«Սա բացառիկ նախագծերից է, որ ոչ մի վատ մեկնաբանության չենք հանդիպել». Սոնան և Գրիգը պատմել են «Oke» նախագծի ստեղծման մասին
«Սերիալի գաղափարն իրականում 2 տարի առաջվանից կար, սպոնտան նախագծերից չի եղել: Սովորաբար ես նախագծերի շուրջ երկար եմ մտածում»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց պարուհի Սոնա Եսայանը:
«Oke» նախագիծն արդեն 2 ամիս եթերում է, սերիալում նկարահանվում են «Sona Yesayan Dance Studio»-ի սաներն ու պրոֆեսիոնալ դերասաններ:
Սոնա Եսայանը, Մկո Քեբաբչյանը, Անգելինա Աստանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Էլեն Պետրոսյանը, Արսեն Ներսիսյանը, Էլեն Ալավերդյանը, Աննա Մանուչարյանը, Գրիգ Գևորգյանը «Oke»-ի գլխավոր հերոսներն են:
Սցենարի հեղինակը Անի Մաղաքյանն է, ռեժիսորը՝ Հովհաննես Ղազարյանը, բեմադրող օպերատորը Արմեն Գևորգյանն է, պրոդյուսերները Սոնան և Գրիգն են:
Սոնայի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները 2 տարի են ձգվել, և՛ սցենարական աշխատանքներն են երկար տևել, և՛ դերասանների քասթինգի փուլը:
«Ամեն ինչ մտածված ենք արել, մինչև որ հասանք արդեն նկարահանումների փուլ: Ամենակարճը տևել է նկարահանումների ընթացքը: Սերիալում ամեն ինչ իրականության գաղափարի շուրջ է ծավալվում, թե՛ դերասանները, որ իսկապես իմ աշակերտուհիներ են, թե՛ ես ու Գրիգը: Ֆիլմում մենք մեզ ենք խաղում»,- մեզ հետ զրույցում ասաց Սոնան:
Խոսելով նկարահանման ընթացքից, Գրիգը նշեց, որ ինքը շատ քիչ է լինում նկարաահանումներին ու շատ բան չգիտի:
«Իհարկե, ամենահավես ու հիշվող պահն այն է, երբ ասում են՝ «ստոպ, նկարահանված է» ու գնում ես տուն։ Ինձ համար դրանք են ամենահիշվող պահերը, բայց ընդհանուր առմամբ շատ արագ ենք նկարահանել ու մինչև պրեմիերան բոլոր սերիաները նկարված է եղել ու հետո սկսվել է արդեն հետարտադրական փուլը։
Շատ հետաքրքիր մարդկանց հետ ենք աշխատել ու անգամ Սոնայի ստուդիայի սաներն, ովքեր առաջին քայլերն էին անում որպես դերասանուհիներ, իրենք էլ շատ լավ ամեն ինչ արել են ու իրականում բոլորի հետ շատ հեշտ է եղել աշխատելը»- պատմեց Գրիգը:
Սոնան՝ խոսելով նախագծի արձագանքներից, նշեց, որ յուրաքանչյուր նախագիծ սկսելուց առաջ չի սիրում ապագայի մասին գուշակություններ անել։
«Մենք՝ բոլորս ուզում ենք, որ ինչ-որ նախագիծ, որ անում ենք, հաջողի ու այդ ֆանտազիաների ու ապրումների մեջ ենք ապրում:
Ես հենց սկզբից ավելի սառն եմ վերաբերվել ու ինձ զարմացրեց նախագծի հաջողությունը: Նախագիծը ստացված է, դրա մասին են վկայում դիտումներն ու մեկնաբանությունների քանակը:
Այդ ահռելի մեկնաբանությունները ՝2000-ից ավելի, որ ունեն առաջին և երկրորդ սերիաները, Հայաստանում շատ քիչ նախագծեր են ունեցել»,-ասաց Սոնա Եսայանը:
«Եթե անկեղծ ասեմ, սա այն եզակի նախագծերից է, որ ես անձամբ ոչ մի վատ մեկնաբանության չեմ հանդիպել: Բացարձակ ոչ մի մեկնաբանություն չի ֆիլտրվում: Արձագանքը շատ-շատ լավն է», -եզրափակեց Գրիգը:







