ФЕЕРИЧЕСКОЕ ЗРЕЛИЩЕ

«Երջանիկ եմ, որ հենց ես մեկնաբանեցի ձեզ համար այս հանդիպումը». այս նախադասությամբ ավարտեց իր խոսքը «ՆՏՎ+ֆուտբոլ» հեռուստաընկերության ռուս մեկնաբանը` ավարտելով կիրակի օրը կայացած Իսպանիայի առաջնության «Ատլետիկո» Մադրիդ -«Բարսելոնա» հանդիպման ռեպորտաժը։
Փայլուն, նախանձելի, ուղղակի բացառիկ դիպուկ. թերևս այսպես կբնութագրեմ ռուս մեկնաբանի խոսքը։ Փայլուն ու բացառիկ` որովհետև միայն նման ձևով կարելի է մեկնաբանել այդ հրաշալի հանդիպումը, և նախանձելի` որովհետև հայ ֆուտբոլասերը առայժմ զրկված է եվրոպական առաջնակարգ երկրների առաջնությունները դիտելիս լսել նաև նման մեկնաբանություններ։
Իսկ բուն հանդիպումը, կարծում եմ դեռ երկար կմնա ֆուտբոլասերների հիշողության մեջ, ու անկասկած կմտնի «Ատլետիկոյի» պատմության «Ոսկե ֆոնդ»։
Տարօրինակ է, բայց իրոք փառահեղ հայերենում շատ քիչ են հատկապես մարզական բնագավառին վերաբերվող բնութագրիչ տերմինները։ «Ատլետիկո»-«Բարսելոնա» հանդիպմանը կարելի է վերագրել առավելագույնը «փայլուն», «դիտարժան ու գրավիչ ֆուտբոլ», կամ ինչպես մեր ֆուտբոլային հայտնի մեկնաբանն է սիրում կրկնել` «ֆուտբոլային բացառիկ ներկայացում», «ֆուտբոլային հրավառություն», բայց ինչ որ չափով այս բոլոր հրաշալի բառակապակցությունները չեն կարողանում ներկայացնել այն միակը, անկրկնելին, որ կար այդ խաղում, ու ստիպված դիմում եմ ռուսերենի օգնությանը. սա ФЕЕРИЧЕСКОЕ ЗРЕЛИЩЕ-էր բոլոր առումներով, որովհետև կար այն ամենը, ինչը ֆուտբոլային հանդիպումը վերածում է արվեստի։
Նման խաղ «ստանալու» համար քիչ է միայն թիմերից մեկի կամ մյուսի վիրտուոզ խաղը, խաղադաշտում գտնվող համաշխարհային մեծության աստղերի մատուցմամբ հրաշալի ֆուտբոլը, մարզադաշտում ներկա ֆուտբոլասերների անսահման նվիրումը իրենց թիմին. այս երեք բաղադրիչներին կարելի է հանդիպել տարբեր խաղերում` բայց առանձին-առանձին։ Մեկում մի թիմն է հոյակապ ֆուտբոլ խաղում, մյուսն աչքի է ընկնում ֆուտբոլիստներից մեկի բենեֆիսով, և այլն։ Բայց որ այս բոլորը համատեղ լինեն մեկ խաղում` սա իրոք բացառիկ դեպք է ու բնականաբար ստանում ենք հենց ФЕЕРИЧЕСКОЕ ЗРЕЛИЩЕ կոչվածը։ Իրոք և պարտվողը` «Բարսելոնան» (հիշեցնեմ, որ հանդիպումն ավարտվեց 4։3 հաշվով «Ատլետիկոյի» օգտին), և բնականաբար հաղթող թիմը` «Ատլետիկոն» հոյակապ ֆուտբոլ ցուցադրեցին. բաց, հարձակվողական, էմոցիոնալ, իհարկե նաև սխալներով, հատկապես պաշտպանությունում. սա էլ է մարդկային գործոն։ Իսկ Մեսիի փայլուն անցումները, Անրիի աստվածային հարվածը, Ֆորլանի հուսահատ, բայց ֆենոմենալ գոլը ու հանդիպման գլխավոր հերոս Կուն Ագուերոյի աներևակայելի խաղը անչափ տպավորիչ ու հիշվող էին։ Դե իսկ «Ատլետիկո» ակումբի ֆուտբոլասերների հռչակը վաղուց դուրս է եկել Իսպանիայի սահմաններից։ Միայն այդպիսի նվիրյալ ֆաները կարող էին 0։2 հաշվի ժամանակ երգել ու քաջալերել, առաջ մղել սիրելի թիմին։ Այս բոլորին ավելացնենք, նաև, իմ կարծիքով մրցավարական սխալները` անհասկանալի էր, թե ինչ խաղից դուրս վիճակ արձանագրեց մրցավարը դեռ խաղասկզբին, երբ «Ատլետիկոյի» պաշտպան Հեյտինգան գրավեց Վալդեսի դարպասը, և վերջապես հանդիպման ընթացքում նշանակված միակ 11 մետրանցին նախորդած դրվագը, որը կարծում եմ չունի իր նախադեպը։ Հիշու՞մ եք. «Ատլետիկոյի» հերթական գրոհը ավարտվեց մրցակցի տուգանային հրապարակում, գնդակին տիրեց Մեսսին ու մեծ արագություն հավաքելով առաջ շարժվեց։ Այդ պահին եզրային մրցավարը հասցրեց մի քանի անգամ թափահարել դրոշակը, սակայն հանդիպումը չէր դադարեցվում ու Մեսսին համարյա դուրս էր գալիս ազատ տարածություն` սպառնալով կրկին գոլ խփել։ Բայց «Ատլետիկոյի» պաշտպաններին հաջողվում է բառիս բուն իմաստով Մեսսիին գետնին տապալել ու վերջապես լսվում է մրցավարի սուլիչը. այս պահին «Ատլետիկոյի» գրոհից անցել էր համարյա 20-30 վայրկյան։ Բայց ի օգուտ «Բարսելոնայի» տուգանային հարված նշանակելու ու պաշտպանին դեղին քարտ ցույց տալու, մրցավարը խորհրդակցելով եզրայինի հետ 11 մետրանոց է նշանակում… «Բարսելոնայի» դարպասին։ Իհարկե կրկնապատկերներն ապացուցեցին, որ իրոք 11 մետրանոց կար, բայց ասացեք խնդրեմ, ո՞ր մի մրցավարը ռիսկ կաներ նման որոշումը կայացնել «դեպքից» շատ ու շատ վայրկյաններ անց։ Այս հանդիպման մրցավարը կատարեց նախադեպը չունեցող արարք ու միանգամից նշեմ, որ սա շատ ավելի է դրվատանքի արժանի, քան թե սեփական անսխալության վարկածն առաջ տանելը։ Մրցավարն էլ օգնեց հանդիպման կայացմանը:
Մի խոսքով սա խաղերի խաղ էր։
Նույն օրը, համարյա նույն ժամին արդեն Իտալիայում կայացավ ևս մի իսկական ֆուտբոլային մրցամարտ։ «Ինտեր»-«Ռոմա» հանդիպումը, ինչպես գիտեք, ավարտվեց ոչ ոքի` 3։3 հաշվով։ Սա նույնպես հրաշալի հանդիպում էր, բայց շատ ու շատ բաղադրիչներով զիջում էր Իսպանիայում կայացած հանդիպմանը։
Հետաքրքիր է, որ այս չորս թիմերն էլ ընդամենը անցած երեքշաբթի ու չորեքշաբթի Չեմպիոնների Լիգայի խաղարկության պլեյ-օֆֆ փուլի հերթական հանդիպումներն անցկացրին, ու բոլորն էլ անխտիր` ոչնչով աչքի չընկան։ Իսկ սեփական առաջնության հանդիպումներում դրեցին այն ամենը ինչ ունեին, ինչ կարող էին տալ ֆուտբոլասերին։
Բայց այս ֆանտաստիկ հանդիպումների կողքին անցյալ շաբաթը մեզ տվեց նաև ֆանտաստիկ նվաճում։ «Մանչեսթեր Յունայթեդը» իր հերթական մրցանակը նվաճեց, բայց ֆանտաստիկը, ոչ թե կոնկրետ մրցանակն է, այլ անգլիական ակումբի «ախորժակը»։ Դեռ անցյալ մրցաշրջանում «Մանչեսթերին» հաջողվեց ռեկորդային ցուցանիշ ցույց տալ. թիմը հաղթեց իր մասնակցությամբ անցած վեց մրցաշարերից չորսում։ «Մանչեսթերը» դարձավ Անգլիայի չեմպիոն, նվաճեց Չեմպիոնների Լիգայի, Անգլիայի Լիգայի գավաթները, ապա դարձավ նաև Անգլիայի սուպերգավաթակիր ու վերջապես տարեվերջին հաղթող դարձավ աշխարհի ակումբային առաջնությունում։ Թիմը տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չկարողացավ նվաճել միայն Անգլիայի գավաթն ու Եվրոպայի սուպերգավաթը։ Այս տարի էլ «Մանչեսթերը» շարունակում է մրցանակներին տիրանալու իր անվերջանալի շարքը, ու ի տարբերություն նախորդ տարվա, դեռ չի կորցրել խաղարկվող այդ վեց մրցանակներին տիրելու հնարավորությունը, որի նախադեպն համաշխարհային ֆուտբոլում ուղղակի չկա։ Կիրակի «Մանչեսթեր Յունայթեդը» վերստին նվաճեց Անգլիայի լիգայի գավաթը, նրա հերթական չեմպիոնությունը Անգլիայում համարյա կասկած չի հարուցում, թիմը դուրս է եկել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչ ու նաև ռեալ հնարավորություններ ունի շարունակելու պայքարը Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնալու համար` նոր մրցանակներ նվաճելու բոլոր հնարավորությունները դեռ կան։
Այնպես որ ֆուտբոլային տարին շարունակվում է, ու մենք դեռ նոր ֆանտաստիկ արդյունքներ ու ФЕЕРИЧЕСКОЕ ЗРЕЛИЩЕ-ներ կտեսնենք։

Արմեն Նիկողոսյան

Արմեն Նիկողոսյան

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.