Դավիթ Շահնազարյան. «Կամ դո՛ւք կալանավորեք Ռոբերտ Քոչարյանին, կա՛մ Հաագային կհանձնենք»
«Եթե ուզում եք մենք լուծենք մեր հարցերը, լուծենք։ Քոչարյանին կալանավորեք, մեղադրանք առաջադրեք, ամենածանր պատիժով պատժեք, դրանից հետո կտեսնենք»,– այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հայտարարել է Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ով հյուրընկալվել էր ակումբում՝ որոշ դրվագներ պարզաբանելու Հաագայի դատարանի առջև Ռոբերտ Քոչարյանին կանգնեցնելու ընդդիմության ցանկության վերաբերյալ։
Ինչպես հայտնի է, Համաժողովրդական շարժումը Ռոբերտ Քոչարյանի դեմ ստորագրահավաք էր նախաձեռնել՝ մարտի 1–ի դեպքերի համար նրան Հաագայի միջազգային քրեական դատարանի առաջ պատասխանատվության ենթարկելու համար։ Այս նախաձեռնությանը արձագանքել էին իշխանական ճամբարի տարբեր ներկայացուցիչներ, որոնց ամբողջ ասածը խմբավորելով՝ Դավիթ Շահնազարյանը այն բաժանել է 3 մասի։ Ըստ նրա, իշխանական ճակատից հնչած հայտարարություններից առաջինով ասվում էր «Ադրբեջանի ջրաղացին ջուր մի լցրեք», երկրորդով՝ թե «մենք ինքներս ներսում լուծենք մեր հարցերը», և վերջապես հնչել է այն միտքը, թե ընդդիմության նախաձեռնությունը Հաագայի դատարանի համար ընդատյա գործ չէ։ Երեք մտքերն էլ Դավիթ Շահնազարյանը որակել է «կատարյալ անգրագիտություններ»։
Անդրադառնալով վերջին փաստարկին, թե ընդդիմության նախաձեռնությունը Հաագայի դատարանի համար ընդատյա գործ չէ, Դավիթ Շահնազարյանը նշել է, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը 3 տիպի հանցանքներով է գործ հարուցում՝ ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ, մասշտաբային կամ կանոնակարգված հետապնդում խաղաղ բնակչության հանդեպ։ «Այս ճանապարհով է Ռոբերտ Քոչարյանը ճանապարհվելու դեպի Հաագայի դատարան», – մատնացույց է արել ընդդիմադիր գործիչը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ովքեր կարող են դիմել հիշյալ դատարան, ՀՇ կենտրոնի ներկայացուցիչն ասել է, որ դիմելու 3 մեխանիզմ կա՝ Հաագա կարող են դիմել Հռոմի ստատուտն ընդունած պետությունները (Հայաստանը չի ընդունել), ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը և մեղադրողը, այսինքն Հաագայի դատախազը կարող է քրգործ հարուցել, իսկ նրան էլ կարող է դիմել ցանկացած անձ, ցանկացած անհատ։
Դավիթ Շահնազարյանն ընդգծել է, որ Քոչարյանի դեմ մեղադրանքը պատրաստում են, բայց այն շուտ չի լինի, քանի որ «գործընթացը մեծ թափով ընթանում է», հետո էլ հավելել է, որ մեր իշխանությունները գուցե մինչ այդ իրենք որոշեն կալանավորել երկրորդ նախագահին։
Դավիթ Շահնազարյանը նաև տեղեկացրել է, որ Հաագայի դատարանը քննում է 2002 թ–ի հուլիսի 1–ից հետո տեղի ունեցած գործողությունները։ Այսինքն, այն ժամանակվանից, երբ պետություններն ընդունել են Հռոմի ստատուտը։










