«Իրական սիրո պատմություն է». Հարութ Արշակյանը՝ նոր տեսահոլովակի և «Սերը երբեք չի մոռանում» սերիալում՝ գլխավոր հերոսի մասին
Երգիչ, դերասան Հարութ Արշակյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել: «Սերդ սրտիս» երգը գրվել է իրական սիրո պատմության հիման վրա:
«Երաժշտությունն ու գործիքավորումը Գարիկ Շառոյանինն է, խոսքերը գրել է Անահիտ Մխիթարյանը, տեսահոլովակի ռեժիսորը Եղիշե Սողոմոնյանն է: Սա այն թիմն է, որի հետ միշտ աշխատում եմ:
Կան շատ երգեր, որոնք պատրաստվում եմ հանդիսատեսի դատին հանձնել: Մինչև ամռան ավարտը ևս 2 երգ ու տեսահոլավակ կլինի»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց երգիչը ու նշեց, որ տեսահոլովակից սպասելիքները մեծ են:
«Կարծում եմ, որ լավ կընդունվի, որովհետև անկեղծ է, դրական ու պարզ սիրո պատմության հիման վրա է գրվել, իսկ ինչն անկեղծ է՝ միշտ լավ է ընդունվում»:
Այս ընթացքում Հարութ Արշակյանին հեռուստադիտողը տեսնում է նաև «Սերը երբեք չի մոռանում» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսին:
«Նկարահանվում եմ Ելենա Արշակյանի սերիալում, սցենարի հեղինակն է Անահիտ Մխիթարյանը: Արդեն 5-րդ համագործակցությունն է Ելենայի հետ, շատ ուրախ եմ մեր համագործակցության համար: Բարդ է համատեղել սերիալային գրաֆիկն ու երգը, բայց փորձում եմ հասցնել: Մարդիկ այնքան լավ ու դրական են արձագանքում, որ դա ոգևորում ու պարտավորեցնում է»,- պատմեց Հարութ Արշակյանը:
Խոսելով առաջիկայում սպասվող սերիաներից, դերասանը նշեց, որ շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում: «Հեռուստադիտողը թող ոչ մի սերիա բաց չթողնի: Կերպարս շատ եմ սիրում, շատ խորը ու բարդ հոգեվիճակ ունեցող սիրող տղա է, ով զոհ է գնում ընտանիքի ու քրոջ երջանկությանը, բայց նաև պայքարում սիրո համար»,- եզրափակեց Հարութ Արշակյանը:
Հեղինակ՝ Անի Մնացականյան







