Օրեր առաջ դիտեցի Անգլիայի առաջնության վերջին տուրի «Լիվերպուլ»-«Չելսի» հանդիպումը։
Ամբողջ խաղի ընթացքում խաղն ընթանում էր համարյա մեկ դարպասի վրա. «Լիվերպուլը» հարձակվում էր, ֆուտբոլ էր խաղում, իսկ «Չելսին» խանգարում էր մրցակցին ու փորձում ընդամենը գոլ բաց չթողնել։ Ընդ որում «Լիվերպուլի» հարձակման առաջատար իսպանացի Ֆերնանդո Տորեսն ուղղակի «նստած էր» «Չելսիի» կենտրոնական պաշտպաններ Ջոն Տերիի ու Ալեքսի վրա, բայց ակնհայտորեն մարզական ֆորտունան Տորեսի ու «Լիվերպուլի» կողմը չէր. կամ նրա հարվածներն էին շեղ, կամ էլ պաշտպանները հասցնում էին փակել Տորեսի հարվածները։ Ի վերջո ամեն ինչ իր տեղն ընկավ խաղավարտից մեկ րոպե առաջ. Տորեսն հերթական անգամ պայքարեց գնդակի համար ու Ալեքսի հետ պայքարում կարողացավ գրավել Չեխի դարպասը` 1։0։ Նույնիսկ այս գոլից հետո պարզ էր, որ «Չելսին» այլևս դատապարտված է պարտության. հաշիվն հավասարեցնելու ուժ ու անգամ ցանկություն չէր զգացվում լոնդոնցիների մոտ։ Կարելի է ասել ֆուտբոլային արդարությունը հաղթեց։
Բայց սա դեռ վերջը չէր։ Մրցավարի ավելացրած րոպեների ընթացքում հյուրերի պաշտպան Էշլի Քոուլի իր դարպասի անկյունային դրոշակի մոտ ոտքով` վայրենի ձևով հարվածեց «Լիվերպուլի» ֆուտբոլիստներից մեկի մեջքին, իսկ մրցավարը չտեսավ այդ կոպիտ խախտումը, ու գնդակը «Չելսիին» հանձնեց։ Տառացիորեն վայրկյաններ անց նույն Քոուլը անմեղ տեղը կորցրեց գնդակը իր տուգանային հրապարակում ու նույն Տորեսը կրկնապատկեց հաշիվը` 2։0։ Կարծում եմ սա նույնպես ֆուտբոլային արդարության հաստատում էր։ Իսկ նման արդարության «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ու ֆուտբոլասերներն իրոք արժանի էին. ամբողջ հանդիպման ընթացքում վերջիններս առանց հոգնելու ցավում էին իրենց թիմի համար, առաջ մղում «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին, ու առաջին հերթին հենց նրանք էին արժանի այս հաղթանակին։ Հետաքրքիր է, որ մրցավարի սուլիչից մոտ 10-15 վայրկյան առաջ «Լիվերպուլի» մարզիչ Ռաֆա Բենիտեսը փոխարինեց հանդիպման հերոս Տորեսին։ Սա մի նպատակ էր հետապնդում. մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերները ոտքի կանգնած ողջունում, ծափահարում էին խաղադաշտից հեռացող Տորեսին, իսկ նա ինքն էր ծափահարում ֆուտբոլասերներին։ Ընդ որում փոխադարձ այս յուրահատուկ սիրո խոստովանությունը շարունակվեց խաղավարտից հետ էլ ու մոտ 5 րոպե ֆուտբոլասերներն ու ֆուտբոլիստները ծափահարում էին միմյանց։ Ոչ մեկն այդ ընթացքում չլքեց մարզադաշտը։ Կարծում եմ, որ նման պատկեր էլ լինելու նաև այն դեպքում, եթե «Լիվերպուլին» անգամ չհաջողվեր հաղթանակ տոնել։ Հաստատ նույնը կլիներ, որովհետև ֆուտբոլասերները առաջին հերթին գոհ էին իրենց թիմի պահվածքից, ցուցադրած խաղից, իսկ ֆուտբոլիստներն էլ` ֆուտբոլասերներից։ Այսպես էլ պետք է լինի. ֆուտբոլիստները խաղում են ֆուտբոլասերների համար, իսկ վերջիններս էլ «խաղում են» ֆուտբոլիստների համար։ Հենց այսպիսի համատեղ ու ներդաշնակ «աշխատանքի» համար մարզական ֆորտունան այդ հանդիպման վերջին րոպեներին փոխեց իր վճիռն ու հաղթանակ պարգևեց «Լիվերպուլին»։ «Լիվերպուլը»` ֆուտբոլասերներով, ֆուտբոլիստներով պայքարեց մինչև վերջ ու մարզական ֆորտունային ստիպեց իր կողմը շրջվել` հաղթեց։
Իսկ հիմա գանք մեր սարերը։ Դեռ մեր ֆուտբոլային հանրությունը չի մոռացել Հայաստանի վերջին առաջնության եզրափակիչ ակորդը. «Փյունիկ»-«Արարատ» սկանդային հանդիպումը դեռ երկար է մնալու ֆուտբոլասերների հիշողության մեջ։ Ու թվում է թե գոնե որոշակի ժամանակ մեր ֆուտբոլում նման սկանդալներ չեն լինի. վերջինի հնչեղությունը անչափ մեծ էր։ Բայց դեռ նոր առաջնությունը չի սկսվել ու կարծես արդեն նոր սկանդալ է հասունանուն, ընդ որում մի քանիսը։ «Արարատի» տերերն ակնհայտորեն ձեռք են քաշել իրենց թիմից` «Արարատը» արդեն լքել են մարզիչներն ու բոլոր առաջատար ֆուտբոլիստները։ Սա հետևանք է մարզիչների, ֆուտբոլիստների նկատմամբ «Արարատի» տերերի անհարգալից վերաբերմունքի, աշխատավարձերի անընդհատ չվճարելու փաստին, թիմն անընդհատ կոնֆլիկտների մեջ քաշելու ձգտմանը։ Ու կարծես սկսում էս մտածել, թե միգուցե ճիշտ էր, որ «Արարատին» անցյալ տարի «ոտնատակ» արեցին։ Որովհետև փոխանակ ուժեղանալու, պայքարելու իրենց իրավունքների համար, «Արարատի» տերերը բախտի քմահաճույքին են հանձնել հայկական ամենահեղինակավոր, ֆուտբոլասերների ամենամեծ ու նվիրված բանակ ունեցող թիմին։ Ու օգտվելով «Արարատի» այս անտեր իրավիճակից` մյուսներն ցանկանում են ինչ որ բան «պոկել» թիմից։ «Փյունիկին» հաջողվել է արդեն իր կազմում ընդգրկել «Արարատի» առաջատարներից Վահագն Մինասյանին։ Ընդ որում սա էլ է արվել անցյալ տարվա «Փյունիկ»-«Արարատ» հանդիպման մրցավարության նման. առանց որևէ բան հաշվի առնելու։ Սա կարող էր անկասկած լուրջ հետևանքների հանգեցնել նորմալ երկրներում։ Ընդ որում խոսքը ոչ միայն իրավական որևէ խնդրի առաջացման մասինէ, այլ ուղղակի ֆուտբոլային արդարության հաստատման։ Մարզական ֆորտունան հաստատ ձև կգտներ պատժելու այսպիսի մեթոդներով աշխատող մարզական կառույցին։ Բայց…. «Արարատը» կարծես արժանի չէ արդարության ու ստացվում է, որ կարելի է հենց այդպես էլ վարվել «Արարատի» հետ։
Սա է մեր իրականությունը, ֆուտբոլային իրականությունը…
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑՆ Է, ՈՎՔԵՐ ԱՐԺԱՆԻ ԵՆ
Արմեն Նիկողոսյան
Leave a Comment