Եթե կամայական ֆուտբոլասերի հարցնես՝ արդյո՞ք նրան դուր կգա ցածր տեմպով խաղացվող եւ նվազագույն հաշվով ավարտվող ֆուտբոլը, նա, ամենայն հավանականությամբ, կպատասխանի՝ ո՛չ: Բայց չնայած սրան՝ շատերը շարունակում են երկրպագել Իսպանիայի հավաքականին, որի խաղը մեծ հաշվով հենց այդ է՝ դանդաղ, հակառակորդին խեղդող, հանդիսատեսին քնեցնող, անվերջ պասերով մեկ-զրո: Կարեւորը հաղթական արդյունքն է: Ու եթե 4 կամ 2 տարի առաջ այդ ոճը դեռ նոր եւ թարմ էր թվում եւ, արդյունավետությամբ հանդերձ, գուցե հանդիսատեսին գրավող, ապա այս առաջնության ընթացքում այն արդեն նմանվում է դեժավյուի. մեկը մյուսից չտարբերվող, ինտրիգից ու պայքարից զուրկ խաղեր աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի մասնակցությամբ: Ո՞վ չքնեց ամսի 23-ի Ֆրանսիա-Իսպանիա քառորդ եզրափակչի ընթացքում:
Իհարկե, ֆուտբոլային պրոֆեսիոնալիզմի, տեխնիկայի եւ մարտավարության տեսակետից սա գուցե անգերազանցելի է: Բայց ֆուտբոլը վերջին հաշվով մասնագետների համար չէ, այլ սովորական հանդիսատեսի, որոնց թվին եմ պատկանում ես: Գուցե շատ բան չեմ հասկանում տեխնիկայից ու տակտիկայից, բայց գիտեմ, որ 26 տարի է, ինչ հետեւում եմ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, եւ 28 տարի էլ ֆուտբոլ եմ նայում ոչ թե այն պատճառով, որ բան ու գործ չունեմ, այլ որովհետեւ մեծ հուզական հաճույք եմ ստանում այդ խաղից…
Շատերը չեն սիրում պաշտպանողական ոճը ֆուտբոլում: Հակաֆուտբոլ են կոչել եւ կոչում ավանդական իտալական կատենաչիոն, Մաուրինյոյի մարզած թիմերի ֆուտբոլը, 2004-ի հունական «ավտոբուսը», Չելսիի այսօրվա ոճը…: Ես երբեք այն կարծիքի չեմ եղել, թե պաշտպանողական ֆուտբոլն ավելի վատն է, քան բացն ու հարձակողականը: 2004-ի հույները մի քիչ ծայրահեղություն էին, բայց իտալական ոճը կամ այն խաղը, որով Չելսին այս տարի հաղթեց Բարսելոնային ու Բավարիային, ապահովում են լարված խաղ, պայքար, ազարտ, բարձրացնում են գոլի գինը նույնիսկ, եթե այդ գոլը միակն է, եւ նույնիսկ, եթե խփում է այն թիմը, որը ողջ խաղի ընթացքում մի երկու գրոհ է անց կացրել: Հանդիսատեսի համար, որը սիրում է բազմազան ֆուտբոլ այսքանը բավական է, որպեսզի նա ուշադիր հետեւի խաղին: Այդ ոճով խաղացող թիմերի մասին ասում են, որ նրանք արդյունքի համար են խաղում, ինչը, իբր, ֆուտբոլային չէ, լավ չէ: Իսկ, այ, իսպանացիները, չգիտես ինչու, համարվում է, որ գեղեցիկ են խաղում, նույնիսկ՝ ոչ պրագմատիկ….:
Ֆուտբոլի գեղեցիկը, մեր մեջ ասած, պայքարն է: Իսկ ինչ վերաբերում է պրագմատիզմին, ապա, ըստ իս, ամենապրագմատիկ եւ միայն արդյունքին ուղղված ֆուտբոլը հենց Իսպանիայի այսօրվա ոճն է: Եթե պաշտպանողական ֆուտբոլի 1-0-ի մեկ գոլի գինը թանկ է և դրանով էլ խաղը նայվում է՝ չնայած քիչ գոլերին, ապա իսպանական ոճով 1-0-ի գոլի գինը չափազանց ցածր է. քնեցնենք բոլորին ու վերջում թաքուն մի գոլ ծնցնենք: Չկա ավելի հաշվենկատ, պարգմատիկ, միայն արդյունքի վրա խաղացող թիմ, քան այսօրվա իսպանացիներինը: Նրանցն է իսկական հակաֆուտբոլը, ֆուտբոլի միայն մեկ կողմը, մեկ հնարը գերուռճացնելու շուրջ կառուցված մարտավարությունը, նրանց ոճն այսօր յուրահատուկ անեծք է ֆուտբոլի գլխին, եւ եթե հակադեղը չգտնվի, ապա ֆուտբոլը կհայտնվի հերթական ճահճում:
Շատերն ասում են, բան մի ասեք իսպանացիներին, նրանք գեղեցիկ ֆուտբոլ են խաղում: Ինձ թվում է՝ այդ դեպքում մարդիկ դատում են ոչ այնքան ըստ իրենց տեսած խաղային իրականության, որքան ինչ-որ հին հուշերով: Մեր պապերի ժամանակ եղել են «գեղեցիկ» խաղացող բրազիլացիներ ու «մեքենայի պես ճշտապահ» գերմանացիներ: Մնացած թիմերն էլ դասակարգվել են ըստ այդ երկուսից մեկին մոտիկության: Իսպանացիների «գեղեցիկ» խաղալն ընկնում է «բրազիլական» այդ կարոտախտի «ծիրին մեջ»: Վաղուց արդեն հազար ու մի բան է փոխվել: Օրինակ՝ 2010-ի աշխարհի առաջնության ժամանկ գերմանացիները խաղում էին շատ ավելի ուրախ, բաց ու գոլառատ ֆուտբոլ, բայց, միևնույն է, հին պատկերացումները գործում են: Այսօր թիմերի ավանդական ազգային մարտավարական առանձնահատկություններն այնքան էլ վառ ընդգծված չեն. նայած պահի, մարզիչի, մրցաշարի՝ տարբեր հավաքականներ խաղում են տարբեր ֆուտբոլներ: Եթե «գեղեցիկի» կողմնակիցներն ազնիվ լինեն իրենք իրենց հետ եւ փորձեն հիշել, թե 2010-ի առաջնությունից հատկապես ո՞ր խաղերն են մնացել իրենց հիշողության մեջ՝ Գերմանիա-Անգլիա, Գերմանիա-Արգենտինա, Հոլանդիա-Բրազիլիա, Հոլանդիա-Ուրուգվայ, թե՞ Իսպանիա-Պորտուգալիա, Իսպանիա-Պարագվայ, նույնիսկ՝ Իսպանիա-Գերմանիա, ապա, կարծում եմ, պատասխանն ակնհայտ է: Գոնե «գեղեցիկի» ու բացի կողմնակիցները պետք է առաջին շարքի խաղերը հիշեն, այլ ոչ թե իսպանական 1-0 անվերջ սերիան՝ դանդաղ ու հոգնած խաղի ընթացքում «ծնցրած» գոլերով: Գեղեցիկ խաղ վաղուց չկա: Կա չոր, պրագմատիկ, միայն արդյունավետության վրա խաղացող, խաղը սպանող ու խեղդող իսպանական անշունչ մեքենա, մոնստր, մուտանտ, որը, ֆուտբոլի մի տարրը հասցնելով կատարելիության, սպանել է մնացած ամենը: Ով ազատի մեզ այս հրեշից, նա էլ թող դառնա Եվրոպայի չեմպիոն:
June 26th, 2012 at 5:22 pm
Շատ Ճիշտ ես Հրանտ ջան… Կարծում եմ` իտալացիները ավելի դիտարժան խաղ են ցուցադրում, քան իսպանացիները: Այս առաջնության շրջանակներում իհարկե: