Ինքնորոշման խաչմերուկ

Երբ թերթերը հրապարակեցին հատվածներ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից եւ պարզվեց, որ Հայաստանի նախագահն Ադրբեջանի իր գործընկերոջն առաջարկել է ղարաբաղցիների «սիրտը շահելու» համար ներդրումներ անել արդեն շուրջ քսան տարի անկախի կարգավիճակ ունեցող երկրամասում, ակամա հիշեցի, որ նման մի առաջարկ էլ ժամանակին (Սերժ Սարգսյանի առաջարկից մի երեք-չորս տարի առաջ) ես եմ արել։

Օրերից մի օր ադրբեջանցի մի լրագրողի հետ զրուցելիս, հարց տվեցի. «Հիմա դուք ուզում եք վերադարձնել Սովետական Ադրբեջանի՞ տարածքները, թե՝ վերականգնել անկախ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Զրուցակիցս բնականաբար չհասկացավ հարցը եւ փորձեց ճշտել. «Նույնը չէ՞»։

Ստիպված էի մանրամասնել։ «-Եթե դուք ուզում եք վերադարձնել Սովետական Ադրբեջանի տարածքները,-ասացի ես,-դրա ամենաուղիղ ճանապարհը պատերազմն է։ Իսկ եթե ուզում եք վերականգնել անկախ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա համար պետք է ամեն ինչ թողնեք եւ ուղիղ կապի մեջ մտնեք Ղարաբաղի ժողովրդի հետ»։

-Մենք նրանց չենք կարող ասել՝ եկեք միասին ապրենք,-ասաց գործընկերս։
-Ինչո՞ւ։ -Չեն հավատա։ -Այդ դեպքում Սովետական Ադրբեջանի տարածքները վերադարձնելու համար դուք պետք է կամ բնաջնջեք կամ էլ տեղահանեք Ղարաբաղի բնակչությանը։

Անսպասելիությունից շփոթված գործընկերս հավաստիացրեց (պարզ չէր՝ ում անունից), որ իրենք երբեք նման բան չեն անի, բայց եւ երբեք չեն հրաժարվի Ղարաբաղից։

Այ հենց այդ ժամանակ էլ ես նրան խորհուրդ տվեցի ղարաբաղցի երիտասարդների մի խմբի հրավիրել Բաքու, ծանոթացնել ժամանակից Ադրբեջանի իրականությանը։ Հետո ադրբեջանցի երիտասարդների մի խմբի գործուղել Ղարաբաղ, որպեսզի սեփական աչքով տեսնեն հետխորհրդային Ղարաբաղը։ Հետո ասացի՝ ինչու չէ, կարող եք նաեւ ներդրումներ անել Ղարաբաղում եւ հրավիրել ղարաբաղցիներին ներդրումներ անելու Ադրբեջանի տնտեսության մեջ։

Գործընկերոջս արած իմ առաջարկի եւ Սերժ Սարգսյանի՝ իր գործընկերոջն արած առաջարկի միակ նմանությունը դրա հեռանկարն է՝ երկու դեպքում էլ չլինելիք։ Իսկ տարբերությունները շատ են։

Առաջին տարբերությունն այն է, որ ես Հայաստանի նախագահը չէի եւ չեմ, իսկ Սերժ Սարգսյանը փաստացի նախագահն է։ Ես ընդամենը լրագրող եմ, ադրբեջանցի գործընկերս էլ բնականաբար լրագրող է, եւ սեմինարների ու cofee break-ի արանքում կարող ենք խոսել ինչ խելքներիս փչի։

Երկրորդ տարբերությունն այն է, որ ես այդ զրույցից առաջ երբեւէ չէի ասել ու չեմ ասում, որ Ղարաբաղը, վե՛րջ, նվաճել է իր անկախությունը, որ անկախ Ադրբեջանի կազմում երբեք Ղարաբաղ չի եղել ու նման բաներ եւ որ իբր դրանցով ամեն ինչ ասված է։

Երրորդ տարբերությունն այն է, որ ես չէի եղել ու չեմ Ադրբեջանի եւ Հայաստանի արանքում գտնվող երկրամասի ռազմականացման կազմակերպիչը։ Ռազմականացում, որ տարիներ շարունակ կատարվել է Հայաստանի ու Ղարաբաղի բնակիչների սոցիալական վիճակի հաշվին՝ ի շահ եւ ի փառս ազգային իրականացած իղձերի։

Չորրորդ տարբերությունն էլ այն է, որ ես երբեւէ չեմ ղեկավարել Հայաստանի տնտեսությունը եւ երբեւէ այդ բարձրությունից չեմ նայել Ղարաբաղի ու հարակից ադրբեջանական շրջանների սոցիալ-տնտեսական խնդիրներին։

Սա ամենակարեւոր տարբերությունն է, որովհետեւ Հայաստանի նախագահը կարող է նման առաջարկ անել հակառակորդ երկրի իր գործընկերոջը միայն այն դեպքում, եթե վստահ է, որ Ղարաբաղում բոլոր լուրջ ներդրումներն արդեն արված են, եւ հակառակորդ երկրի նախագահը (մեկ էլ տեսար) ներդրումային միջավայրն ուսումնասիրելու համար մի պատվիրակություն ուղարկելով չի պարզելու, որ հերոսական Ղարաբաղի գյուղերում կյանքի ամենատարրական պայմաններ անգամ չկան։

Հայաստանի նախագահը կարող է նման առաջարկ անել միայն այն դեպքում, երբ վստահ է, որ իր երկրի արած ներդրումների ծավալը կարող է շոկի մեջ գցել հակառակորդին։ Պատկերացրեք, Իլհամ Ալիեւն՝ առաջարկը լուրջ ընդունելով, հարցնում է. «Սերժ Ազատիչ, իսկ վերջին քսան տարում ի՞նչ ներդրումներ եք արել եւ ո՞ր ոլորտներում»։ Կամ հարցնում է. «Ժամանակին ասում էիք, որ Ադրբեջանը խոչընդոտում էր Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացմանը, որքանո՞վ եք առաջ անցել մինչեւ շարժումը Ղարաբաղում եղած ցուցանիշներից»։ Կամ էլ հարցնում է. «Երեք հարյուր միլիոն ամերիկյան դոլարը բավարա՞ր է»՝ մտքում հաշվելով, որ «զարհուրելի սփյուռքը» վերջին քսան տարում դրա կեսն անգամ չի նվիրաբերել ազատագրյալ Արցախին։

Սա հաշվապահության ոլորտից է։ Կա նաեւ հարցի հոգեբանական կողմը։ Պատերազմում հաղթանակ տարած, հակառակորդի տարածքներն ազատագրած երկրի նախագահը ո՞նց կարող է ազգային-ազատագրական պայքարն իջեցնել սոցիալ-տնտեսականի մակարդակի։ Ինքնորոշումը կողմնորոշում է դեպի նյութակա՞նը, թե՞ դեպի բարոյական ու հոգեւոր արժեքները։

Անցած տարի լինելով Բասկերի երկրում, որը համառ ու երբեմն ծայրահեղ պայքար է մղում Իսպանիայից անկախանալու համար, սոցիալական խնդիրներ, կարծես թե, չտեսա։ Դրանց մասին որեւէ խոսք չլսեցի ոչ անկախականներից, ոչ էլ գոյություն ունեցող ինքնավարության կողմնակիցներից։ Փոխարենը երկու կողմն էլ պնդում էր հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը, որովհետեւ ինքնորոշումն այդ մարդկանց համար ինքնահաստատման եւ ինքնադրսեւորման ճանապարհ է եւ ոչ թե հակառակորդի արժանիքներով հմայվելու միջոց։

Տիգրան Պասկևիչյան

5 Responses

  1. Augustinus Says:

    Ես այսպիսի մի հարց ունեմ…

    Ձեր կարծիքով, որն էր վերջիվերջո Սերժ Սարգսյանի առաջարկի իրական դրդապատճառը… Ինչ նպատակներ է այն հետապնդում, ինձ համար մի փոքր դժվար է հասկանալ, բայց գուցե կա որոշակի բացատրություն…

  2. tigran Says:

    Կարծում եմ, իրական դրդապատճառը եղել է այդ պահին լուրջ ասելիք չունենալը; Դա բնական է, քանի որ վերջին տասը տարում Հայաստանը վարել է ձգձգման քաղաքականություն, Ադրբեջանն էլ ձեւ է արել, թե դեմ չէ այդ քաղաքականությանը` իրականում հաշվելով ժամանակի ընթացքում ստացվող օգուտները;

  3. Augustinus Says:

    Դժվարանում եմ պատկերացնել,որ նման հանդիպումից առաջ որևէ նախագահ կարող է ասելիք չունենալ… Ամեն դեպքում արդարացված չէ նման վերաբերմունքը…

    Փաստորեն դուք կարծում եք, որ նման խոսքերի մեջ քաղաքական ոչ մի ենթատեքստ կամ այլ խնդիրներ լուծելու ցանկություն չկա՞ր…

  4. tigran Says:

    Խնդիրն, իմ կարծիքով, այն է, որ տարիների ընթացքում ղարաբաղյան կարգավորման գործընթացը բովանդակազրկվել է; Սա` մեկ; Երկրորդը երկրի նախագահի պատասխանատվության հարցն է, որ փորձել եմ կարեւորել իմ ինքնախոստովանությամբ; Մի քաղաքացին, մի լրագրողը ինչ ասես կարող է “դուրս” տալ, որովհետեւ չունի պատասխանատվության այն ծավալը, որը նախագահինն է; Չմոռանանք նաեւ, որ Ադրբեջանը վերջին տարիներին տնտեսական իր հաջողություններն էր խոթում մեր աչքը, ինչին ՀՀ իշխանությունները, այդ թվում նաեւ` ներկա նախագահը հակադրում էին մեր ոգին; Հիմա ստացվում է, որ այդ առաջարկով Հայաստանի նախագահն ընդունում է Ադրբեջանի տնտեսական գերակայությունը;

  5. LENIN alive Says:

    Կարծում եմ, որ Սարգսյանի ամենամեծ խնդիրն այն է, որ իրեն լուրջ չեն վերաբերվում նույիսկ իր անմիջական ենթակաները: Մեր հասարակությունում իշխող ուժի պաշտամունքը չար կատակ խաղաց Սարգսյանի հետ. նա ավելի ազդեցիկ էր պաշտպանության նախարար լինելու ժամանակ: Իսկ նրա նախագահության պատմությունը հիմնված է Քոչարյանի ղեկավարած մարտի 1-ով: Սարգսյանի ելույթները գրված են իր համար օտար լեզվով, արտահայտած գաղափարները դասին անպատրաստ եկած աշակերտի կմկմալուն են նման:”Ժողովրդավարություն, հանդուրժոխականություն, երկխոսություն, բազմազանություն” – մի թե Սարգսյանը կամ իր շրջապատը ունեն դրանց անհրաժեշտությունը:

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.