Անջատել լույսը

Համոզվելու համար, որ քաղաքացին Հայաստանում անպաշտպան է, պարտադիր չէ ընկնել կարմիրբերետավորների մահակի տակ կամ գործ ունենալ դատարանում: Ամենասովորական կենցաղային իրավիճակներում ամեն պահի կարելի է ունենալ անպաշտպանության այդ զգացումը եւ եզրակացնել, որ մարդը պետության համար ոչ մի արժեք  չունի:

Մոտ մեկ ամիս առաջ (առայժմ եւ կարծում եմ հավիտեանս) անհայտ հանցագործը գողացավ մեքենայիս մեջ դրված նոթբուքը:  Դիմեցի ոստիկանություն, որտեղ ինձ շատ լավ ընդունեցին: Սիրալիր ու պատրաստակամ ոստիկաններն ամեն ինչ արեցին իմ հայտարարությանը գործի ձեւ տալու ուղղությամբ` հընթացս ակնարկելով, թե գողացված նոթբուքը հետ ստանալու մեծ հույսեր պետք չէ ունենալ:

Անկեղծ ասած, չունեի: Ընդունված կարգը պահպանելու համար էի դիմել ոստիկանություն, մի քիչ էլ ինքս ինձ ապահովելու` ինչ իմանաս, թե այս խառը ժամանակներում ով եւ ինչ նպատակով կարող էր տարած լինել աշխատանքային այդ գործիքը:

Մի խոսքով, ոստիկանությունը հայտարարությունս ընդունեց եւ ասաց, թե լուր կտան, եթե բան պարզվի: Երկու օր չանցած Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում ճանապարհային ոստիկանության տեսուչները կանգնեցրին մեքենաս: -Խախտում ես արել,-ասացին` առարկություն չընդունող տոնով: -Խախտում չեմ արել,-հակառակվեցի,-պարզապես փորձել եմ ազատել խաչմերուկը` ոչ մեկին ոչ մի վնաս չպատճառելով կամ վտանգ չառաջացնելով: -Պետք է ակտավորենք,-ասացին տեսուչները: -Կարող եք բավարարվել զգուշացմամբ,-ասացի ես` հասկացնելով, որ խաչմերուկն այդ կերպ չազատելով ստիպված էի լինելու այլ` ավելի կոպիտ խախտում անել: Չըմբռնեցին, սկսեցին ակտավորել: Ասացի` չեմ հասկանում, երբ դիմում ես ոստիկանություն ու հայտարարում, որ շուրջ 300 հազար դրամ արժողությամբ նոթբուքդ գողացել են, ոչ ոք չի խոստանում գտնել (այսինքն` պաշտպանել քաղաքացուն), բայց բավական կասկածելի մի խախտում արձանագրելով` մոտ տասը հազար դրամի տուգանք եք գրում:

Չեմ ուզում երկար պատմել իմ ու տեսուչների զրույցը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, հայրենի կառավարության խիստ իրական բյուջեն լցնելու անհրաժեշտության ու այլ բաների մասին, միայն կասեմ, որ նրանք շատ փափկասիրտ էին եւ, լսելով գողացված նոթբուքի մասին` առաջարկեցին փոխել ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ու գրել ավելի թեթեւ տուգանք: Ես բնականաբար դիմադրեցի, չստորագրեցի նրանց գրած ակտն ու խորհուրդ տվեցի գործն ուղարկել դատարան` որեւէ հույս չունենալով, թե կշահեմ դատը:

Ոչ նոթբուքի գողությանը, ոչ էլ ճանապարհային ոստիկանության տեսուչների հետ հանդիպմանը չէի անդրադառնա, եթե մի երկու օր առաջ թերթերում չկարդայի Հայաստանի էլեկտրական ցանցերի ու Նաիրիտի միջեւ ծագած հակամարտության մասին լուրը: Պարզվում է Հայաստանի քիմիական հսկան շուրջ մեկ միլիարդ դրամի (2.5 միլիոն ԱՄՆ դոլար) պարտք է կուտակել ու հիմա ՀԷՑ-ը չի կարողանում ստանալ իր պարտքը:

Ոչ մի արտասովոր բան չկա, սովորական տնտեսական վեճ է, ում հետ ասես կպատահի: Արտասովորն այստեղ ՀԷՑ-ի “գցված” լինելն է, որովհետեւ այդ կազմակերպությունն այնքան բծախնդիր է վարձավճարներ հավաքելու հարցում, որ ուշադրություն է դարձնում անգամ երկու հազար դրամի պարտքին:

Հիմա չեմ հիշում անցած տարվա որ ամսին էր, սպառված էլեկտրաէներգիայի վարձը վճարելիս գանձապահը մանրի խնդիր ունեցավ: 12000 վճարելու համար պարզեցի քսանհազարանոցը, եւ երիտասարդ աղջիկը` դարակները քրքրելուց հետո ասաց, որ ութ հազարի մանր չունի ու առաջարկեց տպել տասը հազարի անդորրագիր: -Տարբերությունը մյուս ամիս կվճարեք,-ասաց աղջիկը: Ես էլ մտածեցի` ինչ կա որ: Այդպես մտածեցի մի երկու օր մինչեւ բնակարանի լույսն անջատեցին: Երբ կապվեցի ՀԷՑ-ի տարածքային գրասենյակի հետ, բացատրեցին, որ ես վճարումը կատարել եմ թերի ու լույսը միացնելու համար պայման դրեցին լրացնել մնացած 2000 դրամը:

Ճարս ինչ, վճարեցի` ինձանից անկախ հարգելով այդ բծախնդրությունը: Հիմա հասկանում եմ, որ ՀԷՑ-ի բծախնդիր ուժը պատում է միայն շարքային քաղաքացիների վրա: 2000 դրամի թերավճարը քաղաքացու քթից բերում են, իսկ արդյունաբերական ձեռնարկությանը թույլ տալիս, որ պարտքը հասցնի մեկ միլիարդի: Էներգետիկայի նախարարն էլ պետական 10 տոկոս բաժնեմասի չափով (մոտ 100 միլիոն դրամ) պատասխանատվություն կրելու փոխարեն,  այս անպարտաճանաչությունը փորձում է բացատրել տնտեսական ճգնաժամով:

Եթե ես հետեւողական լինեի ու 2000 դրամի համար, ատյաններ հաղթահարելով` հասնեի էներգետիկայի նախարարի դուռը, պաշտպանություն կգտնեի: Իհարկե` ոչ: Ոչ, որովհետեւ Հայաստանի էլեկտրական ցանցերի առաջին գնորդն անձամբ Քոչարյանի առջեւ էր պայմանն դրել` չվճարման դեպքում անջատել լույսը: Քոչարյանն էլ համաձայնել էր այդ պայմանին`  նկատի ունենալով շարքային մարդուն, որն, ինչպես պարզվեց կամ երեւակվեց անցած տարվա մարտի մեկին, մեր երկրում որեւէ արժեք չունի:

Տիգրան Պասկեւիչյան

Տիգրան Պասկևիչյան

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.