Ինչ եք կարծում` որն է ավելի կարևոր թեմա. ասենք նոր սկսված համաշխարհային պատերազմը՞, թե՞ Հայաստանի գյուղերից մեկում որևէ գյուղապետի կարծիքը` թեկուզ եղանակի մասին։
Բնականաբար բոլորս էլ միաձայն կասենք, որ նոր սկսված Համաշխարհային պատերազմը ուղղակի ոչ մի համեմատության մեջ չի մտնում երկրորդի թեմայի հետ ու որպես լուր այն ակնհայտ կարևոր է։ Բայց չշտապենք ու այս նույն երկու թեմաները նայենք Հանրային հեռուստաընկերության աչքերով. ու այս դեպքում ավելի կարևոր կհամարվի այն թեման, որը կընտրի Հանրայինի ղեկավարությունը ու «Հայլուրը» ցույց կտա երկրոդ թեմային նվիրված հաղորդումներ։ Որպես սրա ապացույց` Չեմպիոնների Լիգայի երեկ ուշ գիշեր կայացած քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումների ընտրությունն էր. Հ1-ով ցուցադրվեց «Բավարիա»-«Բարսելոնա», իսկ «Արարատ» ալիքով` «Չելսի»-«Լիվերպուլ» հանդիպումները։
Վաղուց արդեն մեր հասարակության ճնշող մեծամասնությունը մեղմ ասած չի հավատում Հանրայինի լուրերին, հաղորդումներին ու միակ թեման, որ դեռ շարունակում է Հանրայինին «պահել» համեմատաբար բարձր մակարդակի վրա` ցուցադրվող ֆուտբոլն է` Չեմպիոնների Լիգայի խաղարկության հանդիպումների հեռարձակումը։ Բայց կարծես այստեղ էլ «վերջն» եկել է ու Հանրայինը ցուցադրում է ոչ թե կարևոր հանդիպումը, այլ այն` ինչն իրենց սրտովն է։
Ամբողջ աշխարհն երեկ ուշի ուշով հետևում էր Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքին, որն ստացվեց 100 տոկոսով ու անկասկած մտավ ֆուտբոլային «դասական հանդիպումների» մեջ։
Կարծես ոչ մեկը չէր հավատում , որ նույնիսկ առաջին խաղում 1։3 հաշվով կրած պարտությունից հետո Բենիտեսն ու իր «Լիվերպուլը» հանձնվելու են. ֆուտբոլային աշխարհն ուղղակի հավատացած էր, որ «կենաց մահու» կռիվ է լինելու. անգլիական թիմերը, առավել ևս «Լիվերպուլը» երբևէ հենց այնպես չեն հանձնվում նույնիսկ ամենավատ ու անհույս իրավիճակներում։ Այս հանդիպումը հեռարձակվում էր աշխարհի ավելի քան 100 երկրների առաջնակարգ հեռուստաընկերությունների միջոցով ու բոլորին էլ հասկանալի էր, որ սա չի լինելու «սթից» խաղ. հավատում ու սպասում էին, որ լինելու է ինչ որ չտեսնված, արտասովոր հանդիպում։ Փաստ այն է այժմ, որ հենց այդպես էլ ստացվեց, իսկ ահա նույն ժամին գերմանական Մյունխենում ընթացող «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումը մեծ հաշվով հետաքրքիր էր միայն այս թիմերի երկրպագուներին` առաջին հանդիպման արդյունքն (0։4) ու որ էլ ավելի կարևոր է` թիմերի ներկայիս խաղամակարդակները, ակնհայտորեեն ոչ մի անակնկալ չէին նախատեսում այս խաղում։ Ընդ որում սա ակնառու էր նաև բուկմեյկերական ընկերությունների գնահատակններով. «Չելսի»-«Լիվերպուլ» հանդիպման գործակիցներն ակնհայտորեն ցածր էին «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպման գործակիցներից. սա նույնպես բարոմետր է։
Ուրեմն ունենինք 2 հանդիպում նույն ժամին` «Չելսի»-«Լիվերպուլ» ու «Բավարիա»-«Բարսելոնա» ու Հանրայինը պետք է ընտրություն կատարեր, թե որն է ցուցադրվելու Հ 1-ով և որը «Արարատով»։ Ընդ որում այստեղ բավական մեծ է տարբերությունը. Հ 1-ի հաղորդումները դիտում են Հայաստանի ողջ տարածքում, իսկ «Արարատինը»` կարծես միայն Երևանում։ Բնականաբար առողջ դատողությունը հուշում է, որ կարևոր, մեծ ակնկալիքներով լի հանդիպումը պիտի գնա Հ1-ով, իսկ մարզական առումով ոչ մի հետաքրքություն չառաջացնող մյուս խաղը` «Արարատով»։ Մեծ ֆուտբոլային գիտելիքներով պետք չէ օժտված լինել հասկանալու համար, թե որն էր այս երկու հանդիպումներից առավել կարևորը, կամ էլ ուղղակի կարելի էր նայել համաշխարհային ֆուտբոլային կայքերն ու թերթերը` հասկանալու համար այս պարզ իրողությունը։ Ու ամենևին չեմ կարծում, թե Հանրայինում սա չեն կարողացել անել` ուղղակի, ինչպես և Հանրայինի մյուս հաղորդումների նման, այստեղ էլ առաջնորդվել են ոչ թե բանականությամբ, հարցի` տվյալ դեպքում հանդիպման կարևորությամբ, այլ ղեկավարության ճաշակով, ավելի ճիշտ` հավեսով։
Ցուցադրել Հ 1-ով «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումը ու անտեսել «Չելսի»-«Լիվերպուլը» խաղը` ուղղակի սրբապղծություն է ֆուտբոլի հանդեպ։ Ընդ որում հանդիպումների վերջնամասում սա կարծես զգացել էին նաւ մեկնաբանները` «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպման մեկնաբան Քալանթարյան Էդիկը հանդիպման վերջնամասում արդեն իսկ «հոգնել էր» այդ անհրապույն հանդիպումից ու խաղը մեկնաբանում էր այնպես, ինչպես մեկնաբանում են Հայաստանի առաջնության հանդիպումները` կիսաքուն ու առանց էմոցիաների։ Ընդ որում կարելի էր կարծել, որ նրան ավելի շատ հետաքրքրում էր բնականաբար զուգահեռ ընթացող հանդիպման հանգուցալուծումը։ …
Մենք կարծես արդեն սովորեցինք, որ Հանրայինը Հայաստանի առաջնության հանդիպումներից առաջին հերթին պետք է ցուցադրի իր թիմի` «Ուլիսի» հանդիպումները, ու ֆուտբոլային ցանկացած հաղորդման ժամանակ փորձի ինչ որ ձևով այս թիմին գովազդել։ Բայց թե ոչինչ` սա մեր առաջնությունն է ու ֆուտբոլասերների այն փոքրիկ հատվածը, որն հետևում է հայկական ֆուտբոլին ուղղակի սրտանց ծիծաղելով ու հումորով է ընդունում Հանրայինի մարզական մեկնաբանների «փոքրիկ խորամանկությունները»` ի օգուտ «ՈՒլիսի»։ Իսկ ահա Չեմպիոնների Լիգայի խաղարկության հանդիպումներին հետևում են բավականին մեծաթիվ ֆուտբոլասերներ ու ոչ միայն. այս հանդիպումների նկատմամբ հետաքրքրությունը անչափ մեծ է նաև ոչ ֆուտբոլասերների շրջանում ու Լիգայի ամենամեծ խաղերից մեկն հեռարձակել միայն Երևանում` զրկելով սրանից Երևանից դուրսն ապրողներին` սա արդեն միայն ու միայն կարող էր Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը` սա վերբերմունք է հասարակության նկատմամբ։
Ու միայն ցավակցել է պետք հայկական ֆուտբոլի զարգացման մասին իրոք մտածող մարդկանց` առայժմ ոչ հեռանկար ու գործընկեր այս հարցում` չկան։
«Հայլուրից» տուժվածները
Արմեն Նիկողոսյան
One Response
Leave a Comment
April 16th, 2009 at 3:39 pm
Բա ու՞րա մինչև հիմա քոմենթ չկա։ Դա նրանիցա, որ այս բացահայտ իրականությանը ավելացնելու չկա, իսկ հերքելու՝ փաստ։