ԿԻՍԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

Օրեր առաջ Աբովյան փողոցով քայլելիս՝ նկատեցի, որ մայթին ինչ-որ արձան են տեղադրում։ Տեսնես ո՞ւմ արձանն է՝ մտածեցի։ Քաղաքն անկախության քսանամյակի տոնակատարություններին էր պատրաստվում, դրա համար թվաց, թե արձանը կապ կունենա հոբելյանի հետ։ Մեծ եղավ հիասթափությունս, երբ մոտեցա «դեպքի վայրին». անգլուխ մարդ էր, անգլուխ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։

2011 թվականի սեպտեմբերի 21-ին Երեւանում նշվում էր կիսանկախության տոնը։ Իսկ կիսանկախությունը, հավատացեք, ավելի տհաճ ու վտանգավոր է, քան բացահայտ գաղութացվածությունը կամ բռնազավթված լինելը։

Բացահայտ գաղութացվածության կամ բռնազավթված լինելու պայմաններում տարածքի ադմինիստրացիան գիտի, որ որոշելու իրավունք չունի եւ, առանց այս ու այն կողմ նայելու՝ կատարում է վերեւից իջեցված դիրեկտիվները։

Կիսանկախության պայմաններում երկրի իշխանությունը, որը ոչնչով չի տարբերվում տարածքի ադմինիստրացիայից, որովհետեւ սովորաբար ընտրված չի լինում ժողովրդի կողմից, աշխատում է մտածել, թե ի՞նչ կմտածեր տերը եւ, սեփական բթամտության վրա զարմացած՝ բացականչում. «Պարզ չի, ի՞նչ պիտի մտածեր»:

Եւ քանի որ պարզ է ու քննարկել-վերլուծելու կարիք առանձնապես չկա, պետք է շերտ առ շերտ, բյուրեղ առ բյուրեղ կրճատել անկախությունը՝ հասցնելով ցնորական մի վիճակի, որ ներսից նայողը տեսնի, իսկ դրսից նայողին՝ չերեւա։

Որպեսզի ասվածը պարզ լինի, անպայման չէ հիշեցնել մեր անկախության գլխին եկած հայտնի աղետները՝ լեզվի մասին օրենքի փոփոխություն, օտարալեզու դպրոցներ բացելու մոլուցք, ռուսական զորամիավորման «բռնակցում» հայոց անկախության շքերթին։

Այս ամենը գիտեն բոլորն ու տեսել են բոլորը։ Ես հիմա ուզում են հարց տալ ընթերցողին։ 2011 թվականի ընթացքում ռադիոյով, հեռուստատեսությամբ քանի՞ անգամ եք լսել Մովսես Գորգիսյանի անունը։ Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսների շարքում Գորգիսյանը թերեւս միակն է, ում անունից առաջ կարելի է տեղադրել «Անկախության մարտիկ» արտահայտությունը։

Չսպասելով ընթերցողի պատասխանին՝ պետք է ասեմ, որ 2011 թվականը հոբելյանական է ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար, այլեւ այդ Հանրապետության ազգային հերոս Մովսես Գորգիսյանի։ Այս տարի Մովսեսը հիսուն տարեկան կդառանար, մինչդեռ անցած տարի նույնքան անշուք եւ Ազգային հերոսի համար նսեմապատիվ նշվեց մահվան քսանամյակը։

Կրկնակի հոբելյանի դեպքում պահպանվող քար լռությունից կարելի է եզրակացնել, որ արդեն զիջել ենք մեր անկախության կարեւոր կեսը՝ բովանդակությունը եւ դարձել սոցռեալիստական մի բան՝ ձեւով անկախ, բովանդակությամբ… եսիմինչ երկիր։

Տիգրան Պասկևիչյան

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.