«Էրեկ ո՛նց «Վրիժառուի» սերիան չկարացա նայեմ», ասում է տաքսու մեջ ուղևորը։ Հրազդանից Երևան ենք գալիս։ Ես ձեն չեմ հանում, ես էլ կասեի՝ ինը օր վրիժառուն չեմ նայել, բայց չէի հարցնի «ինչ եղավը», որտև սյուժեից ավելի կինոն նայելու պրոցեսն է ինձ հետաքրքրում։ Ծաղկաձորի գրողների տանը ինը օր մնացի ու բաց թողի «Վրիժառուի» կարծեմ հինգ սերիա։ Բացի «Արմենիայից», ինչ ապուշ ալիք ասես որ չի ցուց տալիս Գրողների տան հեռուստացույցը։ Ու ես, որ Երևանում ամեն օր սպասում էի «Վրիժառուին», էստեղ, ստիպված չեմ նայելու։
Ի՞նչն էր ձգում ինձ շաբլոն անուն ունեցող էդ ֆիլմում։ Առաջին հերթին Միսաքը, դեպուտատը։ Ես առաջին անգամ ափսոսացի, որ Հայատանում որևէ կինոյի մրցանակ տվող ժյուրիի անդամ չեմ, որ կռիվ անելով ստիպեմ լավագույն դերասանի մրցանակը տան Գևորգ Մինասյանին՝ Միսակի դերակատարին։
Տղան մարդ է սպանել, նիզաչտո տեղը. Մի վարպետի ծաղրելու ու խփելու համար մոյկայի տերը՝ Գագոն սիլլեց Սաքուլին, թիկնապահները քացու տակ գցին, իսկ վերջում էլ Սաքուլը հանեց ատրճանակը ու գյուլլեց Գագոյին։ Ու հիմա Միսաքը կաբինետում Սաքուլի վրա խոսում ա, «Արա էն փողը որ պիտի տայի թերթերի բերանը փակելու համար քո համար X6 կառնեի, վատ կլնե՞ր»։ X6-ը, չգիտեմ ինչ մեքենա է, բայց հաստատ թնականոց։
Իսկ երբ տղան դուրս է գալիս կաբինետից, խիղճը տանջում է, որ էրեխի վրա խոսաց, ու Կյաժին՝ իր թիկնազորի ղեկավարն է ասես, դաստով դոլար տալիս, որ էրեխին բոզի տանի։ Ու աչքիդ առաջ է գալիս անտեսանելին, էն խոսակցությունը որ լինում է, երբ օլիգարխի կամ գեներալի որդին մարդ ա գյուլլում ու հերը վրան խոսում է։ Երեք գեներալների որդիների արած սպանությունների ու մարդ ծեծելու մասին գիտեմ, նրանցից ոչ մեկը նույնիսկ ոստիկանության շենքին մոտ չի գնացել։ Իսկ մի լրագրող էլ սպանություններից մեկի մասին գրել էր, խփողի անունը չէր էլ տվել, բայց տարել էնպես են ծեծել, որ հիվանդանոց էր ընկել, ու իրան զգուշացրել էին, որ եթե էս դեպքը հրապարակվի, կյանքից ձեռ կքաշի։ Մի դեպքում, կարդացել եմ, երբ գեներալ Սեյրան Սարոյանի որդին մեքենայի տակ մարդ էր գցել՝երեխա, ու ուրիշն էր սպանությունը վերցրել իր վրա, նստել էր թե չէ՝ չգիտեմ։
TV 5-ով էլ, «Փախուստ» սերիալով, նույն պատկերը կար, տղան աղջկա էր բռնաբարել ու սպանել ու հերը՝ պուզատի՝ Գուրգեն Սեդրակիչը սաունայում, սիրուհու հետ նստած, տղայի վրա ջղայնանում է՝ արա, հո հավ չէր, բռնիր սպանիր, ու անընդհատ զգուշացնում, որ գեղեցկուհի սիրուհուն չնայի։ Հետո ուրիշին են պաստավկա անում, տղի տեղը նստցնում։
Նույնն էլ ըստեղ, «Վրիժառուում», Սաքուլի տեղը ուրիշին են նստացնում, հայտնի մեխանիզմով, Լոշտին՝ Միսաքի թիկնապահներից մեկին համոզում են նստի, տունը կպահեն, հիվանդ մոր վիրահատության փողը կտան, Լոշտն էլ համաձայնվում է, բայց ֆիլմի դաժանությունը սահման չունի, Լոշտին բերդում մորթում են։
Գուրգեն Սեդրակիչի դերակատարն էլ էր կատարյալ դերի մեջ, բայց դերը կարճ էր ու պարզ։ Միսաքի դերը ավելի բարդ է, նա մեկ ինքնավստահ դեպուտատ է, թիկնապահներին հանձնարարում սրան նրան գյուլել, սաունաներում քեֆ անում, մարշրուտնու գիծ խլում, ու բացատրում՝ դրան թվում էր թե էդ գիծը ժառանգություն է, թե երկնքի նվեր, դու էդքան աշխատացրիր, թող հիմա էլ մենք աշխատենք, այսնինքն բեսպրեդել, ոչ մի օրենքի չենթարկվող ցանկություն։ Մեկ էլ խեղճանում հանցագործ աշխարհի ավտարիտետի, օրենքով գողի առաջ, ճակատի քրտինքը սրբում։ Իսկ երբ սպանված Գագոյի եղբայրը՝ Գոռը, դերակատար ֆիլմի ռեժիսոր Գոռ Վարդանյանը, Սաքուլին դրել է հոր առաջը ատրճանակը գլխին, որ պիտի վրեժ լուծի սպանված ախպոր համար, ո՛նց է Միսաքը կերպարանափոխվում՝ նրա մարդ լինելը էստեղ է՝ սերը որդու հանդեպ էնպես արտահայտում, որ նույնիսկ խղճահարություն է առաջացնում, ո՛նց է խնդրում՝ Գոռ ջան ինձ խփի, մենակ իրան մի խփի։ Իսկ երբ Գոռը կրակում է Սաքուլի գլխին, սպանում, կինն ու աղջիկը ձենները գցում են, գոռում ու ողբում, Միսաքը լուռ, վիշտը ներս գցած էնքան որ դեմքին վշտի երանգն է երևում է, ինչ որ արտահայտություն կա, բայց զսպված, չի ծամածռվում ու էդպես հանձնվում է ոստիկաններին։
Եթե ժյուրիի անդամ լինեի, «Վրիժառուին» լավագույն ֆիլմի մրցանակ էլ կտայի։ Հայ կինոն չեմ հիշում, որ իրականությունը էդքան դաժանությամբ ներկայացնի։ Ճիշտ է, ֆիմի մեջ քաղաքական կոնյունկտուրա էլ կա, ի վերջո մարդասպաններն ու բեսպրեդելներն պատժվում են, իշխանության վերին օղակում կարգին պաշտոնյա կա, ոստիկանապետը, որի դերը Գուժ Մանուկյանն է խաղում, ֆիլմի հազվագյուտ պրոֆեսիոնալ դերասաններից ու ամենաանհաջող ստեղծված կերպարը, բայց այսուհանդերձ ռեալիզմը խեղդում է, կերպարներն ու երկխոսությունները, մարդկային հարաբերություններն, Ջիանի ակումբի տնօրեն Սոսոն որ իր աշխատողների հետ անասունի պես է վարվում, իր իշխանությունով սաղ օրը «բալեք» շինում, իսկ շեֆի որդուն Սաքուլին քծնում, պլան հյուրասիրում, ոնց որ իսկական Երևանի ժամանցի վայրերից մեկի տնօրենը, որի մասին նրա աշխատողներից մեկն էր ինձ պատմում, թե ոնց է ենթականերին ծեծում, ստորացնում, իսկ կին ենթակա ձեռի տակից բաց չի թողնում, եթե «չտվին», գործից հանում է։
Իսկ Կյաժը՝ ռազբորկեքի ու մարդկանց նվաստացնելու լեզվով, որ սառնասիրտ լյուբոյին կգյուլիի ու գյուլում էլ է։ Նրա համար չկա որևէ օրենք, գողական լինի, թե ուրիշ, միակ օրենքը շեֆի շահն է։
Սոսոյին էլ, Կյաժին էլ, Սաքուլին էլ, ասում են, խաղում են ոչ պրոֆեսիոնալներ։ Ասում են, նրանք խաղում են էն ինչ գիտեն, ինչ լեզվով խոսում են։ Թեև մի միջավայրից, բայց իրարից էականորեն տարբեր կերպարներ, տարբեր լեզուներով, նրանց մենակ, երևի, սովորացրել են կամերայի առաջ անկաշկանդ լինեն, ու վերջ։ Ես էլ ոգևորված, կինոյի մարդ եմ տեսնում, հարցնում եմ՝ «Վրիժառուն» նայե՞լ ես, ասում եմ, տենց հայկական կինո չէի տեսել, համ նողկանք են առաջացնում՝ Կյաժը, Սոսոն, Միսաքը ուզում ես շուտ դրանց վերջը տան, սերիալի վերջին էլ չհասնես, համ հուսահատություն թե էս ինչ երկրում ես ապրում, համ էլ ուրախանում եմ, որ հայերը վերջապես էնպիսի կինո են հանել, որ ազդում է վրաս, որ մեր միջավայրն էլ վերջապես կինոյի է վերածվում։ Ու հանդիպում եմ լուռ սառը հայացքի, կամ ձեն չեն հանում, կամ էլ՝ ես սերիալներից զզվում եմ, կամ էլ՝ դրա ինչն ես հավանում, դրա մեջ ինչ կա, իրանք իրանց դերն են խաղում, բացասական հերոս, քուչի տղա խաղալը հեշտ ա, դրսից լյուբոյին բռնի բեր խաղա։ Ասում եմ՝ էդ հեշտը թող ուրիշն էլ անի, թող Չալդրանյանը կյանքում մի անգամ գոնե կարանա մի ռեալիստական կերպար ստեղծի, փորձել էլ ա, չի կարցել։ Դրսից բռնել- բերել կինոյում նկարելն ավելի հետաքրքիր էլ ա, ու ավելի բարդ, ու օրինակներ եմ բերում հիանալի ֆիլմերի ուր փողոցից բռնած մարդիկ են խաղում։ Դու էլ համեմատիր, ասում են։ Ասում եմ՝ գիտես, սերիալները դերասանների դարբնոցներ են, եթե կինոն սկսի զարգանալ, սերիալներից են դերասան ընտրելու, բա էլ որտեից։ Չէ, ներվայնանում են, իրանց արվեստի մասին կյանքում բառ չեմ ասել, հիմա սերիալ եմ գովում։ Ու էն ինչ չկարացավ անի հայ գրականությունը, նույնիսկ մամուլը արեց սերիալը, ստեղծեց դեպուտատի կերպար, ներկայցրեց, որ դեպուտատ-օլիգարխների մանկլավիկները 16 տարեկան կույս աղջիկներ են տանում շեֆերին։
Բայց չէ, ոնց կլինի, առաջին անգամ հայերը կինո նկարելու մի քիչ ազատություն են ստացել, փորձում են լեզուն ու կերպարը համապատասխանեցնել իրականությանը։ Բայց, չէ՝, ոնց կլինի՝ ով է իրավունք տվել, ինչ իրականություն, էլի 90 տարվա պես, հայաթում, տանը, իշխանության մեջ մի աշխարհ պիտի լինի, էկրանին ուրիշ՝ չեղածը։ Պատգամավոր ու մտավորական ընկել են մեյդան, քրֆում են սերիալները, յանըմ իրանք էլիտար, բարձր արվեստի դիրքերում են, Արմեն Աշոտյանը թե իդեալականավում է հանցագործի կեպարը. Ճիշտ է, նման բան էլ կա, ասենք, «Փախուստում», բայց ո՞նց չլինի, եթե ոստիկանությունը հանցագործ բռնող չի, ստիպված ռեժիսորը happy end ստանալու համար դրական հերոսին հանցագործ է սարքում, որ վրեժ կարանա լուծի։ Որ ոստիկանությունը արդարություն պաշտպանի, ոչ ոք սերիալը չի նայի։ Իսկ կարո՞ղ ա Աշոտյանը ուրիշ պատճառով ա դեմ սերիալին, որը ծածկում ա բարոյախոսությամբ, կարո՞ղ ա դեպուտատի մեջ տեսնում է իր գործընկերոջը ու նյարդայնանում որ բոլորը տեսնում են թե նա ինչ է ասում երբ իմանում է որդին մարդ է սպանել։
Ու ես դարձա սերիալ նայող, ես որ ներվայնանում եմ, որ մամաս լատինաամերիկյան սերիալ է միացնում, նույնիսկ ձեները վրաս ազդում են, ու տնից դուրս եմ թռչում, հիմա՝ սերիալ նայող։ «Դժբախտ երջանկությունը», որ ավելի լատինամերիկյան սերիալի ավանդույթով է՝ակնհայտ բացասական ու ակնհայտ դրական կերպարներով, սև ու սպիտակով, բայց, որ հեռուստացույցը միացնում եմ ընկնում է սերիալը, չեմ փոխում ալիքը, էլի նայում եմ, էլի, որտև ֆորման է լատինամերիկյան՝ հոգին հայկական, մանավանդ բերդի պետ Ծառուկյանն ու տեղակալ Մադաթյանը իրանց ցինիզմով, բարյոական սահմանների բացակայությամբ, հանցագործ աշխարհը մարիոնետների պես շարժելով։ Իսկ Մարինեի դերակատարին՝ Անի Պետրոսյանին կտայի լավագույն կնոջ դերակատարի մրցանակը, բացասական կնոջ դեր, բայց ոչ լատինաամերիկյան, իսկական հայ կին, խասյաթով, ձայնի երանգները՝ ջղայնության ժամանակ, ոնց որ հարևանի տնից լսված։ Սերիալների մեջ հազվագյուտ դերասանուհին, որն արժանի է մրցանակի։
Իսկ լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյանի խելքն էլ էնքան է, որ ասում է թե էս ինչ վերնագիր է, ինչպես կարող է երջանկությունը դժբախտ լինել։ Ինչպես չի կարող, հիանալիորեն վերնագիրը բռնում է ֆիլմին, դժբախտության միջոցով՝ հերոսը հաշմանդամ դառավ երեխային փրկելիս, և այդ դժբախտության շնորհիվ երջանկացավ ընտանիք ստեղծելով։ Իսկ գուցե թարգմանված էլ լինի վերնագիրը ուրիշ տեղից։ Լեզվի տեսչության պետը լեզուն սպանելու կուրս է վերցրել, չգիտի որ ամեն ինչ չի որ «անաղարտ» պահելուց երկար է ապրում, «անաղարտ» մաքրասերները ավելի են վտանգված հիվանդություններով վարակվելու, միկրոբները ոչնչանում են ու իմունիտետը բան չունի որ դեմը պայքարի ու հակամարմիններ արտադրի, կամ շուն վերցրու անաղարտ պահի, միս էլ մի տուր, ու մի օր սատկի։ Եթե նման մարդու ձեռքը լիներ լեզվի վրա իշխանությունը հայ գրականություն ընդհանրապես չէր լինի, օրինակ կարգելեր Չարենցի «Կապկազ թամաշան», կամ թեկուզ «Ռոմանս անսերը», կասեր՝ ինչպես կարող է ռոմանսը անսեր լինել։ Բայց, քաշվանք, հիմա օրինագիծ է ներկայացրել, որ հեռուստատեսությունները պետք է լինեն միայն գրական հայերենով։ Ու ինքը, մի մարդ, որ լեզվին վերաբերվում է որպես տիկ հանած կենդանու դիակի, որը չի կարող որևէ շարժում անել, պիտի որոշի գրական հայերենը ու եթեր հսկի։
Պարզ չի՞, որ լեզուն փոփոխվում է մենակ սխալներով ու կեղտոտվելով, սխալներ չլինեին գրաբարը չէր դառնա աշխարհաբար։ Որ Լավրենտիի ու հայ մտավորականների հսկողությանը մնար, մենք հիմա գրաբար կխոսեինք՝ ամենաճիշտ հայերենը, իսկ եթե հսկողությունը ավելի վաղ լիներ, հինգ հազար տարի առաջ, կխոսեինք հնդեվրոպական մայր լեզվով, իսկ եթե ավելի ուժեղ ու ավելի վաղ սկսված լիներ՝ ձեռ ու ոտով կխոսեինք, շիմպանզեների պես։
«Կյանքի գինը», արդեն ուրիշ պատմություն է Ռուբինյանի դերակատարին…, անունը չի հանդպել որ ֆիքսեմ, չգիտեմ, կտայի լավագույն դերասանի մրցանակը, եթե «Վրիժառու» ֆլիմը չլիներ, աչքերի արտահայտությունը ամեն անգամ հուզմունքի տարբեր երագներ է ստանում։
Բայց, սպասի, լավագուն տղամարդու դերակատարի հավակնորդները շատանում են, Շանթի «Վերվարածներում» Մեծ մամեն՝ որ խաղում է Յոժը՝ Սերգեյ Դանիելյանը, պարսկահայ պառավի դերը՝ խորամանկ, լեզուն ոնց ա ֆռռցնում, ու բերանը բացուխուփ անում՝ քեսաֆաթ։ Կամ Ասքանազը, Ճըպըլը, որ ոնց որ հարևաններիցդ մեկը լինի՝ հայաթում մեկ-մեկ նարդի խաղացող, որ գրական է խոսում, բայց հաճախ ժարգոն գցում խոսքի մեջ ու կոլորիտ տալիս ասածին, բայց չես կարում հիշես ո՞ր հարևանը։ Սա էն վաղեմի ծանոթն է, որ գրքում կամ կինոյում ես գտնում ու թվում է թե վաղուց ես ճանաչել, բայց եթե կինոն չլիներ, ուշադրություն էլ չէիր դարձնի նրա գոյությանը։ Արվեստ՝ որ հենց էն է ցույց տալիս ինչը ուշադրությունդ չի հերիքել նկատես։
Ստեղծագործական ազատություն, շուկան թելադրում է, մարդիկ կինո են նկարում ու մրցակցություն է առաջանում, մրցակցությունը որակը բարձրացնում է, բայց ազատությունը վտանգված է, մտավորականները կրվում են, նրանց էսթետիկական պատկերացնումների իշխանությունը ոտքերի տակից գնում է, իշխանություն որով համ փող են աշխատում համ էլ մասսաներին թելադրում, թե որն է ճշմարիտ արվեստը։
Նայում եմ google-ով, թե ինչ են խոսում սերիալների մասին։ Լրագրողներն ու մտավորականները մենակ քրֆում են ու մենակ ֆորումներում երբեմն սերիալների բալերշչիկները զգուշությամբ ասում, որ սերիալ սիրում են. Օրինակ http://hanguyc.am-ում «Ես նայում եմ Դժբախտ Երջանկությունը , ճիշտ է ոչ մի բան հետագայի համար ինձ չի տալիս , բայց ես մոտ մի ժամի չափով լիցքաթափվում եմ ու տարվում սյուժեով , դա էլ ոնց որ տղաների ծխելու նման բան է իմ կարծիքով , ու վատ էլ չի նկարահանած»։
Ապրի Մարինե Պետրոսյանը, Հայելի ակումբում նոյեմբերի 4-ին ասում է. «Իզուր ա Արմեն Աշոտյանը հարձակում սկսել սերիալների վրա… եթե փակեն սերիալները՝ հեռուստատեսությունը կդառնա կեղծ, զզվելի, մարմելադե մի բան»։ Մարինե ջան, ապրես, ակամա, ազատությունը իմացար, բայց սպասի, էս երկրում սաղ քաղաքական ուժերն են սերիալի դեմ՝ քո ընդդիմադիր մամուլն էլ, իշխանությունների թերթերն էլ՝ՙ սաղ։ Էնպես որ, եթե իրոք ազատություն ես փնտրում, չես գտնելու գործող քաղաքական ուժերի մեջ։
Բայց, հոպ, ամեն սերիալ չի որ նայվում է, Հ1-ով «Որբերը» հենց սկսում է արագ փոխում եմ, նունիսկ հենց լսում եմ որ սկսելու է, շուտ փոխում եմ, որ ձենը չլսեմ։ Սիրտս խառնում է երեխաների չստացված խաղից, նրանց ձայնը ո՛նց է մատնում տեքստի անգիրասվածությունը, կերպարներն էլի ընդգծված դրական ու բացասկան, բայց չեն կարում խաղան, չարչարվում են ու մենակ անհաջող խաղը ներվայնացնում է, սարքովիությունը զռում է։ Սյուժեն էլ սուտի, երեխայի որբանոց ընկնելու շաբլոն մի քանի տարբերակ են դրել, գիտեն թե դրանով իրականություն կստանան։ Իսկ երբ տեսնում ես, որ հայտնի մարդկանց էրեխեք են խաղում, հասկանում ես, որ ըսկի ջանք էլ չեն թափել նորմալ դերկատարներ փնտրել, ծանոթ-բարեկամի են խցկել։ Իրականություն թխելը դեռ չի նշանակում որ հաջողությունը պատրաստ է, իրականություն ներկայացնելը կարող է շատ ավելի անհամոզիչ լինել, քան ոչ իրականը։ Օրինակ, «Դժբախտ երջանկության» մեջ մազերը պոչ արած ոստիկանը, որ իրականության մեջ չկա, համակրելի կերպարով, որ խաղը համոզիչ է դարձնում, մոռացնել է տալիս իրականությունը։ Սա այն դեպքն է որ ոչ թե իրականությունն է կինոն ստեղծում, այլ հակառակը՝ կինոն կարող է իրականություն ստեղծել և զարամանլի չի լինի եթե մի օր Երևանում մազերը պոչ արած ոստիկան հայտնվի։
Վրիժառուն պրծել է։ Միացնում եմ հեռուստացույցը, ալիքները փոխում, Արմենիա, Միսաքը, կրկնում են սերիալը, տեսել եմ։ Բայց, մեկ է, չեմ կարում ալիքը փոխեմ։
January 28th, 2009 at 1:28 am
Էդ ա, ես չգիտեի ոնց են Գագոյին սպանել, մենակ ենթադրում էի, հիմա իմացա: Իսկ Լավրենտի Միրզոյանը աչքիս սինդրոմ ունի անվանումներ չհավանելու. չեմ մոռանում թե “երեսուներկու ատամ”-ում ոնց տղերքը ձեռ առան. ասում էր “շոկոլադի անունը ո?նց կլինի ՈՒՐԱԽ, շոկոլադը քաղցր է լինում,թող լինի “ՔԱՂՑՐ ՇՈԿՈԼԱԴ” : տղաները ասեցին “դե թող լինի “ՇԱԳԱՆԱԿԱԳՈՒՅՆ ՇՈԿՈԼԱԴ”, շոկոլադը շագանակագույն ա”:
January 28th, 2009 at 4:23 pm
Չեմ կարող ինձ զսպեմ ու չգրեմ, որ շատ սրտովս էր գրած գրեթե ամբողջությամբ: Չնայած Վրիժառուն հատված-հատված եմ տեսել, բայց գրեթե նույն մտքերն են մոտս առաջացել: Նույնը նաեւ լեզվի մասին մտքերը:
January 29th, 2009 at 12:12 pm
“Վրիժառու” սերիալից մի քանի հատված եմ տեսել, չեմ կարողանում նայել, կարծեմ դաժանությունը մի քիչ չափազանցված է, եւ այդ քրեական աշխարհը մեծ նողկանք է առաջացնում, իսկ միթե՞ ֆիլմը պետք է իրականության նողկալի կողմերը միայն ցույց տա: Իմ միջավայրում, իմ աշխարհում չկան նման զազրելի հանցագործներ ու ես պարտավոր չեմ դրանց ականատես լինել հեռուստացույցով, թեկուզ եւ նրանք իրականության մաս լինեն: Իրականությունը բազմաշերտ է, բազմազան: Ինչու՞ սերիալներով միայն այդ աշխարհն է ներկայացվում, մեր շուրջը չկա՞ն ուրիշ մարդիկ, ինչու՞ նրանք կերպար չեն դառնում սերիալների համար: Կես ճշմարտություն ասելը նշանակում է կես սուտ ասել, երբ ներկայացվում են հանցագործ աշխարհի մարդիկ իրենց մտածողությամբ ու լեզվով, բայց, օրինակ, երբեք ֆիլմի հերոս չի դառնում հասարակ մի ուսուցչուհի իր պրոբլեմներով , իր գրական հայերենով… Չէ՞ որ նա էլ է մեր իրականության մասը, եւ նրա նմանները ավելի շատ են, քան քրեականները: Ուղղակի սերիալներով փորձում են գայթակղել հեռուստադիտողներին, քանի որ արկածային, ծեծկրտուքով ու ինտրիգներով ավելի հեշտ է մասսա գրավել: Հասկանալի է, մեր մամուլը նման է քաղաքական ուժերի շների, որ շեֆերի հրամանով իրար վրա “ֆաս” են տալիս ու հաչացնում, բայց ֆիլմերը պիտի ոչ միայն մամուլի բաց թողածը լրացնեն, այլեւ արվեստ ստեղծեն, այսինքն հնարավորինս կերտեն բարդ ու բազմակողմանի հոգեբանական կերպարներ` ներգրավելով հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, թե չէ կյանքում էլ են իշխում հանցագործները, էկրաններին էլ: Եթե Չալդրանյանը չի կարողանում լավ ֆիմ նկարել, դա արդարացում չէ սերիալների համար: Իհարկե լեզվի մասին Լավրենտի Միրզոյանի ասածները պարզունակ էին ու անհամոզիչ, գուցե դրանից եք դուք ընկնում հակառակ ծայրահեղության մեջ, ես կարծում եմ, որ ճշմարտությունը մեջտեղում է: