Անմրցանակ

«Բարև ձեզ», «բարև», «Բրիթիշ քաունսիլից է, դուք մասնակցել եք «Երկու խոսք կնոջ կյանքից» լրագրողական աշխատանքների մրցույթին, հունվարի 27-ին մրցանակաբաշխությունն է,  դուք հրավիրված եք, պետք է հաստատեք՝ գալու եք, թե ոչ»։ «Ինձ մրցանակ տվե՞լ եք», «Գիտեք, ծրարները այդ օրը պետք է բացվեն, այդ ժամանակ էլ հայտնի կլինի»։ Չեմ գնա. «Գիտեք, հավանաբար չգամ», «Ինչո՞ւ, դուք կարող է ստանաք»։ «Տեսնենք»։ Մինչև չիմանամ, որ առաջին մրցանակն եմ ստանում, ո՞ւր եմ գալիս, գամ, որ մանթրաշ նայեմ, թե ով ա ստանում առաջինը՞։

Որ մրցույթի հայտարարությունը տեսա, դեկտեմբերին էր,  ասի ներկայացնեմ միասեռական հայ կանանց մասին գրածս նյութը՝  http://www.armenianow.com/?action=viewArticle&IID=1214&CID=3314&AID=3473&lng=arm  բայց իմանալով, որ հաստատ ինձ մրցանակ չեն տալու. վստահ էի։ Ասի ներկայացնեմ, որ նյութս գնա, ճամփա ընկնի, կարդա հասարակական սեկտորի վերնախավը, կանանց պաշտպանության ջատագովները, տեսնեն, թե ինչեր կան Հայաստանում, ու մերժեն։

Մի քանի պատճառով մրցանակ չէին տալու։  1-ին, Հայաստանում չկա էն ժյուրին, որ գնահատի գրածս։

Անցել են այն ժամանակները, երբ ես զրնգալեն մրցանակ էի ստանում՝ լավագույնը, գլխավորը։ Առաջինը 98 թվին էր, Սորոսի գրասենյակի սահմանած Սպիտակի երկրաշարժի և փախստականների մասին լավագույն լրագրողական աշխատանքի մրցանակ։ Սորոսում Մարկ Գրիգորյանն էր, ու ժյուրիում եղանակ ստեղծողը երևի ինքն էր։ Հայաստանում ճանաչածս քիչ լրագրողներից, որ լրագրությունը սիրում է, հազվագյուտ մեկը, որի համար լրագրությունը խոպան չի։ Նաև Ինտերնյուսի Նունե Սարգսյանը, որ էն ժամանակ ինձ հետ նորմալ էր, այսինքն լավ էինք, բայց հետո, մի նյութում Նունեի աշխատանքի մի դրվագի անդրադարձա, որ ինքը չէր ուզի հրապարակվեր ու «Վահան ջանը» փոխարինվեց հազիվ բարևով կամ չբարևելով։ Ուրեմն, զրկվեցի հայկական մեդիայի ամենազդեցիկ մարդկանցից մեկի աջակցությունից։ Մրցանակ ստանալու առաջին դաս. եթե ուզում ես մրցանակ ստանալ, պիտի հայկական մեդիայի էլիտայի հետ լավ հարաբերություններ ունենաս։

Սորոսի մրցանակը գումարով ստացածս ամենամեծն էր, 1500 դոլարանոց կոմպյուտեր։ Կոմպը հիմա չգիտեմ ուր է, երբ նոթբուք առա, նվիրեցի էրեխեքիս, նրանք էլ անցյալ տարի նոր կոմպեր ունեն, ավելի հզոր։ Մնացել ա պրինտերը, թանաքային, գունավոր, բայց քանի տարի կլինի չեմ օգտագործում, անկյունը գցած ա։ Մերսի, մերսի։ Ինչ էլ լինի, իմ առաջին կոմպի շնորհիվ մուտք գործեցի բարձր տեխնոլոգիաներ, իմ զզվելի ձեռագրից անցա հատիկ-հատիկ ստեղնաշարի վրա տառեր չխկացնելուն, ու հիմա եթե կոմպերը աշխարհով մեկ վերանան էլ, էլ երբեք ձեռով նյութ չեմ գրի։ հեռախոսի գծով էլ, որ թվում էր մենակ խոսելու համար է,  մտա ինտերնետ ու աշխարհը տունս լցվեց։ Մերսի, մերսի, մանավանդ, Մարկ, քեզ եմ շնորհակալ։

Նույն, թե հաջորդ տարին ստացա P.E.N ակումբի սահմանած լավագույն պատմվածքի մրցանակը։ Ճիշտ ա, հիմա էդ պատմվածքս՝ «Պրեմիերա», հենց ձեռս ա ընկնում, սիրտս խառնում ա, դուրս չի գալիս, բայց ռեզիումեներում գրում եմ՝ P.E.N-ի մրցանակ։ Որ գիրք տպեմ, հաստատ մեջը չեմ դնի։ Բայց «Պրեմերիան» հերիք չի թարգմանվեց անգլերեն, տպվեց P.E.N.-ի ալմանախում, առաջին ու վերջին ալմանախում, մեկ էլ ինտերնետում տեսա թարգմանված մակեդոներեն։ Մրցանակն էլ ով ա տվել՝  ոչ ավել ոչ պակաս Հենրիկ Էդոյանը՝ գրականության նուրբ գիտակն ու էսթետը, որ հիմա մեր «Ինքնագիրը» քրֆելով ման ա գալիս։ Որ ասում են՝ Էդոյանը էլի «Ինքնագիրը» քրֆել ա, ասում եմ, իրան հիշեցրեք որ ինձ մրցանակ ա տվել ու «Ինքնագրի» համար ինքն էլ իր մեղքի բաժինը ունի։ Ընկեր Էդոյան, մրցանակ եք տվել, կարծել եմ գրող եմ ու գրել եմ ավելի «վատ» բաներ, էդ էլ հեչ, տպել էլ ենք ավելի «վատ» բաներ ու դեռ տպելու ենք մինչև չգաք ու մրցանակը հետ չուզեք։ Փողը հետ չեմ տա, բայց թուղթը՝ խնդրեմ։

Մյուս P.E.N-ի մրցույթում մատոռ մնացի, մրցանակը ինձ չհասավ, ժյուրին ուրիշ էր, Էդոյանի տեղը՝ Արծրուն Ավագյան, Սուրեն Աբրահամյան մեկ էլ կարծեմ Տիգրան Պասկևիչյան, որ իրեքով մի Էդոյան չափ էլ չեղան։ Ներկայացրածս պատմվածքը՝ «Բեմադրություն երկու տարբերակով» թեև «Պրեմերայից» ավելի վատն էր, բայց իմ համար ավելի լավը։ Ու վերջը, սկսեցի գրել էնպիսի վատ պատմվածքներ, որ մտքովս էլ չէր անցնում մրցույթի ներկայացնել։

Իսկ երբ գիտես, որ գրականության ոլորտում էնպիսի արտադրանք ես տալիս, որ 100 տոկոսով էլ  ГОСТ չես ստանալու, մնում է քո մրցանակը սահմանես։

2002 թվին Պրոմեդիայի մրցանակը՝ սոցիալական թեմայով գրված լավագույն հոդվածի համար։ 500 դոլար։ Ռեստորանում, շքեղ սեղաններ, ուտելիքն ու խմիչքը անսպառ։ Հայտարարում են Վահան Իշխանյան, ու ես ուրախ-ուրախ բարձրանում եմ բեմ։ Պրոմեդիայում էլ յանկի Պիտերն էր որոշողը, հիմնական որոշողը։ Հիմա Մարկն էլ, Պիտերն էլ Հայաստանում չեն, ու մրցանակ ստանալու շանսերս զրոյի են հավասարվել։ Իսկ ռեստորանն էլ, ուր մրցանակ ստացա, վերածվել է «Տերանովա» հագուստի խանութի, բայց սա ի՞նչ կապ ունի մրցանակ չստանալու հետ, չգիտեմ։

Բայց էշի համառությամբ, որ իմանում եմ որևէ մրցույթի մասին, նյութ ներկայացնում եմ։ Լինում ա ստանում եմ երկրորդ մրցանակ, նույնիսկ հետը դրամական պարգև՝ մի հարյուր-երկու հարյուր դոլար, էլի բան ա, լինում ա որ ըսկի անունս էլ չի երևում հաղթողների մեջ, նույնիսկ մասնակցության համար թղթի կտորի չեն արժանացնում։ Ժյուրիներն տարբեր են, ինձ համար հարգելի մարդիկ, նաև էնպիսիները, որ  էրկու ոչխար դավերիա չէի անի ու նաև լրգարողներ, որոնց լրագրող դառնալը աչքիս առաջ է եղել, էկել անցել են ինձնից ու որոշում են թե ես ոնց եմ գրում։ Ժյուրիի մեջ նաև կան այնպիսիները, որոնց  մեծ հաճույք եմ պարգևած լինում, որ հնարավորություն եմ տվել նյութս ջնջեն։

Իսկ ես արդեն 20 տարուց ավել գրում եմ ու ոչ մի ժյուրիի անդամ չեղա։ Մենակ մի անգամ, ժյուրիի նախագահ՝ թափառական երաժիշտների մրցույթի ժյուրիի նախագահն էի։ Բայց մինչև հիմա մտածում եմ, որ մի մասնակցի դեպքում անարդար վարվեցինք, առաջինը նորմալ էր՝ակորդեոնիստ, երկրորդն էլ՝ ակորդեոնիստ, բայց երրորդը՝ էլի ակորդեոնիստի տվեցինք, անարդար էր, պիտի տայինք կլարնետ, դափ ու էլի մի գործիք նվագող ընտանեկան նվագախմբին՝ հայր ու էրկու էրեխեք։ Նրանք մրցանակ չստացան, ու տխուր-տխուր էրեխեքը մեզ էին նայում, սպասում գոնե մի ձեն հանենք, թե ինչի իրանց կյանքը էսպես դասավորվեց, իսկ հերն էլ ասեց՝ էլ մենք  ձեր մրցույթներին չենք մասնակցի։ Հիմա հերը մենակ ա նվագում, էրեխեքը հետը չեն, հիմա Աբովյան Թումանյան խաչմերուկից մի քիչ վերև նվագում ա ու վերջին անգամ տեսա՝ Մանսուրյանը դրամ էր գցում, իսկ ինքը ի նշան շնորհակալության մաեստրոյին  խոնարհվում։

Բայց որ տեսնեմ կյանքը իմաստավորվելու տեղ ունի , ինքս ժյուրի կստեղծեմ, երկու հոգիանոց ժյուրի կլինի՝ ես ու Վիոլետը ու մրցանակ կսահմանենք, չէ,  ոչ լրգարողական, առաջին հերթին գրական մրցանակ։

Ֆրանսահայ գրող Դենի Դոնիկյանը ասում էր՝ ես մրցանակներին դեմ եմ, ոչ մի անգամ չեմ մասնակցել, դու էլ մի մասնակցի։ Ասում եմ՝ չեմ մասնակցի, բայց որ մեջը փող ա լինում՝ կմասնակցեմ։ Ծիծաղում ա, հա հասկանում եմ, ասում ա։ Մի հարյուր հազար դրամը, եթե իմ սփյուռքահայ ընկերոջ համար Հայաստանում մի քյասիբ ընտանիք օգնելու փող ա, իմ համար իմ ծախսերը հոգալու հավելյալ միջոց։ Համաձայն եմ, որ մասնակցելով պրիզնատ ես գալիս ժյուրին՝որպես գնահատող ինստանցիա, ընդունում ես որ ինչ որ մեկը կամ խումբ կարող է որոշել լավն ու վատը։ Բայց մեր քյասիբ երկրում երկար-բարակ մտածելու ժամանակ չկա, մասնակցեմ-չմասնակցեմ, սկզբունք խաղցնեմ, կներկայացնեմ, չտան՝ չտան, տան՝ ավելի լավ, էրկու կոպեկով ամսվա բյուջես կավելանա։

2-րդ պատճառը, որ գիտեի՝ չեմ ստանա. ով էր գժվել հայ լեսբուհիների վերաբերյալ նյութին մրցանակ տար։ Ու իմ պատկերացումները մեկին-մեկ բռնեցին իրականությանը։ Ինչքան էլ իրավապաշտպանությամբ ծրագրեր իրականացնեն, կանանց իրավունքներ ու նման բաներ, մեկ ա, պրովոկացիա ես անում, լեսբուհու թեմա ես ներկայացնում, բացվում է նրանց իրական դեմքը՝դրամաշնորհը դրամաշնորհ, բայց մենք չենք կարող մարդու իրվունքների անվան տակ հրաժարվել մեր ազգային ավանդույթից։

Հունվարի 27-ին իրիկունը մարշրուտնու մեջ ձեռիս հեռախոսը զանգում ա՝ Ավո, ախպերս ա՝ «Էս ինչի՞ չես գալիս մրցանակդ ստանաս»։ «Ի՞նչ մրցանակ»։ «Կանանց թեմայով նյութիդ համար»։ «Հա, պարզ ա, ի՞նչ մրցանակ են տվել, որերո՞րդ»։ «Երրորդ մրցանակ, դիպլոմ են տվել մասնակցության համար»։ Այսինքն, երևի բոլորին մի թղթի կտոր տվել են, որ աբիժնիկներ չմնան։ «Բա ես կարո՞ղ ա գամ երրորդ  մրցանակ ստանալու, ես որ չեմ էկել ստանաու, բա դո՞ւ իմ տեղը ուր ես ստանում։ «Անունդ կարդացին՝ չկայիր, ասեցին՝ եղբայրն ա ստեղ։ Մոտեցա, մրցանակ հանձնողը ասեց՝ իմ կարծիքով ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒ ԱՄԵՆԱՀԱՄԱՐձԱԿ ՆՅՈՒԹՆ է։ Հետո լրգարողներից մեկն էլ ասեց՝ ամենալավ նյութն էր, բայց որ մրցանակը իրան տային, կստացվեր՝ լեսբուհիներին  պրոպագանդում են»։

Ինտերնետային լավագույն նյութի առաջին մրցանակը ստացավ մեր Սառան Խոջոյան՝ 100 հազար դրամ։ http://www.armenianow.com/?action=viewArticle&IID=1220&CID=3392&AID=3522&lng=arm  Շնորհավոում եմ Սառա ջան։ Երկրորդի մասին «Արմենիանաուն» ինֆո չէր տվել, շնորհավորելու բան էլ էնքան չկա, փող էլ չկա մեջը, մենակ թղթի կտոր։ Երրորդն էլ դե ես եմ։

Հրավիրատոմսը ուղարկել էին Արմենիանաու, վերցրի, մեջը Ժյուրիի կազմը։ Գրեթե բոլորին ճանաչում եմ ու հարգում՝Աշոտ Մելիքյան, Ջեմմա Հասրաթյան, Էլինա Պողոսբեկյան։ Չեմ կարծում, թե իմ դեմ որևէ բան ունեն, Աշոտն ու Հասրաթյանը հաստատ չունեն, Էլինան էլ երևի չի ունենա, չէ՞, Էլինա, 10 տարուց ավել կլինի քեզ չեմ տեսել։ Լավ, պիտի որ իրանց ճաշակով ընտրություն արած լինեն։ Նորմալ է, դեմ բան չունեմ, էլի բան է, որ լեսբուհիների մասին նյութին երրորդ մրցնակ տվել են, թեկուզ թղթի կտոր, բայց սենց թե ընենց դուրս է գալիս, որ հանդուրժել են նրանց գոյությունը։

Ժյուրիում մենակ մեկն էր անծանոթ, Նաիրա Սուլթանյան՝ Բրիտանական դեսպանատուն։ Ո՞վ է։ Փնտրում եմ ինտերնետում, գտնում՝ Սուլթանյանը ներկայացնում է «Երկու խոսք կնոջ կյանքից» մրցանակաբաշխությունը. «Մենք ունեցանք եւ ուրախալի, եւ տխուր բացահայտումներ: Ուրախալին այն էր, որ լրագրողները կարողացել էին գտնել ճիշտ կերպարների, բայց մատուցման առումով դեռ անելիք կա»:

Կուզեի Սուլթանյանին խնդրել, նախ բացատրեր, թե իմ նյութում մատուցման առումով ինչ անելիք կա, քննադատությունը միշտ օգտակար է վարպետությունը կատարելագործելու համար, ու հետո մի սեմինար կազմակերպի ու սովորեցնի մատուցման անելիքները։ Էլի կանեն մրցույթ ու ես հմտություններ ձեռք բերած կլինեմ, թե ինչպես նյութերս մատուցեմ, որ ժյուրիի քիմքին հաճելի լինի։ Եթե բլոգս կարդա-իմանա՝ լավ, եթե չկարդա՝ ոչինչ, առանց Սուլթանյանի դասընթացների կարելի է ապրել։

3 Responses

  1. anahit Says:

    Վահան շատ հետաքրքիր ա կարդալը, որովհետեև հիշում եմ երբ երեք տարի շարունակ նախագահի մրցանակ ինձ չտվեցին գրականության բնագավառում, չնայած իմ կարծիքով իմ գիրքը շատ ավելի լավն էր, քան… ում չգիտես ինչի որոշել էին գրող դարձձնել, ու ես շատ ցավոտ պատմում էի, որ ինձ որպես մրցակից հասցնում են ֆինալ ու վերջում կանչում դիպլոմ տալիս եմնակ իսկ պողը տալիս ուրիշի, ու ասում երեք երկու ձայներով ժյուրին որոշեց քեզ չտալ մրցանակ, այսինքն որոշեց տալ մյուսին, էն ժյուրին, որ ինձ գովում էր, էն ժյուրին, որ իմ գիրքը դրել էր իր պետպատվերի մեջ, ու …ասում էիր ու Վիոլետն էլ, որ մրցանակներով չի որոշվում, բայց ես համառորեն ու հույսով սպասում էի ու ամեն անգամ ջարդվում: Մի խոսքով էս առիթ էր դարդերս պատմել, որովհետեւ չնայած ես ստացա Նախագահի Երիտասարդական մրցանակ լուսանկարներիս համար, ես կարծում եմ, որ գոնե էն ժամանակ ես ավելի լավ գրող էի քան լուսանկարիչ: Ես էն ժամանակ էլ առանձնապես չուրախացա իմ մրցանակով, որովհետեւ ես ամեն դեպքում սպասում էի իմ գրականության արձագանքին, ու էդ էլի հերթական երրորդ ֆինալ անցաց մասնակցի մրցանակ էր, երկուսից մեկը երեք տարի եւ ոչ մի անգամ: Լավ ա որակս պահում էի: Բայց էսօր ես լուսանկարչությամբ եմ զբաղվում, ու հիմա էլ Դանիայում փորձում եմ գիտելիքներս լայնացնել ու դառնալ ինչ-որ բան, ու միշտ միշտ միշտ մեկ ա մեկ ա մտածում եմ, ովքեր են մրցանակներ տվողները: Եթե քո դեպքում կային գոնե մարդիկ, որ ժյուր էին ու ինչ-որ բան գիտեին, էս դեպքում մենակ մեկն էր, էն էլ … ու ոչ էլ անգամ Վիոլետը կար, բայաց կային… Հա մոռացա երկուսն էին, մեկն էլ Աղասի Այվազյանն էր, ով առաջին տարին երբ ժյուր էր, ուրիշների պատմելով իմ համար դոշ էր տվել… ինչեվիցե, Վահան ջան, մեր երկրում ոչինչ տեղում չի, հեռվից ավելի պարզ եմ տեսնում ամեն ինչ: Ու առաջին շաբաթը ոնց որ ցնորված լինեի որ նայում էի էս մարդկանց դեմքի հանգստությանը…Ու բայց ինչ պորֆեսիոնալ իրանց գործն են անում: Հիշում եմ անգամ օլիմպիադաներին իմ ընկերուհին ավելի քիչ էր լուծում, բայց անցնում էր հաջրդ փուլ, իսկ ես աղմուկ էի բարձրացնում, որ օգնում են, որ ինձնից արտագրում են, որ արդար չի ու ինձ ռադ էին անում… ուֆ… Իմիջիայլոց նոր գերմանացում մեր բնակարանի հարցրի ձեզ մոտ ոնց ա եվրոտեսիլի ժամանակ սաղ իրար եք խառնվում, բալետ անում, ասում ա չէ հա, լինում ա չեն էլ իմանում, իսկ մեր բյուջեից ինչքան փող ա տրամադրվում Սիրուշոյի շորերի ու սանրվածքի համար, միշտ հիշելով մեր ունեցածի համեմատ… Չգիտեմ էս ինչ կապ ուներ, ուղղակի գրեցի էլի…

  2. sarerkan Says:

    Զարմանալի անկեղծությամբ եք գրում, նույնիսկ անսովոր է, երեւի մենք ընտելացած չենք նման անկեղծության, եւ պատահական չէ, որ ձեր գրածը ուրիշներին էլ մղում է անկեղծության, ինչպես Անահիտին: Ուղղակի պետք է հասկանանք, որ ժյուրիները կազմված են մարդկանցից, իսկ մարդը սուբյեկտիվ է լինում, բնական է: Սակայն մեր մոտ կա նաեւ այլ պրոբլեմ, ժյուրիները հաճախ մրցանակների շնորհիվ անձնական կամ խմբակային հարցեր են լուծում, մեկին մրցանակ տալուց գնում են նրա հետագա վերաբերմունքը ի օգուտ իրենց: Ցավալի է, բայց հաճախ չի պահպանվում պրոֆեսիոնալ նվազագույն շեմը, եւ դա բոլոր ոլորտներում: Իսկ այս մենթալիտետով հնարավոր չէ հասարակության մեջ լուրջ փոփոխությունների ակընկալիք ունենալ: Օրինակ պատկերացրեք` ազատ մամուլը խրախուսող մրցանակաբաշխության ընթացքում ժյուրին գործելու է նույն սկզբունքով, էլ ինչպե՞ս կարող է վիճակը փոխվել:

  3. artakin Says:

    “- Таких мало, – возразил Дон Кихот. – А скажите, ваша милость, что за
    стихи сочиняете вы ныне? Ваш батюшка говорил мне, что вы этим обеспокоены и
    озабочены. Если – глоссу, то по этой части я кое-что смыслю и охотно бы вас
    послушал, и если вы готовитесь к литературному состязанию, то постарайтесь,
    ваша милость, получить вторую премию, ибо первая премия неизменно
    присуждается особам влиятельным или высокопоставленным, вторая же
    присуждается исключительно по справедливости, – таким образом, третья премия
    становится второю, а вторая, по тем же соображениям, первою, точь-в-точь как
    ученые степени в университете. Однако ж со всем тем получить право
    называться первым – это великое дело.
    “Пока что он мне не кажется сумасшедшим, посмотрим, что будет дальше”,
    - подумал дон Лоренсо.”

    Мигель де Сервантес Сааведра. Хитроумный идальго Дон Кихот Ламанчский (Часть 2)

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.