Հայտնաբերված տետրը պատմում է պապիս գերդաստանի կոտորածը(2-րդ մաս))

Հրապարակում եմ շարունակությունը Հորս հորեղբոր` Հարություն Կիրակոսյանի նոր հայտնաբերված հուշերը 1915թ. ջարդերի մասին: Սկիզբը այստեղ

Սովորական երևույթ էր ճանապարհին քաղցից, հոգնածությունից, կամ հիվանդությունից խմբից հետ մնացողներին սպանելը, լսված յուրաքանչյուր հրացանի ձայնից զգում էինք,   որ նորից ասգյարները սպանեցին մեկին: Չէինք հետաքրքվում, թե ում սպանեցին, որովհետև դա արդեն սովորական երևույթ էր դարձել մեզ համար և համոզված էինք, որ նույն վախճանն էլ կարող է մեզ վիճակվել:

Օրը մթնում էր, յուրաքանչյուրը մեզանից ոտքերի փաթաթած չուլերը կարգի էր բերում, քայլելուց շատերի ոտքերը ուռել էին ու վերքեր արաջացել: Խմբից շատերը պառկել էին, շատերն էլ պատրաստվում էին քնելու: Մեկ էլ խմբի մեջ շշուկ տարածվեց, թե երկու կին իրենց գցել են գետը: Ոմանք ցավում էին, շատերն էլ երանի էին տալիս խեղդվածներին, թե ազատվեցին տանջանքներից:

Առավոտ է, լուսացավ, յուրաքանչյուրը սկսեց զբաղվել իր առօրյա գործերով: Նորից շշուկ, թե այնինչը իրեն գցեց գետը:

Ցերեկ է, մոտեցան մեզ մի քանի չեթեներ, շրջեցին ամբողջ խումբը: Բայց ոչ ոքի ոչ մի վնաս չտվին և հեռացան: Մթնեց, ևս մի գիշեր Եփրատի զով ափին գիշերեցինք: Երրոդ օրը առավոտյան լույսը նոր էր սփռել իր թևերը, ասգյարները հրամայեցին պատրաստվել ճանապարհվելու: Սկսեցինք պատրաստվել, ոմանք ոտքերը փաթաթեցին չուլերով, շատերն էլ նախորդ օրվա պատրաստած «ճաշը» կերան: Ասգյարները իրենց սովորական կոպիտ հայհոյանքներով, հրացանների կոթերի հարվածներով շտապեցնում էին մեզ:

Գնում էինք, շարունակում ճանապարհը, ինչ-որ վախ ընկավ բոլորիս սիրտը, զգալով որ այստեղ ինչ-որ վատ բան է կատարվելու:

Անցել էինք ոչ շատ տարածություն, հասանք այն կամուրջը, որը Եփրատի ձախ ափը միացնում էր աջ ափին: Հետ նայեցինք, ի՞նչ, մի խումբ ձիավոր չեթեներ մեզ են հետևում, համոզվեցինք այդ օրվա մեր գլխին գալիք զուլումը: Լսեցինք խմբի վերջից հրացանի չորս կրակոց, նորից սպանեցին խմբից հետ մնացած չորսին: Անցնում ենք կամուրջը, մեկ էլ ի՞նչ, կանանցից երեքին միայն տեսա իրենց գետը գցելը, նորից երանի էինք տալիս խեղդվածներին:

Չնայած համոզված էինք մեր մահվան օրերը հաշված լինելը, հասկացել էինք, որ կոտորվելու ենք, մահը անխուսափելի է, այնուամենայնիվ չէինք տխրում, կենդանի մեռելներ էինք, փառք էինք տալիս, որ շուտով ազատվելու ենք, վերջ է դրվելու մեր տանջանքներին:

Հասանք Քեմախից ոչ հեռու մի ձոր, որտեղից հոսում էր բարակ մի առու: Տեղավորվեցինք ձորի աջ լանջում, ոչ մեծ մի տափարակի վրա: Մեզանից յուրաքանչյուրը տեղավորվեց գիշերելու փոքր հողատարածության վրա: Մեկ էլ ի՞նչ, աքսորյալներիս հետևող չեթեների խումբը մեզանից ոչ հեռու մի բարձունքի վրա իջավ ձիերից: Չեթեների մեծը կարգադրեց խումբը բաժանել երեք մասի, կանանց, տղաներին, աղջիկներին ու երիտասարդ կանանց:

Սարսափը տիրեց մեզ, զգում էինք, որ այսօր մեր վերջին օրն է, չէինք խոսում, գույներս գցել էինք, սարսուռ էր տիրել մեզ: Մեկ էլ ի՞նչ, խորհրդակցեցին չեթեները, չենք իմանում, նրանց մեծը ձեռով ցույց տալով մեզ` առանձնացած տղաներիս, հրամայեց միանալ կանանց, ուրախացանք, ժպիտ անցավ մեր այտերով, բարձր ձայնով գոռացինք` եաշասում(յաշասըմ փադիշահըմըզ-Վ.Ի.) փատիշահումուզ(կեցցե մեր թագավորը) ու վազ տալով միացանք խմբին: Մեր մայրերը, որոնց տիրել էր հուզումը տեսնելով մեզ իրենց մոտ ուրախությունից թրջվեցին նրանց աչքերը արտասուքով:

Օրը մթնում էր,բացի մեր խմբից մնացածին չեթեները շրջապատած տարան, ո՞ւր…

Մենք, մնացածներս սկսեցինք մեր սովորական զբաղմունքը, օջախներ վառել «կերակուր» եփել:

Մթնեց, պառկեցինք քնելու, խմբի կանանցից շատերը չէին քնում, հեկեկում էին, ցամաքել էին նրանց արտասուքը: Առավոտ է, արևի ճառագայթները մոտակա սարերից իջնում էին ցած, լուսացավ, պատրաստվեցինք շարունակելու ճանապարհը:

Գնում էինք, ճանապարհը ձգված էր Եփրատին զուգահեռ: Նրա ափերը սևացել էին մեզանից առաջ նույն մեր բախտին արժանացած այլ գյուղերից ու քաղաքներից աքսորյալ հայ կանանց, տղամարդկանց և անչափահասների դիակներով, իսկ ճանապարհին հաճախ ընկած էին նույնպես հայերի նեխված, քայկայքված, այլանդակ դիակները: Քայլում էինք այդ ողբալի տեսարաններին ականատես լինելով: Քարացել էր մեր սիրտը, արտասուքներս չորացել, տեսնում էինք այն ինչ մեզ էր սպասում:

Գնում ենք, քայլում ուռած, հին շորերով փաթաթված, վերքոտ ոտքերով: Մի քանի օրից հասանք Էգին(Ակն): Նորից իջանք գիշերելու Եփրատի ափին: Էգինը փոքրիկ գյուղաքաղաք էր, իր բնական գեղեցկությունը գերազանցում էր մինչ այդ մեր տեսած քաղաքները: Եփրատի երկու ափերի բարձունքները ծածկված էին բազմատեսակ այգիներով և պտղատու ծառերով: Խումբը հանգստանում էր Եփրատի աջ ափում, մենք տղաներս ցրվեցինք մոտակա թթի այգիները հավաքելու ծառերի տակի թափված չոր թթեր և ուրիշ մրգեր: Ակնում չէր մնացել ոչ մեկ հայ, տեղահան էին արված:

Խմբում ծխում էին նորից օջախները, կանայք զբաղված էին իրենց օրվա «կերակուրը» պատրաստելով: Գիշերեցինք այդ օրը ևս, նորից Եփրատի հոսանքի զովը փակեց մեր աչքերը: Քնեցին շատերը,իսկ ոմանց աչքերը չէին փակվում, չէին քնում, նրանց առօրյա ցավերը չէին հեռանում, չէին մոռանում իրենց զավակներին և հարազատներին:

Հարություն Կիրակոսյանը աջից

Առավոտ է, զարթնեց խումբը, վեր կացանք նորից յուրաքանչյուրը մեզանից զբաղված էր իր առօրյա հոգսերով: Մեկ էլ ի՞նչ, քրոջս ամուսնու մայրը, որի միակ տղային տարել էին Գյումիշ-խանեում տղամարդկանց հետ, ամբողջ ճանապարհին մտածում էր նրա մասին, հույս էինք տալիս, հանգստցնում խեղճ պառավին, թե մի մտածիր, Երվանդը ողջ է, կգա: Նա կտրել էր հույսը և շատ հանգիստ մոտեցավ Եփրատի ափին ու իրեն գցեց ջուրը, խառնվեցավ ջրի ալիքներին, անհայտացավ վերջ տալով ցավերին: Նրան հետևեց նաև մի ուրիշը, որը ուժասպառ էր եղել, այլևս հնարավորություն չուներ շարունակելու տանջալի ճանապարհը:

Երկու օր գիշերեցինք Ակնում, երրորդ օրը առավոտյան շարունակեցինք ճանապարհը, չեմ հիշում ինչ գյուղից ոչ հեռու, մեզ նստացրին գիշերելու, օրը նոր էր մթնել: Ասգյարները սկսեցին հրացանաձգությունը, չանացավ շատ ժամանակ մեզ մոտեցան մի խումբ զինված քրդեր: Ասգյարները հեռացան մեզանից: Զինված քրդերը հրացանի սպառնալիքների տակ տարան մեզ մոտակա գյուղը և լցրին առանց ծածկի, շրջապատված ոչ բարձր պատերով մի ախոռ:

Գիշերեցինք այդ օրը, առավոտյան եկան մի քանի զինված քրդեր, ախոռի մուտքի երկու կողմերը շարքով, ծալապատիկ նստեցին: Զինված մեր  նոր «պահապան» քրդերը մեկ-մեկ մեզ` խմբի անդամներիս դուրս բերելով պառկացնում, այլանդակ ձևով խուզարկում, և վերջում, եթե դրամ էին գտնում և հանում  հագուստները, որոնք իրենց դուր էին գալիս: Վերջացավ խուզարկությունը, զինված քրդերը սպառնալիքների տակ, սկսեցինք քայլել շարունակելով ճանապարհը:

Գյուղի մեջ թե գյուղից դուրս քուրդ կանայք թե տղաները, հետևելով մեզ քարեր էին շպրտում, ծեծում էին խմբից շատերին: Տանում էինք ամեն մի ցավ ու վիրավորանք: Մայրս նկատեց որ գլխավորապես հարվածում էին տղաներին, հանեց իր վերին շորը, հագցրեց ինձ, որ չնկատեն իմ տղա լինելս, այդպես քայլեցի այդ օրը:

Մի քանի օրից դեռ չհասած Արաբկիր, ճանապարհին զգացինք ծանր, նեխված լեշերի հոտ: Կարճ ժամանակից հետո, ճանապարհից ոչ շատ հեռու մի հարթավայրում, կլիներ մի քանի հարյուր արևի կիզիչ ճառագայթներից ուռած, սպանված հայերի դիակներ:

Անցանք այդ ողբալի տեսարանը: Հասանք ոչ հեռու Արաբկիրից մի դաշտավայր գիշերելու: Այդ հին պատմական, հայկական փոքրիկ քաղաքում չէր մնացել ոչ մի հայ, զոհ էին դառել երիտասարդ թուրքերի դաժանություններին: Սովորականի նման, մեզ մոտենում էին թուրք, քուրդ աղջիկ և տղաները, ծիծաղում, քարեր շպրտում, բռունցքները իրար խփելով գոռում էին քյաֆերլեր գեբերին, սիզե էյլի լյազիմ տուր(լազըմ դըր-Վ.Ի.)(քյաֆերներ, սատկեք, ձեզ այդպես է հարկավոր): Մեկ օր գիշերեցինք Արաբկիրի մոտակա այդ դաշտավայրում: Մի քանի օրից հասանք Եփրատի այն ափը, որտեղից լաստով տեղափոխվեցինք Եփրատի ձախ ափը ու շարունակեցինք քայել: Անցան Գյումիշ-մադեն կոչված վայրը, վաթսուներկուերորդ օրն էր, հասանք Խարբերդից ցածր, տափարակ վայրում Մամուրեթ-Իւլ Ազիզ քաղաքը: Տարան մեզ հայոց գերեզմանատունը, չորս օր մնացինք գերեզմանատանը, մեզանից առաջ ուրիշ հայ աքսորյալներ էին իջևանել այդտեղ: Խմբից ոչ ոքի չէին թողնում դուրս գալ գերեզմանատնից: Այդտեղ մեզ տալիս էին հաց ու բերում տակառներով ջուր:

Ամառվա կիզիչ շոգը ծանրացրել էր գերեզմանատան աղտեղության ծանր հոտը: Խմբից ոմանք մահացան, ոմանք էլ կիսամեռ վիճակում էին: Մի փոլիսը և մի ասգյար հավաքեց տղաներիս, ստիպեց փորել ոչ շատ խորը մի մեծ փոս ու կարգադրեցին մեռելներին և ցույց տալով մի քանիսների, որոնք դեռ չէին մահացած, կիսակենդանի մարմինները քաշ տալ, լցնել փոսը և ծածկել հողով: Կատարեցինք ոստիկանի հրամանը: Դեռ չմահացածների աղերսը, նրանց բերինից հազիվ լսելի բառերը չէին հուզում մեր քարացած սրտերը, անուշադիր էինք թողնում նրանց ողբը, չէինք կարող չկատարել փոլիսի հրամանը, հակառակ դեպքում մեզ էլ նույն վիճակի կմատնեինք: Հինգերորդ օրն էր, առավոտյան դուրս բերին մեզ գերեզմանատնից, շրջապատված ասգյարներով և բաշիբոզուկներով տարան: Հասանք Իւլ-Ազիզից ոչ հեռու Գյոլջուկ կոչված փոքրիկ լիճը: Երեկո էր, մութը վրա էր հասել, սկսվեց կոտորածը, հրացաններով և սառը զենքերով:

Հանգստացավ ամեն ինչ, երկու տղա կենդանի էինք մնացել դիակների մեջ: Գիշերը մութն էր, զգույշ վեր կացանք սկսեցինք ճանապարհ ընկել Իւլ-Ազիզ: Հասանք քաղաք, իմացանք որ կառավարությունը որբանոց է բաց արել և հավաքում է կենդանի մնացած հայ որբերին: Իմանալով որբանոցի տեղը երկու դժբախտներս գնացինք, դիմեցինք որբանոցի  մյուդուր Թահսին բեին: Նա ընդունեց մեզ: Չանցավ շատ ժամանակ, նույն օրնևետ Թահսին բեյը ինձ կանչեց իր մոտ, նրա մոտ էր նաև իր մեծ տղան, Մյուքերեմը, որը հազիվ կլիներ իմ հասակին, հայրը պատվիրեց տղային տանել ինձ իր տունը, Մյուքերեմի հետ գնացի տուն, լողացրին ինձ, փոխեցին շորերս անունս դրեցին Իսմաիլ և մնացի Թահսին բեյի տանը: Նա ուներ երկու տղա և մեկ աղջիկ: Բացի ինձանից նրա տանը կային ևս երկու երզնկացի երիտասարդ հայ աղջիկներ: Փոքրը, որը հազիվ կլիներ իմ հասակին, անունը դրել էին Իգպալ, իսկ մեծինը, որը կլիներ քսան տարեկան` Ֆաթմա:

Անցել էր տասը օր ինչ Թահսին բեյի տանն եմ, նրա բնակարանը բաղկացած էր հինգ սենյակից, սենյակներից մեկում քնում էինք ես, Իգպալը և Ֆաթման: Մենք միմյանց հետ գաղտնի հայերեն էինք խոսում, այնպես, որ Թահսին բեյի ընտանքիքի անդամներից ոչ ոք չլսի մեր խոսակցությունը: Իսկ ընդհանրապես մեր խոսակցության լեզուն տաճկերեն էր: Պատմում էին Իգպալն ու Ֆաթման իրենց կրած տանջանքների մասին, որը չէր տարբերվում մեր կրած զարհուրանքներից:

Հետաքրքրվելու համար, թե ինչ է անում իմ ընկերը, որին թողել էի որբանոցում, գնացի այն շենքը որտեղ որբերն էին: Դժբախտաբար այնտեղ ոչ մի որբ չէր մնացել: Հետաքրքրվեցի Թահսիմ բեյի տղից` Մյուքերեմից, թե ինչ արին որբերին: Նա պարզ ասեց, որ նրանց տարան կոտորեցին: Քառասունինը տարի անցնելուց հետո նոր պարզվեց, որ Թալյաթ փաշան հրաման էր տվել թե բոլոր այս հայ որբերը, որոնք գտնվում էին տեղերում տաճիկ կառավարության կողմից բացված որբանոցներում, անխնա բոլորի կյանքին վերջ տալ:

Մեկ ու կես տարի Իւլ-Ազիզում մնալուց հետո Թահսիմ բեյի ընտանիքի հետ ֆուրգոններով ճանապարհվեցինք Գոնյա: Ճանապարհին եղա Մալաթիայում, Սեբաստիայում, Կեսարիայում, և հասանք Գոնյա: Վերոհիշյալ քաղաքների հայերին աքսորել էին: Իւլ-Ազիզում մի քանի թրքացած հայերի պատահեցի, նույնպես և Կեսարիայում մի քանի թրքախոս հայերի: Գոնիայում ևս կային կոտորածներից  քիչ  քանակությամբ հայ որբեր և ընտանիքներ:

1918 թիվն է, վերջացավ առաջին համաշխարհային պատերազմը, հարմար մի առիթ գտնելով, ծպտյալ հեռացա Թահսին բեյի տնից, նստեցի գնացք, և մի քանի օրից հասա Սգյուդար, որտեղ Պոլսո բարեկգործական ընկերության ներկայացուցիչները գնացքից իջնող որբերին և հայ ընտանիքներին հավաքում, տանում էին Պոլիս Քում Գաբու մայր եկեղեցին, որտեղ զանազան վայրերից հավաքված էին շատ որբեր, կին ու տղամարդիկ:

1913թվին մեծ եղբայրս Տրապիզոնից մեկնել էր Ռոստով ուսումը շարունակելու: Ես իմանալով այդ, մեկ տարի Պոլսո մայր եկեղեցում մնալուց հետո որոշեցի մեկնել Տրապիզոն ապա Ռուսաստան եղբորս գտնելու:

Դիմեցի Պոլսո բարեգործական ընկերության նախագահին, նա տվեց ինձ ճանապարհածախս ու մեկնեցի Տրապիզոն: Երեք օրվա ճանապարհորդությունից հետո նավը հասավ Տրապիզոն: Իջա նավից, ապա նավակով դուրս եկանք նավամատույց ու քաղաք: Գտա մի քանի հայրենակից հայերի, որոնք բախտի բերմամբ ողջ էին մնացել: Տեղավորվեցի նրանց մոտ, գիշերեցի: հաջորդ օրը նրանց խորհրդով դիմեցի Տաճկաստանում մեծահարուստ Իբրանոսյանի մագազինը դիրեկտոր Միհրան Էֆենտիին աշխատանքի ընդունվելու համար: Միհրան Էֆենտին չմերժեց իմ խնդրանքը, ընդունվեցի իբրև գործակատար և կարգադրեց իր օգնական Թագվոր Էֆենտիին անվճար ինձ տալ պատրաստի շորեր և կոշիկ:

Սկսեցի աշխատել: Ճանապարհը դեպի Ռուսաստան ազատ էր: Վեց ամիս հետո եղբայրս տեղեկացավ, որ կենդանի եմ, եկավ Տրապիզոն, վերցրեց ինձ, ու մեկնեցինք Եկատերինոդար(Կրասնոդար): Սկսվեց իմ կյանքի երկրորդ շրջանը:

Տրապիզոնի հայերի աքսորը սկսվելուց երկու-երեք օր առաջ շատ մայրեր 4-ից 10-12 տարեկան զավակներին տարան  պատվելիների դպրոցը, երեխաների կյանքը փրկելու համար:

Այստեղ էր նաև մեր դպրոցի ուսուցիչներից Թորոս Էֆենտիի տղան` Սուրեն Օհանյանը, որը ներկայումս գտնվում է Երևանում, նա պատմեց հետևյալը.

Պատվելիների դպրոցի ընդարձակ բակում հավաքվել էին երեք հարյուրից ավել երեխաներ, երեք օր դպրոցի բակում գիշերեցինք, չորրորդ օրը եկան մի քանի փոլիսներ և ասգյարներ, առանձնացրին մեզ 7-ից 12 տարեկան երկու հարյուրի չափ տղաներին, կազմեցին մի խումբ և շրջապատված ասգյարներով տարան Տրապիզոնից ոչ հեռու Ջևեզլուգ կոչված վայրը և բոլորին սպանեցին: Մեզ, մի քանի տղաների թուրքերը վերցրին իբրև հոգեզավակ և փրկվեցինք մահից, իսկ պատվելիների դպրոցում մնացած փոքրերին հավաքեցին ու  տարան լցրին ծովը, խեղդեցին:

Մինչև Տրապիզոնում հայության տեղահանումը, մեկ ամիս առաջ երեսունի չափ քաղաքի աչքի ընկնող մարդկանց, որոնց թվում էր Արսեն Եսայանի հայրը` Սեդրակ Էֆենդին, լցրին նավակները, Սամսոն թե Կիրասոն, լավ չեմ հիշում, տեղափոխելու պատրվակի տակ հեռացրին ծովափից, հրացաններից կրակ բաց արին զոհերի վրա, սպանեցին ու ծովը լցրին: Մեկը որ թերևս վիրավորված էր, լողալով դուրս եկավ ծովափ ու պատմեց եղելությանը մասին քաղաքի հայերին:

Ահա համառոտ այն պատմությունը տաճիկ երիտասարդ իդեհատականների ծրագրված եղեռնում զոհված մեկուկես-երկու միլիոն հայերի չնչին մի տոկոսի զարհուրանքները, որին ես ականատես եմ եղել:

5/4-65թ.

Վահան Իշխանյան

5 Responses

  1. ATL Says:

    Vahan, inchu e petq ays zarhureli depqery noric u noric patmel u verapatmel, der eli inch vor ban? enq uzum apacucel ashxarhin, vorn e? qo ays nyuty hraparakelu npataky? Mortvelu tarvox vochxarner dartsas hayeri handep inch zgacunmner es uzum harucel` gut?, arhamarhanq?, atelutyun? te? ser… inch harc e lutsvum sranov, bav che? ays vshtapatumy? du asa, te aystesak pordzutyunner apras mer zhoxovurdy inch? petq e ani aysor… du ho mazoxist ches?

  2. Գրիգոր Says:

    Հասկնալի է թէ ինչո՞ւ Համշէնցիներով հետաքրքրուած էիր։ Իսկ հիմա այս յուշերը… Որքան ալ մեր ծագումը սարսափազդու ըլլայ՝ ատոր դէմ յանդիման գալը հասունութեան նշան է։ Սուգ կոչուածը ուրիշ նշանակութիւն չունի։ Միայն իրենք իրենցմէ ամչողները -եւ ասոնք ներկայիս բանակ մը կարող են կազմել-, այսինքն՝ վախկոտները եւ քաղաքական անչափահասները կը մերժեն անցեալին հետ առընչուիլ։ Երբեմն այնքան մանրամասնօրէն եւ ապշեցուցիչ ճշգրտութեամբ իր յուշերը գրող մարդը շատ լաւ գիտէր թէ ինչո՞ւ կը գրէր, այն ալ…Խորհրդային աշխարհին մէջ։

  3. Վահան Իշխանյան Says:

    Գրիգոր, Շնորհակալություն մեկնաբանության համար:

  4. MG Says:

    ATL չի կարելի այս զարհուրելի դեպքերի մասին չպատմել, չխոսել, մեղադրել մազոխիզմի մեջ: Էս էլ նոր մտայնություն է: Եթե այս հիշողությունները չլինեին, մենք արցախյան պատերազմում չէինք հաղթի: ՀԻմա ինչ, մոռանանք,թե ինչ կատարվեց Սումգայիթում, Բաքվում, Շահումյանում, Գետաշենում, Մաղարայում? Չեմ ասում, նստենք, սուգ ու շիվան անենք, բայց նաև չպետք է մոռանանք: Առանձին անհատներ փորձեր են անում, բայց դա շատ քիչ է, փոխադարձ ատելությունը շատ խորն է:

  5. Tert.am » Blog Archive » DIY-ի դեմ արշավը. Փարաջանովին նվաստացնելը շարունակվում է Says:

    [...] Ֆաշիզմի լեզուն ինչքա՜ն նույնն է, հենց նոր հրապարակել եմ պապիս եղբոր` Հարությունի 1915թ ցեղասպանության վերաբերյալ նորահայտ հուշերը, ուր նկարագրում է. «մեզ մոտենում էին թուրք, քուրդ աղջիկ և տղաները, ծիծաղու…: [...]

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.