Որովհետեւ չարժի նույն տրուսիկը հագնել այս անգամ էլ` թարսուշիտակ (տես Սամվել Ավագյանի վերջին գրվածը այս բլոգում, որն իմ մոտ բանավիճելու բուռն ցանկություն է առաջացնում):
Հայը թշնամի չունի, ու դա լավ չէ, բայց….
Նախ` այն կետերի մասին, որոնց շուրջ ես համաձայն եմ Սամվելի հետ: Ճիշտ է, որ Թուրքիայի, իսկ որոշ առումներով նաեւ Ադրբեջանի թուրքերը մեզանից շատ բաներում այսօր առաջ են ընկած: Եւ անցել են այն ժամանակները, երբ մենք կարող էինք համարվել համեմատաբար քաղաքակիրթ ու զարգացած, իսկ թուրքերը ավելի «հետամնաց» ազգ: Իհարկե սա շատ ընդհանուր դատողություն է` միգուցե շատ դետալներում վիճելի, բայց մեծ հաշվով ճիշտ: Ընդ որում, հետաքրքրիր է, որ դա ճիշտ կարելի է համարել նաեւ պատմագրության առումով: Սա հավելյալ պիկանտ նրբերանգ է հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին խոսակցությունների համատեքստում: Շատերը, թերեւս, կարծում են, որ եթե մեր պատմաբանները նստեն թուրքականների հետ բանավիճային սեղանի շուրջ, ապա քանի որ ճշմարտությունը մեր կողմից է, մերոնք, «կկրեն», եւ թուրքերին կապացուցեն, որ ցեղասպանությունը եղել է: Ես շատ ավելի վատատեսական եմ այդ առումով, եթե խոսքը միայն հայաստանյան, այլ ոչ թե նաեւ սփյուռքահայ պատմաբանների մասին է: Չնայած ցեղասպանության մասին Հայաստանում գիտեն նույնիսկ մանուկները, բայց լուրջ գիտական գործ այդ թեմայի շուրջ շատ քիչ է արվել թե՛ Սովետական, թե՛ անկախ Հայաստանում: Սովետականը ընդհանրապես կարող եք աղբանոց նետել` դա չի համապատասպանում գիտականության մասին որեւէ միջազգային չափանիշներին: Ասում են, որ որոշ բաներ արվում են այսօր. գուցե դա այդպես է, բայց միեւնույնն է հայաստանյան պատմագրությունը մեծ հաշվով ոչինչ չունի ասելու ծանրակշիռ վեճի պայմաններում, որովհետեւ գիտությունը դա ոչ միայն ճշմարտություն է, այլեւ որոշակի տեխնոլոգիաներ: Սա որպես շեղում բուն թեմայից:
Սամվելը ճիշտ է նաեւ երբ գրում է` «ես իհարկե հասկանում եմ այն քաղաքական գործիչներին, որոնք ռուսական սվինների ետևից սիրում են հոխորտալ թուրքերի հասցեին»: Կարող եմ նույնիսկ սրան ավելացնել, որ հայկական «ազգայնականություն» կոչվածը (որը ես բուն ազգայանականությունից նախընտրում եմ տարբերել` դրական գնահատելով վերջիսն) Ռուսաստանի շահեսը սպասարկող նախագիծ է: Կարելի է նաեւ ավելի խորը գնալ, եւ ենթադրել, որ ավանդական համարվող հայկական (ֆորպոստային) մտածողությունը իրականում սեփական թշնամի չունի` թշնամին ռուսի թշնամին է, որովհետեւ այդ մտածողության շրջանակներում հայն ընդհանրապես քաղաքական սուբյեկտ չէ, հետեւաբար եւ հակառակորդ չի կարող ունենալ: Դա կարելի է ապացուցել ե՛ւ պատմական փաստերով (օրինակ, եթե 1920 –ին հայերը պատրաստ լինեին նույնքան զոհ տալ որքան նրանք տվեցին Երկրորդ Համաշխարհայնում սովետական դրոշի ներքո, ոչ միյան Կարսը` մինչեւ Եփրատ մերը կարող էր լիներ), ե՛ւ մտովի պատասխանելով այն հարցին, թե եթե այսօր Ռուսաստանը պատերազմ հայտարարի Հայաստանին եւ ռուսական տանկերը մտնեն Երեւան, որքա՞ն Հայաստանի քաղաքացի ոտքի կելնի պաշտպանելու երկրի անկախությունը, իսկ որքանը ծաղկիներով կդիմավորեն օտար բանակի զինվորներին: Ամեն դեպքում, նույնիսկ, եթե հիշյալ հարցադրումներում սխալվում եմ, կարծում եմ, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցն, ինչ որ առումով Հայաստանի անկախության հարցն է, քանի որ Հայաստանն իր անկախությունը հռչակել է Ռուսաստանից, բայց նաեւ Թուրքիայի հետ ունեցած խնդիրների պատճառով չի կարող ցայժմ ձերբազատվել նախկին մետրոպոլիայից կախյալ վիճակից, վերջինիս բոլոր բացասական հետեւանքներով (այդ թվում ժամանակակից պետության եւ մրցակցային քաղաքական համակարգի թերզարգացումից): Այս բոլորն այդպես է, բայց….
Գլամուրային հայրենասիրությունը փոխելով գլամուրային խաղաղասիրության ստանում ենք նույնը մինուսով
Բայց այսօր դրված չէ հայ-թուրքական հարաբերությունների հարց ընդհանրապես, որպես ռազմավարական խնդիր, այլ դրված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փորձերի հետ կապված շատ կոնկրետ խնդիրներ: Քննարկել այսօր այն հարցը, թե արդյոք լավ է, կամ վատ, որ սահմանները բացվեն ընդհանրապես, առեւտուր լինի, բարիդրացիական հարաբերությոն լինի, ռուսական ազդեցությունը նվազի եւ այլն, նշանակում է քննարկել ակադեմիական բնույթի հարցեր:
Բայց նույնիսկ այդպիսի վերացական քննարկման դեպքում, ամենից վտանգավորը հարցի չափից ավելի գաղափարախոսականացումն է: Դրա մի ձեւը հայտնի է` այսպես կոչված «հայդատականությունը», որն, ի դեպ վերջին տաս տարվա մեջ նաեւ շատ առումներով կորցրել է իր իրական քաղաքական բովանդակությունը, եւ վերածվել է Հայլուրի գլամուրային «հայրենասիրության»: Սրա հայելային հակապատկերն է հաճախ նույնքան գլամուրային խաղաղասիրությունը եւ «առաջադիմությունը», որը գաղափարախոսությունը գոյանում է շատ հեշտ ճանապարհով` վերցնել գռեհկացված «հայդատականությունը», շուռ տալ նրա բոլոր դրույթները, եւ դրա սեւին ասել` սպիտակ, բոբոյին` պուպուշ: Հայ-թուրքական սահմաները պետք է բացել, ըստ այդմ, որովհետեւ բոլոր մարդիկ պետք է իրար սիրեն, իսկ կոնֆլիկտների եւ պատերազմենրի դարն անցել է (սկսած առնվազն Օգոստոս կայսրից այդ դարը պարբերաբար «անցնում» է): (Գլամուրային խաղաղասիրությունը ես չեմ վերագրում Սամվել Ավագյանին, բայց նրա նյութի մեջ որոշ միտում` հայդատականության հայելային հակապատկեր ստեղծելու առումով, տեսնում եմ): Ընդ որում, եթե խոսքն ավելի «հետադիմական» հայդատականության եւ «առաջադիմական» խաղաղասիրության միջեւ ընտրության մասին է, ապա նախընտրելի է առաջինը, որովհետեւ նման դեպքերում փորձված թանն, իրոք ավելի լավ է (շեշտեմ, որ խոսքը միայն «նման դեպքերի» մասին է):
Կոնկրետ ինչ ես ոզում, այ հոպա՞ր
Ասեմ, ինչ եմ ուզում: Խնդիրն, ուրեմն, ոչ թե հայ-թուրքական հարաբերություններն են առհասարակ, այլ այսօրվա կոնկրետ իրավիճակը դրանց շուրջ:
Կան անպատասխան հարցեր: Օրինակ` ի՞նչ կոնկրետ բովանդակություն է պարունակում իր մեջ «ճանապարհային քարտեզը», եւ, եթե ամեն բան նորմալ է, ինչո՞ւ չկա կոնկրետություն դրա շուրջ: Իրավունք ունի արդյո՞ք հասարակությունը մտահոգվել այս պարագայում: Բնականաբար ունի: Եւ եթե նույնիսկ բարձացված շուխուրը սխալ է, ապա այն հաստատ չի խանգարի:
Բացի այդ եղած մտահոգությունները շատ ավելի կոնկրետ հիմքեր ունեն: Օրինակ, բազմաթիվ հիմքեր կան կասկածելու, որ հայ-թուրքականի կարգավորումը կապված է պատմաբանների հանձնաժողովի հարցի ստեղծման, նաեւ` Ղարաբաղի հարցի կարգավորման հետ: Սրա ապացույցները չբերեմ, քանի որ դրանք շատ-շատ են հնչեցվել: Կարո՞ղ է սա լուրջ մտահոգությունների տեղիք տալ: Դժվար է պնդել, որ նման կասկածները բացարձակ անհիմն են, եւ որ դրանք մտահոգիչ չեն:
Կան եւ, այսպես ասած, «ռազմավարական» կասկածների լուրջ հիմքեր: Հայ-թուրքական հարաբերություններն այնպիսի քաղաքականապես նուրբ եւ հոգեբանորեն բարդ խնդիր են, որ նման հարցի լուծմանը կարող է գնալ միայն այնպիսի կառավարություն, որը հանրության շատ մեծ վստահություն է վայելում (չեմ օգտագործում չափից ավելի չարչրկված լեգիտիմություն եզրը): Կարծում եմ, սա անվիճելի է, ինչպես որ անվիճելի է այն, որ ներկայիս կառավարությունն այդպիսի վստահություն չի վայելում (նույնիսկ, եթե ոմանց համար այն շատ լավն է, բայց փաստ է, որ չի վայելում):
Առկա է նաեւ «ռազմավարական» այլ խնդիր, որը, թերեւս շատերին երկրորդական թվա, բայց իրականում նույնպես շատ կարեւոր է: Չի երեւում, թե այսօրվա նախ***ձեռնողական քաղաքականությունը, հանրայնորեն ներկայացված ի՞նչ ռազմավարության կամ գաղափարախոսության մաս է ներկայացնում: Այլ կերպ ասասծ, այսօր իշխանության մոտ գտնվող ուժը` Սերժ Սարգսյանը եւ Հանրապետական կուսակցությունը, իրենց նախընտրական ծրագրերում ընտրողներին հեղափոխական արտաքին քաղաքականության եւ կոնկրետ` հայ-թուրքական հարաբերությունների արմատական բարեփոխման կետեր ներկայացրել: Այդպիսի թեզ չի օգտագործվել նաեւ քարոզարշավում: Ավելին, կարելի է ասել, որ հատկապես քարոզարշավի շրջանակներում ամեն բան ճիշտ հակառակն էր ներկայացվում` «հայրենասեր» թեկնածուն ընդդեմ «թուրքասերների» եւ տողերիս հեղինակի նման ազգությունից զուրկ մարդկային աղբի, որը ծառայում է օտար շահերին: Էմոցիոնալ կողմը թողնենք մի կողմ, բայց հարցն իրոք լուրջ է: Կարելի է ենթադրել, որ տեղի ունեցողը կա՛մ ինչ որ ռազմավարության մաս է, բայց այդ ռազմավարությունը հասարակությունից թաքցնում են, կա՛մ էլ տեղի է ունենում որեւէ համատեքստից դուրս գտնվող մի իմպրովիզացիա: Երկու դեպքում էլ մտահոգությունները ավելի քան տեղին էն:
Հրանտ