Գեոպոլիծիկայի սնանկությունը

Ասորիքում (Սիրիայում) ծավալվող քաղաքացիական պատերազմը թերեւս վերջին արարն է անցյալ տարվա ձմեռվանից սկսված արաբական հեղափոխությունների շարքի՝ այդքան տարբեր եւ միաժամանակ այդքան միանման ընթացող գործընթացի: Իհարկե, այսօր շատերիս ուշադրությունը սեւեռված է սիրիահայերի ճակատագրի վրա, եւ դա հարկավ առաջնային գործնական խնդիրն է, որ Հայաստանի քաղաքացիներս, դեպքերի զարգացման վրա ազդելու որեւէ հնարավորություն չունենալով, կարող ենք փորձել լուծել: Սակայն տեղի ունեցող համաշխարհային նշանակության գործընթացների նախնական ընթացքի իմաստավորումը նույնպես կարեւոր խնդիր է, որը պետք է թույլ տա վերջապես վերանայել մեզանում կարծրացած պատկերացումներն ու հակադրությունները:

Ինչո՞ւ եմ կարծում, թե Ասորիքը վերջինն է անցյալ տարվա ձմռանը սկսված շարքից եւ կարելի է բավականին մեծ հավանականությամբ ենթադրել, որ արաբական երկարած գարունն այսքանով էլ կավարտվի: Հետաքրքիր մի խնդիր կա: Երբ արաբական գարունը սկսվեց թունիսյան եւ եգիպտական հեղափոխություններով, մի պահ թվաց, թե ամենայն հայոց եւ ռուսաց սիրված «գեոպոլիծիկ» դավադրամոլությունն իր տրամաբանական ավարտին հասավ: Իրոք, տնայնագործ գեոպոլիծիկների սիրված թեզն առ այն, թե աշխարհում տեղի ունեցող գրեթե ցանկացած ժողովրդական հուզում, ապստամբություն, հեղափոխություն ԱՄՆ եւ արեւմուտքի մութ դավերի արդյունք է եւ այլն, կարծես, հոդս պիտի ցնդեր այն զորեղ փաստի առջև, որ տապալվում էին տարածաշրջանի ամենահավատարիմ ամերիկամետ վարչակարգերը: Եվ իրոք, մի պահ գեոպոլիծիկները սսկվեցին՝ չնայած նրանցից ամենահամառներն այնուամենայնիվ առաջարկում էին ինչ-որ չափից ավելի խուճուճ տեսություններ, թե ինչու է ԱՄՆ-ին այնուամենայնիվ ձեռնտու տապալել իր հավատարիմներին: Բայց գեոպոլիծիկների ժամը նորից հասավ, երբ ընդվզումը տարածվեց Լիբիայի եւ ապա՝ Ասորիքի վրա: Այժմ, ինչպես հայտնի է, գեոպոլիծիկները խրախճանքի մեջ են: Նրանց տեսություններն «արդարացվում են»: Եգիպտոսի եւ Թունիսի մասին բնականաբար բոլորը մոռացել են: Եթե հիշեցնում ես, պատասխան չկա: Չի էլ կարող լինել: Որովհետեւ ամբողջ սխեման, որը հեշտ բացատրություն է փորձում տալ Մերձավոր Արեւելքում ընթացող բարդ եւ բազմակողմանի գործընթացներին տապալվում է: Իսկ հետսովետական գեոպոլիծիկը պատկանում է մարդկային այն տիպին, որն ավելի շուտ կմեռնի, քան կփորձի բաց աչքերով նայել իր պատեկրացումների եւ իրականության հակասությանը կամ հաշվի կառնի որեւէ փաստարկ: Սա անբուժելի աղանդ է:

Դառնանք, սակայն, մեր հարցադրմանը: Ինչո՞ւ Ասորիքը կարող է լինել վերջինը: Եթե ուշադիր նայենք, ապա միակ բանը, որ միավորում է տապալվող արաբական վարչակարգերը, բացի նրանց արաբական լինելուց, այն է, որ դրանք իրենց հերթին ունեն հեղափոխական ծագում: Թունիսի, Եգիպտոսի, Յեմենի, Լիբիայի եւ Սիրիայի արդեն վերացած կամ վերացող բոլոր համակարգերն էլ առաջ են եկել ավանդական միապետության տապալման գնով արաբական մոդեռնացման, ձախ ազգայնականության եւ հեղափոխության ծավալման շրջարկում, եւ բոլորն էլ ժամանակին դիտվել են որպես առաջադիմական վարչակարգեր: Մնացած ամենում այս հինգ վարչակարգերը՝ երեք արեւմտամետ եւ երկու հակաարեւմտյան համարվողները, տարբեր են, եւ չկա որեւէ բանական վարկած, որը կարողանար բացատրել տեղի ունեցող գործընթացներն արտաքին քաղաքական կողմնորոշման շրջարկում, քանի որ արտաքին կողմնորոշումն, ինչպես տեսնում ենք, ոչ թե միավորում, այլ բաժանում է այս երկրները: Հետաքրքիր է, որ անցյալ տարի եւ հետագայում մեծ եւ փոքր բողոքի ցույցեր, շարժումներ նույնպես եղան՝ Մարոկոյում, Հորդանանում, այլուր: Բայց բոլոր այդ տեղերում, ուր 20-րդ դարի արաբական հեղափոխական ալիքը հաջողության չէր հասել, եւ ավանդական ինստիտուտները պահպանել են իշխանությունը, բողոքի ցույցերը չվերածվեցին անդառնալի հեղափոխական շարժման կամ էլ ձախողվեցին: Մի քիչ հատուկ դեպք կարելի է համարել Ալժիրը, որը կարծես յուրահատուկ կերպով է անցել իր հեղափոխական եւ հետհեղափոխական փուլերը: Այսպիսով՝ թեեւ հեղափոխական կամ բողոքական շարժումներ եղան տարբեր արաբական երկրներում, սակայն, հեղափոխության ծավալումն ու հաջողությունը գրանցվեց միայն ու միայն այն երկրներոյմ, որոնք 20-րդ դարի 60-ական թթ.-ին անցում են կատարել ավանդականից դեպի ոչ ավանդական վարչակարգեր հեղափոխական միջոցներով: Ու քանի որ այլ ընդհանրություն այս երկրների միջեւ չկա, ուրեմն գործընթացների իրական բանալին էլ ամենայն հավանականությամբ պետք է փնտրել հենց այս շրջարկում:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.