Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը

15:45 • 26.11.24

Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ, որի բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է։ 

Փառատոնի շրջանակում կցուցադրվի շուրջ 15 մոնոներկայացում-առաջնախաղ։

««Արմմոնոյի» հիմնական փուլից հետո մենք հասկացանք, որ ստեղծվում են բազմաթիվ ներկայացումներ, և մեկ փառատոնի շրջանակում հնարավոր չէ բոլորին ներգրավել ու դրանք ցուցադրել: Այնպես է ստացվում, որ ներկայացումները երբեմն չեն հասցնում պատրաստ լինել «Արմմոնոյի» հիմնական՝ գարնանային փուլին: Դրա համար արդեն 8 տարի ստեղծված է «ԱրմմոնոPlus»-ը»,-ասել է «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Նա նշել է, որ այս տարի կհյուրընկալեն մի քանի միջազգային փառատոնների տնօրենների և կունենան երկու միջազգային ներկայացում»:

«Ունենք դրամատուրգիական և դերասանական դեբյուտներ: Փառատոնի շրջանակներում կունենանք նաև այս փառատոնի համար աննախադեպ հանդիպում՝ արհեստական բանականության հետ:

Դեկտեմբերի 4 -ին, թատերական ինստիտուտի մագիստրոս Սոնա Խաչատրյանը կներկայացնի «համագործակցությունը» արհեստական բանականության հետ, կլինի պիես, որը գրվել է փառատոնի համար՝ արհեստական բանականության միջոցով»,- հավելել է փառատոնի տնօրենը:

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի հետ համագործակցության շրջանակում փառատոնը կներկայացնի երկու յուրահատուկ իրադարձություն. մոնոներկայացում և համերգ՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին:

Նշենք, որ «Արմմոնո Plus» թատերական փառատոնի ներկայացումները կցուցադրվեն Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, «Փոքր» թատրոնում, ՀԹԳՄ-ում, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, Կամերային թատրոնում, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում:

Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը