Քեռին

-Քեռի ջան, Մազմանովի երգի բառերը կասե՞ս:

-Բառերը չեմ հիշի, պիտի երգեմ որ հիշեմ: Ու քեռին հեռախոսի մեջ երգում է Մազմանովը, ես գրի եմ առնում:

Գուցե ինչ-որ տեղ, ինչ-որ երգարանում լինե՞ն Մազմանովի երգի բառերը, գուցե փնտրեմ գտնե՞մ, բայց ես երգը լսել եմ առաջին անգամ Քեռուց ու երևի ինքն ավելի վաղ է իմացել երգը քան գրվել է երգարանում:

Քեռին Եպրաքսյա Ոսկանյանն է, թե ինչո՞ւ են քեռի ասում, չգիտեմ: Վերին Սասնաշենից է, սասունից գաղթած ընտանիքի հինգ դուստրերից մեկը, մեր ընկեր Միրոյի մորաքույրը:

Մենք գինի էինք լցնում, հայ ազգի փրկության կենացը խմում ու Քեռին երգում էր, երգում իրար հետևից, տասնյակ երգեր՝ Գևորգ Չաուշ, Մազմանով, Սասնա սարեր, Քելե լաո, Օսմանական զորքը, երգեր որ երբեք չէինք լսել, ու մենք վստահ էինք որ Հայաստանում Քեռուն հավասար երգիչ  չկա, որ ամենալավ երգիչը Քեռին է:

Հետո Սովետը սկսեց փլվել, Քեռու երգած երգերը սկսեցին երգել ուրիշները, նույնիսկ ռադիոյով ու հեռուստատեսությամբ էին երգում: Բայց Քեռին մնաց իմ ամենասիրած հայ  երգչուհին:  Հիմա ճիշտ է, ձայնը մի քիչ նստել է, երգերի մեծ մասը մոռացել է, բայց էլի երևի միակ հայ երգչուհին է ում ժամերով հմայված կլսեմ:

Միրո, ե՞րբ գնանք Քեռու մոտ, երգի մի քանի երգ նկարեմ: Վերջը դասավորվեց, կարողացանք հինգով այցելել Քեռուն՝ Վերին  Սասնաշեն: Երևանից գալիս ենք ես, Աշոտը, Խչոն:  Միրոյին Առուճից վերցրինք, Մկոն Իրինդից իջավ խաչմերուկ: Էսքանս ենք: Թալինի մյուս ընկերները չկան, Թաթուլը զոհվել է, Սուրոն Հոլանդիայում է:

Շտատիվը դնում եմ, ապարատը միացնում: Քեռին երկու-երեք երգ է հիշում: Էհ մոռացել եմ, հիշում եմ էն երգերը, որ Բարսեղիս համար կը երգեմ:

Բարսեղը Քեռու մյուս քրոջ որդին է, Ռուսաստանում է, շաբաթը մեկ-էրկու զանգում է ու խնդրում որ քեռին երգի: Հիմա էլ զանգեց, Քեռին բջջայինի մեջ երգում է, մենք էս կողմից, Բարսեղը էն՝ լսում ենք: Փաստորեն Բարսեղը ամենաշատը սիրում է Գևորգ Չաուշը ու Մազմանովը, էս երկուսն է, որ առանց բառ մոռանալու Քեռին երգում է(առաջին տեսագրությունը):

Երգերի մի մասը գրել է հենց Բարսեղի հայրը՝ Ժորա Հակոբյան: Հիմա ով գիտի՞ որ Ժորան է գրել «Քելե լաո» երգը, իսկ առաջին անգամ երգել է Քեռին:

«Քելե լաոն»  երգեց, բայց Աշոտը Ժորայի գրքին հետևելով բռնացրեց, որ մի տուն բաց է թողել, իսկ մի տուն էլ էրկու անգամ է երգել, ստիպված երկրորդ անգամ Քեռին գրքին նայելով է երգում(Երկրոդ տեսագրության մեջ Քեռին պատմում է «Քելե լաոյի» պատմությունը):

Քեռու բոլոր երգերը Միրոյենք ձայնագրել են, ինչ որ կրիչի վրա  պահում են: Էհ, փող լիներ CD-ով թողարկեինք: Բան չկա, գոնե իմ համար մի CD կձայնագրեմ, որ տանը լսեմ:

Վահան Իշխանյան

9 Responses

  1. Ա Says:

    Իսկապես օվ գիտեր , որ Քելե Լաոն ժողովրդական երգ չի? Շնորհակալություն հետաքրքիր հոդվածի համար:

  2. neo Says:

    Շնորհակալություն

  3. MAMOIAN Says:

    Վա՜յ Վահան ջան ինչ լավ ես արել, նոր զանգեցի մամայիս ուախացավ, որ կլսի Քեռուն, շատ ա սիրում։ Համել քեռու քույրը և իր երեխաները մեզ շատ մոտիկ էին։

  4. Վահան Իշխանյան Says:

    Զինա ջան, ուրախ եմ, որ նոր ընդհանուր բարեկամներ գտանք

  5. H.M. Says:

    էս ինչ հետաքրքիր էր, ապրեք, որ կիսեցիք մեր հետ:

  6. Tsovinar Says:

    իսկականից լավ պատմություն ա:)

  7. Vardapet Says:

    Վահան ջան, շատ եմ խնդրում, Մազմանովի երգն էլ ձայնագրես ու տեղադրես

  8. Vardapet Says:

    Կներես, ուշ նկատեցի, որ մազմանովն էլ կա)))

  9. Նարեկ Says:

    Շատ լավ կլիներ որ թողարկվեր… Իսկ հնարավոր չի՞ ինտերնետում դնել մենք էլ արժանի լինենք լսելու…

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.