Եթե Հայաստանի հավաքականը չի խաղում ո՞ւմ պիտի բալետ անես: Անգլերենի մասնագետները՝ անգլիային, նացիոնալիստներն ու ինտելեկտուալները և իմ ծանոթ մի իրավապաշտպան՝ Գերմանիային, իտալական տեմպերամենտի սիրահարները ու իտալիանո աղջկերքը Իտալիային:
Ես չունեմ իմ երկրորդ երկիրը ու չեմ կարող հայ տղամարդու պես պնդել՝ սաղ կյանքս մի երկրի եմ բալետ անում, բայց միշտ լինում ա մի թիմ, որի համար խելքս գնում ա, էն թիմը ում խաղը ամենաշատն ա դուրս գալիս: 80-90-ականներին Մարադոնայի խաթեր Արգենտինան էր, մինչև 2008թիվ խելքս գնում էր Բրազիլիայի համար: Մեկ էլ զգացի որ կամաց-կամաց դավաճանում եմ Բրազիլիային ու նվիրվում Իսպանիային: Ժամանակին միայն մի Ռաուլ ունեցող երկիրը հիմա էնպիսի թիմ ունի, ուր ամենալավ ժամանակվա Ռաուլը պահեստային կլիներ:
Ու էրեկ երբ Եվրոպայի առաջնության եզրափակիչում Իսպանիան չորս զրո կրեց Իտալիային, չորս անգամ գոլ գոռալուց հետո հասկացա, որ աշխարհում Իսպանիայի պես թիմ չի եղել:
Միայն Բրազիլիայի լավագույն հավաքականները կարելի ա կռվցնել Իսպանիայի հետ: Բայց վստահ եմ, որ եթե հնարավոր լիներ խաղային, դրանց բոլորին էսօրվա Իսպանիան կկրեր, և ոչ միայն աշխահի չեմպիոն դառած Իսպանիան, այլ հենց Եվրոպայի առաջնությանը հաղթած էս թիմը՝ առանց Պույոլի ու Դավիթ Վիլյայի:
Բրազիլիայի լավագույն հավաքականները միշտ աչքի են ընկել հանճարներով, ու լիքը թերություններով՝ կամ պաշտպանությունն ա անհաջող եղել, կամ դարպասապահը քուչի գնդակ բռնող ա եղել: Էն մարզիչները, որոնք փորձել են պաշտպանություն ուժեղացնել քաշվել են: Մենակ 94թվին Բրազիլիան քիչ թե շատ պաշտպանական ֆուտբոլով աշխարհի չեմպիոն դառավ, էն էլ պենալներով կրեց Իտալիային, ախմախ Բաջոն 11 մետրից գոլ չկարացավ խփի: Մեկ էլ Բրազիլիայի բախտը բերեց, երբ Մարադոնային ու Կանիջային որակազրկեցին ու Արգենտինան թռավ:
Իսկ Իսպանիայի թազա հավաքականում սաղ են հանճար՝ դարպասապահից սկսած հարձակվողներով վերջացրած, նրանց խաղի համեմտությունը ցլամարտի հետ շատ տեղին ա՝տասնմեկ տորեադոր հալից գցում են 11 ցլերի, երկրպագուների՝ օլե վանկարկության ուղեկցությամբ:
Իսպանացիները ֆուտբոլի մեջ մի ստերեոտիպ կոտրեցին, ստերոտիպը՝ թե լավ խաղը էն ա, ուր շատ գոլ են խփում: Ու հին ստերեոտիպով ֆուտբոլի բալերշչիկները գժվում են Իսպանիայի խաղից, մանավանդ Իսպանիա-Պորտուգալիա խաղից հետո, դուրս տալիս, թե իսպանացիները հակաֆուտբոլ են խաղում, չեն թողում որ գոլ լինի: Հա, կան հավաքականներ, ինչպես 2004-ի Հունաստանը կամ 90-2000-ականների Գերմանիան, որ ֆուտբոլը վեր են ածում Ստալինգրադի պաշտպանության ու արանքում, որ հարմար ա լինում, գոլ են խփում ու կրած դուրս գալիս: Բայց նույնը չեն Իսպանիայի առանց գոլերի խաղերը, եթե «հակաֆուտբոլ» խաղացողների ձեռը գնադակը քիչ ա հայտնվում, Իսպանացիների դեպքում ճիշտ հակառակն ա, համեմատաբար մի քիչ լավ հարձակում ունեցող թիմերին(Պորտուգալիա, Խորվաթիա), որ չթողնեն գոլ խփեն, ուղղակի չլում են, խաղը դարձնում պար ու ես հմայված 90 րոպե, 120 րոպե նայում եմ պարող ֆուտբոլը, ցլամարտը, որտեղ կարմիր թիկնոցի փոխարեն տորեադորի մոտ գնդակն է: Ու հենց էստեղ, երբ դաշտում 11 վիրտուոզներ անգոլ ֆուտբոլ են խաղում կոտրվում է գոլով ֆուտբոլի ստերոտիպը ու ստեղծվում անգոլ ֆուտբոլի հմայքը: Իսկ մի քիչ թույլ թիմերին էլ էնպես են չլում, որ հակառակորդը ֆուտբոլի մասին մոռացած երազում ա թե երբ գլխապտույտից կազատվի, ինչպես Իռլանդիան, որ ամեն կերած գոլից հետո էլի դարպասի շուրջը վախեցած նապաստակների պես կուչ էր գալիս. նահանջելու տեղ չկա, հետևը սպիտակ գիծն ա: Մինչև հիմա էսպիսի ֆուտբոլ չի եղել, չի եղել, որովհետև չի եղել մի թիմ ուր բոլոր ֆուտբոլիստները վիրտուոզ լինեն և ամբողջ թիմը վերածեն վիրտուոզ մի ամբողջության. Երաժշտության մեջ կան շատ վիրտուոզներ, Սպիվակովի Մոսկվայի վիրտուոզներ, Հռոմի վիրտուոզներ, իսկ ֆուտբոլում միայն մեկն է՝ Վիսենտե դել Բոսկեի Իսպանիայի վիրտուոզները: Էնքան վիրտուոզ են, որ հայրենիքի տնտեսական ճգնաժամը չի ազդում նրանց խաղի վրա:
Ֆուտբոլի մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը կուլ չգնալով հասարակական կարծիքին եզրափակիչը մեկնաբանելիս խոստովանեց, որ մարզադաշտում իսպանացիների անգոլ փոխանցումներով խաղը հաճույքով է նայել, բայց անկեղծ չէր, թե հեռուստացույցով այդ հաճույքը չես ստանում: Բախտս չի բերել, մարզադաշտում Եվրոպայի առաջնություն չեմ նայել, բայց էլի ուրախ եմ որ Իսպանիայի համ գոլերով համ անգոլ ֆուտբոլը հեռուստացույցով նայեցի: Մյուս հաղորդավարը՝ Արմեն Մելիքբեկյանը, ով հեռուստատեսության լավագույն ֆուտբոլի մեկնաբանն է, եզրափակիչում էնքան շատ էր տրվել զգացմունքներին, որ Իսպանիայից պահանջում էր վերադառնալ էն ֆուտբոլին, էն անգոլ ֆուտբոլին որին ինքն էլ էր դեմ: Չէր թաքցնում Իտալիայի պարտության համար հուզմունքը ու փորձում էր համոզել Իսպանիային որ էլ գոլ չխփեն, չէ որ Իտալացիների բախտը չբերեց՝ 10 հոգով են խաղում: Բայց բախտի հարց չկար, առաջին խաղակեսում էրկու գոլ ուտելուց հետո Իտալիայի մարզիչ Պրանդելլին խուճապի մեջ ընկավ, իրան կորցրեց ու դեռ թիմերը 50 րոպե չխաղացած իրեք փոփոխությունն էլ արեց ու տնկվեց՝ Մոտտայի մկանը ձգվեց ու թիմը մնաց 10 հոգով: Ի՞նչ, իսպանացիները պիտի ասեին՝ վայ խեղճ իտալացիներ, էլ գոլ չխփե՞նք: Այ քեզ բան, այ հիմա գոլառատ ֆուտբոլ դու տես: Արմենին Իսպանիան չլսեց՝ կամ հայերենը չհասկացավ, կամ էլ ձայնը չէր հասնում դաշտ ու չորրորդ գոլը խփեց: Մի քիչ հավես անեին ու մի քիչ ճիգ թափեին մի իրեք գոլ էլ կխփեին: Ո՞վ էր տեսել որ եզրափակիչ խաղը պրծներ 60-րդ րոպեում, իտլացիները աստված էին կանչում որ 30 րոպեն շուտ թռնի, խաղը պրծնի:
July 2nd, 2012 at 1:18 pm
փաստորեն ես «անգլերենի մասնագետ եմ» դրա համար եմ Անգլիային բալետ անում))))
July 2nd, 2012 at 3:39 pm
Իսպանիան իրոք բոլոր ժամանակների լավագույն թիմերից մեկն է, եթե ոչ լավագույնը: Երևի միայն հիմիկվա Բարսելոնան խաղի որակով կհամեմատվի Իսպանիային հավաքականին, չնայած հենց այդպես էլ պիտի լիներ, քանի որ երկու թիմերում էլ նույն ֆուտբոլիստներն են տոն տվողները:
P.S.Բաջոն, ֆուտբոլի հանճարներից մեկն է, բոլոր ժամանակներում էլ ամենավառ ֆուտբոլիստները վրիպել են: Չնայած հասկացա, որ կատակով եք ասում ախմախ բառը, բաըց ես այնքան եմ նրան սիրում, որ վատ զգացի))))
July 4th, 2012 at 5:13 pm
Ով էր տեսել եզրափակիչ 4:0 հաշվով, ինչ-որ չեմ հիշում, հիշում եմ միայն պենալներ, պենալներ, պենալներ….
July 30th, 2012 at 12:12 pm
hishir 98 tviny