Այս մտքերը ծնվեցին հարեւան բլոգում ծավալված քննարկումների արդյունքում: Բայց ոչ Իշխանյանի, ինչպես, թերեւս, ոմանք ենթադրեցին, այլ Սամվել Ավագյանի բլոգում: Ճիշտ է այն ինչ հիմա պիտի շարադրեմ, առաջին հայացքից, գուցե այդքան էլ կապ չունի Սամվելի մոտ ծավալված բանավեճի հետ, բայց իմ կարծիքով, այնտեղ բարձրացված որոշ կարեւոր հարցերի պատասխանի փորձ կարող են լինել: Բանավեճը ընթերցելուց հետո, իմ հիմնական տպավորություններից այն էր, որ մարդիկ շարունակում են ազատության հույսը կապել քաղաքականության, ժողովրդավարության, պետության հետ: Դա վառ արտահայտվում է լայն տարածում ունեցող` «ե՞րբ ենք վերջապես ընտրելու ոչ չարյաց փոքրագույնը» հարցադրմամբ: Իմ այս պահի հասկանալով այս հարցադրումը սխալ է ինքնին եւ փակուղի է տանում, որովհետեւ դրա սկզբունքային պատասխանն է` երբեք: Ո՛չ քաղաքականությունը, ո՛չ ժողովրդավարությունը (կամ որեւէ այլ հասարակարգ), ո՛չ էլ պետությունը իրենցով ազատություն չեն կարող ապահովել, այլ կարող են միայն նպաստավոր կամ աննպաստ ֆոն ստեղծել ազատության դրսեւորման համար: Այդ իմաստով թե՛ քաղաքականությունը, թե՛ ժողովրդավարությունը, թե՛ մանավանդ պետությունը ինքնին չարյաց փոքարգույնն են: Հետեւաբար ցանկացած ընտրություն այդ համակարգերի շրջանակներում ըստ էության, այլ ոչ թե սոսկ դիպվածով է չարյաց փոքրագույնի ընտրություն: Եվ սա անկախ այն հանգամանքից, թե արդյո՞ք մենք սիրով ու անկեղծությամբ ենք ընտրում այս կամ այն քաղաքական առաջնորդին կամ ուժին, թե՞ ի հակադրություն որեւէ այլ` առավել չսիրված ու անընդունելի ուժի: Նույնիսկ լավագույն քաղաքական ուժը եւ իմաստագույն պետական առաջնորդը չարյաց փոքրագույնն են: Իհարկե, այս ամենը որպես իմ ներկա պահի կարծիք, այլ ոչ անառարկելի ճշմարտություններ:
Ի՞նչն է խնդիրը: Անդրադառնամ նշված երեք ոլորտներից ամեն մեկին առանձին-առանձին: Պետության էության մասին իհարկե կան տարբեր տեսություններ: Ամեն դեպքում դրանք համադրելով, կարելի է բավականին վստահորեն ենթադրել, որ պետությունը ոչ թե ինքնին բարիք է, այլ չարիքներից փոքրագույնն է: Այստեղ չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ. դա կարելի է անել գրածիս հնարավոր քննարկման ժամանակ: Պետության հիմնական գործիքը օրենքն է, որն ունի սահմանափակ գործառույթ եւ չի կարող տարածվել, օրինակ, զուտ բարոյական խնդիրների վրա (իրավաբանության եւ բարոյականության նույնացումը, կամ պետության կողմից բարոյական նպատակների հռչակումը սովորաբար բերում է տոտալիտարիզմի): Օրենքը ազատություն չէ, եւ գոնե քրիստոնեական (նկատի ունեմ ոչ կիայն զուտ կրոնական, այլ «քաղաքակրթական քրիստոնեությունը») ավանդույթի համատեքստում դա պետք է ընկալելի միտք լինի: Բայց նաեւ նախաքրիստոնեական, օրինակ, արիստոտելյան տեսակետից` պետությունը «միջինների» համար է («միջին» եզրը այստեղ բացասական երանգներ չի պարունակում), իսկ պետությունից դուրս կարող է գտնվել կամ «գազանը» (վայրենին) կամ կիսաստվածը, այիսնքն կամ բացարձակ անկատար, կամ էլ բացարձակ կատարյալ էակը, որոն երկուսն էլ յուրովի ազատ են:
Միջինների մասին նույն տեսությունը վերաբերվում է նաեւ ժողովրդավարությանը: Ցանկացած հասարակարգ ի վերջո ձեւ է, սահմանափակող դրույների համակարգ, բայց ոչ բուն բովանդակությունը: Կոնկրետ ժողովրդավարությունը այնպիսի հասարակարգ է, որը լավագույնս հարմարեցված է հասունության որոշակի մակարդակի հասարակությունների համար, ուր տարբեր խմբերի հակասող շահերի բախումը անխուսափելի է, եւ հետեւաբար անհրաժեշտ է հասարակական միասնությունը ապահովող մեխանիզմ, որը սահմանի այն խաղի կանոնները, որոնցով հակասող շահերի կրող խմբերը կարողանան պայքարել իրար հետ առանց թշնամանքի որոշակի աստիճանը անցնելու: Սա լավ (կամ վատ` նայած ճաշակ) մեխանիզմ է, բայց միայն մեխանիզմ: Դա անմիջական կապ չունի ազատության հետ:
Ժողովրդավարական հասարակարգը (ինչպես եւ այլ հասարակարգերը` յուրաքանչյուրն իր ձեւերով) ընդամենը մեղմում կամ մասնակիորեն չեզոքացնում է դեպի բացարձակացում (դեպի քաղաքացիական պատերազմ) ձգտող քաղաքական երկբեւեռ պայքարը` սահմանափակելով այն որոշակի շրջանակներում: Քաղաքականությունը ինքը նույնպես բովանդակություն չէ, այլ որոշակի կառուցվածք, սխեմա: Եթե բարոյագիտության համար էական է բարու եւ չարի, գեղագիտության համար` գեղեցկության եւ տգեղության, տրամաբանության համար` ճշմարտության եւ կեղծիքի, ապա քաղաքականության համար էական է յուրայինի եւ հակառակորդի հակադրությունը: Այնտեղ ուր առկա է այդ հակադրությունը, կարելի է խոսել քաղաքականության մասին անկախ պայքարի կոնկրետ բովանդակությունից: Օրինակ, կրոնական քաղաքականությունը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ սկվում է պայքար (բոլոր տիպերի` պատերազմից մինչեւ մրցակցություն) այլակրոնների հետ եւ այլն: Միակ ոլորտը, ուր բացի քաղաքականությունից էական է բաժանումը յուրայինի եւ հակառակորդի դա թիմային սպորտն է. երկուսն էլ ծագում են հնագույն տոնական ծեսերից, ուր մասնակիցների բաժանումը երկու հակադիր մասերի` «սեւերի» ու «սպիտակների» կարեւորագույն տարրերից էր:
Էական է քաղաքականության երկբեւեռ կառուցվածքը: Քաղաքականությկան ակտիվացման փուլերում, ցանկացած երրորդ, չորրորդ, …հազարմեկերրոդ ուժ դատապարտված է կամ միանալու բեւեռներից մեկին, կամ ոչնչանալ: Դա բացահայտ երեւում է քաղաքական տարրերքի բացարձակացված արտահայտության` պատերազմի դեպքում: Երրորդ պատերազմող ուժ, ինչպես եւ երրորդ թիմ ֆուտբոլային դաշտում լինել չի կարող: Քաղաքականությունը դա բաժանում է, ընդ որում բաժանում երկուսի: Քաղաքականորեն պասիվ փուլերում, իհարկե, հնարավոր է երրորդ քաղաքական ուժերի գոյությունը, բայց ինչքան ավելի է ծավալվում քաղաքական տարրերքը, այնքան ավելի քչանում են երրորդ ուժերի մանեւրելու հնարավորությունները: Նրանք անխուսափելիորեն փչանում են, կամ վերանում: Այնուամենայնիվ ազատությունը պետք է փնտրել հենց երրորդի դաշտում: Միայն թե դա քաղաքականությունից դուրս երրորդն է, որի գոյության համար, սակայն, երկու քաղաքական բեւեռների կայացումը անհրաժեշտ է:
Բայց մինչ երրորդին վերադառնալը, մի քանի խոսք երկբեւեռ համակարգի առանձնահատկությունների մասին: Երկբեւեռ համակարգի «առաջինն» ու «երկրորդը», եթե վերացարկվենք դետալներից, ըստ էության հայելային են միմյանց նկատմամբ: Դրանցից ամեն մեկը ըստ էության ձգտում է մյուսի հռչակված արժեքների լիակատար ժխտմանը: Ընդ որում բուն արժեքները կարեւոր չեն, կարեւորը` հայելային հակադրությունն է: Այս գործընթացը հաճախ կախված չէ մարդկային կամքից, եւ մեկը, ով ներգրավվել է ակտիվ քաղաքականության մեջ, կարող է մի օր բացահայտել իր համար, որ պաշտպանում է սկզբունքներ, որոնք միանգամայն տարբեր են իր նախնական դիրքորոշումից, եւ այդ փոփոխությունը կախված է իր քաղաքական հակառակորդի դիրքորոշման փոփոխության հետ: Իհարկե սա վերացարկված սխեման է, որը իրականության մեջ կարող է միայն մասնակի մարմնավորում ստանալ շնորհիվ ոչ քաղաքական գործոնների ազդեցության:
Քաղաքական երկու բեւեռները փոխադարձ փոփոխելի են` երկրորդը մի օր դառնում է առաջին, եւ հակառակը: Կառուցվածքային առումով, սակայն, այդ փոփոխությունն էական ազդեցություն չի ունենում, եւ երկուսի գործառույթները մնում են նույնը: Քաղաքական երկու բեւեռները նման են երկվորյակ եղբայրների, որոնցից մեկը չի կարող գոյատեւել առանց մյուսի: Կան բազմաթիվ օրինակներ, թե մեր, թե համաշխարհային պատմությունից` դաշնակներ-հակադաշնակներ, ստալինիստներ-հակաստալինիստներ, ֆաշիստներ-հակաֆաշիստներ, լեւոնականներ-հակալեւոնականներ, հհշականներ-հակահհշականներ, ազգայնականներ-«կոսմոպոլիտներ», որոնց փոխադարձ ատելությունը հաճախ դժվար է լինում տարբերել փոխադարձ ձգողականությունից: Հակադաշնակները ոչինչ են առանց Դաշնակցության, հակալեւոնականները առանց Լեւոնի, հակաստալինիստներն առանց Ստալինի եւ այլն: Մյուս լավ օրինակը, վերջին մեկ տարվա փոփոխություններն են արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ. երբ իշխանությունը «հայդատականից» սկսեց վերածվել «առաջադեմի», ապա ընդդիմությունը ցուցաբերեց «հայադատականացման» միտումներ: Այս գործընթացները կարելի է քննադատելի համարել ոչ քաղաքական դիսկուրսի տեսակետից, բայց դրանք անխուսափելի են որպես քաղաքական տարերքի հարազատ մաս: Ամեն դեպքում ազատությունը չի կարող գոյանալ իր էությամբ երկբեւեռ քաղաքական տարերքի շրջանակներում:
Ազատությունը, ինչպես ասեցի, կարող է առաջ գալ միայն երրորդ տարածքում: Բայց այստեղ կա մի քանի կարեւոր նրբություն: Նախ` չնայած երրորդը դուրս է քաղաքական երկբեւեռությունից, սակայն նա կարիքն ունի վերջինիս կայացման: Միայն երկբեւեռ, այսինքն ժողովրդավարական (ավելի լավ կլիներ ասել` մրցակցային, որպեսզի խուսափեն ժողովրդավարական եզրի պայմանականությունից եւ լղոզվածությունից, որն արդյունք է անընդատ օգտագործման) քաղաքական համակարգի պայմաններում է հնարավոր երրորդի առաջացումը: Այլ խոսքերով, որպեսզի առաջ գա երրորդը, պետք է նախ առաջ գա երկրորդը` քաղաքական ընդդիմությունը: Ընդդիմությունը երբեք էլ ազատություն չի բերի, բայց նրա գոյությունը անհրաժեշտ նախապայման է իրական ազատության տարածքի առաջացման: 2008-ից մեզանում ընթացող քաղաքական գործընթացի ամենամեծ արժեքը հենց այն հնարավորության մեջ է, որը ստեղծվում է պոտենցիալ երրորդ տարածքի գոյացման համար:
Մնում է միայն ճշտել, թե ինչ է երրորդը եւ ինչ նա չի կարող լինել: Ասեցի, որ երրորդը քաղաքական ուժ լինել չի կարող: Այսինքն, մարդիկ, որոնք քաղաքանապես դեմ են թե ներկայիս իշխանությանը, թե ընդդիմությանը բնականաբար կարող են ձեւավորվել որպես քաղաքական ուժ, եւ դրա իրավունքն ունեն, բայց քանի դեռ պահպանվում է ներկայիս քաղաքական վիճակը, եւ երկու հիմնական սուբյեկտներից մեկը չի հեռացել ասպարեզից, քաղաքական երրորդը դատապարտված է կամ ձախողման, կամ երկուիսց մեկի հետ ձուլման: Սա իմ ցանկությունը չէ, այլ քաղաքական օրինաչափություն է: Պետք չէ խաբվել «չեզոք» քաղաքական դիրքորոշումներից: Քաղաքականության մեջ չեզոքներ չեն լինում, ինչպես որ չեն լինում այդպիսիկ ֆուտբոլի դաշտում, կամ պատերազմի մեջ: «Չեզոքը» միշտ էլ մեկի կողմից է կամ ի սկզբանե, կամ այդպիսին է դառնում դեպքերի բերումով:
Բայց յուրախություն ինձ, կարծես նշմարվում են երրորդ տարածքի գոյացման առաջին սաղմերը: Ես դրանք տեսնում եմ ոչ քաղաքական ուժերի կողմից կազմակերպվող բողոքական ակցիաների մեջ (օրինակ տաքսիստներ, տոնավաճառների աշխատողներ եւ այլն): Ուզում եմ տեսած լինեմ նաեւ տարբեր փոքր անկախ բանավիճային հարթակներում, որոնք կարծես միտում ունեն ձեւավորվելու: Գուցե իմ տեսողությունը անաչառ չէ, եւ ես ցանկալին իրականության տեղ եմ դնում, բայց հույս ունեմ, որ դա այդպես չէ:
Հրանտ
Հ.Գ. Քանի որ, ինչպես հայտնի է ողջ առաջադեմ մարդկությանը, եւ ի մասնավորի հայությանս սրատես մասին, իմ բոլոր նյութերը գրվում են պատվերով (կապ չունի Տեր-Պետրոսյանի, թե Անդրանիկ Թեւանյանի), միանգամից հայտնեմ, որ այստեղ տեղադրվողները նույնպես գրվում են ինչ որ մեկի պատվերով: Ճիշտ է դեռ այդքան էլ պարզ չէ, թե հատկապես ո՛ւմ, բայց հոգ չէ` ժամանակը, կարծում եմ, հայտնի կդարձնի նաեւ այս գաղտնիքը: Կասկածներ կան, որ այս անգամ պատվիրատուն կարող է շատ ավելի հետարքրիր լինել: Ասում են դա կարող է լինել Ճապոնիայի օղորմածիկ Խիրոխիտու կայսրը, որի հետ հետմահու կապը ապահովվում է իմ տանը տեղադրված հատուկ սարքավորումների միջոցով: Չվախեք: Լավ կլինի: Ջերմ բարեւներով, ուստա Հրանտ:
April 24th, 2009 at 12:25 pm
ես համաձայն եմ ազատության և երրորդ կողմի գաղափարի հետ: Միայն մի երկու նկատառում..
Եթե համեմատենք ամերիկյան/անգլիական երկկուսակական համակարգի հետ, ապա քո ասած երրորդն իրականում կուսակցություն չէ, այլ այն ինչ իրանք կոչում են քաղաքացիական հասարակություն: Այլ դեպքում խոսքն կգնա բազմաբևեռ քաղաքական համակարգի մասին, որտեղ ին-յան -ական խնդիրներ չկան:
Ցավոք մինչև հիմա մեր մոտ շատ թույլ է ընդդիմությունը,իսկ քաղաքացիական դաշտը միշտ ասոցացվել է քաղաքական դաշտի հետ, ավելի կոնկրետ ասած ցանկացած պիկետ կամ ցույց փոքր խբերի իրավունքների, շահերի պաշտպանության կապվում էր ընդդիմության հետ: Մարդիկ վախենում են որ ընդդիմություն կընկալվեն, եթե իրենց դժգոհությունը, կամ ընդհանրապես կարծիքն կարտահայտեն ու լռում էին: Այդ իմաստով շատ ունիկալ դեպք է ՄԻԱԿ-ի ջահելները, որ կաշառակերության դեմ են ակցիա անում ու թռուցիկ են կպցնում: Բայց տարբերությունն նա է , որ իրանք համոզված են որ ոստիկանն իրանց չի բռնի, իսկ իշխանությունների հետ կապ չունեցողները` ոչ: Այդպես էլ ստացվում է, որ ՀԿ-երը, թերթերը և մյուս բոլոր-բոլորը կամ ընդդիմադիր են, կամ էլ կառույց, որ պռոիշխանական է:
Իսկ քանի դեռ ընդդիմությունը լուրջ կառույց չի դարձել,և ավելին հետընտրական հետընթացի փուլում է, երրորդ կողմը լռելու է կրկնակի վախից: Այդպես էլ ստացվում է, որ ՀԿ-երը, թերթերը և մյուս բոլոր-բոլորը կամ ընդդիմադիր են, կամ էլ կառույց, որ պռոիշխանական է:
April 24th, 2009 at 7:08 pm
“Եթե համեմատենք ամերիկյան/անգլիական երկկուսակական համակարգի հետ, ապա քո ասած երրորդն իրականում կուսակցություն չէ, այլ այն ինչ իրանք կոչում են քաղաքացիական հասարակություն”:
Մեծ հաշվով ես էլ դա էի ուզում ասել, որ երրորդը քաղաքական ուժ չպետք է լինի: Չգիտեմ, ինչպես դնենք դրա ճիշտ անունը, գուցե հենց քաղաքացիական հասարակությունն էլ ճիշտ է, եթե մի կողմ դնենք էդ հասկացության մաշվածութունը եւ իմաստանին լղոզվածությունը շատ օգտագործման պատճառով:
Մնացածի հետ էլ լրիվ համաձայն, միայն ՄԻԱԿ-ի առումով համոզված չեմ, որ դա ինչ որ խաղ չի եղել: