Գուրգեն Սարգսյանը խոսեց Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագծերի մասին

19:46 • 01.08.08

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանն այսօր հրավիրած ասուլիսին անրադարձավ իր գործունեության 100 օրվա աշխատանքներին և հետագա անելիքներին։

Առավել հետաքրքիր էին Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ հնչեցրած մտքերը։ Գուրգեն Սարգսյանը նշեց, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ վարվում են Հայաստան-Իրան-Ռուսաստան եռակողմ բանակցություններ։ Նախագծի համաֆինանսավորման շուրջ Հայաստանը նաև բանակցում է միջազգային ֆինանսական կառույցների հետ։ Նախատեսվում է, որ մոտ ապագայում նախագահի հրամանագրով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի այս նախագծի հետ կապված բոլոր հարցերով։ Արդեն մշակվել է դեպի Մեղրի երկաթուղու կառուցման երեք նախնական նախագիծ։ Առաջինով նախատեսված է, որ այն կկառուցվի Երասխի կայարանից, երկրորդ նախագծով` Վարդենիսից և երրորդով՝ Գագարինից։ Այս նախագծերը տարբերվում են երկարություններով. մեկը նախատեսում է 443 կմ, մյուսը 449 կմ և երրորդը՝ 397 կմ։

«Անհրաժեշտ է հասկանալ, թե ո՞ր նախագիծն է տնտեսապես ավելի արդյունավետ և իմանալ բեռնափոխադրման հետագա ծավալները»,- նշեց նախարարը։ Նախնական քննարկումներով նախարարություն համար ընդունելի է Գագարին-Գավառ-Մարտունի-Ջերմուկ ուղին։ Սյունիքում երեք նախագծերն էլ նախատեսում են նույն ուղին։ Պարզապես, ըստ Գ.Սարգսյանի, այս տարբերակը հնարավորություն կտա հետագայում կարճ ճանապարհով՝ կառուցելով Ֆիոլետովո-Վանաձոր երկաթուղային ուղին, դուրս գալ Վրաստան։ Իրան-Հայաստան երկաթուղին նախատեսում է Իրանում կառուցել 80 կմ երկաթուղային ուղի մինչև Մարանդ։