Հենց մենակ լեզվից ու ոճից կհասկանաք` էս տեքստս բավական հին ա։ Գրված ա 2001 թվականին ու հրապարակվել ա «Բնագիր» հանդեսի առաջին համարում։ Լիքը վիճելի բան կա մեջը` կկարդաք կտեսնեք։ Բայց հետաքրքիր էր իմ համար` կարդալ 10 տարի առաջ գրածս տեքստը։ Ձեր համար` չգիտեմ ոնց։ Կարդացեք ասեք` հետաքրքիր էր թե չէ ☺☺
———————–
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՓՈՐՁ
Նվիրվում է քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700 ամյակին
Երկրիդ տարածքը հայացքով ծայրից-ծայր ընդգրկելու համար պետք է ինքնաթիռ նստես։ Հետո վայրէջքի մառախուղի միջից քեզ ընդառաջ է գալիս ուրիշ մի երկիր, որի անունը վաղուց գիտեիր, հիմա տեսնում ես հստակ գծագրված մարմինը։
Հետո հյուրանոցիդ խաղաղ համարում, այցելությանդ կարճ օրերին, հոգնած փակում ես աչքերդ, որ քնես, բայց քնել չես կարողանում։ Որովհետև մղձավանջի նման համառ, փակ աչքերիդ առաջ գալիս է մի բան, որ ոչ պատկեր ունի, ոչ ձայն։ Բայց կա։ Որպես սեղմված տարածություն։ Սև խոռոչ։
Երկու տարի է` փորձում էի ձևակերպում գտնել այդ մղձավանջին, որ դադարի մղձավանջ լինելուց ու այլևս այցի չգա։ Ու գտա։
Հայաստան` անանուն երկիր։
Հրեայի համար իրականության չափումը գիրն է. իրական է այն, ինչ գրված է։ Եվ գիրն այդ ունի միտում և ուղղություն, իմաստավորված է ու կառուցիկ։ Այն անուն է։
Եվ անունն այդ «թեք է դրված». այն, որ հրեան միշտ ընդգծվում-առանձնանում է աշխարհի իրականության ֆոնի վրա, նախապես դրված է նրա անվան մեջ, որպես ծրագիր։
Հրեայի պատմությունը նրա անվան պատմությունն է։ Այն ունի սկիզբ և ուղղություն։
Հայի պատմությունն իր մարմնի պատմությունն է։ Մարմին, որ չի կարողանում ստանալ անուն։
Եվ պատմությունն այդ առաջ չի գնում, այն կամ կանգնած է, կամ փորձում է քայլ անել, բայց դարձյալ վերադառնում է իր ելման կետին։
Եվ այսօր, երբ քայլ անելու հերթական փորձից հետո քո պատմությունը դարձյալ վերադառնում է իր ելման կետին, այսինքն ոչ մի տեղ, գուցե վերջապես ժամանա՞կն է հասկանալու, որ այդ ոչ մի տեղը նույնպես տեղ է։ Որ անանունությունը նույնպես կարող է անուն դառնալ։ Երբ դրան տեր ես կանենում։
Երբ տեր ես կանգնում պատմությանդ փաստերին ու դրանց տրամաբանությանը։
Քրիստոնեությունն ամենից շուտ պետականորեն ընդունելով, դու, միևնույն է, երբեք էլ քրիստոնյա չդարձար։ Սովետական իշխանության 70 տարիներին դու ոչ կոմունիստ, ոչ էլ գոնե մարքսիստ էիր, թեև Մարքս ու Լենին էիր անցնում մանկապարտեզից։ Այսօր էլ ժողովրդավար չես ու վախենամ երբեք էլ չես դառնա, որովհետև ժողովրդավարությանը դու մի քիչ հանաքով ես վերաբերվում։
Երբ այս ամենը գիտես` ամենահեշտը հուսահատվելն է։ Եվ այն ժամանակ փորձելու ես քո վրայից թոթափել քո իսկ պատմությունը, որպես միրաժ, ֆիկցիա, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն։
Բայց կարելի է նաև չհուսահատվել։ Ու այն ժամանակ իրար հետևից շարվող փաստերը ծնելու են հարցը. իսկ գուցե այն տեղը, ուր քեզ անվերջ շպրտել ու շպրտում է պատմությունը, այլևս ոչ թե ոչ մի տեղ է, այլ հենց քո տեղը, քո վայրը, որ կոչվում է Ոչմիտեղ։
Ու եթե դու նայում ես մի վայրից, որ բոլոր վայրերի սահմանին է ու բոլոր վայրերից դուրս, ուրեմն ինչո՞ւ զարմանալ, որ քո վրա «փոթ են տալիս» բոլոր հնարավոր անունները` կրոնների ու գաղափարների տեսքով։ Եթե քո մարմինը «թեք է դրված» ժամանակի ու տարածության մեջ, ինչո՞ւ զարմանալ, որ նրա վրա հագուստ չի գալիս։
Ինձ դուր է գալիս, որ դու մի քիչ հանաքով ես վերաբերվում ժողովրդավարությանը։ Հանաքով վերաբերվիր նաև քո այն զավակներին, որոնք մարգարեների առատախոսությամբ քո կործանումն են գուժում` անհավատությունից։ Նրանց առատախոսությունը իրենց կուրությունից է գալիս, նրանց մարգարեությունները գրագողություն են Աստվածաշնչից։
Տեր կանգնիր անհավատությանդ, որ հավասարապես քո մուրացիկինն է ու կուսակցականինը, քո պոռնիկինն ու բանաստեղծինը, որովհետև խավարի փոխված ընդհանուր ցնծությունից և պարտության փոխված ընդհանուր հաղթանակից է ծնվել։ Տեր կանգնիր անհավատությանդ, որ հեռապատճենման ու կրկնօրինակների մեր ժամանակում բնագրի վավերականություն ունի։
Դրոշդ փոխիր։ Քո դրոշը սպիտակն է` ծայրից ծայր սպիտակը։ Եվ հանիր թռչող ու ցատկող ծիծաղելի գազաններին գերբիդ վրայից։ Քո նշանը դատարկ շրջանն է։
Որ խաչից առաջ էր։ Ու խաչից հետո է։
December 14th, 2011 at 10:06 pm
Chisht akhtoroshoum 10 tari arach, vor aysor el shat ardiyakan e hnchoum…Ankeghts asats, ints ko hotvatsner@ houys yev nershrchank en talis yev orits-or aveli yem hamozvoum vor “Mer armatner@ der chen choratsel yev talis en tsiler..”(Meschian Artur)
December 15th, 2011 at 2:55 am
ուրախ եմ որ ուրախություն ու հույս տվեցի ձեզ, tess։
Բայց եթե կարողանայիք հայերեն տառերով գրել` մեր շփումը շատ ավելի արդյունավետ կլիներ ☺☺
December 15th, 2011 at 11:48 am
երբ լուռջ հարցադրումներ ու խորքային շատ անհրաժեշդ ու օգտակար թեմաներին եք անդրադարնում մեկնաբանություները սակավաթիւ են այ երբ անձնավորեցնում եք կամ որոշ ակիացնում «կոնկրետացնում» եք լինի դա գովասանք կամ բնովանք կամ….մեկնաբանություները խբում են պատալոկ սա ձեր blok ին հատուկչի ընդհանուր վիճակէ ինչպես կըբացատրեք
December 15th, 2011 at 11:03 pm
Եթե ուղղակի խոհ լիներ, մտորումներ՝ հարց չէի տա: Բայց, որքան հասկացա, կոչի բաղադրիչներ կան մեջը: Ասել է թե՝ հրապարակախոսություն է: Եթե այդպես է, ապա Մարինե ջան, լուավորիր մեզ. առակդ զի՞նչ կը ցուցանե ու ո՞ւմ է հասցեագրված:
Բայց մեկ ա, ինչ էլ նշանակելու լինի, սիրուն է գրված, շնչով, հոգով: Շնորհակալություն, Մարինե ջան:
December 16th, 2011 at 12:05 am
(3)
Սակավախոս, կոնկրետ հարցերը բնական ա որ ավելի շատ մարդկանց են հետաքրքրում քանի որ անձնապես առնչվում են շատերին ու նաեւ` ավելի հասկանալի են։
Իսկ ավելի տեսական ու ընդհանուր հարցերը պարզ ա որ հասկանալու համար ավելի դժվար են ու քիչ մարդկանց են հասկանալի։ Կարծում եմ` դա ընդհանուր օրինաչափություն ա` բոլոր երկրներին ու բոլոր հասարակություններին հատուկ։
December 16th, 2011 at 12:33 am
(4)
Սիսակ ջան, իրականում գրածս հենց խոհեր են, իսկ կոչի քո ասած բաղադրիչները` «Դրոշդ փոխիր։ … հանիր թռչող ու ցատկող ծիծաղելի գազաններին գերբիդ վրայից» եւ այլն` ոճական տարրեր են ուղղակի։
Էս տեքստը 10 տարի առաջ ա գրված ու ոճական առումով շատ հին ա իմ համար` բավական պաթետիկ։ Բայց հիմնական միտքը` Հայաստանի «անանություն», տարածք չունենալու` «ոչմտիեղության» մասին, հիմա էլ ինձ հուզում ա։
Էն ժամանակ ես էսօրվա պես լայն ընթերցողական լսարան չունեի, իմ լսարանը գրական շրջանակներն էին մենակ։
December 16th, 2011 at 1:48 am
Սպիտակ դրոշն ու դատարկ շրջանը ո՞վ պետք ա որպես խորհրդանիշ ընդունի. որոշակի շրջանակնե՞ր, թե՞ պետությունը ընդհանրապես:
December 16th, 2011 at 2:28 am
Ինչ հետաքրքիր ա` ես նոր նկատեցի` էսօրվա կոնտեքստում ինչքան ուղղակի ա սկսել ընկալվել խոսքն ընդհանրապես, ու իմ խոսքը` մասնավորապես ։
չգիտեմ էլ ինչ պատասխանեմ։ սպիտակ դրոշն ո՞վ պետք ա որպես խորհրդանիշ ընդունի։ Նա, ով կկարողանա հասկանալ ու ձեւակերպել դրա իմաստը։ Մեկ մարդու նկատի չունեմ իհարկե։
December 16th, 2011 at 12:00 pm
Մարինե , աչքիս առաջ եկավ Վիգեն Չալդրանյանի ՔՐՄՈՒՀԻՆ ֆիլմը. Չգիտեմ, դիտել ես, թե չէ.
December 16th, 2011 at 7:21 pm
չէ, չեմ նայել։ ինչի՞
December 16th, 2011 at 9:21 pm
Մարինե մի զարմացեք արայժմս սա է վիճակը ցավ ի սրտի թե ինչու մեր դրոշը սպիտակ է հարցադրմանը պատասխանելու համար անհրաժեշտ էմի քանի հաստափոր բացատրական Ճաղարյանական բարարաներ ……ասեմ ուղղակի լինելով մարդկային ցիվիլիզացիայի կազմավորման ակունքներում չենք ունեցել կամ ստեղծել մեր կրոնը մեզ բնորոշող ուսմունքը միտքը ապրելակերպը մի խոսքով չենք դարցել համաշխարհային պրենտ mark …….ասում են կոնյակը կը դարնա ……. եսիմ
December 16th, 2011 at 10:46 pm
բայց ես չեմ զարմանում, ոչ էլ զայրանում կամ տխրում եմ։ Ընդհակառակը` ես մեր իրավիճակը առաջարկում եմ ընդունել ոնց որ կա եւ դիտել որպես պոտենցիալ հնարավորություն։ Բրենդը կառուցել հենց դրա վրա` մեր «թեք ընկած» վիճակի։
Համաձայն եմ որ ասածս բավական անորոշ ա հնչում, բայց էտ էի ուզում ասել` 10 տարի առաջ գրված էս տեքստում։ Հիմնական թեզի հետ էսօր էլ համաձայն եմ, ուղղակի որ էսօր գրեի մի քիչ ուրիշ ձեւի կգրեի նույն բանը։
Սպիտակ դրոշը բացասական իմաստով չէի գործածել, այլ դրական` հենց էտ` հենց սպիտակությունը` անանունությունը, մի կենտրոն, մի դեմք չունենալը բրենդ դարձնելու իմաստով։ Իրականում էսօր մեր դրոշը սպիտակ չի, ես եմ առաջարկում մեր դրոշը դարձնել սպիտակ։
Տվյալ կոնտեքստում դրոշի սպիտակը հանձնվելու հետ (սպիտակ դրոշ պարզել) կապ չունի
December 18th, 2011 at 12:17 am
Իրոք, ոչ քրիստոնյա ենք, ոչ հեթանոս. ոչ եվրոպացի ենք, ոչ ասիացի. ոչ հնդեվրոպացի ենք, ոչ հուռռիացի. ոչ նստակյաց ենք, ոչ քոչվոր. ոշ դեմոկրատ ենք, ոչ մենիշխանությանը կարոտ և այլն:
Որն է մեր անունը?: Գուցե ունենք անուն, բայց վախենում ենք արտաբերել:
Ամերիկյան մի կինոնկարում գերմանացի մի բժիշկ, որին Մոսսադի գործակալները գերի են վերձնում ասում է,
‘Հարկավոր էր ընդհամենը չորս գերմանացի հրացանակիր հազարավոր հրեաներ ոչնչացնելու համար: Հրեաներից ոչ ոգ չպայքարեց, որովհետև ամեն մեկը մտածում էր միայն իր մասին’: Նա մի բան է եզրակացնում, որը չեմ համարձակվում կրկնել:
Մոսսադի գործակալը բռունցքների ամբողջ ուժը թափում է էդ գերմանացու վրա, ու թվում էր թե իր զայրույթի պատճառը միայն վիրավորանքը չէ, բայց մի այլ բամ:
Անսպասելիորեն սկսեցի հակաճառել, “Բա Սասունը, Զեյթունը, Բա Վանը!’ Արդարանում էի… ‘Պայքարել ենք!’ ու զգում էի որ
Էս ‘ ամեն մեկի իր մասին մտածելը’ հանգիստ չի տալիս:
Անկեղծ շնորհակալ եմ ձեզ լավատես լինելու համար, բայց այնպես չլինի որ ձեր տեքստն էլ անվանվի ‘ անհամապատասխան սրտի համապատասխան մխիթարանք’:
December 18th, 2011 at 3:43 am
Հրեաների չդիմադրելը «ամեն մեկն իրա մասին մտածելու» հետ կապ չունի, ավելի շատ իրանց կրոնի հետ ա կապված, որը համարում ա որ հրեան պետք ա տառապելով սպասի, մինչեւ աստված փրկություն կուղարկի։ Բայց եթե դա էլ չլիներ` պետական մեքենայի դեմ, որ զորք ու ոստիկանություն ուներ, անզեն ժողովուրդը ո՞նց պետք ա դիմադրեր։
Նույնը վերաբերում ա հայերին` մի կողմում պետություն, որ իրա ձեռքի տակ բոլոր հնարավորությունները ուներ, մյուս կողմում անզեն ժողովուրդ։ Որտեղ որ հնարավորություն եղել ա, եղել ա նաեւ դիմադրություն։ Վանի դիմադրությունը հրաշք ա ուղղակի։ Ու հաղթել են։ Բայց երբ որ ռուսները թողեցին ու հետ քաշվեցին, ո՞նց պետք ա Վանը մենակ հսկա Թուրքիայի դեմ դիմանար։
Խնդիրը իմ լավատեսությունը չի, ես ուղղակի հաստատ գիտեմ որ մեր ժողովրդի մեջ լիքը ուժ կա։ Ու Ղարաբաղի հաղթանակը դա շատ լավ ցույց տվեց։ Ուղղակի էտ հաղթանակը Հայաստանի ներքին կյանքում շարունակել ա պետք։ Բայց ձեւը առայժմ չենք գտել։ ԲԱյց եթե չենք գտել` չի նշանակում մի օր չենք գտնելու