Սոված, պատերազմական, կրիմինալ, անհոգ եւ ուրախ-արեւային 1992 թ-ին ես ու Սոսոն Թիֆլիսի վերնիսաժից ռոք-պլաստինկա գողացող հայտնի զույգն էինք: (Խեղճ Սոսոյին մինչեւ հիմա հիում եմ ձվերը ուռած հիվանդանոցում պարկած, որովհետեւ երբ դասի ժամին դսասարանով կլեյ էինք քաշել Վանոն Սոսոյին կատակով անկապ խփել էր, էդ ժամանակ ցավը չեզ զգում, իսկ հետո….: Տենց պարկած էր, երբ ես բերեցի նոր փախցրած ֆիրմա Սերժանտ Փեփերը): Մի օր էլ այդպես մոտս հայտնվեց Ջեթրո Թալի սբոռնիկը: Ջեթրո Թալ մինչ այդ արդեն լսել էի` ստեղ Երեւանում` Ջեֆենց (Պապայան Վահանգենց) տանը (սա էլ մի լրիվ այլ միջավայր, որի հետ շփվում էի Երեւանում. Երեւան-Թիֆլիս տրանզիտը իմ այն ժամանակվա կյանքի անբաժանելի մասն էր): 82 թվի բավականին անիմաստ ալբոմն էր` The Broadsword and the Beast: Հիմա եմ հասկանում, որ անկապն էր. էն ժամանակ դուրս գալիս էր:
Պատմական այս դեպքերից 17 տարի անց հանուն ռոքի երբեմնի օրինախախտս եւ մատաղ կյանքս մեքենայի տակ զոհելու հավակնորդս (եթե գողանում էինք փախցնելով` արագ անցնում էին փողոցը` չնայելով մեքենաների հոսքին եւ լուսափորի գույնին) վայելեցի Ջեթրո Թալի համերգը իմ հարազատ քաղաքում: Հա՛մ ես եմ պառավել-սոլիդացել, հա՛մ Անդերսընը: Բայց հուրախություն ինձ երկուսս էլ լավ ֆորմայի մեջ էինք` տժժում էինք, ասես լավ միտինգ լիներ: Գիժ Թիֆլիսն էլ հայտնեց իրա մասին` ասում են Անդերսընը ոտքերի տակ ընկնող էն հարիֆը` վրացի էր: Այսինքն ես էի made in 1992, երբ պլաստինկեն ձեռս առած գժի պես ընկնում էի մեքենաների արանքները, ու հետ չնայելով, լսում էի մենակ տորմոզների ճռճռան ձայներն ու վարորդների քֆուրներն իմ հասցեին (Վրաստա՜նդ, երկի՛ր քֆուրի):
Մյուս օրը երեկոյան գալիս եմ տուն, ու կարդում եմ prm.am կայքում մի հոդված, որի հեղինակը պնդում է, որ Ջեթրո Թալի համերգը` գլամուր էր: Հոդվածը ոնց որ անստորագիր էր` ենթադրում եմ, որ իմ սիրելի Գալստյան Հրաչն է գրել: Ու բավականին լավ փաստարկներ է բերում: Առաջին, ասում է, երեւնյան համերգին մեծամասնություն էին կազմում, ոչ թե բուն երկրպագուներն, այլ տուսովկան (մանրամասն տես` նշված կայքում` «Իրադարձություն» բաժնում): Երկրորդն էլ` իրենք երաժիշտները վաղուց շահագործում են բրենդ դարձած իրենց երբեմնի իմպրովիզացիոն եւ արտիստիկ տաղանդը: Այսինքն` երկու դեպքում էլ բուն երաժշտությունը երկրորդ պլան է մղվում, ու գլամուրի հոտ է գալիս: Լավ ա ձեւակերպված, բայց վիճելի ա:
Իհարկե Երեւանում Ջեթրո Թալի բուն երկրպագու քիչ է: Երեւի մի 100 հոգի, կամ ավել, որ, ասենք Զոլյան Միկայի կամ Սեյրանյան Սպարտակի նման Թալի մասնագետ են: Մի քիչ ավելի շատ են իմ նմանները, որ կոնկրետ Թալի եսիմ ինչ երկրպագու չեն, բայց քանի որ երկար տարիներ ռոք լսող են, Ջեթրո Թալի դասական ալբոմներից տեղյակ են: Ու էդպես շարունակ ավելի ու ավելի լայնացող շերտեր, որոնց անդամներին կարելի է Ջեթրո Թալի հայաստանյան երկրպագու համարել: Դժվար է ասել դրանք համերգի մասնակիցների քանի տոկոսն էին կազմում: Բայց, կարծում եմ դա էական չէ: Որովհետեւ, ենթադրում եմ, որ նրանք, ով եկել էին համերգի, ուղղակի խմբի անունը կամ համերգի «պրեստիժ» լինելը լսելու պատճառով` բուն երաժշտությունից էլ, մթնոլոտից էլ հաճույք ստացան, ու սկբնական «տուսովոչնի» դրդապատճառը ետին պլան մղվեց: Արդյունքում, բազամազանազանակերպ տուսովկեքի մշտական տոմս ունեցող մեծապատիվ դոդոները, մնացին փոքրամասնություն` բարձրաճակատ քանդակ գլուխները վեր տնգած: Այնպես, որ համերգին գնալ առանց խումբը նախարոք լսած լինելու դեռ գլամուրացման հարյուրտոկոսանոց փաստարկ չէ, որովհետեւ համերգի էներգետիկան բավական էր, որպեսզի մարսի եւ յուրացնի պոտենցիալ գլամուրշիկներին` գոնե մեկ օրով վերածելով նրանց ակտուալ ռոքերների:
Ինչ վերաբերվում է prm.am-ի երկրորդ փաստարկին: Ռոքը թե նախկինում, թե այսօր մեծամասամբ եղել է կոմերցիոն երաժշտություն, թեկուզեւ որակով կոմերցիոն երաժշտություն: Միայն մի շատ կարճ ժամանակահատված` 1966-69 թթ-ին (մոտավորապես) ռոքը նշանակում էր ավելին: Սիդ Բարետի, Ջիմ Մորիսընի եւ ուրիշները իրենց իրական սպոնտանությամբ կարողանում էին ռոքը դարձնել` զանցառու` սահմաններն անցնող անկառավարելի «զանցառու»: Իսկ մինչ այդ` 50-ական-60-ականներին, եւ հետո` 70-ականներին ռոքը իր ողջ ներուժով հանդերձ մնում էր շոու բիզնեսի սահմաններում: Բայց դա դեռ չի նշանակում, որ ռոքը իմիտացիոն կամ գլամուրային արվեստ է: Պարադոքսն հենց այն է, որ ռոքի տեւական կոմերցիոն հաջողությունը բխում էր ռոքի «իսկականությունից», Դասական ռոքը հիմա էլ մնում է «իսկական երաժշտություն», իսկական զգացմունք, իսկական կիրք, որը «նատուռի» տանում ա:
Ժամանակին ես բավականին շատ եմ մտածել` ինչո՞ւ էինք մենք փոքր վախտ ռոք լսում: Հա, ճիշտ ա, դրա սկզբնական պատճառը նույնն էր, ինչ ֆիրմա ջինս հանգելու ձգտումը: Սովետում ռոքը ֆիրմա էր, ուրեմն եւ պրեստիժ: Բայց անցել է 20 տարի ու իմ սերնդի «նվիրյալները» շարունակում են ռոք լսել: Հիմա պլաստինկա գողանալու կարիք չկա` մտի ինտերնետ, ու ինչ ուզում ես քաշի: Քաշի այնպիսի բաներ, որոնց մասին երազել իսկ չէիր կարող քոսոտ սովետումդ: 30 անց տղա եմ, ու շարունակում եմ քաշել ու լսել: (Հա բաց քաշածս էլի, փաստորեն, անօրինական է` կամ բութլեգ է կամ պիրատական, ու ամեն դեպքում ձրի): Ուրբաթ օրվա համերգը օգնեց ինձ վերջնականապես հասկանալու, որ ռոքը ուղղակի սովորություն չէ իմ համար: Նա շարունակում է կենդանի մնալ ու խորը էմոցիոնալ ցնցումներ պարգեւել:
Հրանտ