Քաղաքական պատասխանատվության մասին

Լրատվական եւ քաղաքական դաշտին առավել ուշադիր հետեւողների համար Դ. Շահնազարյանի դուրս գալը ՀԱԿ-ից, կարծես, սպասելի քայլ էր, որի հնարավարությունը նշմարվում էր դեռեւս խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլից առաջ: Սպասելի էր, սակայն, ցավոք նաեւ այն, որ, չնայած այս քայլը բավականին ուշադրության արժանացավ մամուլի եւ մեկնաբանների կողմից, բայց չեմ նկատել փորձ այն տեղավորել ավելի լայն եւ ընդհանուր քաղաքական զարգացումների տրամաբանության մեջ: Երկուստեք կամ չգիտեմ «քանիստեք» ինչ-որ կաղապարային, քարոզչական-հակաքարոզչական մեկնաբանություներից անդին առանձնապես բան չի երեւում: ՀԱԿ-ից «զզվողներ»-ի համար հերթական առիթն է ծիսականի վերածված «քննադատությունը» եւ վարժա-վարդապետական ոճի «բարոյավերլուծությունները» շարելու, իսկ ՀԱԿ-ի կողմնակիցների համար, կարծես, հերթական առիթ է արդարացումներ գտնելու:

Շահնազարյանը, ինչպես եւ մյուսները, անշուշտ իրավունք ունեն թե՛ դուրս գալու ՀԱԿ-ից (ՀԱԿ-ն ի վերջո բանտ չէ), թե՛ քննադատություն հնչեցնելու Կոնգրեսի ներկայիս մարտավարության հասցեին: Բայց այստեղ նաեւ միայն Շահնազարյանի դուրս գալ-չգալու անձնական խնդիրը չէ: Խնդիրն է այն, որ Շահնազարյանը կամ ավելի շուտ իր ներկա դիրքորոշումը խորհրդանշում է մի հստակեցնող միտում:

2008-ի ամռանից Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման հռչակագրով հրապարակվեց իշխանության հետ երկխոսությունը՝ որպես նորաստեղծ ընդդիմադիր շարժման ռազմավարական նպատակ: ՀԱԿ հռչակագրում շեշտված էր, որ որոշակի պայմանների իրականացման դեպքում (եթե հիշողությունս չի դավաճանում, ապա 2008-ին դա միայն քաղբանտարկյալների ազատման պահանջն էր, հետագայում պահանջներն ավելացան) ընդդիմությունը պատրաստ է երկխոսել Սերժ Սարգսյանի վարչակարգի հետ: Իմիջիայլոց նշեմ, որ 2008-ի ամռանը ՀԱԿ-ի ապագա քննադատներից ոչ ոք (նկատի ունեմ նրանց, ովքեր այդ ժամանակ ՀԱԿ-ի ներսում էին կամ համակիրների էին) որեւէ խոսք չասաց երկխոսության որպես հռչակված ռազմավարական նպատակի մասին, այդ թվում նրանք, ովքեր ակտիվորեն քննադատեցին Կոնգրեսին հենց բուն երկխոսության շրջանում: Դա կարող է նշանակել երկու բան՝ կա՛մ այդ մարդիկ հետեւողական չեն եւ հետագայի նեղ խմբակային կամ անձնական տարաձայնությունները փորձել են հիմնավորել «գաղափարականով» եւ «քաղաքականով», կամ էլ, գեղական շուստրիկների տեղ իրենց դրանց, մտածել են, որ՝ ոչինչ, սուս կմնանք, ձեն չենք հանի, մեկ է այդ ամենը «ձեւ է»: Լավագույն դեպքում կարելի է ենթադրել, որ մարդիկ պարզապես անուշադիր են եղել՝ չնայած բարդ է հասկանալ, թե ինչպես կարելի է անուշադիր լինել սեփական քաղաքական շարժման հիմնարար հռչակագրի տեքստի նկատմամբ, եթե դու սովորական սովետահայ «շուստրիկ» չես, որին թվում է, որ ամեն ինչ ձեւ է, խաղ է եւ լոկ խոսք: Իհարկե, այս խոսքերս շատերը մեկնաբանելու են որպես Կոնգրեսն ամեն գնով պաշտպանելու  փորձ: Բայց իրականում սա կոչ է քաղաքական գործընթացների եւ քաղաքական տեքստերի նկատմամբ ավելի ուշադիր լինելու, որովհետեւ անկախ այսօրվա քաղաքական իրավիճակից այդ հատկությունը միշտ էլ օգտակար է եւ երաշխիք քաղաքական գործիչների պատասխանատվությունից խուսափելու փորձերը հասարակության կողմից կանխելու համար:

Ինչեւէ, Կոնգրեսի հռչակագրով ամրագրված այս ռազմավարության գագաթնակետը եղավ 2011-ի ամռանը բուն երկխոսության գործընթացը, որը, ինչպես հիշում ենք, ձախողվեց նույն թվականի աշնան սկզբին: Ինչո՞ւ եմ ասում ռազմավարություն: Որովհետեւ երկու կետերի՝ 2008-ի հռչակագրի եւ 2011-ի երկխոսության արանքում եղած առանցքային իրադարձություններն այս կամ այն չափով մեկնաբանելի են նույն տրամաբանությամբ: Հիշեցնեմ, որ Դավիթ Շահնազարյանն այս ռազմավարության շրջարկում առանցքային դեմքերից էր, ինչ-որ իմաստով նունիսկ կարելի է ասել գաղափարախոսը (իհարկե, հեռու եմ պնդելուց, որ նա միակ պատասխանատուն էր եւ բնականաբար չեմ մոռանում, որ Շահնազարյանը չի կարող ավելի պատասխանատու լինել, քան առաջին նախագահը, բայս այս պահին դա էական չէ, քանի որ Շահնազարյանն է դուրս եկել ՀԱԿ-ից՝ քննադատելով ներկայիս ռազմավարությունը՝ առանց պատասխանատվության փորձի իր նախկին գործունեության համար): Այսպես, օրինակ, 2008-ի աշնանը, երբ որոշում կայացվեց հանրահավաքային պայքարի ժամանակավոր դադարեցման մասին, Շահնազարյանի ելույթը հանրահավաքին դրա հիմնավորմամբ ամենահիշվողներից էր, 2011-ի ձմռանը, երբ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ նոր կոալիցիոն հուշագիր ստորագրելու հարց կար, Շահնազարյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ի թիկունքում կանգած Քոչարյանը փորձում է անկայունություն մտնցել ՀՀ-ում, վերջապես երկխոսության շրջանում Շահնազարյանը գլխավորեց ՀԱԿ պատվիրակությունը եւ գործընթացը նույնիսկ անվանվեց երկու Դավիթների երկոխսություն: Այս ամենը հիշեցնում եմ, ոչ թե որովհետեւ այս պահին ուզում եմ գնահատական տալ որեւէ մեկի քաղաքական քայլերին, այլ որպեսզի այս հիշեցմամբ կամուրջ գցեմ դեպի այսօրվա իրավիճակն ու այսօրվա քայլերը:

Անձամբ ես ինձ որեւէ բարոյական իրավունք չեմ վերապահում քննադատել երկխոսության ռազմավարությունը, քանի որ հրապարակայնորեն պաշտպանել եմ այն: Այսօր էլ համարում եմ, որ անկախ ամեն ինչից երկխոսությունն աննախադեպ էր որպես բաց եւ հրապարակային քաղաքական գործընթաց, եւ Կոնգրեսն այն քաղաքական ուժն է, որը հասարակությանը չխաբեց, այլ իր բոլոր նպատակներն ու քայլերը, այդ թվում ժողովրդականություն չվայելով երկխոսությունը հայտարարեց ու կատարեց ուղիղ տեքստով (եվ սա՝ ի տարբերություն «Սերժը չարյաց փոքրագույնն է» գծի այսօրվա ներկայացուցիչների, որոնց մեծ մասն առայժմ խոսում է ակնարկներով միայն): Ամեն դեպքում, սակայն, կա երկու փաստ: Առաջին՝ երկխոսությունը ձախողվեց: Քաղաքականության մեջ, ցավոք կամ ոչ ցավոք, բայց ճիշտ է դուրս գալիս ոչ այնքան նա, ով ունի ճիշտ տեսական հիմնավորում, այլ նա, ով հաջողության է հասնում, իսկ երկխոսության ռազմավարությունը վերջնական իմաստով հաջողության չբերեց՝ չնայած երբեք չի կարելի մոռանալ, որ ունեցանք քաղբանտարկյալների ազատում՝ որպես այդ գործըթնացի միջանյալ արդյունք: Երկրորդ՝ հենց երկխոսության շրջանում եւ երկխոսության գաղափարի ժողովրդականություն չվայելելու հետեւանքով Կոնգրեսը կորցրեց իր հիմնական ռեսուրսի՝ Հրապարակում հավաքվող զանգվածի մի զգալի մասը, եւ չնայած մնաց որպես Հայաստանում ամենաազդեցիկ ընդդիմադիր միավոր, սակայն, նախկին ուժն այլեւս կորցրեց: Այստեղ է թաքնված մի կարեւոր, ես կասեի՝ վրդովեցնող կեղծիք, որը թույլ են տալիս ՀԱԿ-ից այսօր դուրս եկող շատերը: Նրանք պնդում են, թե ՀԱԿ-ի խնդիրների հիմնական պատճառը ԲՀԿ-ի հետ համագործակցությունն է, եւ դրա պատճառով է, որ մարդիկ ավելի քիչ են վստահում ՀԱԿ-ին: Իրականում բոլորն էլ հիշում են, որ Կոնգրեսին համակրող զանգվածը պակասեց նախեւառաջ երկխոսության շրջանում, որն այսօրվա քննադատողներից շատերը պաշտպանում էին մեծ եռանդով (այսօր, ճիշտ է, որոշները փորձում են պնդել, որ նման բան չի եղել): Լավ էին անում, թե վատ էին անում՝ այլ հարց է, մենք այս պահին խոսում ենք փաստերից միայն, իսկ այս փաստն անժխտելի է:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ համագործակցության, ապա եթե այս պահին մի կողմ թողնենք նաեւ սրա գնահատականը եւ դիտարկենք միայն քաղաքական գործընթացների չոր տրամաբանությունը, ապա ԲՀԿ-ի հետ համագործակցությունը ե՛ւ ժամանակագրորեն, ե՛ւ պատճառահետեւանքային կապի առումով հետեւանքն էր իշխանության հետ երկխոսության ռազմավարության ձախողման: Եվ այստեղ է, որ գալիս է պատասխանատվության պահը: Նախքան ՀԱԿ-ից դուրս գալով ՀԱԿ-ի ներկա քաղաքականությունը քննադատելը, իմ համեստ կարծիքով, այն գործիչները, որոնք առանցքայի՛ն դեր են կատարել երկխոսության ռազմավարության շրջարկում, պետք է սահմանեն սեփական պատասխանատվության շրջանակը՝ հաշվի առնելով այն, որ ներկայիս ռազմավարությունը նախկինի փաստացի հետեւանքն է գոնե մասամբ, եւ մա՛նավանդ հաշվի առնելով այն, որ Դավիթ Շահնազարյանի եւ մի շարք այլ անձանց եւ խմբերի առաջարկն այսօրվա մասին էապես չի տարբերվում երկխոսության արդեն տապալված ռազմավարության տրամաբանությունից:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.