ստորագրությունը: Բասովը մի տասը տարի չկա, բայց ստորագրությունը պահվում ու փայլ տալիս շքանշանին:

Հայկ Իշխանյանը անցյալ տարի ավարտեց Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը(ֆիզտեխ)` միայն գերազանցներով, ատլիչնո` ուրիշ բառ չկա թվանշանների թերթիկում:

Ու բոլոր նվաճումները 20 տարեկանում, մի քանի օր առաջ դառավ 21:

Ֆիզտեխում գերազանց. «Հայկ, ինչքա՞ն էիր պարապում»: «Առավոտից մինչև վեցը` դաս, հետո` տնայիններ»:

Գերազանցներով ավարտես մի ինստիտուտ, որն աշխարհի ուսումնական հաստատությունների մեջ ֆիզիկայի ոլորտում ամենաշատ նոբելյան մրցանակակիրներն է տվել: Հենց անցյալ տարի ստացան ֆիզտեխի շրջանավարտներ Նովոսելովը և Գեյմը: Նոբելյանն ստանալուց հետո Նովոսելովը այցելում է Ֆիզտեխ. «Կարողացա արանք գտնել ու հետը մի լավ զրուցել»,- հիացած պատմում է Հայկը: Էս էլ Հայկի լուսանկարը Նովոսելովի հետ, ես կվերանգրեմ` ներկա նոբելյանակիրը և ապագա նոբելյանակիրը (էստեղ): Նովոսելովը նոբելյան է ստանում 36 տարեկանում ու էն էլ 4 տարի առաջ` 32 տարեկանում կատարած հայտնագործության համար: «Հայկ, դու էլ կստանա՞ս Նոբելյան»: Գլուխը բազմանշանակ շարժում է` տեսնենք: «Մի հատ էլ արի ես ու դու նկարվենք` ապագա նոբելյանակիրն ու ես» (ես-ի տեղը ինչ գրեմ, անմրցանակ մնացի սաղ կյանքս): «Լա՜վ էլի, նոբելյան, բան մի գրեք, առանց էն էլ արդեն ձեռ են առնում»,-ծիծաղելով ասում է Հայկը:

Դվթոն, երբ առաջին գիրքը տպել էր, ասում էր` ես գիտե՞ս խի եմ ուզում նոբելյան ստանամ, որ ձայնս լսելի դառնա: Քյասար` քաղաքականով, ինչպես Էլ Բարադայը` Եգիպտոսում, Դվթոն էլ երազում էր, որ իրեն լսեն: Էն ժամանակ ներսից խնդացի, դրսից գլխով արի: Դվթոն նոբելյան չստացավ, զատո դառավ Ռոբերտ Քոչարյանի օգնական, հիմա էլ Սերժինն ա: Որտի՞ց ստանար իր լղար բանաստեղծությունների գրքով, իսկ տասը-տասնհինգ գիրք գրած հայ բանստեղծնե՞րը, ոչ ոք էլ չստացավ: Արտեմ Հարությունյանի անունը հասավ Ստոկհլմի մատույցներին, բայց չստացավ: Չնայած չեմ կարծում, թե դեր խաղաց հայ գրողների չուզողությունը, էն ժամանակ Գրողների միությունում ժողովի պես բան էին արել, որ նամակ գրեն Նոբելյան կոմիտեին, թե Արտեմը էնքան էլ էն բանաստեղծը չի: Չգիտեմ` ուղարկին, թե չէ:   Ո՞ր հայն ա ստացել, որ Դվթոն ստանար, թող ձեն ունենար, ասեինք` հետաքրքիր ձեն ա, ափսոս նոբելյան չունի, որ լսելի լինի: Ի՞նչ պիտի լինի, որ նոբելյան տան էրկու-իրեք միլիոնանոց քոսոտ երկրին, որի նոբելյան երազողը նախագահի օգնականով ա ավարտում երազանքը: Գնաս պանթեոն, նայես մեծերի շիրիմներին, գլուխ գովաս, թե տեսեք-տեսեք ինչ հանճարներ ունենք, բայց մեջները մի հատ նոբելյան չլինի: Դաժե մի նոբելյան չկա, որի մասին ասեին`գիտե՞ս, տատը հայ ա:

Իսկ Հայկին հարցնում եմ` դրսից ժպտալով, ներքուստ լուրջ հավատալով: Կպաշտպանի դիսերտացիան ու կգնա աշխարհի առաջատար ֆիզիկայի ինստիտուտներից մեկում կամ մի քանիսում աշխատելու:

Հերը` Արթուրը ակադեմիկոս, բայց, կներես, չեմ հավատում, թե  նոբելյանի ձգես: Բան չեմ ասում, ստացի` թող սուտ դուրս գամ: Խմում-ծխում, ես էլ եմ խմում, բայց քսան օր ա` չեմ ծխում:  Չէ, մրցանակի հույսերի համար չեմ թարգել, ուղղակի վատանում եմ:

«Ես էսքան խմում եմ, որ իրանք տեսնեն` ինչ վատ բան ա խմելը, չխմեն»,- խնդում ա Արթուրը:

Իրանք` Հայկի հետ մյուս որդիներն են` Տիգրանը, որ անցյալ տարի ընդունվեց Ֆիզտեխ, Արշակը` 15 տարեկան, որ էս չէ, մյուս տարի կընդունվի ֆիզտեխ: Էս տարի երկիրը դպրոցի շրջանավարտ չի տալու, թե չէ էս տարի կընդունվեր:

«Հեչ չես խմո՞ւմ »,- հարցնում եմ Հայկին:

«Չէ»:

«Ծխելը` չէ, բայց  մեկ- մեկ արժի խմել»,- յանմ բան եմ ասում:

«Դուք ինչքա՞ն եք քնում»,- հարցնում ա Հայկը:

«Դե, օրը գիտի, 12-ին, 1-ին, 2-ին, 3-ին քնում եմ, բայց երբ էլ քնեմ, 8-9-ի արանքում արթնանում եմ»: Ինձ սովորացրի շուտ վերկենալուն, որ յանըմ շատ գործ հասցնեմ անեմ, բայց վեր կենալը եղավ, շատ գործը` չէ: Էն էլ 8-ը ինչ շուտ, Ամերիկայի ընկերներս 6-ին, դաժե հինգին հելնող կա:

«Իսկ դու ինչքա՞ն ես օրը աշխատում»:

«10 ժամ»:

10 ժամ աշխատողին խմելը պե՞տք ա, դատարկ տեղ չկա, որ խմիչքով լցնի: Իսկ իմը սաղ դատարկ, լցրու, հա լցրու:

Էս հուլիսին Հայկը 21 տարեկանում կդառնա գիտությունների թեկնածու: Մոսկվայի ֆիզիկակտեխնիկական ինստիտուտի տեսական ֆիզիկայի ամբիոնում բակալավրիատը պաշտպանելուց հետո պետական քննական հանձնաժողովը որոշում է ընդունում` երաշխավորել Հայկին շրջանցելով մագիստրատուրան ուսումը շարունակել ասպիրանտուրայում:

Արթուրը ասում ա` նույնիսկ Սովետի վախտ էլ սենց բան չի եղել:

Հայաստանում էլ, Ռուսաստանում էլ կարգը պահանջում է, որ ասպիրանտուրա կարող են ընդունվել միայն մագիստրատուրան ավարտելուց հետո: Ռուսաստանի կրթության նախարարության առաջարկով Հայկը ստիպված ընդունվում է մագիստրատուրա և միաժամանակ հեռակա ասպիրանտուրա Մոսկվայում, հետո էլ Երևանում (դե հնարավոր չի համ ստացիոնար մագիստրատուրա, համ ստացիոնար ասպիրանտուրա սովորել): Ուրեմն, նման պրակտիկա կա, որ նույն գիտնականը միևնույն թեմայով ասպիրանտ է լինում երկու ինստիտուտներում: Տենց պաշտպանեց Ռուզան Սոխոյանը Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտում` միաժամանակ համ Երևանի ակադեմիայի, համ Ֆրանսիայի Դիժոնի համալսարանի ասպիրանտ: Պաշտպանությանը Ֆրանսիայից Աշտարակ եկան Ռուզանի ղեկավարները (տես էստեղ):

Հայկը կպաշտպանի Մոսկվայում ու հիմա էլ հայ ղեկավարները կմեկնեն պաշտպանության: Թեման է  «Բոզե խտուցքների վերպատնեշային, անանդրադարձ, քվանտային անցումը»: Արթուրին հարցնում եմ` պոզե՞, թե՞ բոզե: Բոզե, բոզե,- ասում ա Արթուրը: Բանաստեղծական բա՞ռ է` լուսե, բոզե:

Ուրեմն, Հայկը կպաշտպանի դիսերտացիան ու կավարտի կես տարում համ երկու տարվա մագիստրատուրան ու համ էլ ասպիրատնուրան:

Իհարկե, մեր չոբան Աշոտյանը երկու անգամ մերժել էր թույլ տալ Հայկին ընդունվել հեռակա ասպիրանտուրա, նույնիսկ ՀՀ ակադեմիայի փորձաքննական հանձնաժողովի առաջարկն էլ վրան չէր ազդել: Հետո իրան շատ վերևից են ասել` պիտի թույլ տաս:

Հայկի վերջին հաջողությունը անցած շաբաթ էր, ամերիկյան ANSEF ֆոնդը (գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ) նրան տվեց հինգ հազար դոլար դրամաշնորհ: Հաղթողների մեջ է նաև Ռուզան Սոխոյանը: Ֆոնդի նախագահն է NASA-ի աշխատակից Երվանդ Թերզյանը: Դրամաշնորհները տալիս է ԱՄՆ-ի ազգային գիտական ֆոնդի երաշխավորությամբ (NSF): Տասը տարի ֆոնդը գրանտներ է տալիս Հայաստանի գիտնականներին, հինգ անգամ հաղթել է Արթուր Իշխանյանը: Ստացողների 80-90 տոկոսը ճշգրիտ գիտությունների գիտնականներ են: Էս տարի 25 գրանտ է հատկացվել, որոնց մեջ ոչ մի հումանիտար չկա: Որտեղի՞ց լինի, համալսարանի բանասիրականի դեկան Արծրուն Ավագյանին էրկու ոչխար դավերա չես անի, շատ-շատ լիներ քծնելու ամբիոն ամբիոնի վարիչ լիներ: Նրա մասին մեկ իմանում ես Սերժ Սարգսյանին համալսարանի խորհրդի նախագահ ընտրելուց, մեկ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակները կարդալուց: Իսկ Սերժին պե՞տք ա գիտություն, հես ա ընտրություններ են, թաթը դրել ա համալսարանի վրա, պետք կգա համալսարանը իրա հումանիտարներով. նրանց նավթալինային գիտելիքները ոչ միայն չեն խանգարում, այլև օգնում են նախագահին: Թվանշանի առևտրականների տեղը նորմալ գիտնականներ լինեին, նախագահ խաղցնելու տեղը գիտությամբ կզբաղվեին ու վիզ կդնեին միջազգային ժուռնալներում տպելու արժանի հետազոտություններ անել: Հետաքրքիր էր, Սերժին համալսարանի խորհրդի նախագահ ընտրելուց հետո հեռուստացույցով էրկու հումանիտար խոսեցին` Արծրուն Ավագյանն ու ռեկտոր Արամ Սիմոնյանը(ռեկտորի միակ հետաքրքիր կողմը էն ա որ հորից մեծ ա երևում: Հերը ակադեմկոս Հրաչյա Սիմոնյան): Կարար ճշգրիտներից էլ լիներ, բայց ոնց որ չկար:

Ֆիզտեխից էկած-չեկած, ոտը Երևան դրած-չդրած` Հայկն արդեն համահայկական ցանցային խմբի նախագիծ է ներկայացրել կառավարութուն` «Լաբարատորիա առանց սահմանների»: Ո՞րն է միտքը: Հայաստանը ինչ էլ անի, չի կարա ունենա ժամանակակից ֆիզիկայի լաբորատորիաներ, լաբորատորիա կա, որ Հայաստանի ամբողջ բյուջեն արժի, որտեղի՞ց ունենա: Ուրեմն, եթե նորմալ գիտնական ես, կգնաս դուրս, ինչպես մի քանի հայ ֆիզիկոսներ, ովքեր աշխատում են աշխարհի լավագույն լաբորատորիաներում: Նախագծի գաղափարն է` աշխարհի տարբեր լաբորատորիաներում աշխատող հայ ֆիզիկոսները համատեղ գիտական հետազոտություններ անեն, նաև այնպիսիք, որոնք կպատվիրի Հայաստանի կառավարությունը: Էս ծրագրի մեջ արդեն կընդգրկվեն հինգ հոգի: «Ովքե՞ր են»: «Անուննե՞րը ասեմ»,- հարցնում է Հայկը: Հա բա ինչ, ինչ անարժան մարդու անուն ասես գրում ենք` Աշոտյան, Արծրուն Ավագյան,  բա չգրե՞մ այդ անհայտ երիտասարդների անունները.

Տիգրան Շահվերդյան` Ֆիզտեխի ասպիրանտ,

Սահակ Պետրոսյան` Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Ph.D պաշտպանած, աշխատում է Նյու-Յորքի Սանի Բրուք համալսարանում,

Սարգիս Կարապետյան` Դյուկի համալսարան Ph.D կուրս,

և արդեն մեզ հայտնի Ռուզան Սոխոյանը:

Չէ, մեր քսենզ վարչապետի համար ցանցը, հայկական աշխարհը հայ առաքելական եկեղեցին է ու շրջազգեստով տերտերները, «առանց պատերի լաբորատորիա» ու նման բաները նրա խելքի բանը չեն: Բայց Հայկը Մոսկվա սովորած ու մեծ սպասելիքներով վերադարձած վստահ է, որ նախագիծը կառավարությունը կընդունի:

Հայկ և ամենակարևորը Իշխանյան:

Հունիսին օտարալեզու դպրոցների դեմ համաժողովը ձեռ առավ բլոգեր Փիղը` Տիգրան Քոչարյանը` յանըմ համաժողովին քիչ մարդ էր գնացել, յանըմ հայ ազգի խելքը գնում ա օտարալեզու կրթության համար, իրեք-չորս հոգի հավաքվել ուզում են չթողնել, յանըմ ընտանիք-ընտանիք էին ներկաները, ու Արթուր Իշխանյանի ու իմ անուններն էր գրել որպես ընտանիք, անունը դրել` ընտանեկան լոտո: Բա ձեռ կառնի, բա ինչ կանի, վարչապետի հետ խելք-խելքի տված մտածում են` ինչ անեն, որ հայերենը վերացնեն, վարչապետի ֆոնդից փող են ծախսում չտո-գդե-կագդա ռուսերեն ինտելեկտուալ խաղ խաղալու վրա, ու վարչապետի հետ հիանում` յանըմ, տեսեք հայերեն խելոք մտքեր հնարավոր չի ասել, այ ռուսերենը ուրիշ բան: Իսկական ֆաշիստ: Վարչապետ ու Փիղ Ալիևից պակաս գործ չեն անում Հայաստանը ոչնչացնելու համար:

«Ընտանեկան լոտո»` վատ չի, բայց սուտ ա: Բացատրեմ` Արթուր Իշխանյանի հետ ազգականներ չենք, բայց բոլոր Իշխանյանները Ղարաբաղից են սերում ու, ասում են, ընդհանուր ծագում ունեն (հերս ասում էր, որ բացի ղարաբաղցի Իշխանյաններից մի  քանի Իշխանյան կան Կիրովականից, բայց նրանք սկզբում եղել են Կնյազյան): Էնպես որ, ապագա նոբելյանակիրը եթե Իշխանյան լինի, հպարտանալու մի քանի տեղ կունենամ` հայ, ծնված Հայաստանում, Հայաստանի քաղաքացի, հայկական կրթությամբ, նաև ղարաբաղյան ծագումով, ու նաև այն գիտնականը, ում նախնիները իմ նախնիների հետ  հեռո՜ւ, հարյուր հիսուն տարի առաջ նույն տնից են սերում:

Վահան Իշխանյան

17 Responses

  1. violet Says:

    Մարդ փառավորվում ա սենց ջահելների մասին կարդալուց, ինչ էլ սիրուն տղա ա, աստված ամեն ինչ տվել, չի խնայել, թու-թու-թու՛…

  2. Բյուրակն Says:

    Հա, շատ լավն ա ինքը :)

    Ուֆ է, տխուր ա, որ սենց ջահելները չեն գնահատվում մեր երկրում:

  3. anonymous Says:

    Հենց կարդում եմ ոգևորվում եմ: Իրանց նմանների համար էլ կարելի ա առանց ամաչելու ասել որ հայ ես: Հալալ ա իրանց:

  4. իշխան վահանյան Says:

    նայեք հանկարծ աչքով չտաք էրեխուն (աուռան չփջացնեք)…

    Ավելի լավ է ունենանք “զգեստավոր” Կոմիտաս` քան թե ինչ որ նոբելյան Նովոսելով…

    Իհարկե շատ ապրի Հայկը, բայց անհասկանալի է ձեր էյֆորիայի պատճառն ու իմաստը։ Երևի նրա հաջողությունների մի մասնիկը վերագրում եք Ձե՞զ`նույն ազգանունն ունենալու բախտից։ ))

  5. Հայարփի Says:

    Քիչ ա մնում հավատս վերականգնեմ մեր ապագայի հանդեպ…
    Ինչ կա որ,արժե ոգևորվել,նույն ազգանունը չունենք,բայց նույն ազգից ենք,առայժմ էլ նույն լեզվով ենք խոսում:

  6. yes Says:

    խորհուրդ Հայկին`չմեծամտանաս:

  7. Լիանա Եփրեմյան Says:

    Ապրես, Հա՛յկ ջան…

  8. Raffi Says:

    Իսկականից որ շատ ապրես Հայկ

  9. Մարինե Says:

    Հա՛յկ ջան, քամակդ կճմթի՛։
    Էս ու՞մ եինք մի կտոր հաց տվել ազգով, որ սենց խելոքներ ծնվեցին վերջապես։

  10. gvg Says:

    երանի քեզ Հայկ ոչ պապ էս սպանել ոչ էլ տերտեր

  11. Հասմիկ Շալունց Says:

    Հպարտ եմ, հիացած եմ, ապրես

  12. Ani Says:

    կանաչ ճանապարհ Հայկին , ապրի ինքը …և կեցցե հայկական կրթությունը ,,, ախ երբ պիտի մեր ազգի մեջ էս ցածր ինքնարժեքի բարդույթը նահանջի …հուսանք մենք կը տեսնենք այդ օրը…

  13. gagik Says:

    Es el em kisum ais hiacmunke, vor artahaitvum e taxandavor txai handep. Mec hajoxutiunner em maxtum nran, tox na ardaracni ir cnoxneri amage, vor tapel en ir vra, i katar aci ir erazanknere, ev da klini boloris hpartutiune.

  14. Naira Says:

    Apreeeeen,apreeeeeeeen,ayspisi eritasardnere!Shenacnen tox mer erkire,aveli aroxjacnen,eritasardacnen mer gitutyune :) Nrancn e apagan.Iroq mard uraxanum e nman txanerov,vor cnel e mer erkire.Apres txa! :)

  15. K. Tehliryan Says:

    Ha shat lava apriinq@, iren amena lavn em cankanum u togh mi or el irenov hpartananq……..
    Baic……….chem uzum paranoiki tpavorutyun toghnem, sakayn inchqan gitem Nobelyani hamar piti gonem mi qich hrea lines….

  16. ANAHIT ISHKHANYAN Says:

    Es shat urax em Hayki hamar, vor cgtum ev hasnum e barcunqneri ……. es nujn anun azganunov gitem evs mi HAYK ISHKHANYANI :) )))) ev na nujnpes uni hajoxutjunner * * * * * PARZAPES MAXTENQ 4korcnel akn in4 arden unen ev parzapes havatan irenc isk haxtanakin!

    (isk in4 verabervum e ver@ nshvac eiforiajin, knereq bajc da edpes 4i, ajakcel gone jerm xosqov cankacac anhati hamar el ha4eli e, petq 4i qnnadatel bolorn el terutjunner unen parzapes petq e shtkel ev satarel, vo4 te trorel ev qnnadatel :) )) ).

  17. Greta Says:

    BRAVO HAYK.

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.