Ո՞ղբ, թե՞ պայքար

1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ ընդունեց, որով ցեղասպանությունը որակվում է որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն: 1951 թ. հունիսի 12-ից ուժի մեջ մտավ ցեղասպանությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիան:

ՄԱԿ-ի այս որոշումները շրջադարձային եղան հայ ժողովրդի համար: Ոչ միայն այն պատճառով, որ մենք ցեղասպանությունը վերապրած առաջին ազգն ենք: Հավանաբար այդ տարիներին էլ խորհրդային հետախուզությունը (ԿԳԲ-ն) մշակեց ու հայկական իրականություն ներդրեց ցեղասպանությունը ողբացող հային «կերտելու» քաղաքականությունը: Հայկական քաղաքական եւ մշակութային միտքը մի քանի տասնամյակ է՝ զբաղված է հիմնականում ցեղասպանության քարոզչությամբ: Ընդ որում, դա կատարվում է բացառապես ողբի միջոցով: Չնայած ինքնապաշտպանության բազմաթիվ օջախներ ունեցանք, այդ մասին քիչ ենք հիշում: Լրիվ բացակայում է ինքնաքննադատության տարրը՝ ինչու՞ թույլ տվինք ցեղասպանությունը, ո՞րն է մեր սխալը: Առանց այդ հարցերի պատասխանները գտնելու՝ չենք կարող դասեր քաղել այդ ողբերգությունից: Պատահական չէ, որ հայերի ինքնապաշտպանության մասին միակ հաջողված գրական ստեղծագործության հեղինակը հրեա է (Ֆրանց Վերֆել, «Մուսա լեռան 40 օրը»): Իսկ մեր քարոզչությունը համառորեն ժողովրդի մեջ ներարկում է «գազան» թուրքերի ու անպաշտպան հայերի կերպարները:
Հետաքրքիր է, որ ցեղասպանության ժամանակվա մեր մեծանուն գրողները շատ քիչ են անդրադարձել այդ թեմային: Բացի այդ, նրանց մոտ համարյա լրիվ բացակայում է հակաթուրքիզմի քարոզչությունը, որ հատուկ է խորհրդային մտածելակերպի ստեղծագործողներին: Ոչ Թումանյանը, ոչ Չարենցը, ոչ էլ, ասենք, Տերյանը, ցեղասպանության մասին ողբ չեն արել: Չարենցը, օրինակ, 1925 թ. գրել է «Լենինն ու Ալին» պոեմը, որում կերտել է տրապիզոնցի թուրք Ալիի համամարդկային կերպարը: Հայաստանի առաջին հանրապետության վարչապետերից մեկը՝ Սիմոն Վրացյանը, որն իր «Հայաստանի Հանրապետություն» գրքում մանրամասն նկարագրել է առաջին հանրապետության ծնունդն ու վախճանը, շատ քիչ բան է ասում 1915 թ. ողբերգական իրադարձությունների մասին: Այս ամենի պատճառը միայն այն չէ, որ անցյալ դարասկզբին արեւելահայությունն անտարբեր էր արեւմտահայության խնդիրների նկատմամբ: Պարզապես այն ժամանակ հայությունը դեռեւս հիվանդացած չէր «ցեղասպանության զոհի» սինդրոմով:
Սակայն անցյալ դարի 60-ական թ.թ. ամեն ինչ փոխվեց: ԿԳԲ-ն սկսեց առաջ քաշել մշակութային այն գործիչներին, որոնք ողբում էին ցեղասպանությունը: Պարույր Սեւակը 1959 թ. գրեց «Անլռելի զանգակատունը», որը ցեղասպանության զոհերին նվիրված շարքում լավագույնն է: Նրան սկսեցին գովել մինչեւ այն պահը, երբ լույս աշխարհ եկավ անհատի հոգեբանական խնդիրները վերհանող, սոցիալական պայքարը խտացնող ու ողբացողի կերպարից զուրկ «Եղիցի լույս» ժողովածուն: Սեւակի մահը վերջնականապես ամբողջացրեց «ազգային գրականության» այն սահմանները, որոնք պարփակում էին խորհրդային շրջանի հայ գրական միտքը՝ հայհոյանք թուրքերին, ողբյալ հայեր, կորսված տարածքների կարոտախտ, փրկիչ ռուսներ, թուրքերին օգնող Արեւմուտք եւ այլն:
Սակայն միայն գրականությունն ու մշակույթի մյուս ոլորտները բավարար չէին: 1965 թ. Վազգեն Մանուկյանը ցույց կազմակերպեց ցեղասպանության 50 ամյակի կապակցությամբ: Ասում են, ցույցին ականատես մարդիկ զարմացած հարցնում էին՝ իսկ եղեռնը ի՞նչ է: Ասում են նաեւ, որ ցույցի մասնակիցներին մի քանի օրով ձերբակալեցին: Սակայն դրանք այն տարիներն էին, երբ հակախորհրդային քարոզչության համար մարդիկ հատուցում էին կյանքով կամ երկարամյա ձերբակալությամբ: Պարզ է, որ ցեղասպանության քարոզչությունը հակախորհրդային չի համարվել, սակայն խորհրդային ռեժիմը որոշ պրոֆիլակտիկ միջոցներ ձեռք առել է այն իր վերահսկողության տակ պահելու համար:
Ի՞նչ ստացվեց այս ամենի արդյունքում: Արդեն 70-ական եւ 80-ական թ.թ. աճած սերունդը թունավորված էր ցեղասպանության բարդույթով: Դա նշանակում էր բնազդային վախ թուրքերի նկատմամբ, իսկ դրա շնորհիվ՝ ստրկամիտ կախվածություն ռուսական տիրապետությունից, անկախության գաղափարի կորուստ: Դա հենց այն էր, ինչին ձգտում էր Կրեմլը:
Ակնհայտ է, որ դիվանագիտական ճանապարհներով թուրքերին պատժելու քաղաքականությունը անհեռատես է: Եթե թուրքերին պատժելու խնդիր ունենք, դա առաջին հերթին մեր գործն է: Ոչ Եվրոպան, ոչ էլ Ամերիկան թույլ չեն տա, որ իրենց ձեռքերով կրակից շագանակ հանենք: Վաղուց պետք է հասկացած լինեինք, որ ՄԱԿ-ի կոնվենցիաներից ոչ բոլորն են գործնականում կիրառվում: Սակայն կարեւորը նույնիսկ դա չէ: Ժամանակն է, որ հայկական մշակույթը ձերբազատվի ցեղասպանության զոհի թունավոր սլաքները ներարկել հայ ժողովրդի, առաջին հերթին՝ երեխաների մեջ: Մենք ունենք պայքարի ու հաղթանակների փայլուն դրվագներ, որոնք անսպառ աղբյուր են հպարտանալու համար:

Ս.Ա.

Սամվել Ավագյան

4 Responses

  1. star Says:

    Լավ, Հայաստանում ԿԳԲ-ն կարողացավ իր սև գործն անել, բայց հո սփյուռքահայության վրա չէին կարող նույն ձև ազդել: Այդ դեպքում ինչպես հասկանալ սփյուռքահայության պահանջատիրությունը, որ ծնվել է Կրեմլի կամքից անկախ:

  2. Սամվել Ավագյան Says:

    Սփյուռքում ազգային կամ ազգայնական քաղաքական ուժերը երբեք չեն դադարեցրել գործունեությունը: Այդ պատճառով Սփյուռքում սկիզբ առած պահանջատիրությունը ավելի բնական է դրսևորվում, այլ մենթալիտետի շրջանակներում է արտահայտվում, որտեղ ողբասածությունը շատ քիչ տեղ ունի: Ես սփյուռքահայ շրջանակների կողմից հիվանդագին ընկալում չեմ հանդիպել, չնայած կարծում եմ, որ որոշ դեպքերում Սփյուռքի անհոգ պահանջատիրությունը խփում է Հայաստանի պետական շահերին:

  3. MM Says:

    Անկախության սերունդը` 1990-ականների սկզբին որպես անձ ձևավորված հայաստանցին, ոչ մի զոհի սինդրոմ, առավել ևս բնազդային վախ թուրքից չունի. խորհրդային տարիներին ձևավորված ստրկամիտ սերունդն է, որ զավթել է ամեն ինչ այս երկրում, զավթել է մտածողությունը և իշխանությունը և փորձում է կերտել իր հանգին պատշաճ հետնորդներ. մինչև թուրքի հետ խնդիրներ լուծելը ներքին ստրկամտությունը հաղթահարեք, բոլոր իմաստներով, առաջին հերթին բոլոր տեսակի իշխանություններին քծնողի ու ենթարկվողի ստրուկին հանեք ձեր մեջից հետո թուրքի մասին մտածեք.

  4. HMK Says:

    “Услышал звон не знает откуда он”

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.