«Երանի մենք այնպես հավատայինք ինչպես Այիշեն է հավատում, ես նկատի չունեմ Աստծո հավատը»,- մոլլայի խոսքը Ահմադ Ռեզա Մոթամեդի «Ալցհեյմեր» ֆիլմի բանալին է:
Ոսկե Ծիրանի բազմաթիվ տպավորություններից ամենավառը Այիշեն է իր հավատով ու համոզվածությամբ, որոնք չկարողացան սասանել նույնիսկ ճշմարտության երկու տիրակալները՝ կրոնն ու գիտությունը:
Ֆիլմի գլխավոր հերոսը հավատն է՝ կնոջ հավատը, որ իր ամուսինը՝Ամիրը քսան տարի առաջ չի այրվել, նա ով թաղվել է իր ամուսինը չի, որ գալու է այն օրը, երբ ամուսինը կհայտնվի, և ահա նա եկել է, փողոցում հայտնված աճպարարը, ով իրեն ներկայացնում է որպես Ամիր, կախել է վզից թերթում տպագրված ամուսնու նկարը: Այո, Այիշան վստահ է, որ հենց նա է Ամիրը(Այիշեն ընտանքից գաղտնի թերթում հայտարարություն էր հրապարակել, որ փնտրում է կորած Ամիր Ղասեմիին):
Այշեի եղբայրը, Ամիրի եղբայրը, մոլլան վստահ են, որ աճպարարը Ամիրը չի, որ ավանտյուրիստ է, որ ցանկանում է Ամիրի անվան տակ ընտանեկան բարեկեցությունից օգտվել, համոզում են Այշեին, որ հրաժարվի նրան ամուսնու տեղ ընդունելու մտքից: Սակայն Այշեն անդրդվելի է: Նույնիսկ բանտից եկած աճպարարի հանցագործ ընկերն է վկայում, որ բանտում այդ մարդուն ինքն է ցույց տվել թերթի լուսանկարը և համոզել ներկայանալ որպես Ամիր, բայց Այիշեի հավատը չի սասանվում: Հանդես է գալիս ամենամեծ հեղինակությունը՝ գիտությունը, Այշայի և Ամիրի դստեր ու աճպարարի արյան անալիզները ցույց են տալիս, որ այդ մարդը դստեր հայրը չի, Ամիրը չի: Ոստիկանությունը Այիշեի հարազատների բողոքի հիման վրա նրան ձերբակալում է որպես խաբեբա: Սակայն ի՞նչ է գիտությունը Այիշեի հավատի դիմաց, այդ մեզ անծանոթ, առանց փաստերի հավատը, մի օտարացած հավատ, որին ոչ ոք չի կարողանում հաղորդակցվել: Ի վերջո հավատը հաղթում է, ստիպում է տեգրոջը ոստիկանությունից հետ վերցնել բողոքը և մյուս հեղինակությանը՝ կրոնին, նրա ներկայացուցչի՝ մոլլայի միջոցով միջնորդել որ ազատեն աճպարարին:
«Հոգևորականը հանդիսանում է ավանդույթի ներկայացուցիչ, բայց նա ճշմարտությունը տեսնում է ոչ թե լինելու, այլ դառնալու մեջ, այսինքն դոգմատիզմից հեռու է և նույնիսկ կնոջից դաս է վերցնում»,-ասում է ռեժիսորը մեզ՝ Կինո Մոսկվայի սրճարանում:
«Ո՞ր ֆիլմն ես ամենաշատը հավանել»,-հարցնում ա Նունե Հախվերդյանը Կինոթատրոնի նախասրահում:
«Էն պարսկական ֆիմը, Ալցհեյմերը»:
«Վայ, էրեկ ռեժիսորից հարցազրույց վերցրեցի, շատ հետաքրքիր էր»,-ասեց Նունեն հենց էն պահին, երբ շենք մտավ Ահմադ Ռեզա Մոթամեդին : Անգլերեն երկու բառ փոխանակեցինք, բայց Նունեն դա քիչ համարեց, գտավ թարգմանչին՝ Հայանուշին, ու Ջազվեում սկսվեց զրույցը:
Այիշեն այնքան էր սևեռվել մեռած ամուսնու վերադարձի վրա որ դարձել էր անհաղորդ, չշփվող, նրան գժի տեղ են դնում ու տանում հոգեբուժարան: Բայց հիվանդանոցն էլ «չի բուժում», դուրս է գրվում նույն սպասումով:
Հայանուշ- «Մոթամեդին էրեկ ասում էր, որ Ֆիլմի անունը դրել է Ալցհեյմեր, բայց հիվանդը ոչ թե կինն է ում տարել են հոգեբուժարան (կամ հիշողությունը կորցրած աճպարարը), այլ հասարկակությունը, որ մոռացել է անցյալը»:
Մոթամեդին- «Ըստ Պլատոնի, մենք երբեք չենք սովորում, մենք միշտ հիշում ենք, և եթե մենք էն աչքը ձեռք բերենք, որ տեսնում է գեղեցկությունը, կվերագտնենք կորցված ճշմարտությունը»:
Այո, Ալցհեյմեր և ոչ ամնեզիա, ալցհեյմեր՝ հիշողությունը հետզհետե կորցնող զառամյալների հիվանդություն, զառամյալ հասարակության հիվանդությունը:
Հայանուշ-«Հետո Մոթամեդին էրեկ նաև ասում էր՝ եթե մենք ուզում ենք իմանալ ով ենք մենք, կարիք չունենք ԴՆԹ-ի անալիզի: Արևելքում կնոջը հագուստի մեջ թաքցնում են, արևմուտքում դարձնում ապրանք: Ֆեմինիզմին էլ չի հաջողվել կնոջ էությունը բացել: Կինը հիշողությունն է մեր, Հին կտակարանում ասվում է որ կնոջ պատճառով ենք վտարվել դրախտից: Հակառակը, կինն է մեզ դրախտ վերադարձնելու»:
«Ալցհեյմերի» հերոսներից մեկն էլ հանդիսատեսն է դառնում, նրա համար ռեժիսորը մի փոքր կասկած է թողել, որ այնուամենայնիվ կինը կարող է ճիշտ լինել, աճպարարի գանգուղեղի նկարահանումը ցույց է տալիս, որ նա ժամանակին ստացած ինչ որ հարվածից կորցրել է հիշողությունը, իսկ ֆիլմի վերջում էլ նա աճպարարությամբ տեգրոջը տալիս է Ամիրի ու Այիշեի լուսնակրները պարունակող արծաթյա սրտիկ-տուփիկը, որից ուներ նաև Այիշեն. կնոջի՞ց է գողացել, թե՞ ինքն էլ ուներ նույն սրտիկից: Սակայն դա այնքան քիչ է համոզելու համար, որ նա Ամիրն է, մեզ՝ հանդիսատեսին ներկայացվել է գլխավոր փաստարկը, որ նա Ամիրը չէ՝ գիտական հետազոտությունը: Եվ հանդիսատեսն էլ հերոսների պես չի համոզվում, որ նա Ամիրն է, բայց ընկրկում է կնոջ հավատի առաջ:
Ես-«ժամանակին ճշմարտությունը կրոնն էր, որ ներկայացնում էր եկեղեցին, հետո հետզհետե դառնում է գիտությունը, ու մարդուն պարտադրում իր ճշմարտությունը: Կարելի՞ է ասել որ ֆիլմը նաև այդ ճշմարտության պարտադրման դեմ է, որ մարդու սուբյեկտիվ ճշմարտությունը կարող է հակադրվել գիտությանը»:
Մոթամեդի – «Գիտությունը, ճանաչողությունը սահմանափակվում են նրանով ինչ մենք ընկալում ենք զգայարաններով և մարդու անմիջական ճանաչողությունը՝ իրեն, իր աստծուն, այժմ աներևույթ են, դրանք գնացին-կորան: իմ ֆիլմերում ես հիմնվում եմ այն զգացողությունների վրա(այն սենսորների վրա) որոնք կորցրել ենք»:
51- ամյա Ահմադ Ռեզա Մոթամեդին փիլիսոփայություն է դասավանդում Իրանի կինոյի և հեռուստաատեսության համալսարանում: Մինչև այժմ հինգ ֆիլմ է նկարահանել, հինգ տարին մեկ ֆիլմ, ժամանակ չունի ավելին նկարելու: Երիտասարդ ժամանակ տպագրել է մի քանի գրքեր, ասում է որ շտապել է, ու երկար ժամանակ գիրք չի հրատարկել, այժմ պատրաստում է նոր գիրք տպել:
Եթե Հայաստանում կինոյի ուսանողներին դասավանդեր Ահմադ Ռեզա Մոթամեդին, նրանք դժվար թե վատ ֆիլմ նկարեին: Ռեժիսորի հետ զրույցից մի քանի դրվագ.
ես- «Գուգլում հայերեն և ռուսերեն փնտրում է ձեր անունը, անգլերեն դեռ չեմ փնտրել, բերում էր միայն այն, որ ասել եք Փարաջանովը ամբողջ հոլիվուդը արժի, իսկ ֆիլմի մասին գրեթե բան չկար: շատ տարածվեց խոսքը, կուզեի մեկնաբանեք»:
Մոթամեդի – «Հայդեգերն ասում է, որ արվեստը իջեցրել են միայն կոմունիկացիայի մակարդակի, և մոռացել են որ արվեստի առաքելությունը լեզուն է և լեզուն բանաստեղծություն է, այ դա եմ տեսնում Փարաջանովի ֆիլմերում: Հոլիվուդյան կինոները ավելի շատ ինչ-որ բան ուզում են ասել ու ասելիքը սերմանել քո մեջ, իսկ Փարաջանովինը պոեզիա է»:
Նունե- «Կինոն պոեզիա՞ է»:
Մոթամեդի- «Կինոն հայելի է դեպի բնությունը և առաջինը, որ ցուցադրում է հենց տեսանելի պատկերն է: Բայց կինոյի մեջ կարևոր է այն ինչ չի երևում, բոլորը տեսնում են խնձորը ծառից ընկնելը, բայց Նյուտոնը տեսավ ձգողականությունը, այդ թաքնված ձգողականությունն է կինոն:
Ըստ ֆիզիկայի, իրերի լույսն է հասնում մեր աչքին և մենք տեսնում ենք, իսկ պարսիկ գրող Սոհրավարդին ասում է, որ մեր աչքի լույսն է իրը տեսանելի դարձնում: Աչքի լույսը մարդու տեքստն է, ամեն մարդ ունի իր լույսը և կինոն այդ լույսն է, պատկերի հետևի այն տեքստն է, որ չի երևում: Երկու բան կա՝ իրականություն և ճշմարտույթուն, օբյեկտիվի աչքը տեսնում է իրականությունը, ռեժիսորինը՝ ճշմարտությունը, այդ երկու աչքերը ստեղծում են կինոն»:
Նունե-«Իրանական կինոյում շատ բան ասվում է կանանց միջոցով, կնոջը թույլատրվո՞ւմ է ասել այն ինչ տղամարդը չի ասում»:
Մոթամեդի- «Հաֆեզի մեջ էլ կինը միշտ էդ դերն է խաղում, ճշմարտությունը կապվում է կնոջ հետ: Երբ Աստծուց է ուզում խոսի, խոսում է յարի դեմքից, աչքից, այսինքն կինը և ճշմարտությունը կապված են:Եթե աստծո մի լինելու, միակության մասին է ասվում (սա կրոնական բառ է, և թարգմանում եմ մոտավոր-Հայանուշ), խոսում են սիրածի խալից, որ մի հատ է, ամբողջ աշխարհը, գոյությունը մի բան է, մի ամբողջություն, և դա խալով է ներկայանում, խալը դառնում այդ մեկը»:
Նունե- «Հայկական ֆիլմերում պարզ մարդկային պատմություն գրեթե չկա, փիլիսոփայում են առանց պատմության, ձեր կարծիքով ինչի՞ց է»:
Մոթամեդի- «Մոլավին(Ռումի) ասում է՝ փորձեցի խելքի ճամփեն, բայց հասկացա, որ ավելի լավ է խելառ լինել: Խենթություն կա, որ խելքից առաջ է, առօրյա խենթությունն է, բայց կա խենթություն որ ռացիոնալիզմից ու մտածողությունից հետո է գալիս, երբ հասունանում է միտքդ նոր հասնում ես դրան արդեն առանց ռացիոնալության մի ազատության ու խենթության ես հասնում, որ ավելի իմաստուն է քան քո իմաստությունը:
Պարզություն կա, որ բարդությունից առաջ է, երբ դեռ շատ բարդ բաներ չգիտես, կա նաև մյուս պարզությունը, երբ խորանում ես բարդության մեջ ու հասնում պարզության»:
July 15th, 2012 at 6:17 pm
Վահան, այնքա՜ն շնորհակալ եմ, որ հոդածիցդ այսքան մեծ հաճույք ստացա։ Մերսի քեզ։
Հայանուշի և Մոթամեդը շատ հետաքրքիր մտքեր են արտահայտել։ Բայց ես ուզում եմ կենտրոնանալ քո մի մտքի վրա. «ժամանակին ճշմարտությունը կրոնն էր, որ ներկայացնում էր եկեղեցին, հետո հետզհետե դառնում է գիտությունը, ու մարդուն պարտադրում իր ճշմարտությունը: Կարելի՞ է ասել որ ֆիլմը նաև այդ ճշմարտության պարտադրման դեմ է, որ մարդու սուբյեկտիվ ճշմարտությունը կարող է հակադրվել գիտությանը»
Վահան իմ սուբեկտիվ կարծիքով (դե երբ մար մի բան գրում ա, դա արդեն իրա սուբեկտիվ կարծիքն ա) մեր հասարակությունը դա «ճշմարտությունների սուպերմարկետ ա»։ Ամեն մեկը վստահ ա իրա բացարձակության ու միակ ճշմարտության մեջ։
Այ երբ որ գա էն օրը, որ էս ահավոր ճոխ ու իրա էությանը չսազող «հոմո սապիենս» անունը կրող էակները՝ մենք հասկանանք, որ էն ինչ որ կա՝ կրոն, գիտություն, փիլիսոփայություն և այլն դա ընդամենը ԻՄ, ՔՈ սեփական սուբեկտիվ ճշմարտություններն են, այսինքն՝ իրականում գոյություն ունեցողի մեր խեղաթյուրված, մեր անցյալի, կրթության, դաստիարակության և բազմաթիվ այլ ֆիլտրների միջով անցած «ճշմարտության» տարբերակը, այ էտ ժամանակ ես կարծում եմ, որ մեր համար ՄԱՐԴ կամ հոմո սապիենս բառերը ճոխություն չեն համարվի։ Մենք իրար չենք ատի, ճիշտ ու սխալ չենք հանի, կարծիք չենք պարտադրի, որովհետև կհասկանանք, որ էն ինչ որ մեր համար ճշմարտություն ա, էտ ընդամենը մեր պատկերացումն ա ինչ որ մի բանի մասին։ Ու բնականաբար կա նման 7 միլիարդից ավելի ճշմարտություններ (ինչքան մարդ, էտքան էլ պատկերացումներ ու կարծիքներ ճշմարտության մասին)։ Ոչ մեկը մանապոլիա չունի ճշմարտության հարցում (չնայած Հայաստանում մոնոպոլիստները ուժեղ ու շուստրի տղերքն են…..)։
Մի խոսքով ուզում եմ ասել շնորհակալություն։
July 15th, 2012 at 6:41 pm
ամեն անգամ ֆիլմ նայլուց մտածում էի տեսնես կգրես մի բան?(մանավանդ հավանածս ֆիլմի մասին) էն ել բախտս չբերեց, հենց չնայածս ֆիլմի մասին գրեցիր, բայց քո բախտը հաստատ բերեց՝ Մոթամեդիի հետ ծանոթացար
July 15th, 2012 at 7:28 pm
վերջին տողերը կարդալով հիշեցի էն ասածդ խոտի, ավելի ճիշտ մարդու մասին,քանի որ բառացի չեմ հիշում, չմեջբերեմ:հիշեցի. շատ մտածելը մարդուն խոտից դարձնում ա մարդ, իսկ ավելի շատ մտածելուց հետո մարդը վեր ա ածվում խոտի, ոնց որ ճիշտ եմ հիշել:
July 16th, 2012 at 12:39 am
Հարգելի Արթուր, շնորհակալություն տարողունակ մեկնաբանության համար: Նշեմ, որ Հայանուշը փոխանցում էր ռեժիսորի նախորդ օրը արտահայտած մտքերը:
July 17th, 2012 at 4:03 am
Բովանդակալից հոդված է:
Արվեստ/պատկերավորում, հավատ/ճշմարտություն, աշխարհ/իրականություն հակադրություններն են ենթադրվում (կամա թե ակամա, կարևոր չէ):
Պոեզիայի առումով ասածը կարող է առհասարակ արվեստի ձևակերպումը լինել:
Գուցե լեզուն գոյություն ունի պոեզիայի շնորհիվ, և ոչ թե հակառակը. և գուցե ցանկացած մի պատկեր, լինի դա լուսանկարում, կինոյում, և այլն, գոյություն ունի շնորհիվ գեղանկարչությանը:
Կրոն vs գիտություն-ից, հավատ vs գիտելիք -ից եկող տեքստերը արդեն հոգնեցնում են: Պատճառն այն է, որ հավատն ինքնին չի քննարկվում:
Իսկ այս հոդվածում հավատի ֆենոմենոլոգիայի հարց է շոշափվում: Ներեցեք էս վախենալու խոսքի համար:
Աշխարհն էլ հանդես է գալիս որպես զուտ մարդկային (կամ մարդաբանական) երևույթ:
July 22nd, 2012 at 7:09 am
Yev aydpes el ka, ays ashkhar@ khentern en sharjum, bayc yerani te mish khelkic heto yekogh jhentutyun lini, yev vochte myuc@