Մեր գիտության «մեծ լռությունը»

«Վահան, ինչո՞ւ է քեզ պետք այս զարհուրելի դեպքերով նորից պատմել ու վերապատմել դեռ էլի ինչ-որ բան: Ի՞նչ ենք ուզում ապացուցել աշխարհին: Ո՞րն է քո այս նյութը հրապարակելու նպատակը: Մորթվելու տարվող ոչխարներ դարձած հայերի հանդեպ ի՞նչ զգացումներ ես ուզում հարուցել, գո՞ւթ, արհամարհա՞նք, ատելությո՞ւն, թե՞ սեր: Ի՞նչ հարց է լուծվում սրանով, բավ չէ՞ այս վշտապատումը, դու հո մազոխիստ չե՞ս»,- գրել էր ATL մականունով մեկը Վահան Իշխանյանի «Հայտնաբերված տետրը պատմում է պապիս գերդաստանի կոտորածը(2-րդ մաս)» նյութի տակ (http://www.tert.am/blog/?p=3310#comments):

Հաջորդը Գրիգոր Պլտյանի արձագանքն էր. «Որքան ալ մեր ծագումը սարսափազդու ըլլայ՝ ատոր դէմ յանդիման գալը հասունութեան նշան է։ Սուգ կոչուածը ուրիշ նշանակութիւն չունի։ Միայն իրենք իրենցմէ ամչողները -եւ ասոնք ներկայիս բանակ մը կարող են կազմել-, այսինքն՝ վախկոտները եւ քաղաքական անչափահասները կը մերժեն անցեալին հետ առընչուիլ։ Երբեմն այնքան մանրամասնօրէն եւ ապշեցուցիչ ճշգրտութեամբ իր յուշերը գրող մարդը շատ լաւ գիտէր թէ ինչո՞ւ կը գրէր, այն ալ…Խորհրդային աշխարհին մէջ»:

Իսկապես ցեղասպանության մասին խոսելը մազոխիզմ կամ գոնե անիմաստ համարողները զգալի բանակ են կազմում այսօր` հատկապես Հայաստանում, ու ես զարմացա, երբ ապրիլի 24-ին ֆեյսբուքը ողողած պարզունակ ողբի ու դրանք հեգնող տեքստերի արանքում հանկարծ մի լուրջ ստատուս կարդացի Սամ Իսրայելյանի պատին.

«Ինչպե՞ս հնարավոր եղավ, որ մի ամբողջ ազգի՝ հզոր, մեծ կարողություններով, ինտելեկտով, մշակույթով, կարողացան ցեղասպանության ենթարկել: Ո՞վ էր թուրքը (կամ քուրդը), և ո՞վ էր հայը Թուրքիայում:
Չեմ կարծում, որ այս հարցը լավ ուսումնասիրված ու պարզաբանված է: Բայց շատ կարևոր է գտնել այս հարցի պատասխաններն այսօր: Ցեղասպանությունը շատ խորը հետք է թողել մեզ վրա, նույնիսկ գենետիկ մակարդակի վրա: Շատ և շատ հարցեր՝ առօրեական, մտածելակերպի, մենթալիտետի, խառնվածքի, մշակույթի, նույնիսկ՝ առողջական, խորապես կապված են ցեղասպանության հետ: Անհնար է այդ հարցը մի կողմ դնել և մաքուր էջից սկսել»:

Թեմայի քաղաքական նշանակությունը դեռ մի կողմ թողած` զարմանալ կարելի է, թե ինչպես է հնարավոր նման նյութին անդրադառնալն իզուր համարել, երբ այսօր աշխարհում ցեղասպանությունները և դրանց պատճառած տրավմաները բազմակրթանք (մուլտիդիսցիպլինյար) հետազոտությունների և վերլուծությունների առարկա են դառնում (արդեն անգամ ֆեմինիստական ուսումնասիրություններ են արվում էդ թեմայով` բացահայտելով կանանց հանդեպ բռնությունները որպես ցեղասպանությունների հատուկ ստրատեգիա):

Ուսումնասիրվում են, օրինակ` զանգվածային հոգեկան տրավմաների և խրոնիկ հոգեկան ծանր հիվանդությունների կապերը: Հետազոտում են, թե արդյոք թերապևտիկ միջամտությունը, վկայությունների տեսագրության միջոցով, կարո՞ղ է օգնել պատում կառուցելու տրավմատիկ փորձառության համար և համահունչ արտահայտություն տալով` օգնելու մեղմացնել ախտանշանները կամ փոխելու դրանց ընթացքը: Ուսումնասիրվում են միջսերնդային փոխազդեցությունները ցեղասպանության վերապրողների ու նրանց ժառանգների միջև, ցեղասպանության ֆիզիկական, էմոցիոնալ ու հոգևոր հետևանքները և այլն:

Բայց այս ողջ հետազոտական աշխատանքների փոքր մասն է հայկական ցեղասպանության մասին ու հայաստանյան գիտական ներուժով արվում: Պարզ է, որ Սովետի ժամանակ որոշակի արգելքներ կային ե՛ւ քաղաքականության, ե՛ւ գիտության վրա, եւ անկախությունից հետո միանգամից չէին հայտնվելու, օրինակ, հոգեվերլուծաբաններ ու այլ լուրջ մասնագետներ: Իսկ գիտության հանդեպ էլ անկախ Հայաստանի ողջ ընթացքում վարվող պետական, այսպես ասած, «պրագմատիկ» քաղաքականության պատճառով Սամ Իսրայելյանի հարցերի մասին ուսումնասիրություններ ստիպված ենք փնտրել ուրիշ երկրներում արված գիտական աշխատանքների մեջ:

Արժե որոշ օրինակներով ցույց տալ նման հետազոտությունների կարեւորությունը: Օրինակները` հաջորդիվ:

Վիոլետ Գրիգորյան

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.