Պատմական անցյալով ապրո՞ղ ենք արդյոք

Տարածված կարծիք կա, թե մենք պատմական անցյալով ապրող հասարակություն ենք: Դա բացարձակ պատրանք է: Պատմական իրադարձությունների շուրջ հյուսված կիսաառասպելական պատումները, մակերեսային՝ լրագրողական մակարդակի վերլուծությունները արծարծելը պատմական փորձի հետ կապ չունեցող բաներ են: Մենք ոչ միայն իրականում խիստ անգրագետ ենք մեր անցյալի՝ այդ թվում մոտակա անցյալի նկատմամբ, ոչ միայն շատ նեղ պատմական հորիզոնով ենք ապրում (նույնիսկ 90-ականների պատմությունն իրականում արդեն անցել է առասպելի ոլորտը՝ հյուսվելով չար ու բարի՝ հրեշտակների ու դեւերի, սեւ ու սպիտակի մասին մի վիպականացված պատումների շուրջ, առանց որեւէ անաչառ ու առարկայական դատողության փորձի), այլեւ պարզապես հակապատմական մտածողություն ունեցող հասարակություն ենք: Մեր առաջադիմականները հաճախ ասում են՝ մոռնանանք անցյալն ու ապրենք ներկայով: Զարմանալի է, որ դա համարվում է առաջադիմություն այն դեպքում, երբ այդպես են ապրել ու ապրում ջունգլիներում կորած ցեղախմբերը, իսկ քաղաքակրթության եւ բանականության առաջին քայլերից իսկ նշմարվում են անցյալը բացելու, ժամանակի հորիզոնը լայնացնելու եւ կազմակերպելու փորձերը:

Ինչո՞ւ եմ պնդում, որ մեր հասարակությունն իրականում հակապատմական մտածողություն ունի: Հունարեն ‘ιστορια բառը, որի համարժեքն է մեր «պատմություն» եզրը, նշանակում է «հետազոտություն»: Պարզապես «հետազոտություն»՝ առանց հավելման, թե ինչի՛ հետազոտություն է այն: Այսինքն՝ պատմությունը նախ մտածողության տիպ է՝ հետազոտական, քննադատական, վերլուծական, եւ հետո միայն կոնկրետ առարկա ունեցող գիտական ճյուղ: Պատմությունը դիտակետ է, որով մարդուն՝ որպես հասարակական էակին վերաբերող իրողությունները ենթարկվում են բանական, ապաառասեպալաբանական դիտարկման եւ կազմավորման: Պատմագիտության հայտնվելով՝ մարդն ընդհանրապես առաջին անգամ հանդես է գալիս աշխարհում գործող ենթակա` սուբյեկտ, առաջին անգամ գիտակցում է ինքն իրեն որպես ստեղծող՝ ապամոգականացնելով աշխարհն ու զբաղեցնելով աստվածների տեղը: Այսպիսի դիտակետով մտնում է եւ ժամանակի ընկալումը` առասպելական հավերժ շրջադարձից դուրս: Դրա պատճառով պատմությունը ոչ թե գիտություն է անցյալի կամ ներկայի, այլ մարդու եւ ժամանակի մասին: Մշակույթներ կան, որոնցում պատմական դիտակետը կամ բացակայել է, կամ շատ թույլ է եղել: Պատմական մտածողության շեշտված, մշակույթի համար կարեւորագույն կառուցապատող առանցքային դերը բնորոշ է արեւմտյան քաղաքակրթությանը` հատկապես դրա քրիստոնեական շրջանին: Հայ միջնադարյան պատմագրությունը մեծ դեր կատարեց Հայաստանում բանական մտածողության արմատավորման ուղղությամբ, թերեւս ավելի մեծ, քան որեւէ այլ միջնադարյան գիտության ճյուղ: Ժամանակակից հայոց պատմագրությունը, սակայն, այդ դերը չունի: Այն ի զորու չէ արտադրել հիմնարար տեքստեր, որոնք հիմք կդառնային հասարակագիտական վերլուծական եւ քննադատական մտքի վերարտադրման: Այն, ինչն այդ առումով կարող է անել պատմագիտությունը, իրականում անհամեմատելի է սոցիոլոգիայի կամ մշակութային մարդաբանության, առավել եւս արվեստաբանության ներուժի հետ, որոնք այսօր հիմնարար պատմագիտական տեքստերի բացակայության պայմաններում մասամբ իրենցով են լցնում դատարկ տեղը, սակայն իրականում հաճախ ձախողում են` զուրկ լինելով ժամանակային լայն հորիզոնից:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.