Սերժը Ռուբեն Հայրապետյանի խիղճն է

Մինչև չճնշես, «խիղճ» չի առաջանա նույնիսկ այնպիսի անխիղճ մարդկանց մոտ, ինչպիսիք են երկրի նախագահն ու նրա մտերիմ Ռուբեն Հայրապետյանը:

Էս անգամ իշխանությունը չկարողացավ մարսել հերթական սպանությունը, սպանվողը՝ Վաեհ Ավետյանը բանակի սպա էր, և նախագահը պետք է նաև պատասխան տար այս անգամ հասարակության աջակցությունը վայելող բանակի հրամանատարության առաջ՝ ո՞ւմ ես ընտրում՝ բանա՞կը, թե՞ Նեմեցին:

Նախագահի հրահանգով Հայրապետյանը դարձավ խիղճ ունեցող ու նախագահի մոտից դուրս գալուց հետո հայտարարեց. «Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց»:

Իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ նա Հարսնաքարի տնօրենի բերանով մեղադրում էր Վահե Ավետյանին, թե իբր հարբած կռիվ են սարքել ու պատժվել:

Նախագահի լրատվամիջոցներն էլ դեռ մինչև երկուշաբթի երեկո շարունակում էին փրկել իշխանությանը, հանրապետական կուսակցությանն ու մասնավորապես Ռուբեն Հայրապետյանին: Հանրային հեռուստատեսությունը ուղղակիորեն պատասխանատվությունից ազատում էր Հայրապետյանին ու պատասխանատվությունը գցում հասարակության վրա, կիրակնօրյա «Հայլուրով» Գևորգ Ալթունյանը սկսեց Հայրապետյանի փաստաբանություն անել. «Վահեի մահը պայմանավորել  ռեստորանի սեփականատերի անձով կարճամտություն է»: Իսկ արդեն երկուշաբթի իր «Տեսանկյունով», աչքերն ոլորցնելով, առանց Հայրապետյանի անունը տալու, համոզում էր, թե նա չի մեղավորը,  հանցագործությունը մեր մեջ պետք է փնտրել. «Վահեի ողբերգության մեջ մենք պարտավոր ենք մեր մեղքի բաժինը տեսնել» (եթե «մենքի» փոխարեն «ես» ասեր, ճշմարտությանը մոտ կլիներ, ինքը մի մասն է իշխանության թայֆայի): Բժիշկներին կոնկրետ իշխանավորի՝ հանրապետկան պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, կոնկրետ թիկնապահներ ջարդում են, մեկին էլ սպանում, բայց Ալթունյանը հաղորդումը մանկապարտեզում հեքիաթի ժամի վերածած՝ հայտարարում է, թե սպանողները աներևույթ են. «իրականում ներքին թշնամու հետ կռիվ տալն անհամեմատ բարդ է, քան արտաքինի հետ, արտաքինը երևում է, մարմին ունի, զենքը ձեռքին իր բնակության վայրը, իր սահմանն ու խրամատը, անուն ազգանունը, և այլն, ներքինը աներևույթ է, այն հնարավոր չէ տեսնել կամ լսել, այդ պատճառով էլ ներքինի դեմ պայքարը անհամեմատ բարդ է»: Ալթունյանը  իշխանության համակարգի բռնությունները հավասարեցնում է ամենուրեք, ամեն երկրում պատահող կենցաղային ծեծկռտուքներին ու դրանով սրբացնում ու պատասխանատվությունից ազատում իր շեֆերին. «Վահեն ոչ առաջինն է, ոչ վերջինն է լինելու, բավական է տեսնել քեֆ անելու կուլտուրան, երբ երկրորդ-երրորդ բաժակից հետո մարդկանց որոշակի խավ թարս նայող է փնտրում գլուխը կոտրելու համար»: Սահման կա տիեզերքին, սահման չկա Ալթունյանի՝ իշխանությանը ծառայելու պատրաստակամությանը:

Իշխանությանն օգնության հասավ նաև Հայ առաքելական եկեղեցին, երկուշաբթի հանրայինով «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Կոմիտաս վարդապետը, Հարսնաքարի ողբերգության պատասխանատվությունը հանելով իշխանության վրայից, այն բարդեց իտալական մաֆիայի մասին ֆիլմերի և սերիալների  վրա. դուրս եկավ՝ թիկնապահները տունը նստած սերիալ են նայում ու հետո դուրս նետվում, որ մարդ սպանեն, ու խեղճ Նեմեցն էլ չի հասցնում հսկել, որ սերիալ չնայեն (նույնն ասել է նաև հոգեբան Կարինե Նալչաջյանը): Ինչքա՜ն նվիրված են նրանք իշխանությանը, որ նրան արդարացնում են՝ սեփական ինտելեկտը ճնշելու գնով ու այնպիսի հիմարություններ դուրս տալիս,  որ դուրս է գալիս, թե հանցագործությունները, Աբելի  սպանությունից մինչև առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմներ, միայն մի մոտիվացիա ունեն՝ սերիալները ազդեցությունը: Վարդապետ՝ իսկ գուցե Պիղատոսը Մել Գիբսոնի «Քրստոսի տանջանքները» ֆիլմը նայելուց հետո՞ խաչեց Քրիստոսին):

Բայց իշխանության լրատվամիջոցներն էլ Հայրապետյանի բարոյական կերպարը կերտող հանրապետականներն էլ  չկարողացան դիմադրել հասարակության ցասմանը և բանակի լուռ զայրույթին: Եվ նախագահը արեց այն, ինչ միշտ անում է. իր կամակատարների արած ճիգերը դեն նետեց ու ցույց տվեց, որ ինքն է որոշում, թե ով է պատասխանատու, ու նաև այդ պատասխանատուի խղճի չափը: Դրա համար անհրաժեշտ էր նկարել, թե որտեղից դուրս գալուց հետո է Հայրապետյանը մանդատը վայր դնում ու ասում, որ ինքն իրեն մեղադրում է:

Վահան Իշխանյան

26 Responses

  1. Tsovinar Says:

    ՍՍ խղճի գեներատոր

  2. Kovinar Says:

    ՎԻ խղճի դատավոր

  3. Datavor LLC Says:

    կովերի դատավոր

  4. Datavor LLC Says:

    kovinar

  5. manulo Says:

    շշել ես

  6. ԴԱՎԻԹ Says:

    Տեղը տեղին էր:

  7. SS Says:

    սերժի վկաներ

  8. Գևորգ Ալթունյան Says:

    Պարոն Իշխանյան: Գնահատեցի Ձեր` ամբողջից մի քանի դրվագներ հանելու, դրանց շուրջ դատողություններ անելու և այդ դատողությունների հիման վրա եզրահանգումներ ու պիտակավորումներ երկնելու տաղանդը: Բայց եթե Դուք ուշադիր լսել եք ամենը, ինչ ես ասել եմ ու թյուրիացաբար եք հանել Ձեզ “ցանկալի” կտորներն ու դրանք ներկայացրել Ձեզ ցանկալի լույսի ներքո, ապա դա պրոֆեսիոնալ չէ: Եթե դա արել եք միտումնավոր, ապա դա առնվազն կոռեկտ չէ: Նույն հաջողությամբ որևէ մեկը կարող է ամբողջից կտրել հատված, ասենք` Ձեր անուն-ազգանունից և այդ ժամանակ Դուք, Վահան Իշխանյանդ, կդառնաք “Իշ” Վահան, կամ “Խան” Վահան: Դուք միտումնավոր կամ ոչ, բայց չեք խոսում այն մասին, որ ես խոսել եմ երևույթի մասին, այլ ոչ կոնկրետ դեպքի: Դուք բնականաբար, չեք նշում, որ իմ խոսքի մեջ եղել է նաև մեկ այլ միջադեպ` Իջևանում սպանված Խորենի պատմությունը: Իհարկե` Ձեզ դա հետաքրքիր չէ, քանի որ այդ մասին նշելուց հետո Ձեր հանճարեղ սցենարը կտուժեր: Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանին իմ` մեղադրել-չմեղադրելուն, ապա մառազմ է նման բան լսել իրավապաշտպանից, քանի որ գոնե Դուք պետք է որ հրաշալի իմանաք, որ մարդու մեղավորությունը կամ անմեղությունը ոչ Գևորգ Ալթունյանի և ոչ էլ նույնիսկ Վահան Իշխանյանի որոշելիքն է. կան ուրիշ ատյաններ: Հիշեցնեմ, որ Տեսանկյան մեջ, խոսելով մեր բոլորիս մեղքի մասին, ես նշել եմ նաև մեր` լրագրողներիՍ մեղքը` ստեղծված մթնոլորտի հարցում: Հետևաբար, ես խոսել եմ նաև ԻՄ մեղքի մասին: Իսկ ինչ վերաբերում է “իշխանության թայֆայի մաս” կազմելուն, ապա ծիծաղելի է նման բան լսել Հանրային Խորհրդի նախագահի աներձագից: Հարգնանքներով` Գևորգ Ալթունյան

  9. Mar. Says:

    Հիմա որ դուք շուն ունենայիք ու ձեր շունը մարդու կծեր ձեզ պիտի մեղադրեին? եթե նույնիսկ ապացուցված չի շանը դուք եք քսիվ տվել թե հարևանի տուզիկը: ես որ ես եմ շանս բերանը դնչակալ եմ հագցնում դե գիտեմ անասունա բա որ ու մեկել… խառը թվեր ենք ապրում

  10. Վահան Իշխանյան Says:

    Գևորգ Ալթունյան, Չեմ պատրաստվում ձեր բոլոր հաղորդումները ամբողջությամբ մեջբերել ու տարբեր հաղորդումներում արտասնած ձեր նույն պնդումները շարել: Իջևանում Խորեն Հովհաննիսյանի դանակահարության պատմության մասին խոսելն ու «երկրորդ-երրորդ բաժակից հետո մարդկանց որոշակի խավ թարս նայող է փնտրում գլուխը կոտրելու համար» նույն շարքից են, ուրեմն մի մեջբերումը լրիվ հերիք է(լավ կլինի կիրկանօրյա հայլուրն էլ ինտրենտում դնեք): Իսկ էդ հանցանքների մասին խոսելը մի նպատակ ունի՝ իշխանության խաթեր երկու տարբեր երևույթներ դարձնել մի երևույթ ու հեռուստադիտողին շփոթեցնել: Այսինքն մի երևույթ՝ շարքայն հանցագործությունը, որ բնորոշ է յուրաքանչյուր երկրի, և մեկ այլ երևույթ՝ իշխանավորի կատարած սպանությունը ներկայացնել որպես միևնույն երևույթ և հանցագործության պատասխանատվությունը շաղ տալով բոլորի վրա արդյունքում իշխանությանը պատասխանատվությունից ազատել: Ուրեմն, տարբեր ռեստորաններում կատարված հանցագործությունները սաղացնել որպես մի տեսակ հանցանք՝ ռեստորանային հանցագործություն, չի ստացվելու, էդ պրյոմները նկատողները քիչ չեն:
    Իսկ պրոֆեսիոնալիզմից չի կարող խոսել մեկը ով ստերով ու հերյուրանքներով է լցնում եթերը: Եհովայի վկաներին զրպարտելու համար կարծեմ ներեղություն չեք խնդրել, հանարայինն էլ հերքեց ձեր ստերը:

  11. Գեւորգ Ալթունյան Says:

    Եւս մեկ անգամ համոզվեցի Ձեր՝ վատ ընկալունակության հարցում: Բայց դա բացառապես Ձեր խնդիրն է եւ առանձնապես ինձ չի էլ հետաքրքրում: Աստված Ձեզ հետ:

  12. Datavor LLC Says:

    Հարգելի Վահան,
    Իսկ Ձեր կարծիքով եթե Գևորգ Ալթունյանն իրականում մեղադրեր Ռ.Հ-ին, նրան Հանրայինում եթեր կտային????ԻՀԱՐԿԵ ՈՉ…Այնպես որ, հարգելի Գևորգ, պետք չի մարդկանց աչքին թոզ փչել…

  13. AZAT Says:

    Bravo Վահան. Ես հիացած եմ ձեր ռացիոնալ,արդար դիտարկումներով,իսկ քննադատությունը շատ տեղին էր:
    Ես շշմած եմ Ալթունյանի ցուցաբերաց մոլեռանդությունից, սարսափելի է:

  14. Armen Says:

    Paron Altunyan,hargum em dzes.bayc karcum em charje hivand obijnikneri het glux dnel.

  15. Kovinar Says:

    Պարոնայք, մեզ համար պարզ է այլևս, որ հանրությանը մոլորեցնելու հարցում երկուսդ էլ կաք. պարզապես` տարբեր մոտեցումներով, մեկ-մեկ էլ` հակառակ բևեռներից: Մեկը դա անում է հանուն իշխանության, մյուսն էլ` ի պետս. ըստ պահի դերաբաշխման:

  16. Armen Says:

    AZatin
    փողին մուննաթ

  17. Armen Says:

    Ապրի Վահանը,լավ էր

  18. Armen Says:

    Իսկ հարսնաքարի դեպքի համար մեկ մեղավորը իհարկե Սերժն ա,որի իշխանությունը հիմնված ա նեմեցական բանդաների վրա..

  19. Մ. Says:

    Ալթունյան ջան ես Ձեզ շատ լավ եմ հասկանում, ուղղակի կան մարդիկ որ եղածն ներկայացնում են ինչպես իրեց է հարմար կամ ինչպես հրամայում են…

  20. ՇԱՎԱՄԻ Says:

    Գևորիկ, կոմեդիաներից կտորներ ցուցադրելու փոխարեն լավ կլինի Նեմեցի բռնություն քարոզող հարցազրույցների կտորները դնես, որպես ապացույց այն բանի, որ իր ձեռքի տակ աճեցրած զոմբիները հենց էդ քարոզներով են սնվում: Բայց մի հարցում իհարկե ճիշտ ես. հենց ձեր` լրագրողների մեղքն էլ կա սրանում, որ լսելով նրա լրագրողների հասցեին արված գռեհիկ արտահայտությունները, ոչ մի միջոց էդպես էլ չեք ձեռնարկել կարգի հրավիրելու համար: Ու հիմա ազգովի վայելում ենք բիրտ ուժի դառն ու արյունոտ պտուղները:

  21. AVG-law Says:

    Հարգարժան Գևորը մի ժամանակ Կենտրոնով աջ ու ձախ թրատում էր իշխանակական վեցականներին հետո եղավ փողը ու պաշտոնը – փոխեց դավանանքը և տաղանդը այլ ասպարեզում սկսեց կիրառել.
    մեղադրելը լրագրողի կողմից ”մառազմ” չի հարգելիս, դա հասարակական քննադատության, երևույթի դեմ դիրքորոշման, պայքարի մի ձև է , ոչ ոք չի ասում որ դուք կալանավորեք որևէ մեկին

  22. Artur Says:

    Հալալա Ալթունյանին, էտ Վահան կոչեցյալին լավ շշպռեց, լավ տեղը դրեց:

  23. Vahanin Says:

    Շատ կասկածելիա, թե ինչու է վահանը պաշտպանում եհովայի վկաներին, ուրեմն դու էլ ես եհովա` վահան:

  24. Artur Says:

    Անարդարա, իմ գրառումները ջնջում են:

  25. Vazken Says:

    Harkeli Brn Vahan, Kevork Altunyane u nra besnere bashdonya martig en, poghi hamar bidi esen u gartan inch vor telatrvadz e irents aylabes ge gortsnen irents bashdone.

    shad me tents hayer gan voronk ge bashdbanen tser hagarag desagede barzabes “i bashdone” arants hamozvelu, ge hishetsnen ints arapnere voronk Saddamin ge dzapahareyin, poghotsum tsuyts anelov yertum gdayin mernel nra hamar, hents vor Saddame dabaletsav nuyn et martige irents “tapichkiov” dzedzum eyin saddami ngare….gam kare artsane…

  26. Բացե՛ք ձեր աչքերը, մհերներ ու շարմազանովներ | Arm Version Says:

    [...] Կոնկրետ հանցագործության նման «խոհափիլիսոփայական» ընդհանրացումը իշխանական դիսկուրս է, որը բազմապատկում է մեղավորներին ու դրանով էլ մեղքն ու պատասխանատվությունը հեռացնում կոնկրետ ոճրագործից` տարածելով դա բոլորեքյան ու ենթատեքստում հասնելով մինչև Mea Culpa: Նման օրինակ կարող ենք տեսնել Վահե Ավետյանի սպանության իշխանական արձագանքներում, որին անդրադարձել է Վահան Իշխանյանը (http://www.tert.am/blog/?p=3490#more-3490): [...]

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.